Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2017-12.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.281
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.10.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ, 176-րդ, 182-րդ, 194-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ի 71-րդ և 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 2 ամսվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան և ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան և ներդրումային ծառայություններ մատուցող անձինք տեղեկացնում են բոլոր թողարկողներին, որոնց հետ ունեն արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործող պայմանագրեր, այն մասին, որ նրանք պետք է սույն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ի 19-րդ կետին համապատասխան կնքեն ռեեստրի վարման պայմանագրեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի ««Անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 5/07-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հոկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 272-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  5/10

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կենտրոնացված ռեեստրավարման և պահառության իրականացման կարգը:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի պահառության վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Թողարկողը սույն կանոնակարգով նախատեսված հանձնարարականները, հարցումները և արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիային է ներկայացնում այն հաշվի օպերատորի միջոցով (միջնորդությամբ), որի հետ կնքվել է սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված պայմանագիրը, բացառությամբ սույն կանոնակարգի 4.1-րդ և 19.1-րդ կետերով նախատեսված դեպքերի:

(3-րդ կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն, խմբ. 28.04.17 թիվ 99-Ն)

4. Հաշվետերը (նրա լիազորված ներկայացուցիչը) սույն կանոնակարգով նախատեսված հանձնարարականները, հարցումները և արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիային է ներկայացնում այն հաշվի օպերատորի միջոցով (միջնորդությամբ), որի միջոցով բացվել է արժեթղթերի հաշիվը (որի միջոցով կնքվել է պահառության պայմանագիր) բացառությամբ սույն կանոնակարգի 4.1 կետով սահմանված դեպքերի:

(4-րդ կետը լրաց. 10.12.13 թիվ 281-Ն)

4.1. Կենտրոնական դեպոզիտարիան կարող է իր կանոններով նախատեսված չափանիշներին բավարարող ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա) համար սահմանել սույն կանոնակարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից բացառություններ:

(4.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 281-Ն, փոփ. 28.04.17 թիվ 99-Ն)

5. Կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին, ինչպես նաև ցանկացած այլ անձին, որի համար օրենքի, սույն կանոնակարգի, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների համաձայն արժեթղթերի հաշվառման համակարգում բացվել է արժեթղթերի հաշիվ:

6. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանվում են արժեթղթերի հաշիվների բացման, վարման և փակման, արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների գրանցման, հաշվի օպերատորների կողմից հանձնարարականների ընդունման և Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցման մանրամասն կարգը և պայմանները, հաշվի օպերատորների նկատմամբ պահանջները, հաշվի օպերատորների հետ հաղորդակցման կարգը, ինչպես նաև սույն կանոնակարգով նախատեսված այլ դրույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝

1) արժեթղթերի կենտրոնացված հաշվառման համակարգ՝ թողարկողների, դրանց կողմից թողարկված արժեթղթերի, արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և նրանց պատկանող արժեթղթերի, ինչպես նաև արժեթղթերով իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որը վարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից (այսուհետ՝ արժեթղթերի հաշվառման համակարգ): Արժեթղթերի հաշվառման համակարգը ներառում է կենտրոնացված ռեեստրավարման և պահառության համակարգերը,

2) արժեթղթերի սեփականատերերի ռեեստր՝ թողարկողի, դրա կողմից թողարկված անվանական արժեթղթերի և այդ արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ սույն կանոնակարգի 5-րդ գլխով նախատեսված տվյալների համակարգ,

3) հաշվի օպերատոր՝ անձ, որը հաշվետիրոջից կամ թողարկողից ստացված հանձնարարականները և այլ տեղեկությունները (փաստաթղթերը) փոխանցում է Կենտրոնական դեպոզիտարիային արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար, ինչպես նաև օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրին համապատասխան միջնորդավորում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները,

4) գործառնություն՝ արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցված արժեթղթի սեփականատիրոջ (անվանատիրոջ), թողարկողի կամ օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նման լիազորություն ունեցող այլ անձանց հանձնարարականների հիման վրա իրականացվող գործողություն, որի արդյունքում տեղի է ունենում արժեթղթերի հաշվի բացում, արժեթղթերի հաշվում առկա տեղեկությունների փոփոխություն, արժեթղթերի հաշվում գրանցված արժեթղթերի մնացորդի փոփոխություն, արժեթղթերի հաշվառման համակարգում այլ տեղեկությունների գրանցում և (կամ) արժեթղթերի հաշվառման համակարգից տեղեկությունների տրամադրում,

5) կորպորատիվ գործողություն՝ թողարկողի որոշմամբ տվյալ թողարկողի բաժնետոմսերի անվանական արժեքի փոփոխություն՝ կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման նպատակով, որևէ դասի (տեսակի) արժեթղթերի հետգնում, ձեռքբերում կամ փոխարկում, բաժանում, համախմբում կամ թողարկողի վերակազմակերպում (բացառությամբ վերակազմավորման),

6) արժեթղթերի բաժանում՝ ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

7) արժեթղթերի համախմբում՝ ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

8) արժեթղթերի ձեռքբերում՝ թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերի ձեռքբերումը,

9) արժեթղթերի հետգնում՝ թողարկողի կողմից իր կողմից տեղաբաշխված արժեթղթերի հետգնումը, բացառությամբ բաց ներդրումային ֆոնդերի արժեթղթերի,

10) արժեթղթերի փոխարկում՝ թողարկողի տվյալ դասի արժեթղթերի շրջանառությունից հանումը և չեղյալ համարումը (արժեթղթերի հաշվառման համակարգից հեռացումը) նույն թողարկողի կամ այլ թողարկողի արժեթղթերով փոխանակելու միջոցով,

11) հանձնարարական՝ արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություններ (բացառությամբ տեղեկությունների տրամադրման) կատարելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթ,

12) հարցում՝ արժեթղթերի հաշվառման համակարգից տեղեկությունների տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք չեն կարող որակվել որպես հանձնարարական,

13) հաշվետեր՝ անձ, որն ունի (որի անունով առկա է) արժեթղթերի հաշվառման համակարգում բացված արժեթղթերի հաշիվ,

14) ժամանակավոր հաշիվ՝ թողարկողի ներկայացրած տվյալների հիման վրա արժեթղթերի հաշվառման համակարգում բացված արժեթղթերի հաշիվ, որտեղ հաշվառվում են այն սեփականատերերի արժեթղթերը, որոնց համար թողարկողի արժեթղթերը սույն կանոնակարգի 9-րդ գլխի համաձայն արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցելու ժամանակ արժեթղթերի հաշվառման համակարգում արժեթղթերի հաշիվ բացված չի եղել: Ժամանակավոր հաշվով որևէ գործառնություն կարող է իրականացվել միայն Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով հաշվետիրոջը նույնականացնելուց հետո:

8. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցվում է սույն բաժնով նախատեսված հետևյալ տեղեկատվությունը՝

1) թողարկողների, դրանց կողմից թողարկված անվանական արժեթղթերի և այդ արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ (արժեթղթերի սեփականատերերի ռեեստր),

2) արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ (արժեթղթերի հաշիվներ),

3) արժեթղթերով իրականացված գործառնությունների (ձեռքբերում, փոխանցում, գրավադրում և այլն) վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ, ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

10. Արժեթղթերի հաշվառման համակարգում թողարկողի և նրա կողմից թողարկված արժեթղթերի վերաբերյալ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) թողարկողի անվանումը, գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները, պետական գրանցում շնորհած երկիրը, հարկ վճարողի հաշվառման համարը (իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը),

2) արժեթղթերի տեսակը (դասը), տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում), անվանական արժեքը (առկայության դեպքում), տեղաբաշխված արժեթղթերի քանակը (ծավալը),

3) արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ`

ա. անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ դեպքում` լրիվ անվանումը,

բ. անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի սերիան, համարը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը,

գ. բնակության վայրը, իսկ իրավաբանական անձ սեփականատիրոջ դեպքում` գտնվելու վայրը, փոստային հասցեն,

4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎ

 

11. Արժեթղթերի հաշիվ կարող է ունենալ ցանկացած ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձ: Անձը կարող է ունենալ մեկից ավելի արժեթղթերի հաշիվներ:

12. Եթե արժեթուղթը սեփականության իրավունքով պատկանում է երկու կամ ավելի անձանց (համասեփականատերեր), ապա համասեփականատերերի համար կարող է բացվել համասեփականատերերի արժեթղթերի հաշիվ:

13. Արժեթղթերի հաշվառման համակարգում արժեթղթերի հաշվի վերաբերյալ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) հաշվետիրոջ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը,

2) հաշվետիրոջ բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը և փոստային հասցեն,

3) հաշվետիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի սերիան, համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (դրա բացակայության դեպքում՝ համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը),

4) հաշվետիրոջ բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը (առկայության դեպքում),

5) արժեթղթերի հաշվի համարը և հաշվի բացման ամսաթիվը,

6) արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերի քանակը և տեսակը,

7) եթե արժեթուղթը պատկանում է երկու կամ ավելի անձանց, ապա դրանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը), անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի սերիան, համարը (իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը), իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ նաև յուրաքանչյուր սեփականատիրոջ մասնաբաժինը,

8) արժեթղթերի ձեռքբերման և այլ գործառնությունների գրանցման ամսաթվերը,

9) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների (այդ թվում` գրավադրում, կալանք) վերաբերյալ տեղեկություններ,

10) օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

14. Արժեթղթերի հաշվառման համակարգում բացվող արժեթղթերի հաշիվների տեսակները և դրանց կարգավիճակը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

14.1. Պահառության պայմանագիրը լուծվելու դեպքում դրա հիմքով վարվող արժեթղթերի հաշիվը կարող է փակվել, եթե հաշվում գրանցված արժեթղթեր չկան (արժեթղթերի հաշվի մնացորդը զրոյական է): Եթե արժեթղթերի հաշվի մնացորդը զրոյական չէ, ապա պահառության պայմանագիրը կարող է լուծվել միայն արժեթղթերը հաշվետիրոջ կողմից նշված այլ արժեթղթերի հաշվին փոխանցելուց հետո:

(14.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 281-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎ

 

15. Անվանատիրոջ հաշվում չեն կարող հաշվառվել այնպիսի արժեթղթեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են անվանատիրոջը:

16. Անվանատիրոջ հաշվում հաշվառված արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները չեն գրանցվում արժեթղթերի հաշվառման համակարգում: Անվանատիրոջ հաշվի դեպքում արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցվում են անվանատիրոջ վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունները:

17. Անվանատերը պարտավոր է վարել գրանցումներ անվանատիրոջ հաշվում հաշվառվող արժեթղթերի վերաբերյալ, որոնք պետք է ներառեն սույն կանոնակարգի 13-րդ կետի 1-3-րդ և 6-8-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ յուրաքանչյուր անձի գծով, որի համար անվանատերը վարում է արժեթղթերի հաշիվ:

18. Անվանատերը, անվանատիրոջ հաշվում հաշվառված արժեթղթերի գծով քվեարկելու և այլ իրավունքների իրականացման ժամանակ պետք է գործի իր հաճախորդի (տվյալ արժեթղթերի սեփականատիրոջ) ցուցումներին համապատասխան: Հաճախորդի պահանջով անվանատերը պարտավոր է նրան տրամադրել համապատասխան ֆորմատով թույլտվություն (լիազորագիր)՝ արժեթղթերով ամրագրված իրավունքների իրականացման համար:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

19. Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու համար թողարկողը կնքում է ռեեստրի վարման պայմանագիր հաշվի օպերատորի հետ, որտեղ հաշվի օպերատորը հանդես է գալիս Կենտրոնական դեպոզիտարիայի անունից՝ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

19.1. Այն դեպքում, երբ անձը առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման արդյունքում ստացել է ֆոնդի օպերատորի կարգավիճակ, ֆոնդի փայերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու համար թողարկողի և ֆոնդի օպերատորի միջև պայմանագրի առկայություն չի պահանջվում: Ֆոնդի արժեթղթերի ռեեստրավարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նպատակով վերը նշված անձը ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմումի հետ միասին ներկայացնում է սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները:

(19.1-ին կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն)

20. Ռեեստրի վարման պայմանագիր կնքելու համար թողարկողը հաշվի օպերատորի միջնորդությամբ Կենտրոնական դեպոզիտարիային է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ցուցակը (բացառությամբ թողարկված, սակայն դեռևս չտեղաբաշխված արժեթղթերի), որը պարունակում է սույն կանոնակարգի 56-րդ կետով նախատեսված տեղեկությունները,

2) թողարկողի վճարային գործակալի վերաբերյալ տեղեկություններ, որն իրավասու է թողարկողի անունից կատարելու վճարումներ արժեթղթերի սեփականատերերին (առկայության դեպքում),

3) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ և փաստաթղթեր:

21. Սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան գրանցում է արժեթղթերը արժեթղթերի հաշվառման համակարգում:

21.1. Բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարման պայմանագիրը կարող է լուծվել միայն այլ հաշվի օպերատորի միջոցով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքման արդյունքում, բացառությամբ թողարկողի լուծարման կամ վերակազմավորման այն դեպքերի, որի արդյունքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընկերությունը պարտավոր չէ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել մասնագիտացված կազմակերպությանը:

(21.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 281-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄԸ

 

22. Կենտրոնական դեպոզիտարիան բացում է արժեթղթերի հաշիվ անձի կողմից ներկայացված արժեթղթերի հաշվի բացման հանձնարարականի հիման վրա, որը Կենտրոնական դեպոզիտարիային է փոխանցվում հաշվի օպերատորի կողմից: Արժեթղթերի հաշվի բացման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

23. Եթե թողարկողի արժեթղթերը սույն կանոնակարգի 9-րդ գլխի համաձայն արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցելու ժամանակ տվյալ արժեթղթի սեփականատերը չունի արժեթղթերի հաշվառման համակարգում բացված արժեթղթերի հաշիվ, ապա այդ անձի համար բացվում է արժեթղթերի ժամանակավոր հաշիվ՝ թողարկողի հանձնարարականի հիման վրա:

24. Հաշվետերը պարտավոր է տեղեկացնել հաշվի օպերատորին արժեթղթերի հաշվի բացման ժամանակ տրամադրված տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին: Սույն կետում նշված տեղեկությունները չներկայացնելու դեպքում թողարկողը, հաշվի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պատասխանատվություն չեն կրում հաշվետիրոջը պատճառված վնասի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

25. Արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցումները կատարվում են հաշվի օպերատորի կողմից Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցված հանձնարարականի, դատարանի որոշման հիման վրա, ինչպես նաև օրենքով, սույն կանոնակարգով և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ հիմքերով:

26. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է կատարել ուղղումներ արժեթղթերի հաշվառման համակարգում կատարված գրանցումներում դատարանի՝ ուժի մեջ մտած որոշման հիման վրա:

27. Կենտրոնական դեպոզիտարիան կարող է իր նախաձեռնությամբ կատարել ուղղումներ արժեթղթերի հաշվառման համակարգի գրանցումներում, եթե Կենտրոնական դեպոզիտարիան բացահայտում է, որ կատարված գրանցումը սխալ է կամ բացակայում է, և եթե գրանցման ուղղումը չի խախտում այլ անձանց իրավունքները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

28. Թողարկողի և նրա կողմից թողարկված արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցվում են թողարկողի դիմումի հիման վրա, որը Կենտրոնական դեպոզիտարիային է փոխանցվում հաշվի օպերատորի կողմից: Համապատասխան դիմումների ձևերը և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների կազմը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

29. Թողարկողի դիմումի հիման վրա արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցումները կատարվում են համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ու տեղեկությունները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն կանոնակարգով այլ ժամկետ նախատեսված չէ կամ թողարկողի դիմումն ավելի երկար ժամկետ չի սահմանում:

30. Եթե անձինք, որոնց արժեթղթերի հաշիվներում գրանցումները պետք է կատարվեն, որոշվում են թողարկողի դիմումում նշված կոնկրետ ամսաթվի հիման վրա, ապա գրանցումները պետք է կատարվեն այդ օրվա սկզբի (ժամը 00:00) դրությամբ արժեթղթերի հաշվառման համակարգում առկա տեղեկատվության հիման վրա, եթե թողարկողն իր դիմումում այլ ժամ չի նշել: Սույն կետում նշված դեպքերում թողարկողի դիմումի հիման վրա արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցումներն իրականացվում են ոչ ուշ, քան դիմումում նշված կոնկրետ օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Կենտրոնական դեպոզիտարիան մերժում է թողարկողի դիմումի հիման վրա գրանցումների կատարումը, եթե դիմումը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կամ չեն համապատասխանում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված պահանջներին: Դիմումը մերժելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է այդ մասին տեղեկացնել դիմումը ներկայացրած անձին՝ նշելով մերժման պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

32. Կորպորատիվ գործողության իրականացման մասին թողարկողի կողմից հաշվի օպերատորի միջոցով ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի հաշվառման համակարգում գրառումներ է կատարում թողարկողի արժեթղթերի սեփականատերերի արժեթղթերի հաշիվներում հաշվառվող արժեթղթերի քանակի, դասի կամ թողարկողի (անհրաժեշտության դեպքում) փոփոխման մասին:

33. Թողարկողի վերակազմակերպման արդյունքում արժեթղթերի փոխարկման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի հաշվառման համակարգում համապատասխան գրառումներ է կատարում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բոլոր գրանցված սեփականատերերի (անվանատերերի) արժեթղթերի հաշիվներում` ըստ նրանց պատկանող (նրանց անվամբ գրանցված) թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակի համամասնության:

34. Եթե կորպորատիվ գործողության իրականացման արդյունքում առաջացել են կոտորակային (ոչ ամբողջական) արժեթղթեր, ապա այդ դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է թողարկողի պահանջով նրան տրամադրել գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը՝ նշելով նրանց պատկանող կոտորակային արժեթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՈՒՄԸ

 

35. Թողարկողի լուծարումից հետո նրա կողմից թողարկված բոլոր արժեթղթերը չեղյալ են համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

36. Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը չեղյալ են համարվում (արժեթղթերի հաշվառման համակարգից հեռացվում են) միայն այդ բաժնետիրական ընկերության լուծարման, վերակազմակերպման արդյունքում գործունեության դադարեցման կամ այդ բաժնետոմսերի ամբողջությամբ փոխարկման դեպքում:

37. Արժեթղթերի մարման դեպքում դրանք չեղյալ են համարվում մարումից հետո՝ թողարկողի համապատասխան հանձնարարականի հիման վրա կամ մարման ժամկետի լրանալու հիմքով:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

38. Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական դեպոզիտարիային հանձնարարականների փոխանցման կարգը, հանձնարարականների ձևը և բովանդակության նկատմամբ պահանջները, դրանց հիման վրա արժեթղթերի հաշվառման համակարգում գրառումների կատարման պայմանները և ընթացակարգը (անհրաժեշտության դեպքում՝ նաև գրառումների հետ կապված դրամական վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը) սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով, Կենտրոնական դեպոզիտարիայի և կարգավորվող շուկայի օպերատորի միջև կնքված պայմանագրով:

39. Արժեթղթերի այլ հաշվարկային (հաշվառման) համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական դեպոզիտարիային հանձնարարականների փոխանցման կարգը, նման հանձնարարականների ձևը և բովանդակության նկատմամբ պահանջները, դրանց հիման վրա արժեթղթերի հաշվառման համակարգում գրառումների կատարման (այդ թվում՝ տարբեր արժեթղթերի հաշվառման համակարգերի միջև դրանցում գրանցված արժեթղթերի փոխանցման) պայմանները և ընթացակարգը (անհրաժեշտության դեպքում՝ նաև գրառումների հետ կապված դրամական վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը) սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի և համապատասխան արժեթղթերի հաշվարկային (հաշվառման) համակարգի օպերատորի միջև կնքված պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

40. Արժեթղթերի փոխանցումը հաշիվների միջև արժեթղթերի փոխանցումն է փոխանցվող արժեթղթերի քանակով (ծավալով) մեկ արժեթղթերի հաշվի դեբետագրման և մյուս արժեթղթերի հաշվի կրեդիտագրման միջոցով:

41. Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի փոխանցումն իրականացնում է հաշվի օպերատորի հանձնարարականի հիման վրա, ինչպես նաև օրենքով կամ սույն կանոնակարգով սահմանված այլ հիմքերով:

42. Դրամական վերջնահաշվարկ պահանջող արժեթղթերի փոխանցումն (արժեթղթերի փոխանցում վճարման դիմաց) իրականացվում է նախապես սահմանված որոշակի ամսաթվին՝ արժեթղթերի դիմաց վճարման հետ միաժամանակ կամ դրանից հետո՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով:

43. Հաշվի օպերատորի կողմից ներկայացվող փոխանցման հանձնարարականում պարունակվող տեղեկությունների կազմը և հանձնարարականի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

44. Կենտրոնական դեպոզիտարիան մերժում է արժեթղթերի փոխանցման հանձնարարականը, եթե.

1) փոխանցման հանձնարարականը չի համապատասխանում սույն կանոնակարգով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված պահանջներին,

2) փոխանցման հանձնարարականը տրվել է ոչ իրավասու անձի կողմից,

3) արժեթղթերի հաշվում առկա չեն փոխանցման հանձնարարականում նշված անհրաժեշտ քանակի արժեթղթեր,

4) առկա չեն անհրաժեշտ դրամական միջոցները ֆինանսական պարտավորություններն իրականացնելու համար՝ վճարման դիմաց արժեթղթերի փոխանցման դեպքում,

5) գործարքի երկու կողմերի հաշվի օպերատորների կողմից ներկայացված փոխանցման հանձնարարականները տարբերվում են:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

 

45. Արժեթղթերի գրավը գրանցվում է արժեթղթերի հաշվառման համակարգում գրավատուի հաշվի օպերատորի կողմից ներկայացված հանձնարարականի հիման վրա: Արժեթղթերի գրավի գրանցման հանձնարարականը պետք է տրվի գրավատուի կողմից:

46. Արժեթուղթը համարվում է գրավադրված արժեթղթերի հաշվառման համակարգում դրա գրանցման պահից: Արժեթղթերի գրավադրման վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում գրավատուի արժեթղթերի հաշվում:

47. Արժեթղթերի գրավադրման հանձնարարականում պարունակվող տեղեկությունների կազմը և հանձնարարականի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

48. Գրավադրված արժեթղթերի օտարման դեպքում գրավը գրանցվում է նոր սեփականատիրոջ արժեթղթերի հաշվում:

49. Գրավադրման դադարեցման հանձնարարականը հաշվի օպերատորին է տրվում գրավառուի կողմից:

50. Արժեթղթերի գրավով ապահովված պարտավորությունը կատարելուց հրաժարվելու դեպքում գրավադրված արժեթղթերը կարող են այդ պարտավորությունից բխող պահանջները բավարարելու նպատակով փոխանցվել դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից տրված հանձնարարականի հիման վրա, եթե այլ բան սահմանված չէ գրավատուի և գրավառուի միջև կնքված պայմանագրով: Սույն կետով նախատեսված դեպքում հաշվի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր չեն պարզել գրավադրված արժեթղթերի փոխանցման համար անհրաժեշտ իրավական հիմքերի առկայությունը և պատասխանատվություն չեն կրում արժեթղթերի փոխանցման արդյունքում պատճառված վնասների համար:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

 

51. Արժեթղթերի (կամ արժեթղթերի հաշվի) սառեցումը (արգելադրումը) արժեթղթերի օտարման (փոխանցման) ժամանակավոր սահմանափակման վերաբերյալ արժեթղթերի հաշվառման համակարգում գրառումների կատարումն է:

52. Կենտրոնական դեպոզիտարիան սառեցնում է արժեթղթերը կամ արժեթղթերի հաշիվը հետևյալ հիմքերով.

1) դատարանի, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ օրենքով սահմանված այլ համապատասխան մարմնի որոշման հիման վրա,

2) հաշվետիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարականի հիման վրա,

3) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով:

53. Արժեթղթերը կամ արժեթղթերի հաշիվը մնում է սառեցված, քանի դեռ արժեթղթերի հաշվառման համակարգում համապատասխան գործառնությունը չի գրանցվել, սառեցման համար հիմք հանդիսացող հանձնարարականը չեղյալ չի ճանաչվել կամ սառեցման դադարեցման հանձնարարական չի տրվել, կամ չի լրացել սառեցման համար սահմանված ժամկետը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

54. Թողարկողի գրավոր հարցման հիման վրա, որը փոխանցվել է հաշվի օպերատորի կողմից, Կենտրոնական դեպոզիտարիան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակը:

55. Սույն կանոնակարգի 54-րդ կետով նախատեսված հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (դրա բացակայության դեպքում՝ թողարկողի լրիվ անվանումը և արժեթղթերի դասը), որի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը պահանջվում է,

2) ցուցակի կազմման ամսաթիվը,

3) ցուցակի տրամադրման ձևը՝ թղթային կամ էլեկտրոնային,

4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

56. Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցված սեփականատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը (ֆիզիկական անձանց համար), անվանումը, գտնվելու վայրը և փոստային հասցեն (իրավաբանական անձանց համար),

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը և սերիան (ֆիզիկական անձանց համար), հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը (իրավաբանական անձանց համար),

3) գրանցված սեփականատիրոջը պատկանող՝ թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակը, ընդհանուր անվանական արժեքը և բաժնեմասը (տոկոսներով),

4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

57. Կենտրոնական դեպոզիտարիան մերժում է արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրումը, եթե թողարկողի գրավոր հարցումը չի համապատասխանում սույն կանոնակարգի, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջներին կամ թողարկողը հրաժարվում է վճարել ցուցակի տրամադրման համար Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված վճարը:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ

 

58. Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացնում է անձին նրա համար արժեթղթերի հաշիվ բացելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը գրավոր ձևով հրաժարվել է այդ իրավունքից:

59. Սույն կանոնակարգի 58-րդ կետով նախատեսված տեղեկացումը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթերի հաշվի համարը,

2) արժեթղթերի հաշվի բացման հանձնարարականը Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցած հաշվի օպերատորի անվանումը,

3) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

60. Սույն կանոնակարգի 58-րդ կետով նախատեսված տեղեկացումը հաշվետիրոջն է ուղարկվում էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ ըստ հաշվետիրոջ ընտրության:

61. Արժեթղթերի Ժամանակավոր հաշվի դեպքում սույն կանոնակարգի 58-րդ կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է այն թողարկողին, որի պահանջով բացվել է արժեթղթերի ժամանակավոր հաշիվը:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

62. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է իր ինտերնետային կայքում հրապարակել հայտարարություն արժեթղթերի հաշվառման համակարգում հաշվետու թողարկողի պահանջով կատարված գործառնությունների վերաբերյալ՝ թողարկողի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով պահանջը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

63. Սույն կանոնակարգի 62-րդ կետով նախատեսված հայտարարությունը պետք է պարունակի համապատասխան թողարկողի անվանումը, գործառնության կատարման ամսաթիվը (հնարավորության դեպքում) և սույն գլխով նախատեսված տեղեկությունները:

64. Արժեթղթերի (այդ թվում՝ լրացուցիչ թողարկված) գրանցման վերաբերյալ հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթերին շնորհված տարբերակիչ ծածկագիրը,

2) գրանցված արժեթղթի տեսակը (դասը),

3) արժեթղթերի անվանական արժեքը (առկայության դեպքում) և արժույթը,

4) արժեթղթերի քանակը:

65. Արժեթղթերի անվանական արժեքի փոփոխման վերաբերյալ հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթի տեսակը (դասը) և տարբերակիչ ծածկագիրը,

2) արժեթղթի նախկին և նոր անվանական արժեքները:

66. Արժեթղթերի փոխարկման վերաբերյալ հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) փոխարկվող արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը,

2) արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը, որին փոխարկվում են արժեթղթերը, եթե դրանք գրանցված են արժեթղթերի հաշվառման համակարգում,

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված արժեթղթերի թողարկողի անվանումը, եթե թողարկողը փոխարկվող արժեթղթի թողարկողը չէ,

4) փոխարկման գործակիցը:

67. Արժեթղթերի չեղյալ համարելու վերաբերյալ հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) չեղյալ համարվող արժեթղթերի տեսակը (դասը) և տարբերակիչ ծածկագիրը,

2) չեղյալ համարվող արժեթղթերի քանակը:

68. Բացի սույն կանոնակարգի 63-67-րդ կետերում նշված տեղեկություններից, Կենտրոնական դեպոզիտարիան կարող է հրապարակել նաև այլ տեղեկություններ:

69. Կենտրոնական դեպոզիտարիան սույն նախատեսված հայտարարությունները հրապարակում է միայն այն դեպքում, եթե բավարարված են օրենքով, սույն կանոնակարգով և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով արժեթղթերի հաշվառման համակարգում համապատասխան գրանցումների կատարման համար սահմանված բոլոր պահանջները:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

70. Հաշվետերն իրավունք ունի իր հարցմանը համապատասխան՝ ստանալ հաշվետվություն (տեղեկանք, քաղվածք) իր արժեթղթերի հաշվի մնացորդի վերաբերյալ:

71. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ տարվա հունվարի 31-ը հաշվետիրոջը էլեկտրոնային եղանակով տրամադրել հաշվետվություն հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ արժեթղթերի հաշվի մնացորդի վերաբերյալ, եթե հաշվետերը գրավոր ձևով ներկայացրել է նման տեղեկատվություն ստանալու պահանջ և տրամադրել է համապատասխան էլեկտրոնային փոստի հասցե: Սույն կետում նշված հաշվետվությունը տարեկան մեկ անգամ հաշվետիրոջը տրամադրվում է անվճար:

72. Սույն կանոնակարգի 71-րդ կետով նախատեսված հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթերի հաշվի համարը,

2) հաշվետիրոջ անունը, ազգանունը (անվանումը),

3) արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (դրա բացակայության դեպքում՝ թողարկողի լրիվ անվանումը և արժեթղթերի դասը) և քանակը, անվանական արժեքը և արժույթը,

4) գրավադրված արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (դասը) և քանակը,

5) հաշվետվության կազմման ամսաթիվը,

6) ամսաթիվը, որի դրությամբ ներկայացված են հաշվետվությունում ներառված տեղեկությունները,

7) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

73. Հաշվետերն իրավունք ունի ստանալ հաշվետվություն իր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ՝ իր կողմից ընտրված պարբերականությամբ կամ ժամանակահատվածի համար:

74. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ տարվա հունվարի 31-ը հաշվետիրոջը էլեկտրոնային եղանակով տրամադրել հաշվետվություն իր հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ, եթե հաշվետերը գրավոր ձևով ներկայացրել է նման տեղեկատվություն ստանալու պահանջ և տրամադրել է համապատասխան էլեկտրոնային փոստի հասցե: Սույն կետում նշված հաշվետվությունը տարեկան մեկ անգամ հաշվետիրոջը տրամադրվում է անվճար:

75. Սույն կանոնակարգի 74-րդ կետով նախատեսված հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) արժեթղթերի հաշվի համարը,

2) հաշվետիրոջ անունը, ազգանունը (անվանումը),

3) հաշվետիրոջ բնակության վայրը (գտնվելու վայրը և փոստային հասցեն),

4) հաշվետու ժամանակահատվածում արժեթղթերի հաշվով կատարված բոլոր գործառնությունները՝ նշելով յուրաքանչյուր գործառնության գրանցման ամսաթիվը և հակիրճ բովանդակությունը,

5) հաշվետվության կազմման ամսաթիվը,

6) հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,

7) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

76. Թողարկողը պարտավոր է հաշվի օպերատորի միջնորդությամբ Կենտրոնական դեպոզիտարիային տեղեկացնել՝

1) թողարկողի լուծարման վերաբերյալ որոշման ընդունման կամ թողարկողի նկատմամբ սնանկացման գործընթաց սկսվելու մասին,

2) թողարկողի անունից հանձնարարականներ և հարցումներ ներկայացնելու համար թողարկողի իրավասու ներկայացուցչի փոփոխության մասին,

3) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ էական հանգամանքների մասին:

77. Արժեթղթերով հավաստվող իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման մասին թողարկողի որոշումը պետք է պարունակի կոնկրետ ամսաթիվը, որի հիման վրա որոշվում են այն անձինք, որոնց վրա տարածվում է այդ որոշումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

78. Հաշվի օպերատորը պետք է ապահովի, որ արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվի ժամանակին և իր կողմից արժեթղթերի հաշիվների և արժեթղթերի հաշվառման համակարգի հետ կապված այլ գործողությունները կատարվեն իր իրավասության շրջանակներում, օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

79. Հաշվի օպերատորը պարտավոր է միջնորդավորել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, եթե այլ բան սահմանված չէ հաշվի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով: Եթե որևէ ծառայության մատուցումը տեխնիկական պատճառներով դարձել է բարդ կամ անհնար, ապա հաշվի օպերատորը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական դեպոզիտարիային այդ մասին:

80. Հաշվի օպերատորը պետք է համապատասխան վարչական և տեխնիկական միջոցներով ապահովի, որ իր կողմից Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցված տեղեկատվությունը և արժեթղթերի հաշիվների հետ կապված գրանցված տեղեկատվությունը պաշտպանված է չթույլատրված օգտագործումից՝ ներառյալ դրա փոփոխությունը կամ ոչնչացումը:

81. Հաշվի օպերատորը կարող է արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցված տեղեկատվությունը հասանելի դարձնել երրորդ անձանց միայն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով: Հաշվի օպերատորի ղեկավարներն ու աշխատակիցները պարտավոր են հաշվի օպերատորի մոտ աշխատելու ընթացքում և դրանից հետո պահպանել արժեթղթերի հաշվառման համակարգում գրանցված տեղեկատվության գաղտնիությունը:

82. Հաշվի օպերատորը պարտավոր է ապահովել, որ հանձնարարականները, տեղեկատվությունը, հարցումները Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հաշվի օպերատորի իրավասու ներկայացուցչի կողմից: Հաշվի օպերատորը օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն կետով սահմանված պահանջի խախտման հետևանքով անձանց պատճառած վնասների համար:

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

83. Հաշվի օպերատոր կարող են լինել միայն արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամները:

84. Կենտրոնական դեպոզիտարիան հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհում է միայն սույն կանոնակարգի 83-րդ կետով նախատեսված այն անձանց, որոնք բավարարում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված պահանջները: Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները առցանց ընթացակարգով գրանցած և այդ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակ` ֆոնդի օպերատորի կարգավիճակ` միայն իր կողմից կառավարվող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցելու համար: Ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոններով:

(84-րդ կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն)

84.1. Հաշվարկային համակարգի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ գանձապետական պահառուի գործառույթների մասով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է սահմանափակ իրավասությամբ հաշվի օպերատորի կարգավիճակ՝ գանձապետական պահառուի գործառույթների մասով, որի լիազորությունների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա՝ որպես գանձապետական պահառուի գործառույթներ իրականացնող, տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով՝ հաշվի առնելով գանձապետական պահառուի կարգավիճակից բխող առանձնահատկությունները:

(84.1-ին կետը լրաց. 03.03.17 թիվ 54-Ն)

85. Հաշվի օպերատորի կարգավիճակի ստացման համար Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող դիմումի ձևը, դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը, ինչպես նաև դրանց բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

86. Կենտրոնական դեպոզիտարիան կարող է մերժել հաշվի օպերատորի կարգավիճակի շնորհումը, եթե անձը չի բավարարում հաշվի օպերատորի համար սահմանված պահանջները: Հաշվի օպերատորի կարգավիճակի շնորհումը մերժելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացնում է հաշվի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացրած անձին՝ նշելով մերժման պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

87. Հաշվի օպերատորը պարտավոր է ստացված հանձնարարականները փոխանցել Կենտրոնական դեպոզիտարիային դրանք ստանալուց անմիջապես հետո, եթե հանձնարարականը տված անձը չի նշել այլ ժամկետ այն պայմանագրում, որի համաձայն հաշվի օպերատորին լիազորվել է Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցել տրված հանձնարարականը:

88. Եթե արժեթղթերի հաշվառման համակարգում գրառումների կատարման համար օրենքով, սույն կանոնակարգով և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված բոլոր պահանջները բավարարված են, Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անմիջապես իրականացնել հաշվի օպերատորից ստացված հանձնարարականը իր կանոններին համապատասխան, եթե այլ ժամկետ նախատեսված չէ հանձնարարականով:

89. Եթե հաշվի օպերատորի կողմից փոխանցված հանձնարարականը սահմանում է ֆինանսական պարտավորությունների վերջնահաշվարկը՝ որպես արժեթղթերի փոխանցման նախապայման, Կենտրոնական դեպոզիտարիան փոխանցում է արժեթղթերը համապատասխան հանձնարարականը փոխանցած հաշվի օպերատորների միջև ֆինանսական պահանջների և պարտավորությունների վերջնահաշվարկից հետո: Մինչև արժեթղթերի փոխանցումը Կենտրոնական դեպոզիտարիան սառեցնում է փոխանցման ենթակա արժեթղթերը:

90. Հաշվի օպերատորն իրավունք ունի իրականացնելու միայն այն անձանց կողմից տրված հանձնարարականները և հարցումները, ովքեր սույն կանոնակարգի համաձայն՝ հանդիսանում են արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու լիազորություն ունեցող անձ:

91. Հաշվի օպերատորը, որն անձից ստանում է գործառնություններ կատարելու հանձնարարական կամ արժեթղթերի հաշվառման համակարգում պարունակվող տեղեկատվության վերաբերյալ հարցում, պարտավոր է նույնականացնել անձին և ստուգել անձի՝ համապատասխան արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերով գործառնություններ իրականացնելու հանձնարարական կամ հարցում տալու լիազորությունը: Արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու հանձնարարականը կամ հարցումը կարող է տրվել ուղղակիորեն հաշվետիրոջ կողմից կամ նրա կողմից օրենքին համապատասխան (այդ թվում՝ լիազորագրի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի հետ կնքված պայմանագրի հիման վրա) լիազորված անձի կողմից: Ընդ որում, եթե արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու հանձնարարական կամ հարցում տալու լիազորագիրը հաստատված չէ նոտարական կարգով, ապա հաշվի օպերատորը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել լիազորության հավաստիությունը ստուգելու համար:

 (91-րդ կետը խմբ. 10.12.13 թիվ 281-Ն)

92. Հաշվի օպերատորը պատասխանատու չէ արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու լիազորության օրինականության ստուգման համար:

93. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ սույն կանոնակարգով, ապա հաշվի օպերատորն իրավունք չունի Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցել արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնություն իրականացնելու հանձնարարականը՝ առանց հաշվետիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացված համապատասխան հանձնարարականի:

94. Հաշվի օպերատորը պարտավոր է ստուգել իր կողմից Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվող տեղեկատվության ճշտությունը: Հաշվի օպերատորը պատասխանատվություն է կրում գործառնություններ կատարելու համար իր կողմից Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցված հանձնարարականների ճշտության համար:

95. Հաշվի օպերատորը պարտավոր է պահպանել գործառնություններ կատարելու համար իրեն տրված հանձնարարականների համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը, հանձնարարականները և հարցումները, դրանք ստանալուց հետո 10 տարվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

96. Հաշվի օպերատորի կողմից օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրով սահմանված պահանջները խախտվելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մասնակիորեն կամ ամբողջովին կասեցնել հաշվի օպերատորի կարգավիճակը, եթե դա անհրաժեշտ է հաշվետերերի իրավունքների պաշտպանության համար:

97. Հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջովին սահմանափակվում է հաշվի օպերատորի՝ հանձնարարականներ և (կամ) հարցումներ ընդունելու և (կամ) կատարելու իրավունքը:

98. Հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման մասին Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի որոշումը պետք է սահմանի.

1) հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման հիմքերը,

2) հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման ծավալը՝ մասնակի կամ ամբողջությամբ,

3) մասնակի կասեցման դեպքում՝ սահմանափակումների նկարագրությունը,

4) հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման հիմքերի վերացման ժամկետը:

99. Հաշվի օպերատորի կարգավիճակի կասեցման մասին Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումն անմիջապես հրապարակվում է, ինչպես նաև տրամադրվում է հաշվի օպերատորին՝ այն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ

 

100. Եթե հաշվի օպերատորը էապես խախտում է օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրով սահմանված պահանջները, Կենտրոնական դեպոզիտարիան հետ է կանչում տվյալ անձի՝ հաշվի օպերատորի կարգավիճակը:

101. Հաշվի օպերատորի կարգավիճակը հետկանչելու մասին որոշումը ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպում է արժեթղթերի հաշիվները կառավարելու իրավունքի և ռեեստրի վարման փոխանցումը այլ հաշվի օպերատորներին:

102. Հաշվի օպերատորի կարգավիճակի հետկանչման մասին Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի որոշումը պետք է սահմանի.

1) հաշվի օպերատորի կարգավիճակի հետկանչման հիմքերը,

2) սույն կանոնակարգի 101-րդ կետով նախատեսված՝ արժեթղթերի հաշիվների կառավարման և ռեեստրի վարման փոխանցման ժամկետը,

3) սույն կանոնակարգի 101-րդ կետով նախատեսված՝ արժեթղթերի հաշիվների կառավարման և ռեեստրի վարման փոխանցումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ պայմաններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետերերը և թողարկողները պետք է հնարավորություն ունենան նոր հաշվի օպերատորների հետ կնքելու համապատասխան պայմանագրեր:

103. Հաշվի օպերատորի կարգավիճակը հետկանչելու դեպքում տվյալ հաշվի օպերատորը պարտավոր է փոխհատուցել իր միջոցով արժեթղթերի հաշիվներն օգտագործող բոլոր հաշվետերերի ուղղակի ծախսերը, որոնք կապված են արժեթղթերի հաշիվների փակման, նոր արժեթղթերի հաշիվների բացման և փակված հաշիվներից նոր բացված հաշիվներին արժեթղթերի փոխանցման հետ (այդ գործառնությունների համար վճարներ նախատեսված լինելու դեպքում):

104. Հաշվի օպերատորի կարգավիճակի հետկանչման մասին Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումն անմիջապես հրապարակվում է, ինչպես նաև տրամադրվում է հաշվի օպերատորին՝ այն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

105. Հաշվի օպերատորն իրավունք ունի հրաժարվել հաշվի օպերատորի կարգավիճակից՝ լուծելով Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, եթե հաշվի օպերատորն այդ մասին գրավոր տեղեկացնում է Կենտրոնական դեպոզիտարիային առնվազն 2 ամիս առաջ: Մինչև հաշվի օպերատորի կարգավիճակի դադարումը, հաշվի օպերատորը կրում է այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

106. Հաշվի օպերատորը, որը ցանկանում է հրաժարվել հաշվի օպերատորի կարգավիճակից, պարտավոր է այդ մասին գրավոր ձևով տեղեկացնել իր միջոցով արժեթղթերի հաշիվներ բացած, ինչպես նաև ռեեստր վարող բոլոր անձանց:

107. Սույն կանոնակարգի 106-րդ կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է պատվիրված նամակով, ոչ ուշ, քան Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրի լուծմանը նախորդող 30-րդ օրը:

108. Հաշվի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու դեպքում տվյալ հաշվի օպերատորը պարտավոր է փոխհատուցել իր միջոցով արժեթղթերի հաշիվներն օգտագործող բոլոր հաշվետերերի ուղղակի ծախսերը, որոնք կապված են արժեթղթերի հաշիվների փակման, նոր արժեթղթերի հաշիվների բացման և փակված հաշիվներից նոր բացված հաշիվներին արժեթղթերի փոխանցման հետ (այդ գործառնությունների համար վճարներ նախատեսված լինելու դեպքում):

109. Սույն կանոնակարգի 106-րդ կետով նախատեսված տեղեկացումը, բացի հաշվի օպերատորի կարգավիճակի դադարման ամսաթվից, պետք է պարունակի նաև այլ հաշվի օպերատորների տվյալները, ինչպես նաև սույն կանոնակարգի 108-րդ կետի համաձայն ծախսերի փոխհատուցում ստանալու իրավունքի մասին նշում:

109.1 Սույն կանոնակարգի 105-109-րդ կետերը չեն տարածվում ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձանց վրա: Սույն կետում նշված ֆոնդի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու հարաբերությունները կարգավորվում են այդ անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման պայմանագրով:

(109.1-ին կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

110. Անձը, որի հաշվի օպերատորի կարգավիճակը դադարել է սույն կանոնակարգի 29-րդ կամ 30-րդ գլուխների համաձայն, պարտավոր է կատարել Կենտրոնական դեպոզիտարիայի հանձնարարականները և բավարարել բոլոր այն պահանջները, որոնք ուղղված են հաշվետերերի իրավունքների պաշտպանությանը, արժեթղթերի հաշիվների և ռեեստրի վարման գործընթացի շարունակականության ապահովմանը:

111. Հաշվի օպերատորի կարգավիճակը դադարեցրած անձը պարտավոր է արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների արխիվացման գործընթացը կազմակերպել այնպես, որ ապահովվի այդ տեղեկատվության և փաստաթղթերի պահպանումը և դրանց հասանելիությունը իրավասու անձանց և պետական լիազոր մարմինների համար՝ հաշվի օպերատորի կարգավիճակի դադարման օրվան հաջորդող առնվազն 10 տարվա ընթացքում:

(հավելվածը լրաց., խմբ. 10.12.13 թիվ 281-Ն, լրաց. 08.11.16 թիվ 194-Ն, 03.03.17 թիվ 54-Ն, խմբ., փոփ. 28.04.17 թիվ 99-Ն)