Գլխավոր տեղեկություն
Համար
N 1329-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.06.2017-07.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.16/85(1174) Հոդ.1049
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2015 թվականի N 1329-Ն

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1872-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 467-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» կետի և 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 03Ա061298)` «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 03-Ա056568) միացման ձևով:

2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Սահմանել, որ`

1) «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է.

2) կազմակերպության գործունեության առարկան «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին տեղեկատվություն ստանալու` հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպման և իրականացման ապահովումն է.

3) կազմակերպության նպատակներն են`

ա. հիդրոօդերևութաբանական գործունեության ու շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացումը` միջազգային ստանդարտներին համապատասխան,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին ու սեփականությանն սպառնացող վտանգի նվազեցմանը, շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրագործումը,

գ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների տնտեսական արդյունավետության բարձրացման նպատակով գիտափորձարարական աշխատանքների կատարումը,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպումը և իրականացումը,

ե. հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի, այդ թվում` գյուղատնտեսության, էներգետիկայի, ավիացիայի, շինարարության, տրանսպորտի և կապի, սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումները և կանխատեսումների կազմումը,

զ. տեխնիկական միջոցների (հակակարկտային կայանների, հրթիռահրետանային, զինամթերքի, ռադիոլոկացիոն ու ռադիոկապի համակարգերի) շահագործման և ընթացիկ նորոգման ապահովումը,

է. մթնոլորտի, մակերևութային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, շրջակա միջավայրի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական և աերոլոգիական դիտարկումները, տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումն ու օգտագործումը, պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը,

ը. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական նշանակություն ունեցող հիդրոօդերևութաբանական, շրջակա միջավայրի մոնիթորինգի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրերի իրականացումը,

թ. գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը, մակերևութային ջրերի պետական հաշվառումը և պետական կադաստրի վարումը, ջրերի որակի ու աղտոտվածության մոնիթորինգի իրականացումը,

ժ. բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների և գործընթացների փաստացի ու կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումն ու հաղորդումը,

ժա. պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների և շրջակա միջավայրի մոնիթորինգի տվյալների միասնական ֆոնդի կազմումն ու վարումը,

ժբ. մասնակցությունը միջազգային ու տարածաշրջանային նշանակության հիդրոօդերևութաբանական, շրջակա միջավայրի մոնիթորինգի, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը,

ժգ. մասնակցությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ՝ մթնոլորտային երևույթների հետևանքով տնտեսությանը հասցված վնասների չափերի ուսումնասիրման աշխատանքներին,

ժդ. օգտագործվող մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման ապահովումը,

ժե. Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրումը, գնահատումը և կանխատեսումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ իր իրավասությունների սահմաններում առաջարկություններ ներկայացնելը շահագրգիռ կազմակերպություններ,

ժզ. հիդրոօդերևութաբանական գործունեությանը, շրջակա միջավայրի մոնիթորինգին, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությանը վերաբերող իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցությունը,

ժէ. հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառի մասնագետների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների և ուսուցման կազմակերպումը.

4) կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի.

5) կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն է:

4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.

2) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում.

3) մթնոլորտային երևույթների կառավարման, դրանց վրա ակտիվ ներգործության, այդ թվում` նաև գիտափորձարարական բնույթի աշխատանքների կատարում.

4) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակում և պայմանագրային հիմունքներով ներդրում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

5) տեխնիկական հետազոտություններ, հսկիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում և տեղադրում.

6) բնագավառին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցում.

7) կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի, հիմնական միջոցների, այդ թվում` տրանսպորտային միջոցների՝ վարձակալության հանձնում.

8) բնագավառին վերաբերող հրատարակչական գործունեության իրականացում.

9) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքների կատարում (քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքներ, ինքնաթիռների թռիչքների օդերևութաբանական սպասարկման իրականացում, ամրակցված տարածքի եղանակի կանխատեսում, ավիացիայի համար եղանակային վտանգավոր երևույթների առաջացման վերաբերյալ շտորմային նախազգուշացումների կազմում ու դրանց ճշգրտումներ, օդանավակայանում փաստացի եղանակի դիտարկումներ):

(4-րդ կետը լրաց. 06.04.17 N 529-Ն)

5. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 06.04.17 N 529-Ն)

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպությանը հանձնվող` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմի, ինչպես նաև պարտավորությունների ճշտման գործընթացը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել միացման պայմանագիրը, միացող կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ՝ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտը, կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը, կազմակերպության կանոնադրությունը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրությունը սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնելը:

(6-րդ կետը փոփ. 06.04.17 N 529-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման 2-րդ և 5-րդ կետերը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 467-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ և 4-րդ կետերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2020, N 81-Ն 06.02.2020, N 1329-Ն
15.03.2018, N 253-Ն 07.04.2018, N 1329-Ն
06.04.2017, N 529-Ն 10.06.2017, N 1329-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան