Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.09/36(1311) Հոդ.486.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՐԱԴ/0002/12/16

ԱՐԱԴ/0002/12/16

Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան  

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ՝

Ս. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

 

ե. դանիելյանի

 

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ՝

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ`

Մ. Արզումանյանի

պաշտպան`

Հ. Գալստյանի

դատապարտյալ՝

Ա. Ոսկանյանի

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ դատապարտյալ Արմեն Գագիկի Ղազարյանի պաշտպան Հ. Գալստյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հունվարի 21-ի դատավճռով Արմեն Գագիկի Ղազարյանին մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (առաջին դրվագ) Ա.Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկրորդ դրվագ)` ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 3 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ից:

Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

2. Նշանակված պատժի կեսից ավելին դատապարտյալի կողմից կրելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, 2016 թվականի փետրվարի 5-ին միջնորդագիր է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` պատիժը կրելուց Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ներկայացված միջնորդագիրը բավարարվել է, և Ա.Ղազարյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է դատավճռով նշանակված պատժից մնացած մասը՝ 1 տարի 11 ամիս 6 օր ժամկետով ազատազրկումը կրելուց: Ա.Ղազարյանին պարտավորեցվել է չփոխել մշտական բնակության վայրը. նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 5-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշումը՝ բեկանելու, Ա.Ղազարյանին՝ 1 տարի 11 ամիս 6 օր ժամկետով ազատազրկումը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը՝ մերժելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Գալստյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Դատապարտյալ Ա.Ղազարյանը 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 12-ին և 18-ին ապօրինի մուտք է գործել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում գտնվող Թամարա Մաթևոսյանին պատկանող բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` համապատասխանաբար 30.000 և 300.000 ՀՀ դրամ գումար (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 27):

6. 2016 թվականի փետրվարի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով դատապարտյալ Ա.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 1-2):

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշման համաձայն՝ «[Դատապարտյալ] Ա.Ղազարյանը պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, տրված առաջադրանքները կատարում է ժամանակին և բարեխղճորեն, ընթացիկ գնահատման արդյունքները միջին են, ռիսկայնությունը ցածր աստիճանի է, բնակարանով ապահովված է, նյութակենցաղային պայմանները բավարար են, ընդունում և զղջում է կատարած հանցանքի համար, քաղաքացիական հայց չունի, անձնական գործում առկա գնահատման թերթիկի և բնութագրի համաձայն՝ մշտապես բնութագրվել է դրական, ազատվելուց հետո ցանկանում է աշխատել, նաև այն, որ նշանակված պատժից կրել է 2 /երկու/ տարի 3 /երեք/ ամիս 24 /քսանչորս/ օր, գտնում է, որ Ա.Ղազարյանը ապացուցել է իր ուղղված լինելը, նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի և միջնորդությունը ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է դատախազի առարկությանը, ապա դատարանը արձանագրում է, որ Ա.Ղազարյանի կատարած արարքի բնույթն և հանրային վտանգավորության աստիճանը դատարանի կողմից հաշվի է առնվել նրա նկատմամբ դատավճիռ կայացնելիս, և պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կանոնակարգող որևէ իրավադրույթով նախատեսված չէ որպես դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը չկիրառելու հիմք: (…) (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 9-10):

8. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի որոշման համաձայն՝ «[Յուրաքանչյուր] դեպքում դատարանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը: Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում, Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ դատապարտյալ Ա.Ղազարյանն ապացուցել է իր ուղղված լինելը և նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, հիմնված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրագործման հնարավորությունն ապահովելու համատեքստում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության ու վերլուծության վրա: Իր եզրակացությունը հիմնավորելիս Առաջին ատյանի դատարանը բավարարվել է բացառապես քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդագրում տեղ գտած` պատժի կրման ընթացքում դատապարտյալ Ա.Ղազարյանի վարքագիծը բնութագրող ձևակերպումների պարզ շարադրանքով, իսկ վիճարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները բավարար չեն հիմնավոր հետևության հանգելու այն մասին, որ դատապարտյալ Արմեն Ղազարյանն ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Ղազարյանի ուղղման մասին իր հետևությունը, ի թիվս այլոց, պետք է հիմներ նաև դատապարտյալի անձի և հանցագործության բազմակողմանի վելուծության ու գնահատման վրա, ինչը կոնկրետ դեպքում չի արվել` հանգեցնելով դատական սխալի` նյութական իրավունքի այնպիսի խախտման, որը բավարար հիմք է Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու և ներկայացված միջնորդությունը մերժելու համար» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 30-40):

9. Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերի համաձայն՝

- Ա.Ղազարյանը տուժող Թ.Մաթևոսյանից հափշտակություններ կատարելու դրվագներով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նշված գողությունները կատարել է վատառողջ հոր համար սնունդ և դեղորայք գնելու նպատակով, և տուժողի բնակարանից գողացել է այնքան գումար, որն անհրաժեշտ է եղել դրանք ձեռք բերելու համար,

- տուժող Թ.Մաթևոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր տան հյուրասենյակում պահվող դրամապանակում եղել է 1.360.000 ՀՀ դրամ և 484 ԱՄՆ դոլար, իսկ գողություններից հետո իր դրամապանակից բացակայել է ընդամենը 330.000 ՀՀ դրամ: Տուժողը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ քաղաքացիական հայց չի ներկայացրել, իսկ Ա.Ղազարյանի հարազատների կողմից իրեն պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է,

- Ա.Ղազարյանի հայրը՝ Գագիկ Ռուբենի Ղազարյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 27-ին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անօրինական և անհիմն է, քանի որ կայացվել է նյութական և դատավարական նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը, վերլուծելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0057/12/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում գործում առկա նյութերից և կիրառելի օրենսդրության պահանջներից: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով չիրականացնելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, արդյունքում չի գնահատել և մեկնաբանել Ա.Ղազարյանի ուղղված լինելու հանգամանքը, ուղղման գործընթացին վերաբերող ու գործում առկա փաստական տվյալները և առանց հիմնավոր պատճառաբանությունների՝ բեկանել է միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

10.1. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը նշել է, որ դատական քննության արագացված կարգի կիրառման հետևանքով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 21-ի դատավճռում գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ չեն արտացոլվել, սակայն թիվ ԱՐԱԴ/0035/01/13 քրեական գործով ձեռք բերված տվյալներով հաստատվել է, որ մեղսագրվող գողություններն Ա.Ղազարյանը կատարել է վատառողջ հոր համար սնունդ և դեղորայք ձեռք բերելու նպատակով, հափշտակությունները կատարելիս տուժողի բնակարանից գողացել է այնքան գումար, որքան անհրաժեշտ է եղել դեղորայքի և սննդի համար: Նշվածը հիմնավորվում է ինչպես քրեական գործով տուժող Թ.Մաթևոսյանի, այնպես էլ Ա.Ղազարյանի՝ որպես կասկածյալ և մեղադրյալ տված ցուցմունքներով:

11. Վերոնշյալի հիման վրա պաշտպան Հ.Գալստյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգի գործադրման համար անհրաժեշտ պայմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Ա.Ղազարյանի կողմից կրելու կարիք չունենալու հարցում:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում»:

15. Համակարգային վերլուծության ենթարկելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգը նախատեսող, դրա գործադրման կարգն ու պայմանները սահմանող քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն այն արդյունավետ միջոցներից մեկն է, որը հնարավորություն է տալիս դատապարտյալին կանգնելու ուղղման ճանապարհին՝ նպաստելով նրա մոտ օրինապահ քաղաքացուն բնորոշ վարքագծի ձևավորմանը: Այլ խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատումը նպաստում է պետության քրեական քաղաքականության ընդհանուր նպատակների և խնդիրների իրականացմանը, այն է՝ պատժի կրման ընթացքում հասնել դատապարտյալի ուղղմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունը պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից օրինակելի վարքագծի դրսևորման կարևորագույն խթան է, և ուղղման ճանապարհին կանգնած անձին հնարավորություն է տալիս հայտնվելու իր համար բնորոշ ընտանեկան, աշխատանքային, կենցաղային միջավայրում: Հարկ է ընդգծել նաև, որ քննարկվող կառուցակարգի գործադրումը հնարավորություն է տալիս խնայել քրեաիրավական ներգործության միջոցները և ըստ այդմ նաև՝ պետության նյութական ռեսուրսները: Այս ինստիտուտի գործադրման առանձնահատկությունն այն է, որ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատումն իրականացվում է պայմանական, և ազատվող դատապարտյալը գտնվում է վերահսկողության ներքո, նրա վրա դրվում են որոշակի պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել:

16. Գործող իրավական կարգավորումներից բխող ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգին անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ՝

ա) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը,

բ) հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը վնաս պատճառած լինելու կամ մարդու մահ առաջացած լինելու դեպքում դատապարտյալն ամբողջությամբ հարթած լինի տուժողին պատճառված վնասը,

գ) միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու դեպքում առկա լինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը,

դ) պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը համապատասխան միջնորդագիր ներկայացնի դատարան,

ե) դատարանը համոզվի, որ դատապարտյալն ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է միայն դատարանն իրավասու որոշում կայացնելու ազատազրկման ձևով պատիժ կրող անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Թվարկված պայմաններից որևիցե մեկի բացակայությունն ինքնին բացառում է քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորությունը:

17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքի պահանջների վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող ինստիտուտի գործադրման համար դատարանը պետք է հանգի այն հետևության, որ «դատապարտյալը ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Այդ հարցը լուծելիս դատարանն օժտված է որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ, քանի որ օրենսդիրը չի սահմանել այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է հստակ որոշել դատապարտյալի ուղղման նախադրյալները և պատժի հետագա կրման աննպատակահարմարությունը: Սակայն որպեսզի որոշումը համարվի հայեցողության թույլատրելի շրջանակներում և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ կայացված, դատարանը պարտավոր է մանրամասն ուսումնասիրության և վերլուծության ենթարկել քննարկվող ինստիտուտի գործադրման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

Այդ առումով հարկ է նախևառաջ արձանագրել, որ թեև օրենսդիրը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար առանձնացնում է պատժի նպատակներից միայն մեկը՝ հանցանք կատարած անձի ուղղումը, այդուհանդերձ, պատժի նպատակները փոխկապակցված և փոխհամաձայնեցված են. մեկ նպատակը ենթադրում է մյուսները և յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածում ամրագրված՝ հանցավորի ուղղման նպատակի իրականացումն ուղղակիորեն կապված է պատժի մյուս երկու՝ սոցիալական արդարության վերականգնման և հանցագործությունների կանխման նպատակների հետ, ուստի դրանցից յուրաքանչյուրի առանձին իրագործումը հնարավոր չէ (տե՛ս, mutatis mutandis, Ա.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-142/07 որոշումը): Հետևաբար պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործադրման հիմքում պետք է դրվի պատժի նպատակների համակցված իրագործման հնարավորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), ինչը ենթադրում է, որ պատժի նպատակները, ներառյալ՝ անձի ուղղումը, դեռ լիովին, ամբողջապես իրականացած չեն: Այս պայմաններում եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հիմքը դիտվի դատապարտյալի ուղղված լինելը, ապա ստացվում է, որ պատժի նպատակներն ապահովվել են, իսկ այդ հանգամանքը իմաստազրկում է քննարկվող ինստիտուտի դերն ու նշանակությունը: Հետևապես պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է ոչ թե այն դատապարտյալը, ով արդեն ուղղվել է, այլ նա, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին: Այլ խոսքով՝ դատարանը պետք է պարզապես համոզվի, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում անձի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի ուղղման աստիճանը որոշելու և որպես հետևանք՝ վերջինիս պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության վերաբերյալ հիմնավոր և պատճառաբանված որոշում կայացնելու համար դատարանը պետք է հաշվի առնի մի շարք չափանիշներ (գործոններ), որոնց անդրադարձ է կատարվել նախկինում՝ Վարդան Մուխսիխաչոյանի, Արամայիս Միրիբյանի և Լևոն Ղազարյանի վերաբերյալ գործերով կայացված որոշումների շրջանակներում:

Այսպես, Վ.Մուխսիխաչոյանի և Ա.Միրիբյանի վերաբերյալ որոշումներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: (…) Դատապարտյալի ուղղման մասին եզրակացությունը պետք է հիմնվի ոչ միայն պատժի կրման ընթացքում նրա վարքագծի, այլ նաև անձի և հանցագործության բազմակողմանի գնահատման վրա» (տե՛ս Վարդան Մուխսիխաչոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07 և Արամայիս Միրիբյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-213/07 որոշումները):

Լ.Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի հրամանով հաստատված (…) կարգի (…) 45-49-րդ կետերի համաձայն` պատժի կրման ընթացքում պարբերաբար կատարվում է դատապարտյալի գնահատում: Գնահատումները ներառում են տեղեկություններ դատապարտյալի հետ կատարված աշխատանքների ընթացքի, դատապարտյալի վարքի փոփոխության մասին: Մասնավորապես, գնահատվում են`

1) դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ,

2) դատապարտյալի ռիսկայնության աստիճանը,

3) ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները,

4) դատապարտյալի կարգապահությունը,

5) դատապարտյալի մասնակցությունը կրթական, մշակութային և այլ ծրագրերին և ներգրավվածությունը աշխատանքին:

Թվարկված յուրաքանչյուր կետի վերաբերյալ, կապված պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի, այդ ընթացքում նրա հետ իրականացված աշխատանքների և արդյունքների հետ, տրվում է բարձր, միջին կամ ցածր գնահատական:

Դատապարտյալի գնահատման արդյունքների հիման վրա որոշվում է ուղղման աստիճանը.

ա. դրական, երբ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են բարձր կամ միջին, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր,

բ. բացասական, երբ դատապարտյալի կարգապահության կամ ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են ցածր, իսկ ռիսկայնության աստիճանը` բարձր կամ միջին:

Դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար միջնորդություն ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկում քննարկվում են պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը, նրա հետ իրականացված աշխատանքների արդյունքները: Քննարկման արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարծիքները և դատապարտյալի գնահատման արդյունքները, կազմվում է բնութագիր:

Դատապարտյալը բնութագրվում է դրական, երբ ընթացիկ գնահատումների արդյունքները բարձր են, ռիսկայնությունը՝ ցածր կամ միջին, բացասական՝ երբ ընթացիկ գնահատումների արդյունքները ցածր են կամ միջին, ռիսկայնությունը՝ բարձր:

() Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս ունեն օրենքի շրջանակներում որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն: Սակայն որոշումը կհամարվի այդ հայեցողության թույլատրելի շրջանակներում կայացված, եթե հիմնված լինի () շարադրված չափանիշների հետազոտման, վերլուծության և գնահատման վրա» (տե՛ս Լևոն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0057/12/08 որոշման 22-23-րդ կետերը):

19. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախևառաջ անդրադառնալ Լևոն Ղազարյանի գործով իր կողմից արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումներին՝ փաստելով, որ դրանք վերանայման և զարգացման կարիք ունեն: Այսպես՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ նշյալ իրավական դիրքորոշումների վերանայման և զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են եղել, ի թիվս այլ հանգամանքների, ՀՀ արդարադատության նախարարի՝ 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի վրա, ինչը, սակայն, ՀՀ արդարադատության նախարարի՝ 2016 թվականի հուլիսի 13-ի թիվ 279-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել: Ընդ որում, 2016 թվականի հուլիսի 13-ի հրամանի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում այլևս չեն նախատեսվել պատժի կրման ընթացքում դատապարտյալին ըստ որոշակի աստիճանի գնահատելու հետ կապված իրավահարաբերությունները:

20. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատարանը, հիմնվելով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացրած նյութերի, այդ թվում՝ դատապարտյալի բնութագրում լրացվող տեղեկությունների վրա, պետք է կատարի դրանց մանրամասն վերլուծություն, հետազոտում և գնահատում: Մասնավորապես, դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի առկա, ի թիվս այլնի, հետևյալ տեղեկությունները՝

ա) դատապարտյալի տարիքը, սեռը, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական հմտությունները, աշխատանքը՝ մինչև դատապարտվելը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը, խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,

բ) նախկին դատվածության առկայությունը, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ներման, համաներման կամ այլ հիմքով պատիժը ոչ ամբողջությամբ կրելուց ազատման հանգամանքը: Այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսդրության, պատժից ազատելու քննարկվող տեսակի համար նշյալ հանգամանքների կապակցությամբ չի պարունակում ուղղակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես դատապարտյալի անձի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու, այնպես էլ նրա ուղղման ընդունելի աստիճանի հասած լինելու առնչությամբ հիմնավոր կանխատեսում անելու համար,

գ) հանցագործության արդյունքում դատապարտյալի կողմից տուժողին պատճառած վնասի առկայությունը, առկայության դեպքում այն հարթելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները: Վերջին հանգամանքն ունի էական նշանակություն պատժի նպատակներից մեկի՝ սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից,

դ) պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ խրախուսանքների, տույժերի առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում դրանց հիմքում ընկած հանգամանքները, մասնակցությունը ինքնագործ միավորումների աշխատանքին, կրթական, աշխատանքային, մշակութային և այլ բնույթի ծրագրերին, հանրօգուտ միջոցառումներին, դատապարտյալի վարքը, բնավորությունը, խառնվածքը, հոգեբանական առանձնահատկությունները և դրանց դինամիկան, ընտանիքի անդամների, արտաքին աշխարհի հետ կապը, դատապարտյալի վերաբերմունքը կատարած հանցագործությանն ու դատավճռին, դատապարտյալի մոտ բացասական հակումների առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում դրանց նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները,

ե) պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալի բնակարանային, աշխատանքային, նյութակենցաղային ապահովվածությունը և հետագա ծրագրերը: Սույն հանգամանքները կարող են կանխորոշիչ նշանակություն ունենալ ազատության մեջ հայտնվելու դեպքում դատապարտյալի հետագա վարքագծի, հասարակությունում վերաինտեգրման առնչությամբ կանխատեսումներ անելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս գնահատման ենթակա վերոնշյալ չափանիշները սպառիչ չեն, և դատարանը օրենքով իրեն վերապահված թույլատրելի հայեցողության շրջանակներում կարող է հաշվի առնել ցանկացած այլ հանգամանք՝ պայմանով, որ այն լինի իրական և հնարավորություն ընձեռի հիմնավորված հետևության հանգելու պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի նպատակների իրացվելիության հարցում:

21. Վերահաստատելով և զարգացնելով Վարդան Մուխսիխաչոյանի և Արամայիս Միրիբյանի գործերով արտահայտված այն դիրքորոշումը, որ դատապարտյալի ուղղման մասին եզրակացությունը պետք է հիմնվի նաև հանցագործության բազմակողմանի գնահատման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցակցության դեպքում` հանցագործությանը հանցավորի մասնակցության աստիճան և այլն) թեև ունի նշանակություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելու համար, սակայն այն ինքնին չի կարող պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքները պետք է գնահատվեն համակցության մեջ՝ դատապարտյալի անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Պատժից ազատելու քննարկվող տեսակի հարցը լուծելիս կատարված հանցագործության բնույթին և վտանգավորության աստիճանին որոշիչ նշանակություն չտալու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ դրանք, ընկած լինելով ոչ միայն հանցագործությունների դասակարգման (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված), այլև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հիմքում և ապահովելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար դրույթների իրացումը, դատարանի կողմից պարտադիր հաշվի են առնվում պատիժ նշանակելիս՝ պատժի տեսակը և չափը որոշելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդված): Հետևաբար քննարկվող ինստիտուտի գործադրման հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել:

22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի սույն որոշման 16-րդ, 20-21-րդ կետերում նշված պայմանների և չափանիշների բազմակողմանի վերլուծության և դրանից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա՝ իր մեջ չընդրգկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը): Այլ կերպ՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս դատարանները պետք է հստակ նշեն այն փաստական հանգամանքները, որոնք ընկած են համապատասխան միջնորդագրի բավարարման կամ մերժման հիմքում՝ զերծ մնալով ինչպես միջնորդագրերի կամայական մերժումներից, այնպես էլ դրանց անհիմն բավարարման դեպքերից:

23. Սույն գործի նյութերից երևում է, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 3 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Նշանակված պատժի կեսից ավելին դատապարտյալի կողմից կրելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, 2016 թվականի փետրվարի 5-ին միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` պատիժը կրելուց Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարել է այն՝ իր որոշման հիմքում դնելով այն, որ դատապարտյալ Ա.Ղազարյանը պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, տրված առաջադրանքները կատարում է ժամանակին և բարեխղճորեն, ընթացիկ գնահատման արդյունքները միջին են, ռիսկայնությունը ցածր աստիճանի է, բնակարանով ապահովված է, նյութակենցաղային պայմանները բավարար են, ընդունում և զղջում է կատարած հանցանքի համար, քաղաքացիական հայց չունի, անձնական գործում առկա գնահատման թերթիկի և բնութագրի համաձայն՝ մշտապես բնութագրվել է դրական, ազատվելուց հետո ցանկանում է աշխատել, նշանակված պատժից կրել է 2 տարի 3 ամիս 24 օր (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ իր եզրակացությունը հիմնավորելիս Առաջին ատյանի դատարանը բավարարվել է բացառապես քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրում տեղ գտած` պատժի կրման ընթացքում դատապարտյալ Ա.Ղազարյանի վարքագիծը բնութագրող ձևակերպումների պարզ շարադրանքով, իսկ դատապարտյալ Ա.Ղազարյանի ուղղման մասին իր հետևությունը, ի թիվս այլոց, պետք է հիմներ նաև դատապարտյալի անձի և հանցագործության բազմակողմանի վերլուծության ու գնահատման վրա, ինչը կոնկրետ դեպքում չի արվել` հանգեցնելով դատական սխալի` նյութական իրավունքի այնպիսի խախտման, որը բավարար հիմք է Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու և ներկայացված միջնորդությունը մերժելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

24. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, իր եզրահանգման հիմքում չի դրել դատարանում հետազոտված և ստուգված որևէ փաստական տվյալ, որը բացառում է պատիժը կրելուց Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը, չի նշել, թե տվյալ դեպքում հատկապես որ չափանիշը չի հաղթահարել դատապարտյալ Ա.Ղազարյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ ստորադաս դատարանն Ա.Ղազարյանի ուղղման մասին իր հետևությունը չի հիմնել դատապարտյալի անձի և հանցագործության բազմակողմանի վերլուծության ու գնահատման վրա, իր դատական ակտում չի հստակեցրել, թե հատկապես որ հանգամանքն է անտեսել Առաջին ատյանի դատարանը, և դատապարտյալի անձին և նրա կատարած հանցագործությանը վերաբերող ինչպիսի փաստական տվյալներ են առկա գործում, որոնք բացառում են Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը: Ավելին՝ Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերից երևում է, որ Ա.Ղազարյանը տուժող Թ.Մաթևոսյանից հափշտակություններ կատարելու դրվագներով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ գողությունները կատարել է վատառողջ հոր համար սնունդ և դեղորայք գնելու նպատակով, և տուժողի բնակարանից գողացել է այնքան գումար, որն անհրաժեշտ է եղել դրանք ձեռք բերելու համար, իսկ տուժող Թ.Մաթևոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր տան հյուրասենյակում պահվող դրամապանակում եղել է 1.360.000 ՀՀ դրամ և 484 ԱՄՆ դոլար, իսկ գողություններից հետո իր դրամապանակից բացակայել է ընդամենը 330.000 ՀՀ դրամ: Ա.Ղազարյանի հայրը՝ Գ.Ղազարյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 27-ին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանությունների հիմքում դնելով ընդհանուր բնույթի, վերացական դատողություններ, չի նշել որևէ կոնկրետ հանգամանք, որը խոչընդոտում է Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելուն:

25. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Ա.Ղազարյանի կողմից կրելու կարիք չունենալու հարցում:

26. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում, ինչի արդյունքում ոչ ճիշտ է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը: Նշված խախտումներն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ հետազոտման ենթարկելով դատապարտյալ Ա.Ղազարյանի վերաբերյալ նյութերը, եկել է հիմնավոր եզրահանգման նրա՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության կապակցությամբ: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պատիժը կրելուց դատապարտյալ Ա.Ղազարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դատապարտյալ Արմեն Գագիկի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ա. Պողոսյան
   

Հ. Ասատրյան

    Ե. Դանիելյան
   

Ս. Օհանյան