Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.503
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 633-Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի քաղվածքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 633-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից (այսուհետ՝ գրանցամատյան) էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով՝ www.registration.am կայքից՝ առանց վճարում կատարելու:

(2-րդ կետը խմբ. 25.05.17 N 557-Ն)

3. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո` անմիջապես:

(3-րդ կետը խմբ. 25.05.17 N 557-Ն)

4. www.registration.am կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով պարտապանի ճշգրիտ անվանումը կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը:

(4-րդ կետը փոփ. 25.05.17 N 557-Ն)

5. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գրանցամատյանի տեղեկությունների պատճենը էլեկտրոնային եղանակով կարող են ստանալ www.registration.am կայքում տեղադրված գործիքների միջոցով: Փնտրողը, էկրանին բացված ցուցումներին համապատասխան գործողություններ կատարելուց հետո, էկրանին ստանում է անհրաժեշտ տեղեկատվության պատկերը, որը կարող է տպել, փոխանցել կամ, իր ընտրությամբ, օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ ձևով:

(5-րդ կետը փոփ. 25.05.17 N 557-Ն)

(հավելվածը  խմբ., փոփ. 25.05.17 N 557-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 633-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Անձի պահանջով տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից հաստատված քաղվածքի ձևով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով:

(1-ին կետը փոփ. 25.05.17 N 557-Ն)

2. Անձը ներկայացնում է ապահովված առարկայի մասին տեղեկությունները՝ դիմումում լրացնելու միջոցով: Դիմումին կցվում են վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անմիջականորեն ներկայացվում են գործակալություն կամ հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորին (այսուհետ՝ օպերատոր): Քաղվածքը տրամադրվում է գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով: Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:

(3-րդ կետը խմբ. 27.10.16 N 1107-Ն)

(հավելվածը խմբ. 27.10.16 N 1107-Ն, փոփ. 25.05.17 N 557-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2017, N 557-Ն 17.06.2017, N 633-Ն
27.10.2016, N 1107-Ն 10.11.2016, N 633-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան