ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2017 թվականի N 785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Էդիկի Խզմալյանին (անձնագիր՝ AP 0615111, տրված՝ 01.11.2016 թ., 012-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հիմնադրամին հատկացվող գույքի, այդ թվում` տարածքի վերաբերյալ.
3) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
7. Կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին 2017 թվականին հատկացնել 30,000.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2017 թվականի ինն ամսում՝ 13,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 11 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է (այսուհետ` Լիազոր մարմին):
4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) օտարերկրյա պետություններում:
5. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:
6. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՀԶԶՀ.
3) անգլերեն լրիվ` Armenian Tourism Development Foundation.
4) անգլերեն կրճատ` ATDF.
5) ռուսերեն լրիվ` Фонд Развития Туризма Армении.
6) ռուսերեն կրճատ` ФРАТ:
7. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ ՀՀ, քաղաք Երևան, Մհեր Մկրտչյան 5:
8. Հիմնադրամի շահառուներն են Հայաստանի Հանրապետությունը, զբոսաշրջության և առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և քաղաքացիները:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:
12. Հիմնադրամը գործում է անժամկետ:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հիմնադրամի նպատակներն են աջակցել Լիազոր մարմնին՝
1) իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը,
2) ապահովելու համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը,
3) ապահովելու հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը:
14. Հիմնադրամն իրականացնում է`
1) համաշխարհային ու ներքին շուկաներում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի նկարագրի ձևավորում, մարքեթինգ և խթանում,
2) իրականացնում է զբոսաշրջության ոլորտում հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, ինչպես նաև Լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության զարգացման ծրագրերի վերաբերյալ,
3) իրականացնում է Լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրերով զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերը (այդ թվում` նաև ենթակառուցվածքների, զբոսաշրջային կենտրոնների, գյուղերի զարգացման),
4) ուսումնասիրում և բացահայտում է զբոսաշրջային գրավչության օբյեկտները, ինչպես նաև մշակում է մրցունակ զբոսաշրջային արդյունքները և առաջարկություններ ներկայացնում համապատասխան Լիազոր մարմնին,
5) Լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է հաստատված ծրագրերում ներդրումների ներգրավման ուղղությամբ միջոցառումները,
6) առաջարկություններ է մշակում կրթական ու գիտական հաստատությունների հետ` զբոսաշրջային ենթակառուցվածքների նկատմամբ արտաքին տեսքի և գործառութային չափանիշների, զբոսաշրջային արդյունաբերությունում ինովացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ և դրանք ներկայացնում լիազոր մարմնին.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով համակարգում է պաշտոնական զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, ցուցաբերում է աջակցություն համակարգում ընդգրկված տեղեկատվական կենտրոններին (այդ թվում նաև` տեղեկատվական և մեթոդական), ինչպես նաև իրականացնում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործառույթը.
8) խթանում է ավանդական արհեստագործության, ձեռքի աշխատանքների, ավանդական փառատոների, մշակութային միջոցառումները.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթներ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:
16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
17. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք, այդ թվում` դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`
1) հիմնադրի ներդրումները.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
5) դրամաշնորհները.
6) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
19. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձերի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրելու մամուլի և այլ զանգվածային լրատվության միջոցներ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.
7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
21. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:
22. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:
23. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը`
1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.
3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:
24. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) կողմից.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
25. Հիմնադրամի մարմիններն են`
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
2) հիմնադրամի գործադիր տնօրենը:
26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
27. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որոնցից 4-ը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ` Նախարարություն) և Նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչներ են, իսկ 3-ը՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք նշանակվում են Լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:
28. Ի պաշտոնե Խորհրդի անդամ և նախագահն է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Ի պաշտոնե Խորհրդի անդամ և Խորհրդի նախագահի տեղակալն է Լիազոր մարմնի ղեկավարը: Հիմնադրամի գործադիր տնօրենը խորհրդի քարտուղարն է:
29. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
30. Խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով Հիմնադրամի շահերից:
31. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
32. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
33. Խորհրդի իրավասություններն են`
1) հիմնադրամի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
7) հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը և նրան պաշտոնից ազատելը.
8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
9) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.
10) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
11) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
12) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 20,000,000 դրամը.
13) հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.
14) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
15) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
34. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:
35. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
36. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
37. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր՝ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.
5) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ.
6) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:
38. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռուստահամաժողովի, էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ, ինչպես նաև՝ հարցման կարգով: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, այդ թվում՝ տվյալ ծրագրային ոլորտի աշխատանքները համակարգող նախարարները կամ նախարարության ներկայացուցիչները` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման՝ տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:
39. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
40. Հիմնադրամի գործադիր տնօրենը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
41. Հիմնադրամի գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:
42. Հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից:
43. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:
44. Հիմնադրամի գործադիր տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
10) կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ:
45. Խորհուրդն իրավունք ունի լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
46. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ` զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությանը համապատասխան:
47. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
48. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարվում են, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը և (կամ) նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում են խորհրդի որոշմամբ:
IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
49. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
50. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:
51. Հիմնադրամը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
52. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս՝ դրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:
53. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
54. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում՝ վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
56. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և փոփոխել այդ նպատակները.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամն ստեղծելիս՝ հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
57. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
58. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:
59. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
60. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
61. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն հիմնադրամը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
62. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է հիմնադրամի լուծարման մասին:
63. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
64. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
65. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:
66. Լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է հիմնադրամի գույքը:
67. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
68. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
69. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհրդին՝ հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան՝ հաստատման:
70. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռը՝ օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
71. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ լուծարման պետական գրանցման պահից:
72. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 58-րդ, 65-րդ և 69-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|