Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2017-14.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.242
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2018

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2004 թվականի N 46-Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԽԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածների կիրառման գործընթացը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.05.11 N 666-Ն)

1. Հաստատել զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 46-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԽԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են`

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր ու պայմանագրային ծառայության զինծառայողների վրա,

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների վրա,

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, նախկին ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների, ինչպես նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցների վրա,

դ) պահեստազորի վարժական հավաքների և զորահավաքների մասնակիցների վրա` դրանց ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների կամ խեղումների դեպքերում:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայողների վրա:

3. Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով): Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշելիս ղեկավարվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով և սույն կարգով:

4. Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը սահմանելիս ընդունում է հետևյալ որոշումները`

ա) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում.

բ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս.

գ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ.

դ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ.

ե) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ.

զ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ.

է) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս:

(4-րդ կետը լրաց. 25.05.17 N 569-Ն)

 

II. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինները զինծառայողների հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ իրենց եզրակացություններն ուղարկում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` քննարկման և հաստատման: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

ա) զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների մասին.

բ) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական, անձնագիր).

գ) զորամասի բուժծառայության կամ այլ ռազմաբժշկական հաստատության եզրակացությունը.

դ) քրեական գործի առկայության մասին տեղեկանք:

Զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի բացակայության դեպքում զինծառայողի ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի և խեղման մասին վկաների ցուցմունքները հիմք չեն պատճառական կապը որոշելու համար:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշումները ռազմաբժշկական փորձաքննության հարցերում վերջնական են և կարող են բողոքարկվել դատական կարգով:

6. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը հաշմանդամության պատճառական կապը որոշելիս ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է ռազմաբժշկական փաստաթղթերում և իրավասու չէ փոփոխելու այդ եզրակացության մեջ նշված հիմքը, եթե հաշմանդամության են հանգեցրել նշված հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը կամ դրանց բարդությունները:

7. Այն անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին, սակայն իրենց հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին չունեն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշումներ, բայց ունեն զինվորական ծառայության (մարտական գործողությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթղթեր (տրված 1989-1994 թվականներին), դիմում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրվող միջնորդագրի և դրան կից համապատասխան փաստաթղթերի (զորամասի հրամանատարի տեղեկանք, ԵԿՄ տարածքային մասնաճյուղի տեղեկանք, վիրավորված լինելը կամ հիվանդությունը հավաստող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզ) առկայության դեպքում:

7.1. Այն անձինք, ովքեր մասնակցել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, սակայն չունեն իրենց հիվանդության կամ վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշում, բայց ունեն 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթղթեր, դիմում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` ներկայացնելով իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի ուղեգիր և «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տեղեկանքը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը` հիվանդության պատճառական կապի մասին, ամբուլատոր քարտ և վիրավորված (խեղված) լինելը կամ հիվանդությունը հաստատող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզ:

(7.1-ին կետը լրաց. 25.05.17 N 569-Ն)

 

III. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Հիվանդության պատճառով զինված ուժերից զորացրված, բայց կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշում չունեցող նախկին զինծառայողների ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից քննարկվում և հաստատվում է միայն ռազմաբժշկական փորձաքննության մարմինների եզրակացության հիման վրա:

9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում:

Ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:

Հիվանդացած անձանց ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար զինկոմիսարիատի ուղեգրով կենտրոնական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

ա) տեղեկանք զինկոմիսարիատից ծառայության և զորացրման մասին,

բ) առողջապահական կազմակերպությունից հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը հաստատող փաստաթուղթ,

գ) կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը` զինվորական ծառայության հետ պատճառական կապ ունենալու մասին:

(9-րդ կետը խմբ. 12.05.05 N 667-Ն)

10. Զինվորական ծառայության ընթացքում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների կողմից զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի ճանաչված կամ հիվանդության պատճառով արձակուրդի կարիք ունեցած նախկին զինծառայողները, որոնց փաստաթղթերը չեն հաստատվել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, զինկոմիսարիատը նրանց փաստաթղթերն ուղարկում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապը որոշելու համար:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) զինվորական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, տեղեկանք զինկոմիսարիատից կամ զորամասից), որը հավաստում է նախկին զինծառայողի զինված ուժերում ծառայելու փաստը.

բ) փաստաթուղթ զինծառայության ընթացքում բուժվելու, հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու մասին:

11. Գերության մեջ գտնված նախկին զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների առկայության հետ պատճառական կապը որոշելու համար կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) տեղեկանք զինկոմիսարիատից, որտեղ նշվում են զինված ուժեր զորակոչվելու և զորացրվելու տարեթվերը, ամիսներն ու ամսաթվերը, գերության մեջ գտնվելու ժամանակահատվածը, զինվորական վերահաշվառում անցնելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը կամ նրա պիտանիությունը զինվորական ծառայությանը` զինված ուժերից զորացրվելու պահին.

բ) հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը հավաստող փաստաթուղթ առողջապահական կազմակերպությունից:

12. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և պարտիզանական ջոկատների անդամները, որոնց մոտ առկա են արտահայտված մարմնական վնասվածքներ` անկախ զինված ուժերից կամ գործող բանակից զորացրվելու պատճառից, նրանց վիրավորված լինելու կամ խեղման հարցը լուծվում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի դատական բժշկի մասնակցությամբ` զինված ուժերում գործող բանակում գտնվելու մասին տեղեկանքի առկայության դեպքում:

13. Հաշմանդամության պատճառական կապը վերանայելու համար զինծառայողների դիմումներին ընթացք է տրվում մեկամսյա ժամկետում:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է բողոքարկվել ըստ վերադասության կամ դատական կարգով:

(հավելվածը խմբ. 12.05.05 N 667-Ն, լրաց. 25.05.17 N 569-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2018, N 405-Ն 14.04.2018, N 46-Ն
25.05.2017, N 569-Ն 08.06.2017, N 46-Ն
05.05.2011, N 666-Ն 09.06.2011, N 46-Ն
12.05.2005, N 667-Ն 23.06.2005, N 46-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան