ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության`
ա) կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի,
բ) կառուցվածքը` համաձայն 2-րդ հավելվածի (գաղտնի),
գ) ծառայողների և քաղաքացիական անձնակազմի առավելագույն թիվը` համաձայն 3-րդ հավելվածի (գաղտնի):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` մեկամսյա ժամկետում անցկացնել սույն հրամանագրից բխող անհրաժեշտ կազմակերպաիրավական միջոցառումներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պահպանության ծառայության մասին ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-68 հրամանագիրը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ` պահպանության ծառայություն) պետական պահպանություն իրականացնող մարմինն է:
2. Պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայություն է:
3. Պահպանության ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4. Պահպանության ծառայությունը ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պահպանության ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Պահպանության ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:
7. Պահպանության ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պահպանության ծառայության ղեկավարը:
8. Պահպանության ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
9. Պահպանության ծառայության կառուցվածքում գործում են պահպանական, ապահովման և սպասարկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ:
II. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Պահպանության ծառայության հիմնական նպատակները և խնդիրներն են`
ա) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.
բ) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում` երթևեկության ընթացքում.
գ) իր իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.
դ) իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.
ե) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.
զ) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը.
է) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը.
ը) իր իրավասության շրջանակներում անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցելը և պետական պահպանության ոլորտում նրանց գործունեությունը համակարգելը.
թ) իր համակարգում անձնակազմի հետ տարվող աշխատանքները և ծառայողների մասնագիտական պատրաստականությունը կատարելագործելը, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածությունն ապահովելը:
III. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Պահպանության ծառայության գործառույթներն են`
ա) բացահայտել, կանխել և խափանել պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունները.
բ) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ.
գ) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.
դ) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցումը, որոնցով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.
ե) իր իրավասության շրջանակներում կազմակերպել և իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը և օպերատիվությունը.
զ) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.
է) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող օբյեկտներում կազմակերպել և իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների ներգրավմամբ` նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային վերահսկողություն.
ը) իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը.
թ) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
ժ) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով համագործակցություն իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ.
ժա) համապատասխան մարմինների հետ համագործակցելով` իրականացնել միջոցառումներ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.
ժբ) իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ.
ժգ) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր և միջոցներ.
ժդ) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.
ժե) պահպանվող օբյեկտներ մուտքի և ելքի ժամանակ ստուգել քաղաքացիների և պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում` կիրառել տեխնիկական միջոցներ.
ժզ) կատարել փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում և տեսանկարահանում.
ժէ) ձերբակալել և համապատասխան մարմիններին հանձնել պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.
ժը) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգությունը` համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդել վերացնելու պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանը սպառնացող պատճառները և պայմանները.
ժթ) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա պահպանության ծառայությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.
ի) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև այդ վայրերից տեղափոխել տրանսպորտային միջոցները.
իա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն իր խնդիրների իրականացման համար.
իբ) թույլատրել պահպանության ծառայության զինծառայողներին օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն և հատուկ միջոցներ.
իգ) պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
իդ) իր իրավասության շրջանակներում իրականացնել համագործակցություն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ, փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ, ինչպես նաև պայմանավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին.
իե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքել միջգերատեսչական պայմանագրեր.
իզ) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանություն:
IV. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Պահպանության ծառայությունը գլխավորում է պահպանության ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
13. Պահպանության ծառայության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է:
14. Պահպանության ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:
Պահպանության ծառայության պետի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:
Պահպանության ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը՝ պահպանության ծառայության պետի ներկայացմամբ:
(14-րդ կետը խմբ. 16.06.08 ՆՀ-159-Ն)
15. Պահպանության ծառայության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
16. Պահպանության ծառայության պետն ապահովում է ծառայությանը վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացումը և պատասխանատու է լիազորված բնագավառում ռազմավարության մշակման ու իրականացման համար:
17. Պահպանության ծառայության պետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին:
18. Պահպանության ծառայության պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է ծառայության գործունեությունը.
բ) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար.
գ) սահմանում է պահպանության ծառայության պետի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների իրավասությունները.
դ) կատարում է պարտականությունների բաշխում պետի տեղակալների միջև.
ե) հաստատում է պահպանության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
զ) ներկայացնում է պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պահպանության ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.
ը) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողներին օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
թ) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պահպանության ծառայության զինծառայողներին (կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում) և քաղաքացիական անձնակազմին, շնորհում է զինվորական կոչումներ` մինչև կապիտանի կոչումը ներառյալ, արձակում է զինվորական ծառայությունից.
ժ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին ներկայացնում է միջնորդություններ սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարելու և ազատելու, այդ ծառայողներին կոչումներ շնորհելու և զինծառայությունից արձակելու վերաբերյալ.
ժա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանն է ներկայացնում պահպանության ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի հետ.
ժբ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը համապատասխան խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում պահպանության ծառայության զինծառայողներին.
ժգ) օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է պահպանության ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային).
ժդ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սահմանված կարգով, զինվորական ծառայության է ընդունում պահպանության ծառայությունում, ինչպես նաև պահպանության ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորում չգտնվող կանանց.
ժե) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում պահպանության ծառայության կանոնադրության, կառուցվածքի, հաստիքացուցակի, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ.
ժզ) իրազեկելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին` որոշում է պահպանության ծառայության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի գործուղման հետ կապված հարցերը.
ժէ) օրենքի համաձայն, իր իրավասության սահմաններում, պահպանության ծառայության աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ` կապված նրանց ծառայության առանձնահատկությունների հետ.
ժը) վերահսկողություն է իրականացնում պահպանության ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի նկատմամբ.
ժթ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ի) իրականացնում է վերահսկողություն պահպանության ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
իա) պահպանության ծառայության ծառայողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.
իբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
19. Պահպանության ծառայության պետի բացակայության ժամանակ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գիտությամբ` նրան փոխարինում է պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետի միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի հրամանով պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը:
(19-րդ կետը լրաց. 16.06.08 ՆՀ-159-Ն)
V. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
20. Պահպանության ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին, որոնք տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
21. Պահպանության ծառայության նյութատեխնիկական ապահովումը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման և այլ սոցիալական պահանջմունքների բավարարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների, այդ թվում` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների հաշվին:
VII. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ
22. Պահպանության ծառայության հիմնական կադրերը նրա զինծառայողներն են: Ծառայությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Պահպանության ծառայության զինծառայողները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք են (սպաներ և ենթասպաներ): Պահպանության ծառայությունից պահեստազոր արձակված զինծառայողները մնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի կամ զինված ուժերի պահեստազորում:
23. Պահպանության ծառայության զինծառայողները զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
24. Պահպանության ծառայությունում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:
25. Պահպանության ծառայությունում կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
(հավելվածը խմբ., լրաց. 16.06.08 ՆՀ-159-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.10.2018, N 1391-Ն | 27.10.2018, ՆՀ-114-Ն | |
16.06.2008, ՆՀ-159-Ն | 26.06.2008, ՆՀ-114-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|