Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2015 թվականի N 178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.05.15 N 349-Ն)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` հաստատել Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

(որոշումը փոփ. 07.05.15 N 349-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 9-ի N 178-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող Խորհրդի

(վերնագիրը փոփ. 07.05.15 N 349-Ա)

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար
 Ա. Ասատրյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
 Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար
 Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար
 Հ. Նաղդալյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
 Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
Ա. Բադալյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 Ս. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 Ա. Հարությունյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 Ա. Հովակիմյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ա. Նազարյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
 Ա. Քարամյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
 Գ. Համբարձումյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 Ե. Դանիելյան -ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր (համաձայնությամբ)
 Ջ. Հակոբյան -ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)
 Ա. Միրզախանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 07.05.15 N 349-Ա, 12.04.16 N 276-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 9-ի N 178-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 07.05.15 N 349-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշմամբ՝ որպես ազգային մեխանիզմ, որը համակարգում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովումը: Սույն աշխատակարգով սահմանվում են խորհրդի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները։

(1-ին կետը փոփ. 07.05.15 N 349-Ն)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

3. Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության, սեռով պայմանավորված՝ խտրականությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի, դրանց կարգավորմանն ուղղված ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացման գործընթացների համակարգումն է՝ պետական քաղաքականության բոլոր ոլորտներում և հանրային կառավարման բոլոր մակարդակներում:

5. Խորհրդի խնդիրն է, սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, հետևել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթների ապահովմանը:

6. Խորհուրդը պարբերաբար հրավիրվող իր նիստերի ընթացքում քննության է առնում և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ՝ հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների քննարկում.

2) տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների քննարկում ու առաջարկությունների ձևավորում.

3) միջազգային կառույցներին ներկայացվող գենդերային քաղաքականության վերաբերյալ պաշտոնական զեկույցների քննարկում.

4) գենդերային հավասարության հարցերի վերաբերյալ միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից ստացված հանձնարարականների կատարման համակարգում.

5) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող առանձին հարցերի, հրատապ խնդիրների ու երևույթների քննարկում և առաջարկությունների ձևավորում։

7. Բացի նշված հարցերից` կանանց և տղամարդկանց հավասարության ապահովմանն ուղղված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհուրդը քննության է առնում և ընդունում որոշումներ միջազգային, տարածաշրջանային ու միջգերատեսչական համագործակցության, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և կանանց ու տղամարդկանց հավասարության հիմնախնդիրներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

8. Խորհուրդը քննարկում ու գնահատում է հանրապետական գործադիր մարմինների կողմից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական ծրագրերի մասին ամփոփ հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում, առաջարկում է ներկայացնել թեմատիկ զեկույցներ առանձին խնդիրների վերաբերյալ: Հաշվետվությունների և թեմատիկ զեկույցների հիման վրա կատարված գնահատումները ծառայում են տվյալ բնագավառում պետական քաղաքականության բարելավմանն ուղղված ծրագրերի ու առանձին միջոցառումների մշակման և դրանց կիրառման համար:

9. Խորհրդի իրավասությունների մեջ մտնող հարցերին վերաբերող համապատասխան նյութերը պատրաստում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում աշխատանքային խումբը, որն ստեղծվել է խորհրդի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով:

10. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բնագավառում առանձին հարցերի և (կամ) հրատապ այլ հիմնախնդիրների ուսումնասիրման համար խորհուրդը կարող է ձևավորել ժամանակավոր թեմատիկ խմբեր՝ խորհրդի անդամ չհանդիսացող մասնագետների, գործարար համայնքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ ու մասնակցությամբ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

13. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ: Ըստ անհրաժեշտության, խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

14. Խորհուրդն իր աշխատանքները կարող է կազմակերպել առցանց (on-line) եղանակով։ Առցանց եղանակով աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ խորհրդի նիստերն առավել արդյունավետ անցկացնելու և գործուն որոշումներ կայացնելու նպատակով:

15. Խորհրդի աշխատանքների առցանց կազմակերպման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը, որը խորհրդի անդամների հետ հարցերի անմիջական քննարկումների, տեղեկությունների և մտքերի առցանց փոխանակման, առաջարկությունների վերաբերյալ խորհրդի անդամների կարծիքների ամփոփման հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը՝ համաձայնեցնելով նաև նիստի օրն ու ժամը, հրավիրվող անձանց թեկնածությունները, հարցերի քննարկման ձևաչափը (շնորհանդեսներ, որոշմումների նախագծերի համատեղ մշակումներ և այլն): Նիստի օրակարգն ու մասնակիցների ցանկը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայք էջում՝ http://gov.am/am/councils, նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

17. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:

18. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան նյութերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:

20. Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 5 օր առաջ խորհրդի քարտուղարին ներկայացնելու օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:

21. Խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ խորհրդի քարտուղարին օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել միջազգային և հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչները։

22. Խորհրդի նիստերն սկսվում են նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

23. Խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը:

24. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են աշխատանքային խմբի ղեկավարը, քարտուղարը, ինչպես նաև կարող են մասնակցել հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչները:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

25. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

4) հաստատում է խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը.

5) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. ներկայացնելու հատուկ կարծիք խորհրդի որոշումների վերաբերյալ,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և նրա նախագահի հանձնարարականները:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստերը և կազմում խորհրդի որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) կատարում է խորհրդի և նրա նախագահի հանձնարարականները:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը փոփ. 07.05.15 N 349-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2016, N 276-Ա 13.04.2016, N 178-Ա
07.05.2015, N 349-Ա 08.05.2015, N 178-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան