Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.05.03/4(89) Հոդ.440
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 411-Ն

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի բ2-րդ և 2.1-ին մասի ա1-րդ, բ4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 21

Երևան

 

 

 

Հավելված  

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 20-ի N 411-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից (այսուհետ` կազմակերպիչ) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Տվյալների շտեմարան՝ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդի նույնականացմանը վերաբերող օրենքով սահմանված հաշվառման և պահպանման ենթակա տեղեկությունների (ներառյալ փաստաթղթերի) շտեմարան:

4. Կազմակերպչի կողմից հաճախորդի նույնականացում իրականացվում է միայն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում (խաղանիշերի գնում, խաղադրույքների կատարում, շահումների վճարում կամ տրամադրում, նախորդ երեքի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում)՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող որևէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից):

5. Կազմակերպիչը մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունն ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Կազմակերպչի կողմից մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդի նույնականացումն իրականացվում է օրենքի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Կազմակերպչի կողմից մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդի նույնականացմանը վերաբերող օրենքով սահմանված պահպանման ենթակա տեղեկությունները (ներառյալ փաստաթղթերը) պետք է հաշվառվեն և պահպանվեն տվյալների շտեմարանում: Հաշվառումը պետք է կատարվի այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն լինի վերականգնել այն աշխատողի տվյալները, ով իրականացրել է հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը կամ պահպանման ենթակա տեղեկությունների (ներառյալ փաստաթղթերի) ձեռքբերմանն ուղղված այլ գործողությունները, իսկ պահպանումը՝ այնպիսի եղանակով, որը կապահովի յուրաքանչյուր առանձին գործարքի վերականգնումը և այդ տեղեկատվության օգտագործման հնարավորությունը որպես դատավարական ապացույց:

7. Առանց առերես շփման գործարար հարաբերություններ հաստատելիս՝ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակներում պետք է նաև պահանջի, որ առաջին վճարումը կատարվի օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված պահանջները բավարարող ֆինանսական հաստատությունում հաճախորդի անվամբ բացված հաշվով:

8. Մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների շտեմարանում պահվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն յուրաքանչյուր հաճախորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) հաճախորդի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաճախորդի բնակության վայրը.

2) իրական շահառուի առկայության դեպքում՝ իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, իրական շահառուի բնակության վայրը.

3) գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրություն (ներառյալ փաստաթղթերի լուսապատճենները (առկայության դեպքում)՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը, իրականացված գործարքի եղանակը (կանխիկ, անկանխիկ), գումարի չափը, գործառնության տեսակը (խաղանիշերի գնում, խաղադրույքի կատարում, շահումի վճարում կամ տրամադրում, նշված երեքի հետ կապված ֆինանսական գործարք) շահումով խաղի տեսակը (մեքենայացված խաղ, ինտերնետ շահումով խաղ, կենդանի խաղ), իսկ հաճախորդի` միավոր ժամանակահատվածում (կատարվում են 24 ժամվա ընթացքում) տարբեր գործարքներով տվյալ կազմակերպությունում շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները, հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ, հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները գրանցվում են հաճախորդի կողմից տեղեկատվության տրամադրման դեպքում կամ կատարվում է գրառում վերջինիս բացակայության մասին.

4) ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև՝ հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար:

9. Տվյալների շտեմարանը՝ ներառյալ օրենքով սահմանված պահպանման ենթակա տեղեկությունները (ներառյալ փաստաթղթերը) կարող են հավաքվել և պահպանվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

10. Կազմակերպիչը պետք է ապահովի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

11. Կազմակերպիչը պետք է պահպանի տվյալների շտեմարանում մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդի նույնականացման ընթացքում ձեռք բերված տեղեկությունները (ներառյալ փաստաթղթերը)՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է թե դադարեցվել է՝ գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան