«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 մայիսի 2017 թ.
թիվ 112-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն, 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն, 2000 թվականի փետրվարի 1-ի թիվ 18 և 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններում» (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Կանոնների 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթերի ձևաթերթերը պետք է լինեն առնվազն հայատառ հայերեն, իսկ միջազգային համակարգերի կանոններով և (կամ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված լինելու, և (կամ) հաճախորդի ցանկության դեպքում` նաև օտար լեզվով՝ պայմանով, որ ֆինանսական կազմակերպությունը հնարավորություն ունի վճարահաշվարկային փաստաթղթերի ձևաթերթերը տրամադրել տվյալ օտար լեզվով: Ֆինանսական կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող (հավաստող) և (կամ) մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը պետք է լինեն հայատառ հայերեն, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ և (կամ) հաճախորդը ցանկություն չի հայտնել վճարահաշվարկային փաստաթուղթը ստանալ օտար լեզվով՝ պայմանով, որ ֆինանսական կազմակերպությունը հնարավորություն ունի տրամադրել վճարահաշվարկային փաստաթուղթը տվյալ օտար լեզվով:»,
2) Կանոնների 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետ.
«15.1. Սույն կարգի 15-րդ կետով նշված շահառուի բանկային հաշիվը կարող է չկրեդիտագրվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված լինելու դեպքում:»,
3) Կանոնների 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակի 5-րդ սյունակի 13-րդ տողը «պարտադիր» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքի» բառերով,
4) Կանոնների 17-րդ կետի 9-րդ ենթակետում «գումարը» բառից հետո ստորակետ՝ «,» կետադրական նշանը փոխարինել վերջակետ՝ «:» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Այս դաշտը կարող է չլրացվել, եթե փոխանցման կամ վճարման արդյունքում շահառուի բանկային հաշվի կրեդիտագրում չի իրականացվում՝ տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. մայիսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|