Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2017-21.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.16
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 335-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ներդրումային, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների գնահատման միասնական կանոններ` ֆոնդերի ակտիվների գնահատման հետ կապված չարաշահումների հնարավորինս բացառման համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 8

ք. Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 335-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/04

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ), այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կանոնակարգի և ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն:

3. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը որոշելու համար հաշվարկվում է ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը, որից նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների գումարը:

4. Ֆոնդի ակտիվների և պարտավորությունների արժեքը որոշվում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կամ Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(4-րդ կետը խմբ. 07.07.17 թիվ 146-Ն)

5. Ֆոնդի եկամուտները և ծախսերը հաշվառվում են հաշվեգրման սկզբունքով:

6. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը սահմանող` ֆոնդի կանոնները (կանոնադրությունը), ի թիվս այլ դրույթների, պետք է ներառեն նաև հետևյալը`

1) կարգավորվող շուկաները և դրանց առաջնահերթությունը կամ այդ առաջնահերթության որոշման կարգը, որոնց միջոցով ձևավորված գները (գնանշումները) հիմք են հանդիսանում արժեթղթերի շուկայական արժեքի որոշման համար (այն դեպքում, երբ արժեթուղթը թույլատրված է մեկից ավելի կարգավորվող շուկաներում առևտրին).

2) անշարժ գույքի գնահատողի ընտրության կարգն ու չափանիշները, եթե տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի ակտիվների հաշվին կարող է ձեռք բերվել անշարժ գույք.

3) սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված արժեթղթերի, ինչպես նաև ոչ ստանդարտացված ածանցյալ գործիքների շուկայական (արդար) գնի որոշման մեթոդը (եթե նախատեսվում են մեկից ավելի մեթոդներ, ապա նաև` դրանց կիրառման առաջնահերթությունը).

4) ֆոնդի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

7. Ֆոնդի կանոնների (կանոնադրության)` սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դրույթները արտացոլվում են նաև տվյալ ֆոնդի շահութահարկի հաշվարկի` հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումներում:

8. Եթե ֆոնդն ունի ենթաֆոնդեր, ապա զուտ ակտիվների արժեքի հաշվարկն իրականացվում է ըստ յուրաքանչյուր ենթաֆոնդի:

9. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը և փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը կլորացվում են ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ, բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի կլորացման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մայիսի 24-ի թիվ 156-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ով:

(9-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 176-Ն)

9.1. Ֆոնդի ակտիվների գնահատման օրը այն օրն է, որի համար հաշվարկվում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքը: Ֆոնդի կանոնները սահմանում են այն պահը (այսուհետ՝ կտրման պահ), որի դրությամբ հաշվարկվում են տվյալ գնահատման օրվա ֆոնդի զուտ ակտիվների արժեքը:

(9.1-ին կետը լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

10. Արտարժույթը և արտարժութային ակտիվներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի գնահատման օրվա կտրման պահի դրությամբ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձի կողմից կազմակերպված արտարժույթի շուկայում տվյալ արտարժույթով առևտրային նստաշրջանի վերջին գործարքի գնով, իսկ դրա բացակայության դեպքում` տվյալ արտարժույթի համար գնահատման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած հաշվարկային փոխարժեքով:

(10-րդ կետը խմբ. 07.07.17 թիվ 146-Ն)

11. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

12. Սույն կանոնակարգով արժեթղթերի համար սահմանված դրույթները տարածվում են ֆոնդի թողարկած արժեթղթերի և ածանցյալ գործիքների վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն կանոնակարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Բանկային հաշիվներում, դրամական միջոցների հաշվառման հաշիվներում առկա միջոցների և բանկային ավանդների (սույն գլխում այսուհետ՝ հաշիվ) արժեքը որոշվում է ֆոնդի կանոններով սահմանված կտրման պահի դրությամբ տվյալ հաշիվներում առկա մնացորդային գումարների և հաշվեգրված ու չստացված տոկոսագումարների հանրագումարով:

(13-րդ կետը խմբ. 07.07.17 թիվ 146-Ն)

14. Հաշիվների համար հաշվարկված, սակայն դեռևս չստացված տոկոսները հաշվառվում են որպես հաշվեգրված եկամուտ ֆոնդի կանոններով սահմանված կտրման պահի դրությամբ:

(14-րդ կետը խմբ. 07.07.17 թիվ 146-Ն)

14.1 Սույն կանոնակարգի 13-րդ կետում նշված դրամական միջոցների հաշվառման հաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով նախատեսված՝ դրամական միջոցների հաշվառման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշիվն է:

(14.1-ին կետը լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը գնահատվում է գնահատման օրվա տվյալ արժեթղթի գնահատման օրվա փակման գնով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

(15-րդ կետը փոփ. 07.07.17 թիվ 146-Ն)

16. Եթե սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված փակման գինը հասանելի չէ (առկա չէ) գնահատման օրվա կտրման պահի դրությամբ, ապա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը (բացառությամբ պարտքային արժեթղթի) գնահատվում է տվյալ արժեթղթի` գնահատման օրվան նախորդող վերջին հայտնի փակման գնով, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերի:

(16-րդ կետը լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

17. Եթե կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթի, բացառությամբ սույն կանոնակարգի 17.2 կետով նախատեսված դեպքի, համար սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված փակման գինը հասանելի չէ (առկա չէ), ապա այդ արժեթուղթը գնահատվում է տվյալ շուկայում գնահատման օրվա առևտրային նստաշրջանի փակման պահի դրությամբ գնման հայտերում նշված ամենաբարձր և վաճառքի հայտերում նշված ամենացածր գների միջին թվաբանականով:

(17-րդ կետը լրաց. 15.07.14 թիվ 176-Ն, փոփ. 16.06.15 թիվ 142-Ն, 07.07.17 թիվ 146-Ն)

17.1. (կետն ուժը կորցրել է 07.07.17 թիվ 146-Ն)

17.2. Օտարերկրյա պարտքային արժեթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից թողարկված արտարժույթով արտահայտված արժեթուղթը կարող է գնահատվել միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից ստացված գնով, եթե տեղեկատվական աղբյուրները սահմանվում են ֆոնդի կանոններով կամ կառավարչի ներքին իրավական ակտերով:

(17.2-րդ կետը լրաց. 16.06.15 թիվ 142-Ն, խմբ. 07.07.17 թիվ 146-Ն)

18. Եթե պարտքային արժեթղթի համար սույն կանոնակարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն), ապա այդ արժեթուղթը գնահատվում է դրա` գնահատման օրվան նախորդող վերջին հայտնի համապատասխան գնով, որը որոշվել է սույն կանոնակարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված հաջորդականությամբ, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերի:

19. Եթե սույն կանոնակարգի 15-18-րդ կետերով սահմանված դեպքերում վերջին գործարքի կամ վերջին հայտնի գնի ամսաթվից հետո տեղի է ունեցել տվյալ արժեթղթի կամ թողարկողի հետ կապված որևէ էական իրադարձություն կամ ի հայտ է եկել որևէ էական փաստ կամ տեղեկություն, որը կարող է էապես ազդել տվյալ արժեթղթի գնի վրա, ապա տվյալ արժեթղթի շուկայական արժեքի գնահատման համար կարող է համապատասխանաբար ճշգրտվել այդ կետերի համաձայն որոշված գինը: Եթե օտարերկրյա արժեթղթերի գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար առկա է սույն կանոնակարգի 15-18-րդ կետերով սահմանված նոր գին, ապա տվյալ արժեթղթի գնահատման համար կարող է հիմք ընդունվել այդ կետերի համաձայն ստացված նոր գինը:

(19-րդ կետը փոփ., լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

20. Եթե սույն կանոնակարգի 15-18-րդ կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն) գնահատման օրվա դրությամբ վերջին 30 աշխատանքային օրերից ոչ մեկի համար, ապա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

21. Եթե արժեթուղթը թույլատրված է մեկից ավելի կարգավորվող շուկաներում առևտրին, ապա հիմք է ընդունվում ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով ընտրված կարգավորվող շուկայում ձևավորված գինը, բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքերում արժեթղթի գնահատման ժամանակ չի կարող հիմք ընդունվել այն շուկայի գինը, որտեղ տվյալ արժեթղթի վաճառքն անհնար է կամ կապված է այնպիսի ծախսերի հետ, որոնք այդ շուկայում արժեթղթի վաճառքը դարձնում են տնտեսապես ոչ շահավետ այլ շուկաների համեմատ: Ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) նշում է պարունակում սույն կետով նախատեսված արգելքի մասին:

(21-րդ կետը լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

22. Կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթուղթը գնահատվում է դրա հնարավոր վաճառքի ողջամիտ գնով, որը որոշվել է բարեխղճորեն, ֆինանսների ոլորտում համընդհանուր ընդունված մեթոդների կիրառմամբ:

(22-րդ կետը փոփ. 07.07.17 թիվ 146-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՅԼ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

23. Այլ ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը) գնահատվում են գնահատման օրվա դրությամբ դրանց վերջին հրապարակված հաշվարկային արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով: Եթե օտարերկրյա ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար հրապարակվել է սույն կետով սահմանված նոր հաշվարկային արժեք, ապա տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) գնահատման համար կարող է հիմք ընդունվել նոր հրապարակված հաշվարկային արժեք:

(23-րդ կետը լրաց. 07.07.17 թիվ 146-Ն)

24. Եթե փակ կամ միջակայքային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, ապա դրանց արժեքը որոշվում է հետևյալ արժեքներից նրանով, որն ավելի ուշ է տեղի ունեցել`

1) տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հրապարակված հաշվարկային արժեքով,

2) գնահատման օրվա դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի փակման գնով:

25. Ոչ հրապարակային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

26. Ստանդարտացված ածանցյալ գործիքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով:

27. Ոչ ստանդարտացված ածանցյալ գործիքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

28. Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գնահատումն իրականացվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

29. Անշարժ գույքի արժեքը դրա ձեռքբերման ժամանակ որոշվում է այդ գույքի ձեռքբերման ծախսերի հիման վրա:

30. Ձեռքբերմանը հաջորդող ժամանակաշրջանի համար անշարժ գույքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 31-րդ և 32-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող անշարժ գույքի գնահատողի կողմից վերջին որոշված արժեքի հիման վրա: Ընդ որում, անշարժ գույքի արժեքը պետք է գնահատվի տարեկան առնվազն մեկ անգամ` տվյալ տարվա ավարտից ոչ շուտ, քան 30 աշխատանքային օր առաջ: Անշարժ գույքի արժեքը պետք է գնահատվի նաև դրա վաճառքից առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գույքի վերջին գնահատումն իրականացվել է վաճառքի նախատեսված ամսաթվին նախորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Անշարժ գույքը կարող է գնահատվել միայն անշարժ գույքի գնահատման գործող արտոնագիր (որակավորման վկայական) ունեցող անձի կողմից:

32. Անշարժ գույքի գնահատող չի կարող լինել`

1) ֆոնդի կառավարչի կամ պահառուի հետ փոխկապակցված անձը,

2) ֆոնդի կառավարչի կամ նրա հետ փոխկապակցված այլ անձի ղեկավարը կամ աշխատակիցը,

3) տվյալ ֆոնդի մասնակիցը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

33. Եթե թողարկողը չի կատարում պարտքային արժեթղթի գծով իր պարտավորությունները (այդ թվում` արժեթղթի մարում, մասնակի մարում, արժեկտրոնի վճարում), ապա տվյալ պարտքային արժեթղթի գծով ստացվելիք գումարների գնահատման ժամանակ դրանք նվազեցվում են վճարման նախատեսված օրվան հաջորդող`

1) 90 օրվա ընթացքում 10 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

2) 91 օրից 180 օրվա ընթացքում 10 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

3) 181 օրից 270 օրվա ընթացքում 30 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

4) 271 օրից 360 օրվա ընթացքում մնացած 50 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով:

34. Ժամկետանց դեբիտորական պարտքերի գնահատումն իրականացվում է սույն կանոնակարգի 33-րդ կետով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՄԻՆՉԵՎ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

35. Այն դեպքում, երբ կառավարիչը նախատեսում է փակ ֆոնդի հաշվին ձեռքբերված արժեթուղթը պահել մինչև դրա մարման ժամկետը, ապա այդ արժեթուղթը գնահատվում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական ակտիվների համար սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 11.1

(գլուխը լրաց. 07.07.17 թիվ 746-Ն)

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված պետական արժեթղթերը գնահատվում են գնահատման օրվա կտրման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա:

35.2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված օտարերկրյա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը գնահատվում է գնահատման օրվա կտրման պահի դրությամբ միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից տվյալ արժեթղթի համար ստացված գնով, եթե տեղեկատվական աղբյուրները սահմանվում են ֆոնդի կանոններով կամ կառավարչի ներքին իրավական ակտերով: Սույն կետում նշված տեղեկատվական աղբյուրները սահմանող կառավարչի ներքին իրավական ակտերը (ներառյալ դրանցում փոփոխությունները) տրամադրվում են Կենտրոնական բանկին, ինչպես նաև համապատասխան ֆոնդի պահառուին:

35.3. Եթե սույն կանոնակարգի 35.1 և 35.2 կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն) գնահատման օրվա դրությամբ վերջին 30 աշխատանքային օրերից ոչ մեկի համար, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով:

35.4. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված փակ կամ միջակայքային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքը որոշվում է գնահատման օրը կտրման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հրապարակված հաշվարկային արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ գնահատման օրը գնահատման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի փակման գնով: Եթե փակ կամ միջակայքային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար հրապարակվել է սույն կետով սահմանված նոր հաշվարկային արժեք, ապա տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) գնահատման համար կարող է հիմք ընդունվել նոր հրապարակված հաշվարկային արժեք:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

36. Սույն կանոնակարգի 3-12-րդ գլուխներով չնախատեսված այլ ակտիվների (ստացվելիք գումարների) գնահատման ժամանակ դրանց շուկայական արժեքը որոշվում է ողջամտորեն և բարեխղճորեն` վաճառքի հնարավոր գնի (հավանական ստացվելիք գումարի) հիման վրա:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

37. Ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը հավասար է սույն կանոնակարգի 3-12-րդ գլուխների համաձայն հաշվարկված ակտիվների արժեքի հանրագումարին:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

38. Ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս սույն կանոնակարգի 37-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների չափով, որոնք հաշվարկվում են հաշվեգրման սկզբունքով և կարող են ներառել`

1) կառավարչի պարգևավճարը,

2) պահառուի պարգևավճարը,

3) փայատերերին (բաժնետերերին) շահաբաժնի կամ նման այլ ձևով վճարման ենթակա գումարները,

4) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների իրականացման հետ կապված վճարները (միջնորդավճարները), բանկային փոխանցումների գծով վճարները,

5) ֆոնդի թողարկած արժեթղթերի հետգնման (մարման) համար ֆոնդի մասնակիցներին վճարման ենթակա գումարները,

6) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գումարները,

7) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները,

8) ֆոնդի շահութահարկի հաշվեգրված գումարը (շահութահարկի գծով ծախսը), որը հաշվարկվել է սույն կանոնակարգի 16-րդ գլխին համապատասխան, ինչպես նաև ֆոնդի ակտիվների հաշվին վճարման ենթակա այլ պարտադիր վճարները,

9) անկախ գնահատողի վճարը, այն դեպքերում, երբ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն ակտիվները պետք է գնահատվեն անկախ գնահատողի կողմից,

10) օրենքով, ինչպես նաև ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված` ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը, վճարները և պարտավորությունները, որոնք ներառված չեն սույն կետի 1-9-րդ ենթակետերում:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

39. Կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս սույն կանոնակարգի 37-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի ակտիվների շուկայական արժեքը նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների չափով, որոնք հաշվարկվում են հաշվեգրման սկզբունքով և կարող են ներառել`

1) կառավարչի պարգևավճարը,

2) պահառուի պարգևավճարը,

3) այլ կենսաթոշակային ֆոնդերին վճարման ենթակա գումարները,

4) ֆոնդի կողմից թողարկված արժեթղթերի հետգնման (մարման) համար ֆոնդի մասնակիցներին վճարման ենթակա գումարները,

5) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների իրականացման հետ կապված վճարները (միջնորդավճարները), բանկային փոխանցումների գծով վճարները,

6) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գումարը,

7) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները,

8) ֆոնդի ակտիվների հաշվին վճարման ենթակա պարտադիր վճարները,

9) օրենքով, ինչպես նաև ֆոնդի կանոններով նախատեսված` ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը, վճարները և պարտավորությունները, որոնք ներառված չեն սույն կետի 1-8-րդ ենթակետերում:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՖՈՆԴԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԵԳՐՈՒՄԸ

 

40. Տարվա ընթացքում ֆոնդի շահութահարկը հաշվեգրվում է այն պարբերականությամբ, ինչ պարբերականությամբ հաշվարկվում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքը:

41. Շահութահարկի հաշվեգրվող գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՇՀԳi   = ՀԶԱԱi   x ՀԴ / 100, որտեղ

ՇՀԳi-ը i-րդ օրը շահութահարկի հաշվեգրման ենթակա գումարն է,

ՀԴ-ը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ֆոնդերի համար սահմանված շահութահարկի դրույքաչափն է` տոկոսով,

ՀԶԱԱi-ը i-րդ օրվա դրությամբ ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 336-Ն որոշմամբ հաստատված «Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/14-ի 2-րդ գլխին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ 17

(գլուխը լրաց. 07.07.17 թիվ 746-Ն)

 

ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՍԽԱԼՆԵՐԻ ԷԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԷԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԵՎ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալ տեղի ունենալու դեպքում կառավարիչը պարտավոր է ճշգրտել այն՝ բացառելով սխալի առկայությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հետագա հաշվարկում:

43. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում բացահայտված էական սխալի մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և տվյալ ֆոնդի պահառուին: Եթե սույն կանոնակարգի 44-րդ կետի համաձայն կառավարիչը էական սխալի պատճառով պետք է հատուցի մասնակիցներին և(կամ) ֆոնդին պատճառված վնասները, ապա տեղեկացումը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկությունները (ներկայացվում է ըստ յուրաքանչյուր ֆոնդի, եթե սխալը վերաբերում է մեկից ավելի ֆոնդերի).

1) սկզբունքները, որոնցով կառավարիչն առաջնորդվելու է պատճառված վնասի հատուցման չափը որոշելիս,

2) պատճառված վնասի հատուցման ժամկետները,

3) վնաս կրած անձանց ցուցակը (առկայության դեպքում), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի, որի դեպքում ներկայացվում է պահառուից ստացված տեղեկատվություն վնաս կրած անձանց քանակի վերաբերյալ,

4) տեղեկատվությունը, որը բացահայտվելու է վնաս կրած անձանց:

44. Կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում տեղի ունեցած էական սխալի պատճառով մասնակիցներին և(կամ) ֆոնդին պատճառված վնասները, որոնք ներառում են.

1) ֆոնդի կրած վնասը՝ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) մարման գծով մասնակիցներին ավել վճարված կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար մասնակիցներից պակաս ստացված գումարի չափով,

2) համապատասխան մասնակիցների կրած վնասները՝ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) մարման գծով պակաս ստացված կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար մասնակիցների ավել վճարած գումարի չափով,

3) ֆոնդին կամ մասնակիցներին պատճառված այլ վնասներ, որոնք ներառված չեն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում:

45. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում էական սխալ բացահայտելու կամ դրա մասին տեղեկանալու դեպքում կառավարիչը, ի լրումն սույն կանոնակարգի 42-րդ և 43-րդ կետերով սահմանված պահանջների, պետք է ողջամիտ ժամկետում որոշի յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը, վնաս կրած անձանց ծանուցի պատճառված վնասի, դրա չափի և հատուցումը ստանալու կարգի ու ժամկետների մասին և իրականացնի պատճառված վնասի հատուցում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում կառավարիչը վնաս կրած անձանց մասին մասնակիցների ռեեստրը վարողից ստանում է միայն ամփոփ (ոչ անհատական) տեղեկատվություն, իսկ յուրաքանչյուր մասնակցին պատճառված վնասի չափի որոշումը, վնաս կրած անձանց ծանուցումը, ինչպես նաև հատուցումը իրականացնում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ կառավարչի հաշվին:

46. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է ողջամիտ ժամկետներում ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը կառավարչին տրամադրելու, ինչպես նաև նույն կետով նախատեսված հատուցումը իրականացնելու համար:

47. Սույն գլխի իմաստով սխալը համարվում է էական, եթե.

1) դրա հետևանքով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի փոփոխությունը գերազանցում է`

ա. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.25 տոկոսը՝ դրամական շուկայի ֆոնդերի համար,

բ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.3 տոկոսը՝ կենսաթոշակային ֆոնդերի համար,

գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.5 տոկոսը, եթե ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի ակտիվները հիմնականում ներդրվում են պարտքային արժեթղթերում և նմանատիպ այլ գործիքներում,

դ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1 տոկոսը՝ այլ ֆոնդերի համար, կամ

2) այն չի գերազանցում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված մեծությունը, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով էական է, հաշվի առնելով.

ա. դրա պարբերական բնույթը, կամ

բ. դրա` կառավարչի ներքին հսկողության պատշաճ գործընթացների բացակայության (դրանց չպահպանման) հետևանքով առաջանալու հանգամանքը:

48. Սույն կանոնակարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում վնասի մասին ծանուցումը, ինչպես նաև հատուցումը իրականացվում է միայն այն մասնակիցների գծով, որոնցից յուրաքանչյուրի կրած վնասը գերազանցում է սույն կանոնակարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը:

49. Պատճառված վնասի հատուցումը պետք է իրականացվի էական սխալի առկայության ողջ ժամանակահատվածի համար:

50. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում էական սխալ բացահայտելու կամ դրա մասին տեղեկանալու դեպքում կառավարիչը պարտավոր է ըստ անհրաժեշտության վերանայել իր ներքին ընթացակարգերը զուտ ակտիվների արժեքի հաշվարկման սխալների հետագա կրկնությունները բացառելու նպատակով:

51. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում կատարված սխալի էականությունը գնահատելիս պետք է դիտարկել միաժամանակ կամ հաջորդաբար կատարված սխալների (այդ թվում՝ ոչ էական) գումարային ազդեցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի վրա:

52. Էական սխալների շտկման, ինչպես նաև հատուցման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին:

 

(հավելվածը փոփ., լրաց. 15.07.14 թիվ 176-Ն, 16.06.15 թիվ 142-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.07.17 թիվ 146-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2020, թիվ 142-Ն 21.09.2020, թիվ 335-Ն
07.07.2017, թիվ 146-Ն 11.08.2017, թիվ 335-Ն
16.06.2015, թիվ 142-Ն 25.07.2015, թիվ 335-Ն
15.07.2014, թիվ 176-Ն 25.08.2014, թիվ 335-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան