«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 235-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՐԻ ԵՎ ԿՈԴԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը և 42-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել համարների և կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման ու օգտագործման կանոնները` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշումը,
2) 2009 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 343-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 631-Ն որոշումը,
3) 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 343-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 271-Ն որոշումը,
4) 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 441-Ն որոշումը,
5) 2013 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 343-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՄԱՐԻ ԵՎ ԿՈԴԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները սահմանում են համարի և կոդի (այսուհետ` համարներ) զբաղեցման թույլտվության տրամադրման, համարահավաքման, համարների օգտագործման կարգն ու պայմանները:
2. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Թույլտվություն` Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է համարներ օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը: Թույլտվության անբաժանելի մասն են համարվում համարների օգտագործման պայմանները.
3) Համարային (թվային) շարք` հերթականությամբ դասավորված թվերի շարք, որը պարունակում է մինչև 100 կամ մինչև 1000 համարներ, օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման և ծառայությունների մատուցման համար, նշվում է ընդհանրացնող x նշանով և արտահայտվում է 0-9 որևէ թվանշանի միջոցով.
4) Ծառայություններ մատուցող` Հանձնաժողովի կողմից լիազորված կամ Հանձնաժողովին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած ցանկացած անձ, որն առաջարկում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ.
5) Օպերատոր` ցանկացած անձ, որը Հանձնաժողովի կողմից լիազորված է տիրապետելու և շահագործելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Իր ցանցով ծառայություններ մատուցելու դեպքում օպերատորը համարվում է ծառայություններ մատուցող.
6) Կարճ կոդ կամ ծառայության կոդ` մինչև հինգ թվանշաններից կազմված թիվ, որը բաժանորդներին թույլ է տալիս օգտագործել համարների պարզեցված հավաքում` դեպի Օպերատոր կամ Ծառայություններ մատուցող, տեղեկատու կամ այլ անձ, այդ թվում` ոստիկանություն, շտապ բուժօգնություն և փրկարարական ծառայություն ելք ստանալու համար.
7) Տարածքային կոդ (NDC)` աշխարհագրական տեղանքը և/կամ հանրային շարժական կապի ցանցերը բնութագրող երկնիշ կամ եռանիշ կոդ.
8) Ազգային նշանակության համար (N(S)N)` երկնիշ կամ եռանիշ Տարածքային կոդից և համապատասխանաբար վեցանիշ կամ հնգանիշ Ցանցի վերջնական կետի համարից բաղկացած ութանիշ համար (N(S)N = NDC + SN).
9) Համարագրման գոտի` միևնույն տարածքային կոդով բնորոշվող համարների խումբ.
10) Միջազգային համար` Հայաստանի Հանրապետությանը հատկացված միջազգային կոդի և Ազգային նշանակության համարի միացությունը (374 N(S)N = 374 NDC SN).
11) Ցանցի վերջնական կետի համար` ազգային նշանակության համարը` առանց Համարագրման գոտու կոդի:
3. Հանձնաժողովը Թույլտվությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համաձայն:
4. Համարները տրվում են մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ, եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Համարները չեն կարող տրվել օպերատորի կամ ծառայություններ մատուցողի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով:
5. Ձայնային (հեռախոսային) ծառայության համարները հատկացվում են ըստ հաջորդականության:
6. Այն դեպքում, երբ անձը, որը ներկայացնում է Հայտ և արդեն նրան հատկացվել է 100 համարային շարքի մի մաս կազմող համարներ, նրան հատկացվում են ազատ համարներ` համապատասխան 100 համարային շարքից: Այդպիսի համարներ այլ անձանց հատկացվում է միայն 100 ազատ համարային շարքի բացակայության դեպքում:
7. Կարճ կոդերը հատկացվում են յուրաքանչյուր կոդի համար առանձին դիմում ներկայացնելու դեպքում: Օպերատորները կարող են դիմել հանրային ամրակցված հեռախոսացանցի «8xxx» կարճ կոդով ծառայությունների մինչև 20 համար պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվություն ստանալու համար:
(7-րդ կետը լրաց. 05.04.17 N 124-Ն)
8. Հեռախոսային ծառայությունների հասանելիության լրացուցիչ կոդ հատկացվում է նոր ծառայությունների մատուցման կամ արդեն մատուցվող ծառայությունները նոր ձևով մատուցելու համար:
2. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
9. Հայտատուն համարների զբաղեցման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացնում Հանձնաժողով: Հայտը բաղկացած է դիմումից` համաձայն հավելվածի և համարներ տիրապետելու կամ օգտագործելու անհրաժեշտ որակավորումը հիմնավորող հետևյալ փաստաթղթերից.
1) գործարար ծրագիր, որը պետք է ներառի համարների զբաղեցման և օգտագործման նպատակը, սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը, առնվազն մեկ տարվա կտրվածքով համարների զբաղեցման և օգտագործման կանխատեսումներն ու հեռանկարային զարգացումը,
2) պահանջվող համարային ռեսուրսի կիրառմանը համապատասխան ցանցի կառուցվածքային և ֆունկցիոնալ սխեմաները,
3) ցանցի տեխնիկական նկարագիրը և բնութագրերը, որոնք առնվազն ընդգրկում են`
ա. սպասարկվող բաժանորդների առավելագույն քանակը,
բ. միաժամանակ սպասարկվող բաժանորդների քանակը,
4) ծառայությունների մատուցման հաշիվների վարման համակարգի (բիլինգ) աշխատանքի նկարագիրը:
10. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է հայտատուի համարներ տիրապետելու կամ օգտագործելու համար անհրաժեշտ որակավորումը, հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետին` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին:
12. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
13. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, այն կրկին ներկայացնում է Հանձնաժողովին: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 9-12-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
14. Հանձնաժողովը դիմողին հատկացնում է Թույլտվություն, բացառությամբ, եթե`
1) պահանջվող համարը հատկացված է մեկ այլ անձի,
2) պահանջվող համարը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար,
3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին,
4) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,
5) հայտատուն ներկայացնում է հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի 60.000 համարից ավելի համար տրամադրելու դիմում:
15. Հանձնաժողովը կայացնում է որոշում` հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարը օգտագործման մեջ չէ, և եթե դրա օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում: Որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:
16. Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և օգնության ցուցաբերման աշխատանքներ իրականացնելու համար Հանձնաժողովն արտակարգ ծառայություններին և պետական մարմիններին համարները հատկացնում է համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` առանց սույն կանոնների 9-15-րդ կետերում նշված պահանջների կիրառման:
17. Եթե հեռախոսային ծառայություններ մատուցող անձը Թույլտվություն ստանալուց հետո յուրաքանչյուր տարվա ավարտին օգտագործում է իրեն հատկացված համարային շարքի 60 %-ից պակաս, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և կարող է հիմք հանդիսանալ հաջորդ հայտի մերժման համար: Հատկացված համարների ոչ արդյունավետ օգտագործման դեպքում Հանձնաժողովը կարող է հեռախոսային ծառայություններ մատուցող անձին տրամադրված շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:
18. Օպերատորների կողմից սույն կանոնների 17-րդ կետով նախատեսված համարային շարքի օգտագործումը գնահատվում է` ելնելով բաժանորդային համարների զբաղեցված լինելու հանգամանքից: Բաժանորդային համարը համարվում է զբաղեցված` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության, ինչպես նաև պայմանագրի լուծման պահից երեք ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո տվյալ բաժանորդային համարը համարվում է ազատ և այլ բաժանորդներին` տրամադրման ենթակա:
3. ՀԱՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
19. Անձը կարող է զբաղեցնել միայն Թույլտվությամբ հատկացված համարները:
20. Համարները օգտագործվում են բացառապես Թույլտվությամբ ամրագրված նպատակներով:
21. Թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարները տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարները փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի:
22. Օպերատորին տրամադրված Համարները կարող են գործարկվել միայն իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում և օգտագործվել Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան:
23. Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 111 կարճ կոդը` հաճախորդների սպասարկման ծառայությունների համար` այդ թվում` ցանցի թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գրանցելու համար:
24. Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 109 կարճ կոդը` տեղեկատու ծառայությունների համար:
25. Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն հանրային հեռախոսային ծառայությունների հասանելիության կոդը միայն որպես կոդ, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել օպերատորին և (կամ) ծառայություններ մատուցողին:
25.1 Օպերատորները և (կամ) Ծառայություններ մատուցողները դեպի «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարներին զանգահարող բաժանորդներից վճար չեն գանձում: «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարներին կատարված զանգերի դեպքում փոխկապակցման ծառայությունների վճար չի գանձվում: Օպերատորը և (կամ) Ծառայություններ մատուցողը իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում գործարկված «800» կոդով անվճար զանգահարվող ծառայությունների («ֆրի ֆոն») համարին կատարված յուրաքանչյուր զանգի համար սկզբնավորում իրականացնող Օպերատորին և (կամ) Ծառայություններ մատուցողին վճարում է զանգը սկզբնավորած և վերջնավորած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև սահմանված փոխկապակցման վճարի չափով գումար:
(25.1-ին կետը լրաց. 05.10.16 N 277-Ն)
4. ՀԱՄԱՐԱՀԱՎԱՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
26. Հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցի այլ համարագրման գոտի զանգահարելիս պետք է հավաքել 0, տվյալ Տարածքային կոդը և Ցանցի վերջնական կետի համարը:
27. Արտերկրի օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 00, տվյալ երկրի Միջազգային կոդը և Ազգային նշանակության համարը:
28. Հանրային շարժական կապի ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 0, շարժական կապի ցանցի կոդը և Ցանցի վերջնական կետի համարը:
29. Կարճ կոդերը և հատուկ կոդերը պետք է հավաքել առանց որևէ լրացուցիչ համարի:
30. Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները կարող են կիրառել սույն կանոնների 26-29-րդ կետերում նշված համարահավաքման ընթացակարգից տարբերվող այլ ընթացակարգ` կապված այն բաժանորդների հետ, որոնք օգտագործում են անալոգային հեռախոսակայաններին միացված գծեր այնքանով, որքանով դա առնչվում է ազգային և միջազգային զանգերին և իրենց բաժանորդային սպասարկման կետերում և ինտերնետային կայքերում պետք է հրապարակեն այլ համարահավաքման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները:
(հավելվածը լրաց. 05.10.16 N 277-Ն, 05.04.17 N 124-Ն)
Հավելված |
Դ Ի Մ ՈՒ Մ
________________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման և հարկ վճարողի հաշվառման
համարները կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման և
հարկ վճարողի հաշվառման համարները)
_________________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը, ինտերնետային
հասցեն կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը,
ինտերնետային հասցեն)
1. Խնդրում եմ տրամադրել համարների զբաղեցման թույլտվություն
______________________________________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը, մարզը, համայնքը,
______________________________________________________________________________________
թույլտվության գործողության հայցվող ժամկետը)
հետևյալ համարների շարքերից.
1) կարճ կոդ .........................................................................................................................
2) հանրային հեռախոսային ծառայությունների համարները (ըստ համապատասխան տարածքային կոդի) և պահանջվող համարների քանակը
.................................................................................................................................................
.................................................................................................................................................
3) հանրային շարժական հեռախոսային ծառայությունների համարները և պահանջվող համարների քանակը
.................................................................................................................................................
.................................................................................................................................................
4) նշանակման վայրի կոդ
.................................................................................................................................................
.................................................................................................................................................
5) այլ համարներ
.................................................................................................................................................
.................................................................................................................................................
հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար:
2. Պահանջվող համարներն ու կոդերն օգտագործվելու են
.................................................................................................................................................
(Համարների և կոդերի օգտագործման նպատակը)
3. Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերը և տեղեկություններն ամբողջական են և հավաստի:
____________________________ |
____________________________ |
(ղեկավարի անունը, ազգանունը) |
(ղեկավարի ստորագրությունը) |
___ _____________20__թ.: |