Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2017-03.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հոդ.272
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.07.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը և 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզավորման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը,

2) 2007 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 342-Ն որոշումը,

3) 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 478-Ն որոշումը,

4) 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 694-Ն որոշումը,

5) 2009 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 735-Ն որոշումը,

6) 2009 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 736-Ն որոշումը,

7) 2010 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 435-Ն որոշումը,

8) 2011 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 108-Ն որոշումը,

9) 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 200-Ն որոշումը,

10) 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 440-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(3-րդ կետը փոփ. 10.12.14 N 453-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է Հայաստանի Հանրապետության
 հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 31-ի
N 272-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) լիցենզիա ստանալու հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, լիցենզիայի տրամադրման (մերժման), դրա գործողության ժամկետի երկարաձգման, կասեցման, դադարեցման և լիցենզիայում փոփոխությունների կատարման ընթացակարգերը:

2. Սույն կարգը չի տարածվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից բացի որևէ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, ինչպես նաև մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով իրականացվող լիցենզավորման գործընթացի վրա:

3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը ներառում է` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում կամ զարգացում, կամ օգտագործում:

4. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը կարող է զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում:

5. Լիցենզիան տրամադրվում է մինչև 10 տարի գործողության ժամկետով:

6. Լիցենզիայի անբաժանելի մաս են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:

7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

8. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

9. Առանց լիցենզիայի առկայության սույն կարգով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարող է լիցենզիա տրամադրել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով` նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե համարում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

11. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն կարգով իրազեկման այլ ձև նախատեսված չէ:

12. Լիցենզիայի տրամադրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

13. Լիցենզիա ստանալու հայտը (այսուհետ՝ Հայտ) մուտքագրվում է Հանձնաժողովում և պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) Գործարար ծրագիր, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը,

բ. շահագործվող ցանցի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները,

գ. շուկայի ուսումնասիրություն,

դ. հիմնական տեխնոլոգիական և տնտեսական լուծումներ (ծառայության տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը),

ե. ցանցի շահագործման տարածքը,

զ. ցանցի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը,

է. ցանցի շահագործման ժամանակացույցը՝ ըստ փուլերի,

ը. ներդրումների արդյունավետությունը (ցանցի ստեղծման կամ զարգացման աշխատանքների արժեքը բացված տեսքով, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, ծառայությունների ինքնարժեքի հաշվարկը, ներդրումների ռիսկի գնահատականը, ցանցի ստեղծման կամ զարգացման և շահագործման ժամկետները).

2) կապի ոլորտում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագիծ կամ հայտատուի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագիր՝ Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

14. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

15. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

16. Հայտում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե հայտատուն միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները չեն հրապարակվում:

17. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը Հայտը ստանալու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված դեպքերի, ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի 13-րդ կետի պահանջներին:

18. Հանձնաժողովը, Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետի ավարտը, գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում այդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

19. Հանրային կամ ազգային անվտանգության շահերից ելնելով Հանձնաժողովը կարող է մինչև սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը հայտատուից պահանջել 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որի դեպքում այդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

20. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) հայտատուն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչված կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում,

2) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

3) հայտատուն սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները կամ սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկություններն ու փաստաթղթերը,

4) հայտատուն, օրենքի կամ իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

5) լիցենզիայի տրամադրումը հակասում է հանրային և ազգային անվտանգության շահերին:

21. Հանձնաժողովը Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

22. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, այն կարող է կրկին մուտքագրվել Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 17-21-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

23. Հայտը բավարարվում կամ մերժվում է Հանձնաժողովի կողմից` դրա ներկայացումից հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչված կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում,

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

3) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

4) լիցենզիայի տրամադրումը հակասում է հանրային և ազգային անվտանգության շահերին:

25. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ Հայտերի քննարկման վրա:

26. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ:

27. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է անհատական գործում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը: Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 2) պահվում է անհատական գործում:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

28. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

29. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

30. Հանձնաժողովը, սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին դիմումը` սույն կարգի 24-րդ կետով սահմանված հիմքերով:

31. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայի պայմաններում փոփոխությունները կատարվում են Լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

32. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը, իսկ լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

33. Լիցենզավորված անձը, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու դեպքում, պարտավոր է լիցենզիայում փոփոխություն կատարելու համար հայտ ներկայացնել Հանձնաժողով, կցելով սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում է հանդիսանում լիցենզիայով ամրագրված գործունեության աշխարհագրական տարածքից դուրս որևէ այլ տարածքում գործող ցանցային ենթակառուցվածքների ընդլայնումն այնպես, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքները ֆիզիկական և տրամաբանական առումով կապակցված լինեն գործող ցանցային ենթակառուցվածքներին:

34. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու և այդ նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի փոփոխման դեպքում, որի արդյունքում փոփոխվում է բազային տարեկան պետական տուրքի չափը` տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով մինչև լիցենզիայի փոփոխումը և դրանից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափերը ու ընթացիկ տարվա այն ամիսների քանակը, որոնց ընթացքում գործել է յուրաքանչյուր տարեկան պետական տուրքի չափը: Ընդ որում, տարեկան պետական տուրքն այն ամսվա համար, երբ կատարվել է փոփոխումը, հաշվարկվում է հիմք ընդունելով փոփոխումից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափը:

35. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

36. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում՝ լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով, կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

37. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը մերժվում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

38. Լիցենզիայում ամրագրված ժամկետի երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը և լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հիմնավորումները:

39. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած հիմնավորումները չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

40. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

41. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

 

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 31-ի
N 272-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

1. Խնդրում եմ տրամադրել լիցենզիա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար:

_________________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզը, բնակավայրը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

 

2. Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

3. Սույն դիմումին կցվում են՝

1) Գործարար ծրագիր

2) _______________________________________________________________________________

3) _______________________________________________________________________________

4) _______________________________________________________________________________

  (լիցենզավորվող անձի անվանումը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը,

 

_________________________________________________________________________________

բանկային տվյալները)

 

 

 __________________________ 
                 (ղեկավարի անունը, ազգանունը)

 

___________________________
         (ղեկավարի ստորագրությունը)

«___»_____________20__թվական

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 31-ի
N 272-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

 

20__ թվականի __________ «___»-ի N _____որոշում

 

1. Լիցենզավորված գործունեության տեսակը՝ ___________________________________________

_________________________________________________________________________________

2. Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________20__ թվական

3. Լիցենզիայի գրանցման համարը N _________

4. Ստացված էջերի քանակը՝ ________________

5. Տրված է՝ _______________________________________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը/անունը, ազգանունը,

 ____________________________________________________________________________

գործունեության վայրը (բնակության վայրը), հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

 

_________________________________________________________________________________

(լիցենզիա ստացողի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

 

_________________________________________________________________________________

ում կողմից և երբ է տրված)

 

6. Լիցենզիան ստացվել է՝

 

 «____»________________20__ թվական

 

___________________________________________

 (լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

(հավելվածը խմբ. 10.05.17 N 155-Ն)