Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0003/12/16

ԵԿԴ/0003/12/16

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան  

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ դատապարտյալ Սահակ Լևոնի Սահակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատաքննության արագացված կարգ, 2015 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Սահակ Լևոնի Սահակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Ս.Սահակյանը դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

2. ՀՀ արդարադատության նախարարության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը (այսուհետ՝ նաև ՔԿՀ-ի վարչակազմ) 2016 թվականի մարտի 23-ին միջնորդագիր է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ դատապարտյալ Ս.Սահակյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ներկայացված միջնորդագիրը բավարարվել է, և դատապարտյալ Ս.Սահակյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է դատավճռով նշանակված պատժի մնացած՝ 11 (տասնմեկ) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկումը կրելուց:

Դատապարտյալ Ս.Սահակյանին պարտավորեցվել է չփոխել մշտական բնակության վայրը` նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:

3. Դատախազ Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մայիսի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշումը՝ մերժելով դատապարտյալ Ս.Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդագիրը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ս.Սահակյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատախազ Հ.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել դատապարտյալ Ս.Սահակյանի վճռաբեկ բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «[Նա] գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում առանց իրացնելու նպատակի՝  իր գործածման համար, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի ընդհանուր 0.3208 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 40 հատ «սուբուտեքս» տեսակի դեղահաբեր և զգալի չափի`  2.82 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնցից 0,0382 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «սուբուտեքս» տեսակի թվով 1 դեղահաբը, դեղահաբի բեկորները և փոշեբյուրեղային զանգվածը ապօրինի պահել է իր բաճկոնի աջ գրպանում, իսկ մնացած՝ 0.2826 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 34 հատ և 4 կտոր «սուբուտեքս» տեսակի դեղահաբերն ու «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հետագա գործածման համար ապօրինի պահել է իր բնակության վայրում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 23):

6. ՔԿՀ-ի վարչակազմը 2016 թվականի մարտի 23-ին միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով դատապարտյալ Ս.Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 3):

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշման համաձայն՝ «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի կողմից 2016թ. փետրվարի 26-ին և մարտի 23-ին հաստատված բնութագրերի և դատապարտյալի անձնական գործում առկա փաստաթղթերի [համաձայն]` դատապարտյալ Ս.Սահակյանը պատժի կրման հետ միաժամանակ բուժում է ստանում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նա պատիժը կրելու ընթացքում տույժի չի ենթարկվել, քաղաքացիական հայցով պարտավորություն չունի, արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է, բնավորությամբ հանգիստ է, շփվող, հաղորդակցվող, կոնֆլիկտներ չի ստեղծում, բնակարանային և նյութակենցաղային խնդիրներ չունի, ընթացիկ գնահատումների արդյունքները բարձր են, ռիսկայնության աստիճանը ցածր է, կատարած հանցագործության համար զղջում է:

Ըստ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի բացատրության` դատապարտյալ Ս.Սահակյանը դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ է, տույժ չունի:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և նկատի ունենալով, որ ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների կատարման համար 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ս.Սահակյանը փաստացի կրել է իր նկատմամբ նշանակված պատժի ավելի քան կեսը, մնացել է կրելու 11 (տասնմեկ) ամիս 22 (երկու) օր ժամկետով ազատազրկումը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը 2016թ. մարտի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Ս.Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ վարչակազմի որոշմանը հավանություն տալու մասին` դատարանը գտնում է, որ միջնորդագիրը հիմնավոր է, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի (…) 76-րդ [հոդվածի], ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ, 115-րդ հոդվածների, ՀՀ վճռաբեկ դատարանի (…) նախադեպային որոշման [ՎԲ-212/07] պահանջներից և ենթակա է բավարարման (…)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 24-25):

8. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշման համաձայն՝ «Դատարանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, այն է` պատժի ենթարկած անձին ուղղելը, սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը:

Քննարկվող պարագայում, ըստ էության պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկվել դատապարտյալ Սահակ Լևոնի Սահակյանի[ն] պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրագործման հնարավորությունն ապահովելու համատեքստում:

(…) [Վ]երը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում վիճարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները, քննարկվող պարագայում, բավարար չեն հիմնավոր հետևության հանգելու այն մասին, որ դատապարտյալ Սահակ Լևոնի Սահակյան[ը] ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Հիմք ընդունելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ներկայացված միջնորդությունը բավարարելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչ[ը] հանգեցրել[է] նյութական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է վիճարկվող դատական ակտը բեկանելու և ներկայացված միջնորդությունը մերժելու համար» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 92-93):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անօրինական և անհիմն է, քանի որ կայացվել է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել էՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 17-րդ, 114-րդ, 115-րդ հոդվածներում ամրագրված պայմանները և չի հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ չի հիմնավորվել, թե ինչի հիման վրա է վերջինս գտել, որ Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար օրենքով նշված էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքներին:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ չնայած դատարանները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս ունեն օրենքի շրջանակներում որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն, սակայն, ինչպես հետևում է Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջներից, այդ հնարավորությունը բացարձակ ու անսահման չէ, դրանից օգտվելը պետք է լինի թույլատրելիի շրջանակներում, ինչը չի պահպանվել Վերաքննիչ դատարանի կողմից:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Ս.Սահակյանի կողմից կրելու կարիք չունենալու հարցում:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում»:

13. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգը նախատեսող, դրա գործադրման կարգն ու պայմանները սահմանող քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության՝ վերը մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ղազարյանի գործով որոշման մեջ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Պ]ատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն այն արդյունավետ միջոցներից մեկն է, որը հնարավորություն է տալիս դատապարտյալին կանգնելու ուղղման ճանապարհին՝  նպաստելով նրա մոտ օրինապահ քաղաքացուն բնորոշ վարքագծի ձևավորմանը: Այլ խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատումը նպաստում է պետության քրեական քաղաքականության ընդհանուր նպատակների և խնդիրների իրականացմանը, այն է՝ պատժի կրման ընթացքում հասնել դատապարտյալի ուղղմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունը պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից օրինակելի վարքագծի դրսևորման կարևորագույն խթան է, և ուղղման ճանապարհին կանգնած անձին հնարավորություն է տալիս հայտնվելու իր համար բնորոշ ընտանեկան, աշխատանքային, կենցաղային միջավայրում: Հարկ է ընդգծել նաև, որ քննարկվող կառուցակարգի գործադրումը հնարավորություն է տալիս խնայել քրեաիրավական ներգործության միջոցները և ըստ այդմ նաև՝ պետության նյութական ռեսուրսները: Այս ինստիտուտի գործադրման առանձնահատկությունն այն է, որ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատումն իրականացվում է պայմանական, և ազատվող դատապարտյալը գտնվում է վերահսկողության ներքո, նրա վրա դրվում են որոշակի պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել:

(…)Գործող իրավական կարգավորումներից բխող ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգին անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ՝

ա) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը,

բ) հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը վնաս պատճառած լինելու կամ մարդու մահ առաջացած լինելու դեպքում դատապարտյալն ամբողջությամբ հարթած լինի տուժողին պատճառված վնասը,

գ) միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու դեպքում առկա լինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը,

դ) պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը համապատասխան միջնորդագիր ներկայացնի դատարան,

ե) դատարանը համոզվի, որ դատապարտյալն ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է միայն դատարանն իրավասու որոշում կայացնելու ազատազրկման ձևով պատիժ կրող անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Թվարկված պայմաններից որևիցե մեկի բացակայությունն ինքնին բացառում է քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորությունը:

(…)[Պ]ատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքի պահանջների վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող ինստիտուտի գործադրման համար դատարանը պետք է հանգի այն հետևության, որ «դատապարտյալը ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Այդ հարցը լուծելիս դատարանն օժտված է որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ, քանի որ օրենսդիրը չի սահմանել այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է հստակ որոշել դատապարտյալի ուղղման նախադրյալները և պատժի հետագա կրման աննպատակահարմարությունը: Սակայն որպեսզի որոշումը համարվի հայեցողության թույլատրելի շրջանակներում և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ կայացված, դատարանը պարտավոր է մանրամասն ուսումնասիրության և վերլուծության ենթարկել քննարկվող ինստիտուտի գործադրման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

(…)

(…) [Դ]ատապարտյալի ուղղման աստիճանը որոշելու և որպես հետևանք՝  վերջինիս պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության վերաբերյալ հիմնավոր և պատճառաբանված որոշում կայացնելու համար դատարանը պետք է հաշվի առնի մի շարք չափանիշներ (գործոններ) (…):

(…)

(…)[Պ]ատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատարանը, հիմնվելով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացրած նյութերի, այդ թվում՝ դատապարտյալի բնութագրում լրացվող տեղեկությունների վրա, պետք է կատարի դրանց մանրամասն վերլուծություն, հետազոտում և գնահատում: Մասնավորապես, դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի առկա, ի թիվս այլնի, հետևյալ տեղեկությունները՝

ա) դատապարտյալի տարիքը, սեռը, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական հմտությունները, աշխատանքը՝  մինչև դատապարտվելը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը, խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,

բ) նախկին դատվածության առկայությունը, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ներման, համաներման կամ այլ հիմքով պատիժը ոչ ամբողջությամբ կրելուց ազատման հանգամանքը(…),

գ) հանցագործության արդյունքում դատապարտյալի կողմից տուժողին պատճառած վնասի առկայությունը, առկայության դեպքում այն հարթելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները (…),

դ) պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ խրախուսանքների, տույժերի առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում դրանց հիմքում ընկած հանգամանքները, մասնակցությունը ինքնագործ միավորումների աշխատանքին, կրթական, աշխատանքային, մշակութային և այլ բնույթի ծրագրերին, հանրօգուտ միջոցառումներին, դատապարտյալի վարքը, բնավորությունը, խառնվածքը, հոգեբանական առանձնահատկությունները և դրանց դինամիկան, ընտանիքի անդամների, արտաքին աշխարհի հետ կապը, դատապարտյալի վերաբերմունքը կատարած հանցագործությանն ու դատավճռին, դատապարտյալի մոտ բացասական հակումների առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում` դրանց նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները,

ե) պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալի բնակարանային, աշխատանքային, նյութակենցաղային ապահովվածությունը և հետագա ծրագրերը: (…)

(…) [Պ]ատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս գնահատման ենթակա վերոնշյալ չափանիշները սպառիչ չեն, և դատարանը օրենքով իրեն վերապահված թույլատրելի հայեցողության շրջանակներում կարող է հաշվի առնել ցանկացած այլ հանգամանք՝ պայմանով, որ այն լինի իրական և հնարավորություն ընձեռի հիմնավորված հետևության հանգելու պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի նպատակների իրացվելիության հարցում:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցակցության դեպքում` հանցագործությանը հանցավորի մասնակցության աստիճան և այլն) թեև ունի նշանակություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելու համար, սակայն այն ինքնին չի կարող պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքները պետք է գնահատվեն համակցության մեջ՝ դատապարտյալի անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Պատժից ազատելու քննարկվող տեսակի հարցը լուծելիս կատարված հանցագործության բնույթին և վտանգավորության աստիճանին որոշիչ նշանակություն չտալու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ դրանք, ընկած լինելով ոչ միայն հանցագործությունների դասակարգման (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված), այլև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հիմքում և ապահովելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար դրույթների իրացումը, դատարանի կողմից պարտադիր հաշվի են առնվում պատիժ նշանակելիս՝ պատժի տեսակը և չափը որոշելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդված): Հետևաբար քննարկվող ինստիտուտի գործադրման հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել:

(…) Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի (…) նշված պայմանների և չափանիշների բազմակողմանի վերլուծության և դրանից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա՝ իր մեջ չընդրգկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (…): Այլ կերպ՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս դատարանները պետք է հստակ նշեն այն փաստական հանգամանքները, որոնք ընկած են համապատասխան միջնորդագրի բավարարման կամ մերժման հիմքում՝ զերծ մնալով ինչպես միջնորդագրերի կամայական մերժումներից, այնպես էլ դրանց անհիմն բավարարման դեպքերից (տե՛ս Արմեն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 15-22-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ս.Սահակյանը Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Նշանակված պատժի կեսը կրելուց հետո ՔԿՀ-ի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, 2016 թվականի մարտի 23-ին միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ դատապարտյալ Ս.Սահակյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ բավարարել է միջնորդագիրը՝ իր որոշման հիմքում դնելով այն, որ դատապարտյալ Ս.Սահակյանը պատժի կրման հետ միաժամանակ բուժում է ստանում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա պատիժը կրելու ընթացքում տույժի չի ենթարկվել, քաղաքացիական հայցով պարտավորություն չունի, արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է, բնավորությամբ հանգիստ է, շփվող, հաղորդակցվող, կոնֆլիկտներ չի ստեղծում, բնակարանային և նյութակենցաղային խնդիրներ չունի, ընթացիկ գնահատումների արդյունքները բարձր են, ռիսկայնության աստիճանը ցածր է, կատարած հանցագործության համար զղջում է, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի բացատրության համաձայն՝ դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ է, փաստացի կրել է իր նկատմամբ նշանակված պատժի ավելի քան կեսը, մնացել է կրելու 11 (տասնմեկ) ամիս 22 (երկու) օր ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը)։

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրության և գնահատման առարկա չի դարձվել դատապարտյալ Ս.Սահակյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պատժի նպատակների իրագործման հնարավորությունն ապահովելու համատեքստում: Արդյունքում բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացրած միջնորդագիրը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ վիճարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները բավարար չեն հիմնավոր հետևության հանգելու այն մասին, որ դատապարտյալ Ս.Սահակյանը ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Ա.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատապարտյալ Ս.Սահակյանին պատիժը կրելուցպայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, իր եզրահանգման հիմքումչի դրել դատարանում հետազոտված և ստուգված որևէ փաստական տվյալ, որը բացառում է պատիժը կրելուց Ս.Սահակյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը, չի նշել, թե տվյալ դեպքում հատկապես որ չափանիշը չի հաղթահարել դատապարտյալ Ս.Սահակյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ ստորադաս դատարանը պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկել դատապարտյալ Ս.Սահակյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները` պատժի նպատակների իրագործման հնարավորությունն ապահովելու համատեքստում, իր դատական ակտում չի հստակեցրել, թե հատկապես որ հանգամանքն է անտեսել Առաջին ատյանի դատարանը, և դատապարտյալի անձին և նրա կատարած հանցագործությանը վերաբերող ինչպիսի փաստական տվյալներ են առկա գործում, որոնք բացառում են Ս.Սահակյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանությունների հիմքում դնելով ընդհանուր բնույթի, վերացական դատողություններ, չի նշել որևէ կոնկրետ հանգամանք, որը խոչընդոտում է Ս.Սահակյանինպատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուն:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Ս.Սահակյանի կողմից կրելու կարիք չունենալու հարցում:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում, ինչի արդյունքում ոչ ճիշտ է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը: Նշված խախտումներն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ հետազոտման ենթարկելով դատապարտյալ Ս.Սահակյանի վերաբերյալ նյութերը, եկել է հիմնավոր եզրահանգման նրա՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության կապակցությամբ: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պատիժը կրելուց դատապարտյալ Ս.Սահակյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դատապարտյալ Սահակ Լևոնի Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ե. Դանիելյան
   

Հ. Ասատրյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան