Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1364
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.10/29(1304) Հոդ.462
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 ապրիլի 2017 թ.

 

«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչներ Լ. Զուրաբյանի, Վ. Գրիգորյանի, Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ն. Հովհաննիսյանի,

գործով որպես հարակից պատասխանողներ ներգրավված`

Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացուցիչներ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կ. Բիշարյանի և նույն վարչության դատախազ Վ. Մկրտչյանի,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի` 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴԱՈ-29 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ա. Պետրոսյանին: Հիշյալ որոշմամբ քննության ընդունված գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ են ներգրավվել ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը:

Հիշյալ որոշմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ դատախազությունից, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեից պահանջվել են այդ մարմինների իրավասությանն առնչվող` ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների հետ կապված փաստաթղթեր, տեղեկատվություն:

 

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի, հարակից պատասխանողների ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով նրանց կողմից ներկայացված փաստարկները, ինչպես նաև հետազոտելով դիմումը, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2017 թվականի ապրիլի 2-ին` ՀՀ ընտրական օրենսգրքի (ընդունված՝ 25.05.2016թ., ՀՕ-54-Ն) 103-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված ժամկետում:

ՀՀ ընտրական օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան ՀՀ տարածքում կազմավորվել է թվով 2009 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

ՀՀ ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում կազմվել է 13 ընտրական տարածք՝ 4-ը Երևանում, 9-ը` մարզերում:

ՀՀ ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում կազմավորվել է ընդհանուր թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողով՝ 10-ը՝ Երևան քաղաքում և 28-ը՝ մարզերում:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպել և դրա օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

2. ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հավատարմագրվել և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել թվով 6 միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան) ընդհանուր թվով 650 դիտորդներ, ինչպես նաև 49 տեղական կազմակերպությունների 28.021 դիտորդներ, տեղական 89 զանգվածային լրատվության միջոցների 1244 ներկայացուցիչներ և 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների 80 ներկայացուցիչներ: ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների քվեարկության օրը թվով 2009 ընտրական տեղամասերից 1953 տեղամասերում ընտրական գործընթացին հետևել և քվեարկության սենյակներում ներկա են գտնվել ընդհանուր թվով 28.365 դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ:

 

3. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 9-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կազմել է արձանագրություն (ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր)` ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ: Համաձայն հիշյալ արձանագրության`

- ընտրողների ընդհանուր թիվը 2.588.468.

- քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1.575.786.

- տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 2.685.277.

- տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 2.740.000.

- ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը 1.569.147.

- ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 4.546.

- ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 1.573.693.

- չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 2.733.223.

- չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 1.109.778.

- անվավեր քվեաթերթիկների թիվը 6.675.

- անճշտությունների գումարային չափը 2.052:

Քվեաթերթիկներում ընդգրկված հինգ կուսակցություններին և չորս կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, ըստ վերոհիշյալ արձանագրության, հետևյալն է.

- «Ելք» կուսակցությունների դաշինք` 122.065.

- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 14.739.

- «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58.265.

- «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428.836.

- «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25.950.

- Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 770.441.

- Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11.741.

- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32.508.

- «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 103.048:

Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 162-Ա որոշումը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր 2017 թվականի ապրիլի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշմամբ որոշել է, որ ՀՀ Ազգային ժողովն ընտրվել է և մանդատները բաշխվում են՝

1) Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 58 մանդատ.

2) «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք - 31 մանդատ.

3) «Ելք» կուսակցությունների դաշինք - 9 մանդատ.

4) «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 7 մանդատ:

 

4. Դիմող կողմը վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի թիվ 163-Ա որոշումը` ՀՀ սահմանադրական դատարանին խնդրում է այն անվավեր ճանաչել:

Դիմողը գտնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը, արդարությունը, հավասարությունը: Բացի դրանից, էական ազդեցություն է գործադրվել ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա, համատարած խախտվել է քվեարկության գաղտնիության իրավունքը, ինչպես նաև քվեարկության իրավունք ունեցող անձանց ընտրելու իրավունքը:

Ըստ դիմողի` ընտրությունների գործընթացն անց է կացվել ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, գործող մի շարք օրենքների կոպիտ և բացահայտ խախտումներով, որոնք կրել են կազմակերպված, զանգվածային, պարբերական ու համակարգված բնույթ` էապես ազդելով ինչպես առանձին տարածքներում քվեարկության, այնպես էլ ընտրությունների արդյունքի վրա և բացառելով ժողովրդի ազատ կամաարտահայտությունը: Դիմողն ընդգծում է, որ այդ խախտումները կարող էին և ազդել են քվեարկության արդյունքների վրա, որի պատճառով հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները:

Դիմողը գտնում է նաև, որ անգամ վերաքվեարկություն նշանակելու միջոցով հնարավոր չէ պարզել ընտրությունների իրական արդյունքները, հետևաբար` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անհրաժեշտ է ճանաչել անվավեր: Որպես փաստարկներ դիմողը, մասնավորապես, նշում է՝ պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նախընտրական քարոզարշավին մասնակցությունը, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների` որպես հանրային ծառայողների, իրենց պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով հօգուտ Հանրապետական կուսակցության իրականացված գործողությունները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունը քարոզարշավին, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման իրավունքի խախտումները, այդ թվում՝ «ընտրակաշառքի» զանգվածային բաժանումը, քվեարկության գաղտնիության խախտումները, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, քվեաթերթիկների դուրս/ներս բերելը կամ փորձը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ոչ իրավաչափ մասնակցությունը և միջամտությունն ընտրական հանձնաժողովների գործունեությանը, ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորված տարբերակների հրապարակման և դրանց մատչելիության հետ կապված խնդիրները, ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքավորումների հետ կապված խնդիրները, իրական ժամանակում տեղամասերից տեսանկարահանման և հեռարձակման բացակայությունը, քվեարկության ընթացքում քարոզչության դեպքերը, այլ անձի փոխարեն քվեարկության, դրա փորձի և/կամ այլ անձի փոխարեն ընտրացուցակներում ստորագրելու, քվեարկության ծրարներում տեղադրվող տարբեր գրառումներով թղթերի և տարբեր գույնի գրիչների կիրառման դեպքերը, քվեարկության արդյունքների ամփոփման կարգի խախտումն ու կեղծումը:

Դիմողը վերը նշվածները փաստելու համար ներկայացնում է, մասնավորապես, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած դեպքերը:

Դիմողն ընդգծում է նաև, որ ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա ներգործության բազմաթիվ օրինակներ բարձրաձայնվել են ընտրության մասնակից սուբյեկտների կողմից, սակայն դրանք անտեսվել են համապատասխան կառույցների՝ իրավապահ մարմինների, ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որի հետևանքով «նման դեպքերը ստեղծված անպատժելիության և թողտվության պայմաններում ավելի մեծ թափ են առել և դարձել անթաքույց և համատարած մասնավորապես քվեարկության օրը և դրան նախորդող օրերին»:

Դիմողը նշում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գործել որպես անկողմնակալ և անաչառ մարմին և չի ապահովվել արտադատական կարգով իրավական պաշտպանության միջոցի իրավունքը:

 

5. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ 2017 թվականի ապրիլի 9-ի թիվ 163-Ա որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով:

Պատասխանող կողմը փաստում է, որ 2017 թվականի ապրիլի 7-ին ստացել է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված դիմում՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և/կամ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ըստ պատասխանողի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի թիվ 162-Ա որոշմամբ ամրագրվել է, որ հիշյալ դիմումը հիմնազուրկ է և դրանում վկայակոչված դատողությունները կամ հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Փաստվում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումին կից չի ներկայացվել որևէ պատշաճ ապացույց: Ավելին, «... դիմումատուի կողմից 1825 տեղամասերում նշանակված են եղել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, դիմումատուն հազարից ավելի տեղամասերում ունեցել է վստահված անձինք: Սակայն ներկայացված դիմումում առկա չէ որևէ նկատառում՝ արտահայտված նշված անձանց կողմից»:

Պատասխանող կողմն անդրադառնալով դիմողի այն կարծիքին, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը, արդարությունը, հավասարությունը ու քվեարկության գաղտնիությունը, խաթարելով ընտրողների կամքի ազատ արտահայտությունը, պնդում է, որ այդ մոտեցումը խիստ սուբյեկտիվ բնույթ է կրում, հիմնված է բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա, իսկ իբրև ապացույց ներկայացված թղթակցություններից և որևէ մեկը չունի առաջնային նշանակություն, դրանք այլ անձանց դիտարկումների վերարտադրության արդյունք են:

Անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի իրավական հիմնավորումներին` պատասխանող կողմը նշում է, որ դիմող կողմը որևէ իրավանորմի խախտման վերաբերյալ կոնկրետ որևէ փաստարկ ու հիմնավորում չի ներկայացրել:

Պատասխանողը փաստում է նաև, որ ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի 119 թեկնածու, հիշյալ դաշինքն ունեցել է 1688 վստահված անձ, 3 լիազոր ներկայացուցիչ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից նշանակված են եղել 153 նախագահ, 152 քարտուղար և 1582 անդամ: Հիշյալ իրավասուբյեկտների անունից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում առկա չէ որևէ փաստաթուղթ, որևէ վկայակոչում, որևէ խախտման փաստի արձանագրում, որևէ հատուկ կարծիք կամ որևէ դիմում-բողոք:

Ըստ պատասխանողի` միայն թվով 561 (կամ ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 27.9 տոկոսը) տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարվել են թվով 1487 գրառումներ՝ քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ խախտումների մասին, իսկ թվով 1448 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում որևէ գրառում առկա չէ: Թվով 2009 տեղամասերից միայն 46-ում (ընդհանուրի 2.2 տոկոսը) քվեարկության արդյունքների արձանագրություններում առկա է նշում հանձնաժողովի անդամի` հատուկ կարծիք ունենալու մասին: Տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թվով 16.072 անդամներից միայն 46-ն (ընդհանուրի 0.2 տոկոսը) են ներկայացրել հատուկ կարծիք, որոնցից ոչ մեկը ՀԱԿ-ի կողմից նշանակված անդամ չէ:

Պատասխանող կողմը նշում է նաև, որ 2017 թվականի ապրիլի 7-ին բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովները կայացրել են որոշումներ «2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ», որոնցով ամրագրվել է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը՝ 02.04.2017թ. արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա:

Պատասխանող կողմը փաստում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ վարչական դատարան են ներկայացվել թվով 4 հայցադիմումներ: Առկա չէ որևէ դատական ակտ, որով փաստվել է անձանց ընտրական իրավունքների խախտում: Դատական ակտերով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կամ գործողությունները ոչ իրավաչափ չեն ճանաչվել:

Պատասխանող կողմը գտնում է, որ չկան հանգամանքներ, որոնք ազդել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վրա և խնդրում է Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը համարել ակնհայտ անհիմն և մերժել այն:

 

6. Որպես հարակից պատասխանող` ՀՀ դատախազությունը նշում է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, քննարկելու և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2017 թվականի հունվարի 20-ին ստեղծվել է աշխատանքային խումբ: Ըստ ՀՀ դատախազության տեղեկատվության` հիշյալ աշխատանքային խումբն իր տեսադաշտում է պահել առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հասանելի բոլոր հաղորդումները: Այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր միջոցները, դրանց ստուգման գործընթացի նկատմամբ իրականացվել է ամենօրյա պատշաճ դատախազական հսկողություն: Ձեռնարկված միջոցների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ, որոնցից 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սակայն այդ գործերը կազմում են հաղորդումների ընդհանուր թվի միայն շուրջ երկու տոկոսը:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի և 149-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով 10 անձի մեղադրանք է առաջադրվել, 8 քրեական գործեր 21.04.2017թ. դրությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ դատախազությունը փաստում է, որ ուսումնասիրվել են դիմողի մատնանշած բոլոր հաղորդումները, որոնք վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին: Սահմանադրական դատարան ներկայացված օրինակների զգալի մասը նույնիսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ չի պարունակել: Հարակից պատասխանողը, բերված կոնկրետ փաստական նյութի հիման վրա հերքում է դիմողի պնդումներն ընտրական իրավունքի համատարած խախտումների վերաբերյալ:

 

7. Որպես հարակից պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունն առարկելով դիմողի փաստարկներին` ներկայացնում է, որ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվել է առերևույթ ընտրախախտման յուրաքանչյուր հաղորդում, և մերժում է դիմողի հարցադրումները ՀՀ ոստիկանության կողմից հնարավոր անգործություն դրսևորելու վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ, մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 20-ը ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրաբար քվեարկության օրը կատարված՝ ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների և վարչական իրավախախտումների, ընտրական գործընթացի հետ կապված բռնի հանցագործությունների մասին, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ՝ թվով 719 հաղորդում: Այդ հաղորդումներից 388-ը ստուգվել են որպես քրեական գործ հարուցելու առիթներ, որոնցից 286-ով նյութերն ուղարկվել են նախաքննության մարմին հետագա ընթացքը որոշելու համար, 91-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 11-ը գտնվում է ստուգման փուլում: Մնացած 331 այլ հաղորդումները գրանցված են եղել ոչ որպես քրեական գործ հարուցելու առիթներ, ուստի ստուգվել են այլ ընթացակարգով:

 Հարակից պատասխանողը հատկանշական է համարում այն փաստը, որ դիմող կողմի ներկայացուցիչը կասկածի տակ չդրեց ոչ ոստիկանությունում գրանցված իրավախախտումների թիվը և ոչ էլ դրանց քննության ենթարկված լինելու հանգամանքը:

 

8. Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցերին.

ա/ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված լիազորության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դատավարական ընթացակարգերի շրջանակներում որո՞նք են ՀՀ սահմանադրական դատարանում պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման սահմանադրաիրավական առանձնահատկությունները,

բ/ դիմողի կողմից ի՞նչ բնույթի իրավական վեճ ու ապացուցողական նշանակություն ունեցող ինչպիսի՞ փաստեր ու փաստարկներ են ներկայացվել ՀՀ սահմանադրական դատարան,

գ/ որքանո՞վ է Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համապատասխանում ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի և 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

 

9. ՀՀ սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներով ծագած վեճերի վերաբերյալ իր նախորդ որոշումներում նույնպես ընդգծել է ընտրական գործընթացներում բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ պահանջների պահպանման առանձնահատուկ կարևորությունը՝ տվյալ գործընթացի բոլոր փուլերում, որը կայուն իրավական նախադրյալ է ընտրական խախտված իրավունքները սահմանադրական արդարադատական կարգով պաշտպանելու համար։ Գործող իրավակարգավորումների շրջանակներում ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան»։ ՀՀ ընտրական օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով, 97-րդ հոդվածի 4-րդ մասով, 99-րդ հոդվածով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներ սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն»։ Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին։ Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն»։

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված վերոհիշյալ իրավակարգավորումներից և ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջից հետևում է, որ.

ա/ ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներն այն դատարանում, որն ունի համապատասխան իրավազորություն,

բ/ հաշվի առնեն, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների նկատմամբ վերադաս դատարան է, այլ իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված կոնկրետ լիազորություն և Սահմանադրական դատարանի վրա նույնպես տարածվում է ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը (դիմումները), որոնք նախապես քննության պետք է առնվեն և իրավական լուծում ստանան վարչական (արտադատական) կարգով կամ ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում վերջնական են,

գ/ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը չեն կարող դիտարկվել որպես իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ վեճեր, քանի որ վերջիններիս լուծման համար սահմանադրաիրավական այլ պահանջներ ու ընթացակարգեր են նախատեսված։

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-1028) նաև բազմիցս շեշտել ու ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտներին պարզաբանել է, որ ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ գործող 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պարզում է՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ իրավական անհրաժեշտ հիմնավորմամբ են առկա եղել ու հաշվի առնվել.

ա/ քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

բ/ իրավասու դատարանների՝ ընտրական գործընթացին առնչվող ակտերը,

գ/ ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,

դ/ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ե/ քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումները։

Սահմանադրական դատարանի խնդիրն է գնահատել, թե իրավական նշանակություն ունեցող վերոթվարկյալ փաստական հանգամանքներն ինչպես են հաշվի առնվել ընտրությունների արդյունքներն ամփոփելիս և արդյունքում՝ որքանո՞վ է իրավաչափ ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Սահմանադրական դատարանում վեճի առարկա որոշումը` դիմողին առնչվող հարցերով (համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի): Դա ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջն ու Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկություններից է: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 94-րդ հոդվածը սահմանում է, որ` «Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով»:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով առավել հստակ պետք է սահմանվեն ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործերի քննության առանձնահատկությունները` ընդհուպ սահմանելով վեճի առարկա ակտի սահմանադրականության գնահատման ընթացակարգ:

 

10. Ընտրական գործընթացներում առավել հաճախ քննարկման ու վեճի առարկա հարցերից է վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահումը, ինչին առաջին հերթին անդրադառնում է նաև դիմողը։

Այս խնդրի առնչությամբ տարատեսակ հայեցողական մոտեցումներից խուսափելու համար Սահմանադրական դատարանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի /Վենետիկի հանձնաժողով/ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոտեցումները հիմք ընդունելը։ Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահմանն առնչվող՝ Վենետիկի հանձնաժողովի 2013թ. CDL-AD(2013)033 զեկույցում վարչական ռեսուրսը բնութագրվում է որպես ընտրությունների ընթացքում գործող պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների` մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները, հանրային զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ նրանց ունեցած վերահսկողության հանգամանքը, ինչպես նաև իրենց դիրքով պայմանավորված՝ հանրային օբյեկտների և ռեսուրսների նկատմամբ ունեցած հասանելիությունը, ինչը կարող է վերածվել քաղաքական կամ այլ ձևաչափի աջակցության։

Նման մոտեցումը տեղ է գտել նաև «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ 2016թ. ընդունված համատեղ ուղեցույցում /http։//www.osce.org/odihr/elections/227506?download=true/։ Վերջինս, մասնավորապես, պահանջում է, որ իրավական կարգավորումները պետք է հստակ պահանջներ նախատեսեն քաղաքացիական ծառայողների համար, այն է՝ ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում իրենց պաշտոնական պարտականություններն իրականացնելիս գործել անաչառ։ Բացի դրանից, իրավական կարգավորումները պետք է երաշխավորեն քաղաքացիական ծառայության չեզոքություն՝ արգելելով քաղաքացիական ծառայողներին քարոզչական գործունեություն իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս՝ ինչպես այն դեպքում, երբ իրենք թեկնածու են հանդիսանում, այնպես էլ այն դեպքում, երբ աջակցում են թեկնածուներին։ Միաժամանակ, իրավական կարգավորումները պետք է հստակ նորմեր նախատեսեն այն մասին, թե ինչպես և երբ կարող է քարոզչություն իրականացվել, ինչպես նաև ընտրություններին մասնակցող որոշակի պաշտոնատար անձանց լիազորությունների կասեցման կամ հրաժարականի ներկայացման հնարավորություն նախատեսեն։

 Ուղեցույցը, միևնույն ժամանակ, չի բացառում պաշտոնատար անձ թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու հնարավորությունն աշխատանքային ժամերից դուրս և առանց վարչական ռեսուրսների չարաշահման։

ՀՀ ընտրական օրենսգրքի` «Նախընտրական քարոզչությունը» վերտառությամբ 4-րդ գլխում սահմանված են ինչպես նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, այնպես էլ, ի թիվս այլ պայմանների, հանրային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները /հոդվ. 23/։ Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասն իր հերթին սահմանում է, որ. «Հանրային ծառայող հանդիսացող պատգամավորի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները։ Հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման»։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս։

Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նաև նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների դեպքում վարչական կամ դատական կարգով խնդրի լուծման համապատասխան ընթացակարգեր։ Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադառնալով այս խնդրին` շեշտել է, որ նման ընթացակարգերը, որոնք անմիջականորեն առնչվում են ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածուների կամ կուսակցությունների ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրին, պետք է օրենքով սահմանված կարգով բողոքարկվեն և լուծում ստանան մինչև քվեարկության օրը։

Սույն գործի քննությունը վկայեց, որ դիմողն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում տվյալ խնդրի առնչությամբ որևէ իրավաչափ գործողություն չի իրականացրել և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք /մասնավորապես՝ դատական ակտ/ հակառակը վկայելու կամ այդ հարցով դիմողի իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելու մասին։ Նման բնույթի ենթադրյալ խախտումներն իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով համարժեք իրավական գնահատական պետք է ստանան, մասնավորապես նաև այն գործերով, որոնք դեռևս քննության առարկա են իրավապահ մարմինների կողմից:

 

11. Հաշվի առնելով, որ դիմողը քննության առարկա վեճի հիմքում իրավափաստական հանգամանքների փոխարեն ներկայացրել է հիմնականում տեղական առանձին դիտորդական նախաձեռնության դիտարկումների արդյունքները, ինչպես նաև այն, որ 2017թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ /ընդհանուր թվով 650 դիտորդ/, ովքեր դիտարկում են իրականացրել ընտրական տեղամասերի ավելի քան 70 տոկոսը կազմող տեղամասերում, Սահմանադրական դատարանը կարևորում է` նախ ներկայացնել ընտրական գործընթացների առնչությամբ հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության անդամ երկրների դիտորդների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհանրացված ու անաչառ որոշ գնահատականներ, մասնավորապես`

- ընտրությունները եղել են լավ կազմակերպված,

- ընտրության արդյունքները հիմնականում արտացոլում են ժողովրդի իրական կամաարտահայտությունը,

- ընդհանուր առմամբ պահպանվել ու հարգվել են հիմնարար քաղաքական ազատությունները, մասնավորապես՝ հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը,

- Հայաստանում չկա որևէ թեկնածուի կամ քաղաքական կուսակցության առաջադրմանը խոչընդոտող վարչական կամ դատական ընթացակարգ։ Տարածաշրջանի, ինչպես նաև եվրոպական լայն տարածքի որոշ երկրների հետ համեմատած դա լավ օրինակ է,

- յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք հնարավորություն է ունեցել ԶԼՄ-ների միջոցով ընտրողին փոխանցել իր «ուղերձը»,

- որևէ կուսակցության նկատմամբ չեն կիրառվել ընտրական հավաքները խոչընդոտելու միջոցառումներ,

- ընտրացուցակների ճշգրտությունը բարելավվել է, այլ անձի փոխարեն և կրկնաքվեարկությունները հիմնականում բացառվել են,

- նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ընտրողների նույնականացման սարքավորումները, լավ են աշխատել։ Ապահովվել է թափանցիկության, քվեարկության գաղտնիության և անանունության պահպանման աննախադեպ բարձր մակարդակ։ Շնորհիվ նոր տեխնոլոգիաների՝ զգալիորեն պակասել են անցյալի որոշ վատ դրսևորումներ։ Խոսքը վերաբերում է բազմակի քվեարկությանը, լիազորագրով քվեարկությանը և, այսպես կոչված, կարուսելային քվեարկությանը։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի քննության շրջանակներում դիմողի կողմից բերված փաստարկներն ընդհանրական այս գնահատականների բնույթի ու բովանդակության էական փոփոխության կամ դրանք կասկածի տակ առնելու իրավական հիմքեր չեն տալիս։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը կարևորում է նաև դիմողի և միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների կողմից բարձրացված մի շարք մտահոգիչ հանգամանքներ:

 ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունների առաջնահերթ խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնեցին միջազգային և տեղական դիտորդական առաքելությունները, մասնավորապես՝ ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ։ Ընդհուպ եվրոպական փորձագետների և պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարական զարգացումներին և երկրի ազգային անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության ամրապնդման օրակարգի առաջնահերթություն պետք է դիտվի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի ու ընտրակարգի հետագա բարեփոխումների ճանապարհով, որով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի հնարավոր դրսևորման իրավական ռիսկերը։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրի արմատական լուծումը պահանջում է առավել ակտիվ ու հետևողական քայլերի իրականացում տնտեսական, վարչական և քաղաքական ներուժի սերտաճումը հաղթահարելու, «գործատու-վարձու աշխատող» փոխհարաբերություններն իրավունքի գերակայության սկզբունքի պահանջներին համապատասխան որակապես նոր աստիճանի բարձրացնելու և այդ փոխհարաբերություններում վարձու աշխատողին լիարժեք ու իրավական առումով հուսալիորեն պաշտպանված իրավասուբյեկտ դարձնելու, ընտրական գործընթացի բոլոր փուլերում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու ուղղությամբ։ Դրանց վրա իր որոշումներում ու տարեկան հաղորդումներում բազմիցս հատուկ ուշադրություն է հրավիրել ՀՀ սահմանադրական դատարանը։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 10.06.2007թ. ՍԴՈ-703, 08.03.2008թ. ՍԴՈ-736, 14.03. 2013թ. ՍԴՈ-1077 որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ իրավական պետության համար ելակետայինն ընտրական գործընթացներում հասարակության քաղաքական շահերի գերակայության օրենսդրական ու կառուցակարգային այնպիսի երաշխիքների ապահովումն է, որը «... կբացառի առաջնային մանդատով օժտված իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման գործում քաղաքական և գործարար շահերի անմիջական միահյուսման որևէ հնարավորություն»։ Հայաստանի քաղաքական համակարգի համար այս խնդրի լուծումը շարունակում է հրատապ մնալ, մասնավորապես պահանջելով նաև օրենսդրական առավել հստակ կարգավորում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ լուրջ ուշադրության առարկա պետք է դառնան նաև դիմողի և դիտորդական առաքելությունների արտահայտած այն մտահոգությունները, որոնք վերաբերում են բաց քվեարկության, խմբային քվեարկության, ուղղորդված քվեարկության դեպքերին և ընտրող կամ դիտորդ չհանդիսացող այլ անձանց ներկայությանը տեղամասերում, ինչպես նաև հանրային պաշտոնյաների կամ նույնիսկ մասնավոր ընկերությունների կողմից տեղ գտած ճնշումներին: Հավասարապես կարևոր է նաև նման բոլոր դեպքերով օրենքով նախատեսված կարգով ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացի նախաձեռնումը, որով նաև սահմանադրաիրավական անհրաժեշտ ու լիարժեք նախադրյալներ կստեղծվեն Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների արդյունավետ քննության և գնահատման համար։

Մասնավորապես՝ դիմողի կողմից դիմումին կից ներկայացված նյութերը վկայում են, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից խմբակային և ուղղորդված քվեարկության դեպք է արձանագրվել թվով 88 ընտրական տեղամասերում, ինչը կազմում է ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 4.4 տոկոսը, բաց քվեարկության դեպք՝ թվով 8 տեղամասերի առնչությամբ /0.4%/, ընտրող կամ դիտորդ չհանդիսացող այլ անձանց ներկայություն տեղամասում՝ 27 /1.3%/, քվեարկության գաղտնիության խախտում՝ 177 /8.8%/, կուտակումներ՝ 44 /2.1%/, տեխնիկական սարքավորումների խափանում՝ 129 դեպք /6.4%/։

Ըստ գործի նյութերի` թվով 217 դիտորդների կողմից, ինչը կազմում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների ընդհանուր թվի մոտ 5 տոկոսը, արձանագրված տարբեր իրավախախտումներ գրանցվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում /շուրջ 190 դեպք/, 17 փաստով առկա են լուսանկարներ կամ տեսագրություններ, 9 փաստով կազմվել է արձանագրություն։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ որքան էլ որ դիմողի կողմից ներկայացված այդ դեպքերը, թեկուզ և ամբողջությամբ, չգնահատվեն որպես հավաստի, ինչը պնդեցին քննության առարկա գործով պատասխանող և հարակից պատասխանող կողմերը, միաժամանակ` թիվ 10/03 ընտրական տեղամասի առնչությամբ դիմողի ներկայացուցչի պնդումները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով գնահատելով հավաստի, այնուամենայնիվ, դրանք ընտրական տեղամասերի 5-7 տոկոսին վերաբերելով հանդերձ, միևնույն է, նվազեցնում են հանրային վստահությունն ընտրական գործընթացի ու սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրում ժողովրդավարական զարգացումների ուղղությամբ ձեռնարկված հետևողական քայլերի առնչությամբ։ Ուստի ոչ մի ընտրախախտում չպետք է անուշադրության մատնվի։ Խնդիրը պետք է վերաբերի դրանց իսպառ վերացմանը, իրավախախտների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության անխուսափելիությանը և դրանց հետ կապված՝ հնարավոր շահարկումների հաղթահարմանը։

 

12. Գործի քննության արդյունքներով Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ընտրական գործընթացում առկա խնդիրների բացահայտման ու դրանց նկատմամբ հանրային անհանդուրժողական մթնոլորտ ձևավորելու առումով առավել հետևողական են գործել քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Ըստ ԿԸՀ կողմից ներկայացված տեղեկատվության` Հայաստանի Հանրապետությունից թվով 49 հասարակական կազմակերպություն սահմանված կարգով գրանցվել և դիտորդական առաքելություն է իրականացրել՝ ներգրավելով ընդհանուր թվով ավելի քան 28 հազար դիտորդ։ Միայն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի դիտարկումներն են հիմնականում դրվել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում, ներգրավել է 4400-ից ավելի դիտորդ, ինչը կազմում է հասարակական կազմակերպությունների` սահմանված կարգով գրանցված դիտորդների ընդհանուր թվի 15.8 տոկոսը։ Նրանցից, ըստ գործի նյութերի, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շուրջ 580 դիտորդի /ընդհանուր թվի 13.2 տոկոս/ կողմից են ներկայացվել տարբեր տեղեկություններ շուրջ 500 ընտրական տեղամասերի առնչությամբ:

Անկախ նրանից, որ քննության առարկա վեճի իրավական բնույթի առումով քաղաքացիական հասարակության դիտորդների դիտարկումներն ինքնին ապացուցողական նշանակություն չունեն /քանի դեռ չեն հաստատվել բողոքարկման` օրենքով նախատեսված ընթացակարգերի արդյունքում/, այդուհանդերձ, միայն նրանց ու լրատվամիջոցների օգնությամբ է հնարավոր եղել բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացում դեռևս առկա որոշակի բացերն ու խնդիրները։

Ակնհայտ է նաև, որ անբավարար են քաղաքական ուժերի, մասնավորապես՝ Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների դաշինքի կողմից օրենքով իրենց վերապահված իրավական լծակների գործադրումը՝ իրենց ընտրական իրավունքի պաշտպանության հարցում։ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ գործող ընտրական օրենսգիրքն այս հարցում քաղաքական ուժերին առավել լայն հնարավորություններով է օժտել։ Դրանց իրավաչափ գործադրումը ոչ միայն իրավունք, այլև պարտականություն է։ Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարան սույն գործով դիմած կուսակցությունների դաշինքն ընտրական գործընթացներում ունեցել է կոնկրետ իրավասուբյեկտների քանակական լուրջ ընդգրկվածություն։ 2009 ընտրական տեղամասերում դաշինքի մաս կազմող ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակել է 1582 հանձնաժողովի անդամ, 305 հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար /ընդգրկելով ընտրական տեղամասերի շուրջ 94 տոկոսը/։ Դաշինքն ունեցել է նաև թվով 1688 վստահված անձ։ Ըստ գործի նյութերի` նրանք օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում գրեթե որևէ իրավական գործընթաց չեն ձեռնարկել՝ իրենց իսկ դիմումում ներկայացվող բացասական դրսևորումների դեմ իրավական պայքար ծավալելու ուղղությամբ։

ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսել է հնարավոր ընտրախախտումների բացահայտման ու բողոքարկման որոշակի ընթացակարգ` հաշվի առնելով, որ այդ գործընթացը սահմանափակված է ժամանակի մեջ, ինչպես նաև հստակեցված է այդ հարցում ընտրական գործընթացին բոլոր մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ. «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին»:

Բացի դրանից, նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն ընտրական գործընթացին մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովների 11932 անդամ, նախագահ ու քարտուղար, ինչպես նաև 22416 վստահված անձ: Դրանց կողմից օրենքի պահանջներին համապատասխան ապացուցողական նշանակություն ունեցող նյութերը դիմողի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված փաստերի մեկ տոկոսն էլ չեն կազմում: Ուստի ընտրական գործընթացի արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման հետ կապված վեճը քննելիս Սահմանադրական դատարանն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34000 կոնկրետ իրավասուբյեկտների հնարավոր չիրացված գործառույթների իրականացումը:

Որքան էլ որ դիմող կողմը պնդի, թե այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնելը ձևական մոտեցում է, այսուամենայնիվ, սա է օրենքի պահանջը, և այն անտեսելը զրկում է ընտրական գործընթացի մասնակցին իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից: Միաժամանակ, եթե նախկին իրավակարգավորումների պարագայում ընտրական վեճի նախաձեռնողները հիմնական խոչընդոտը համարում էին քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակման արգելքը, ապա ներկա քննության առարկա դիմումի շրջանակներում հիմնական պահանջը բոլոր ընտրական տեղամասերում ամբողջական տեսագրումների հատուկ ստուգումների կազմակերպումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի առկա իրավակարգավորումների շրջանակներում Սահմանադրական դատարանը համարում է բավարար չափով չհիմնավորված պահանջ:

Այսուհանդերձ, փաստն այն է, որ, համաձայն գործի նյութերի, ՀՀ սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների դաշինքի անդամ ՀԱԿ-ի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը։ Նրանք չեն ներկայացրել որևէ հատուկ կարծիք։ Չեն վիճարկել որևէ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Ըստ գործի նյութերի` ընտրախախտումներ չեն արձանագրել նաև դաշինքի 1668 վստահված անձանցից 1667-ը: Դաշինքի կողմից դատական կարգով որևէ բողոք չի ներկայացվել։

Այս իրողությունն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև, թերևս, համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս:

 Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ, երբ բացակայում են ընտրակեղծիքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ու դատական անհրաժեշտ ընթացակարգերով հիմնավորված ապացույցներ ու առկա են տեղամասային ընտրական հանձնաժողովների` դիմողի /ՀԱԿ-ի/ նշանակած անդամների կողմից քվեարկության արդյունքների միակարծությամբ վավերացված արձանագրություններ, բացառապես դիտորդների կողմից առերևույթ խախտում բնութագրվող գրառումների հիման վրա հնարավոր չէ արձանագրել ընտրության արդյունքները վիճարկողի իրավունքների խախտման փաստը: Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մասնավորապես նշելով, որ` «…դատարանը չի կարող արձանագրել Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի խախտում բացառապես արտաքուստ հիմնավոր բողոքների հիման վրա» (Georgian Labour Party v. Georgia, 9103/04; 08.10.2008; §109-110):

ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում կարևորել է նաև ընտրական օրենսդրության կիրառման հիմնավորվածության և օրինականության նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի օգտագործումը, գտնելով, որ ընտրական վեճերով դիմումատուի փաստարկների քննությունը դատարանների կողմից կարող էին մեծ նշանակություն ունենալ (Grosaru v. Romania; 78039/01; 02.03.2010; §22,56; Babenko v. Ukraine; 43476/98; dec. 04.05.1999):

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին փոփոխությունները Հայաստանում կարևոր անդրադարձ ունեցան նաև ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում, ինչը, սակայն, դեռևս պատշաճ ձևով չի ընկալվել ու իրացվել ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտների կողմից։ Օրենքով նախատեսված հնարավորությունների արդյունավետ օգտագործման փոխարեն ընդհանուր բնույթի դատողություններով ու քաղաքական մեղադրանքների ոճով դատական գործընթաց նախաձեռնելն արդյունավետ ճանապարհը չէ քաղաքական ուժի ընտրական իրավունքի պաշտպանության հարցում:

 

13. Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ չնայած ՀՀ նոր ընտրական օրենսգիրքն ընդունվեց քաղաքական լայն փոխհամաձայնության պայմաններում` գործնականում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձայների 3/4-ից ավելիի մեծամասնությամբ, այսուհանդերձ, դրանում տեղ գտած առանձին լուծումներ լիարժեք չեն իրացնում իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրական պահանջը և լայն հայեցողության հնարավորություն են թողնում։ Մասնավորապես, դա վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ինստիտուտի ոչ բավարար հստակությամբ իրավակարգավորմանը, Ազգային ժողովի ընտրված լինելու, պատգամավորներին մանդատների հանձնման և առաջին նստաշրջանի գումարման ժամկետների հստակեցմանը, ինչը հայեցողական մեկնաբանությունների առարկա է դարձել, ինչպես նաև կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուներից ընտրության արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու հարցում հնարավոր քաղաքական հայեցողության հետագա դրսևորումների բացառմանը։ Հետագա բարելավման անհրաժեշտություն ունի նաև վարչական վարույթների իրականացման ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բողոքներին սահմանված կարգով ու ժամկետներում ընթացք տալու համակարգը:

 

14. Սույն գործով դատաքննության շրջանակներում ընդհանրացնելով անդրադարձը դիմողի կողմից ներկայացված փաստարկներին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումին կից ներկայացված փաստարկները, գրեթե առանց բացառության, վերցված են զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումների արդյունքներից։ Դատաքննության ընթացքում հավելյալ ներկայացվեցին նաև հասարակական այլ կազմակերպությունների դիտարկումներ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկությունները ապացուցողական նշանակություն չունեն»: Դրանք պետք է օրենքով նախատեսված իրավական գործընթացի արդյունքում ձեռք բերեն նման նշանակություն:

 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն է նաև իրավասու պետական մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքներում ներկայացված տեղեկությունը:

Հաշվի առնելով, որ ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը պարտավոր են օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, Սահմանադրական դատարանն այդ պետական մարմինների, որպես սույն գործով հարակից պատասխանողների, ներկայացրած նյութերի և դատաքննության ընթացքում տրված բացատրությունների հիման վրա փաստում է, որ.

Ա/ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում ստացել է ընտրական իրավունքի խախտումներին առնչվող թվով 64 հաղորդում, որոնցից 56-ի ստուգումների արդյունքներով իրավախախտման դեպքեր չեն հայտնաբերվել: Հաղորդումներից թվով 36-ը ԶԼՄ-ների հրապարակումներից են, 21-ը ստացվել են կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից և վստահված անձանցից, 5-ը` քաղաքացիներից, 2-ը` ոստիկանության ծառայողներից: «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքից որևէ հաղորդում չի ստացվել: Միաժամանակ, ապրիլի 2-ից մինչև ապրիլի 20-ը ոստիկանությունում գրանցվել է թվով 719 հաղորդում: Դրանցից 364-ը ԶԼՄ-ների հրապարակումներ են, 221-ը ստացվել են ոստիկանության ծառայողներից, 80-ը` քաղաքացիներից, 20-ը` ընտրական հանձնաժողովներից, 16-ը` կուսակցությունների դաշինքներից, կուսակցություններից և վստահված անձանցից, 14-ը` պետական մարմիններից, 4-ը` դիտորդներից: Ընդհանուր հաղորդումներից 299-ով ստուգումների արդյունքում իրավախախտման դեպքեր չեն հայտնաբերվել, մնացածով օրենքով սահմանված գործողությունների իրականացումը շարունակվում է: Երկու հաղորդում ներկայացվել է ՀԱԿ-ի կողմից: Դրանցից մեկով ՀԱԿ-ի ներկայացուցիչը 02.04.2017թ. ժամը 08.55 թիվ 6/26 ընտրական տեղամասից զանգահարել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժին և հայտնել, որ ընտրական տեղամասում ոստիկան չկա, ինչն ստուգմամբ չի հիմնավորվել: Երկրորդ դեպքը վերաբերել է թիվ 35/56 ընտրական տեղամասում քվեատուփը դռանը մոտ տեղակայված լինելու ու խմբակային քվեարկության մասին հաղորդմանը, ինչը նույնպես ստուգմամբ չի հիմնավորվել:

Բ/ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած ՀՀ դատախազության տեղեկանքի` «Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում էր, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին»: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից առանձնացվել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 541 հաղորդում, որոնցում նշված հանգամանքներն ստուգելու նպատակով ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Բացի նշված հաղորդումներից, ուսումնասիրման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված 309 հաղորդում: Օրենքով նախատեսված ընթացակարգով ուսումնասիրության արդյունքներով 723 հաղորդումների առնչությամբ /ընդհանուր թվի 85.1 տոկոսը/ հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են: Քրեական գործեր են հարուցվել 19 դեպքով /ընդհանուր թվի 2.2 տոկոսը/, որոնցից մեկն ընտրակաշառք տալու հատկանիշներով, թվով 40 հաղորդումների առնչությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են: Նույն տեղեկանքում նաև շեշտվում է, որ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից որևէ հաղորդում չի ներկայացվել:

Բացի վերոնշյալներից, ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված նյութերը վկայում են, որ ս.թ. ապրիլի 21-ի դրությամբ ՀՀ դատարանների կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող թվով 3 քաղաքացիական և 10 վարչական գործերով դատական ակտեր են կայացվել: Դրանցով դիմողները հիմնականում եղել են առանձին քաղաքացիներ կամ հասարակական կազմակերպություններ: Սույն գործով դիմող` «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից դատական որևէ հայցադիմում չի ներկայացվել:

 

 Ընդհանուր հետևությունն այն է, որ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձվել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք, ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիմք կարող էին ծառայել ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի այլ կետով որոշում կայացնելու համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 ապրիլի 2017 թվականի

ՍԴՈ-1364