Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1368
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.554
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 մայիսի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշկեկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 19.04.2017թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշկեկում՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված՝ Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 28-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների իրագործման կարգը սահմանելու և պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերն առավել լիարժեք կարգավորելու նպատակով:

Արձանագրությունն ունի 3 հավելված՝ Հավելված 1. «Ծախսերի նախահաշիվ», Հավելված 2. «Ակտ» և Հավելված 3. «Ծախսերի մասին տեղեկություններ» վերտառությամբ:

 

2. Արձանագրությամբ սահմանվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի ծրագրման, հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի կողմից դրանց փոխհատուցման, ինչպես նաև կատարված ֆինանսական և նյութական ծախսերի վերաբերյալ հաշվետու փաստաթղթերը ներկայացնելու կարգը, և այն չի վերաբերում Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներն իրագործելիս օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերին:

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները մյուս Կողմերի իրավասու մարմինների հետ փոխանակեն Համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ՝ պաշտպանության միջոցների կազմակերպման և իրականացման ոլորտում ՀՀ համապատասխան իրավական ակտեր, իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ նյութեր, վիճակագրական տվյալներ և մեթոդական ուղեցույցներ,

ապահովել, որպեսզի նախքան պաշտպանության միջոցներ իրականացնելու վերաբերյալ հարցում ուղարկելը (այսուհետև՝ Հարցում) ՀՀ իրավասու մարմինները Կողմերի իրավասու մարմինների հետ համաձայնեցնեն նախահաշվի նախագիծը՝ հաշվի առնելով հարցվող Կողմի տարածքում գործող գները (սակագները) և հարցվող Կողմի կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող նորմատիվները,

որպես հարցվող Կողմ՝ ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը եռամսյակի ավարտից հետո՝ 45 օրացուցային օրվանից ոչ ուշ, Հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմնին ուղարկի գրություն՝ նշելով փոխհատուցման ենթակա գումարը և այն հաշվի վավերապայմանները, որին պետք է փոխանցվեն դրամական միջոցները, ինչպես նաև գրությանը կցի ծախսերի վերաբերյալ տեղեկությունները,

որպես հարցվող Կողմ՝ դրամական միջոցների և նյութական արժեքների օգտագործման վերաբերյալ առաջնային փաստաթղթերը, նախահաշիվը և ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, արժույթների պաշտոնական փոխարժեքը հաստատող փաստաթղթերը պահել հինգ տարի՝ Արձանագրության 13-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների ավարտի պահից սկսած,

որպես Հարցում կատարող Կողմ՝ կրել Պաշտպանվող անձի այլ վայր տեղափոխվելու, այդ թվում՝ ուղևորության և անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերը՝ ներառյալ փաթեթավորման, բեռնման (բեռնաթափման) արժեքը, մինչև հարցվող Կողմի տարածքում պաշտպանվող անձին հանձնելու վայրը և հակառակը, որոնք չեն ներառվում նախահաշվի մեջ,

որպես Հարցում կատարող Կողմ՝ ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինն Արձանագրության 8-րդ հոդվածում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում իրականացնի դրանց ուսումնասիրությունը և դրամական միջոցները փոխանցի հարցվող Կողմի իրավասու մարմնի հաշվին,

որպես Հարցում կատարող Կողմ՝ փոխադարձ հաշվարկների համեմատման ակտը կազմել երկու օրինակով և հարցվող Կողմին ուղարկել դրամական միջոցների փոխանցման հետ միաժամանակ՝ հարցվող Կողմի նկատմամբ ունեցած պարտքը պաշտպանության միջոցի դադարեցման օրվա դրությամբ մարելու նպատակով,

ապահովել, որպեսզի Համաձայնագրի 28-րդ հոդվածի իրագործման հետ կապված՝ ՀՀ իրավասու մարմնի և Կողմերի իրավասու մարմինների միջև հաշվարկները կատարվեն հարցվող Կողմի ազգային արժույթով, եթե այդ Կողմի հետ առանձին միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ,

որպես հարցվող Կողմ՝ անցկացված ստուգումների արդյունքում համատեղ ուսումնասիրություն պահանջող հարցեր առաջանալու դեպքում (նյութերից քաղվածքները) Հարցում կատարող Կողմին ուղարկել նյութերն այն մասով, որը նրան է վերաբերում:

 

4. Սույն Արձանագրությամբ ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշկեկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1368