ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «սպասարկումը» բառը փոխարինել «սպասարկման կազմակերպումը` սույն որոշման հավելվածով սահմանված ընթացակարգով» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը.
3) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպվում է ընթացակարգին համապատասխան` համաձայն հավելվածի:».
4) որոշման 5-րդ կետում «սպասարկում» բառը փոխարինել «սպասարկման կազմակերպում» բառերով.
5) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված |
«Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ գրասենյակ) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպում է գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սույն կետում նշված պայմանագրի ձևը հաստատում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման միևնույն չափանիշներին:
Սույն կետում նշված պայմանագրում ամրագրվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի համար սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թիվը սահմանվում է 500 միավոր հսկիչ-դրամարկղային մեքենա:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար գրասենյակը, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուր ամիս կարող է գանձել միջնորդավճար՝ խորհրդի կողմից հաստատված չափով: Ընդ որում, պայմանագրով միջնորդավճար նախատեսված լինելու դեպքում միջնորդավճարը գանձվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող բոլոր իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ միևնույն չափով:
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
3. Գրասենյակը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար վարում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան):
4. Սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցվելու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրասենյակ են ներկայացնում դիմում, որտեղ պարտադիր լրացվում են հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, հարկ վճարողի գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը:
5. Գրասենյակն իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների հիման վրա նրանց հետ պայմանագիրը կնքում է դիմումներն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Դիմումը թերի ներկայացվելու դեպքում այն վերադարձվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը` թերությունները վերացնելու համար:
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
7. Գրանցամատյանում գրանցվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դիմումներում նշված պարտադիր տվյալները:
8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում կարող են իրականացնել գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջոցով:
9. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին գրասենյակի տրամադրած տվյալները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
10. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը գրասենյակին են տրամադրում նախորդ ամսվա ընթացքում հարկ վճարողների հետ կնքված և լուծված պայմանագրերի մասին տեղեկատվություն` խորհրդի կողմից հաստատված ձևաչափով:
IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀԱՆԵԼԸ
11. Գրանցամատյանում գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը խորհրդի որոշմամբ հանվում է գրանցամատյանից, եթե`
1) խախտվել են գրասենյակի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները.
2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվել է գրանցումից հանելու մասին դիմում:
V. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
12. Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման 5.1-ին կետով հաստատված գների համապատասխան չափերը:»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|