ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 հունիսի 2017 թ |
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 285-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի` 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
Օրենսգրքի՝ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը» վերտառությամբ 285-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.
«5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման»:
Օրենսգրքի 285-րդ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.05.2006 թվականին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 20.06.2006 թվականին ստորագրված և 08.07.2006 թվականին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով, որով, ի թիվս այլնի, օրենսգրքի 285-րդ հոդվածի վերնագիրը «ընտրելու» բառից հետո լրացվեց «կամ կալանավորման ժամկետը երկարացնելու» բառերով, ինչպես նաև վերոհիշյալ հոդվածի հինգերորդ մասի առաջին նախադասությունը «ընտրելու» բառից հետո լրացվեց «կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը փոխարինվեց հետևյալ խմբագրությամբ նախադասություններով. «Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման»։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2016 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58203216 քրեական գործով Լուսինե Ջանինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2016 թվականի հուլիսի 22-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /այսուհետ` դատարան/ կողմից Լ. Ջանինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2016 թվականի սեպտեմբերի 13-ին նախաքննական մարմնի կողմից Լ. Ջանինյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
2016 թվականի սեպտեմբերի 13-ին դատարանի թիվ ԵԿԴ/0151/06/16 որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է՝ թիվ 58203216 քրեական գործով մեղադրյալ Լուսինե Ջանինյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամկետով՝ մինչև 2016թ. նոյեմբերի 20-ը: Մեղադրյալ Լուսինե Ջանինյանի միջնորդությունը բավարարվել է՝ նրա նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, գրավի գումարի չափը սահմանվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի՝ 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով:
Թիվ ԵԿԴ/0151/06/16 գործով դատարանի 13.09.2016թ. որոշումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է 2016թ. սեպտեմբերի 15-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից թիվ 42/14304-16 գրությամբ դատարանի 13.09.2016թ. որոշումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունն ստացել է 2016թ. սեպտեմբերի 16-ին:
2016թ. սեպտեմբերի 22-ին /սեպտեմբերի 21-ը եղել է ոչ աշխատանքային օր/ դատարանի 13.09.2016թ. որոշման դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան /այսուհետ` Վերաքննիչ դատարան/ է մուտք եղել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ն. Խաչատրյանի` ԵԿԴ/0151/06/16 գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.09.2016թ. որոշման դեմ վերաքննիչ բողոքը:
2016թ. սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել ԵԿԴ/0151/06/16 գործով դատարանի 2016թ. սեպտեմբերի 13-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին՝ նշված բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 2017թ. փետրվարի 3-ի որոշմամբ մերժվել է:
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 103-րդ հոդվածին այնքանով, որքանով տվյալ իրավանորմը` իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, դատախազին հնարավորություն չի տալիս, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնել ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածով նախատեսված` հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու և դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումները բողոքարկելու իր լիազորությունը, այն է` որպես մեղադրանքի կողմ ստանալ քննիչի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը` այն հետագայում բողոքարկելու իր գործառույթն իրականացնելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության արդյունքում դիմողը եզրակացնում է, որ քրեական դատավարության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններ ներկայացնելու իրավունքն օրենսդիրը վերապահել է և՛ քննիչին, և՛ դատախազին, մինչդեռ համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կողմից կայացված որոշման դեմ բողոք բերելու իրավունք ունի միայն դատախազը, իսկ դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումը հանձնվում է միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին:
Դիմողը` նշելով, որ օրենսգրքում նախատեսված չէ որևէ նորմ, որը կպարտավորեցներ քննիչին դատարանի համապատասխան որոշումն ուղարկել հսկող դատախազին, միևնույն ժամանակ ընդգծում է, որ համապատասխան միջնորդությունը քննած դատարանը դատական ակտն այն բողոքարկելու լիազորությամբ օժտված սուբյեկտին ուղարկելու պարտականություն չի կրում:
Դիմողի կարծիքով` օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասում «միջնորդություն հարուցած անձ» հասկացության ներքո պետք է ընկալել դատախազին` ոչ միայն այն դեպքում, երբ նման միջնորդություն ներկայացրել է անմիջականորեն վերջինս, այլ նաև այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է քննիչը, ինչպես նաև բոլոր դեպքերում վերը նշված դատական ակտերը դատարանների կողմից պետք է հանձնվեն (ուղարկվեն) դատախազին, ինչն էլ կհանդիսանա դատախազին վերապահված լիազորության իրականացման անհրաժեշտ և բավարար նախադրյալ: Ըստ դիմողի` հակառակ դեպքում, եթե դատախազի կողմից չի ներկայացվում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը և դատարանի կողմից դատախազին չի հանձնվում (չի ուղարկվում) որոշումը, ապա դատախազը հիշյալ որոշումը կարող է ստանալ միայն քննիչից, իսկ տվյալ դեպքում որոշումը քննիչի կողմից դատախազին փոխանցելը կպահանջի որոշակի ժամանակ, ինչն էլ կարող է հանգեցնել մեղադրյալի իրավունքների խախտման:
Ի հիմնավորումն իր վերոգրյալ դիրքորոշումների` դիմողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ:
Վերոշարադրյալի լույսի ներքո դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի ոչ համակարգային վերլուծությունը և դատարանների կողմից դրան տրված իրավակիրառ պրակտիկայի վերը նշված ձևավորումը կհանգեցնեն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածով նախատեսված` դատախազի կողմից հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի և դատարանի որոշման բողոքարկման իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ` «…ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին այնքանով, որքանով չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին»:
Իր դիրքորոշումը փաստարկելու համար` հղում կատարելով դատարանի մատչելիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, պատասխանողը կարծում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև դատախազների կողմից դատական ակտերի բողոքարկման սահմանադրական լիազորության իրացման դեպքում:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք օրենսգրքի գործող իրավակարգավորումներն ապահովում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատարանի որոշումները դատախազի կողմից բողոքարկվելու լիարժեք մեխանիզմ, պատասխանողը, հղում կատարելով օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասին, օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումների, գտնում է, որ քննիչների համար օրենքով սահմանված չէ քննարկվող դատական ակտերը դատախազին ուղարկելու պարտականություն, ոչ էլ ՀՀ Սահմանադրության մեջ կամ օրենքներում որևէ իրավական հիմք է առկա, որի պայմաններում ՀՀ դատախազությունը կարող է նորմատիվ համապատասխան ակտով քննիչների համար սահմանել քննարկվող դատական ակտերը բոլոր դեպքերում որոշակի ժամկետում ՀՀ դատախազություն ուղարկելու իրավական պահանջ: Ըստ պատասխանողի՝ դատախազը միայն կոնկրետ գործի հսկողության շրջանակներում կարող է քննիչից պահանջել գործի նյութերը, համապատասխան դատական ակտը, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում դատախազն անգամ կարող է չիմանալ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համապատասխան միջնորդություն քննիչի կողմից ներկայացնելու, դատարանի կողմից դրանց վերաբերյալ որոշում կայացնելու և քննիչի կողմից այդ որոշումն ստանալու մասին, հետևաբար` օբյեկտիվորեն չի էլ կարող ժամանակին պահանջել այդ որոշումն իրեն հանձնել, թեև դրա իրավունքն ունի:
Պատասխանողը կարևորում է նաև այն, որ` «...դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ավելի երկարաձգվել՝ պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Նման պայմաններում անձն իր տնօրինության ներքո հաճախ չի ունենում բողոքարկվող դատական ակտը, հնարավորություն չի ունենում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները կազմել օրենքով դրանց ներկայացվող պահանջներին համահունչ, ինչն իրավաչափորեն հիմք է հանդիսանում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները համապատասխանաբար՝ առանց քննության թողնելու կամ վերադարձնելու համար»:
Ամփոփելով՝ պատասխանողն արձանագրում է, որ` «...կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումների՝ իրավակիրառական պրակտիկայում ստացումը դատախազի կողմից քննիչից կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչների հայեցողությունից»: Հետևաբար, ըստ պատասխանողի` «...բողոքարկման նման մեխանիզմը արդյունավետ չէ և լիարժեքորեն չի կարող ապահովել դատախազների կողմից ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը»:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն օրենքի բաց է դիտարկում օրենսդրության մեջ դատարանի կողմից համապատասխան դատական ակտը դատախազին ուղարկելու պարտականության և քննիչի կողմից համապատասխան դատական ակտի մասին դատախազին իրազեկելու իրավաբանական պարտականության բացակայությունը: Դիմողը գտնում է, որ որպես իր կողմից առաջ քաշված օրենսդրական բացը վերացնելու միջոց, օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասում «միջնորդություն հարուցած անձ» հասկացության տակ պետք է ընկալել դատախազին` ոչ միայն այն դեպքում, երբ նման միջնորդություն ներկայացրել է վերջինս, այլ նաև այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է քննիչը:
Միաժամանակ, պատասխանող կողմը նույնպես ընդունում է դիմողի հիմնական փաստարկները և գտնում է, որ առկա իրավակարգավորումները և ձևավորված իրավակիրառական պրակտիկան խոչընդոտում են դատախազության սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրականացմանը:
Հաշվի առնելով դիմող և պատասխանող կողմերի փաստարկները` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.
- որքանո՞վ է հնարավոր դիմողի կողմից առաջ քաշված հիմնախնդրի լուծումը` գործող իրավակարգավորումների համակարգային վերլուծության և իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով օրենքի միատեսակ կիրառում ապահովելու ճանապարհով,
- սահմանադրաիրավական ի՞նչ չափորոշիչներ պետք է հիմք ընդունվեն իրավակարգավորումների լիարժեքությունը երաշխավորելու, դատախազական հսկողությունն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև անձի շահերի դատական պաշտպանությունը երաշխավորելու և իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները կանխելու ուղղությամբ:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.
ա/ ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` «Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ... 5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, 6) «հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ»,
բ/ օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են միջնորդություն ներկայացնել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Դրանք են՝ դատախազը կամ քննիչը:
Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնց հանձնվում կամ ուղարկվում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը: Դրանք են` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձը, այսինքն՝ դատախազը կամ քննիչը, ինչպես նաև մեղադրյալը, պաշտպանը և տուժողը,
գ/ օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում, օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ,
դ/ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել միջնորդությունը: Դատախազն իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը»,
ե/ միաժամանակ, քննիչի լիազորությունների առնչությամբ օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ և 26-րդ կետերի համաձայն` «Քննիչը, մասնավորապես, լիազորված է. «դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով» /24/, «հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին` չկասեցնելով դրանց կատարումը» /26/: Իսկ օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասում ընդգծվում է, որ` «Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները»:
Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ, մի կողմից`
- նշված իրավանորմերի տառացի մեկնաբանության պարագայում առկա չէ որևէ դրույթ, ըստ որի`
ա/ քննիչը պարտավոր է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելուց առաջ տեղեկացնել դատախազին,
բ/ դատավորը պարտավոր է քննիչի միջնորդությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը քննիչից բացի տրամադրել նաև դատախազին,
մյուս կողմից`
- օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն` դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին` իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում` տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,
- եթե օրենսգրքի 278-րդ հոդվածով հստակեցվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտն ամբողջությամբ, ապա օրենսգրքի 285 և 287-րդ հոդվածները վերաբերում են բացառապես կալանքի հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը և դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի բացառիկ իրավասությանը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկման առնչությամբ: Այսինքն` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումն օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կարող է բողոքարկել ոչ թե քննիչը, այլ դատախազը,
- օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակիրառ պրակտիկայից բխում է, որ վիճարկվող նորմով նախատեսված համապատասխան դատական ակտի հասցեատերերի շրջանակում դատախազը ներառված է միայն այն պարագայում, երբ անձամբ է հանդես եկել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությամբ: Իսկ այն դեպքում, երբ համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել քննիչը, ապա մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը հանձնվում կամ ուղարկվում է, ի թիվս այլոց, քննիչին, այլ ոչ թե նաև դատախազին:
Նման պայմաններում, երբ դատախազը ժամանակին ու պատշաճ ձևով իրազեկված չի լինում քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու կամ դատարանի կողմից ընդունված որոշման մասին, ապա`
ա/ հնարավոր չի դառնում արդյունավետ իրացնել օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի և 287-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով դատախազին վերապահված իրավասությունը,
բ/ վտանգվում է և՛ անձի շահերի պաշտպանության իրավունքը, և՛ դատախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը:
Այս հանգամանքները նկատի ունենալով, ինչպես նաև հաշվի առնելով, որ դատական պրակտիկայի համար մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը և իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը դեռևս ենթադասվում են իրավանորմերի տառացի ընկալմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է վերոնշյալ իրավակարգավորումներում կատարել այնպիսի հստակեցումներ, որոնք իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներից և սույն գործով Սահմանադրական դատարան իր իսկ կողմից ներկայացված բացատրություններից ելնելով`
ա/ կապահովեն մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը,
բ/ կերաշխավորեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազի կողմից բողոքարկելու լիազորության պատշաճ իրացումը:
7. Դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման ու դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձևավորելու շրջանակներում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ... հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ:
Սահմանադրական նշված դրույթի իրացմանն են ուղղված, մասնավորապես, ՀՀ ՔԴՕ-ի՝ «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում» վերտառությամբ 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ իրավանորմերով նախատեսված լիազորությունների արդյունավետ իրականացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որպեսզի քննիչը՝ դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին իրազեկի հսկող դատախազին: Նման գործելակերպը կապահովի անձին կալանավորելու հարցով դատախազական հսկողության գործառույթի արդյունավետ իրականացումը, այն է՝ դատախազը, նախապես իրազեկված լինելով քննիչի մտադրության մասին, տեղեկացված է լինում նաև խնդրո առարկա հարցով դատական նիստի, կայացվելիք դատական ակտի մասին և հնարավորություն է ստանում իրացնել օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն վերապահված իրավասությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում դատական ակտի դեմ ներկայացնելու վերաքննիչ բողոք` երաշխավորելով նաև անձի շահերի դատական պաշտպանությունը:
Բացի դրանից, եթե դատախազն իրավասու է օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հետ վերցնել կամ անհրաժեշտ է համարում այն անձամբ պաշտպանել, ինչպես նաև ոչ թե քննիչը, այլ դատախազն է իրավասու բողոքարկել տվյալ հարցով դատարանի որոշումը, ապա`
ա/ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը,
բ/ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին տարբեր հիմնավորումներով ու պատճառներով չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջի անտեսմանը` չերաշխավորելով հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը:
Միայն այս ճանապարհով է հնարավոր տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
13 հունիսի 2017 թվականի ՍԴՈ-1373 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|