Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.110
Ընդունող մարմին
Կոտայքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2017
Ստորագրող մարմին
Կոտայքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 50617073

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

1 փետրվարի 2017 թ.
ք. Հրազդան

N 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 54-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2017 թվականի հունվարի 11-ի N 01/12/3/13-17 գրությունը`

 

Որոշում եմ`

 

1. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ առաջատար և կրտսեր պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 54-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

        Կոտայքի մարզպետ

Կ. Գուլոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի
 մարզպետի
2017 թվականի փետրվարի 1-ի
N 15-Ն որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով և կարգադրություններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Խորհրդից, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից (այսուհետ` Մարզպետարան), գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

4. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, համապատասխան մարմնի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացվելուց հետո, Մարզպետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Մարզպետարանի աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

1) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ.

2) երկու թեկնածու` Մարզպետարանի ներկայացուցիչներ.

3) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

7. Մարզպետարանի աշխատակազմը, մրցույթն սկսվելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Մարզպետի որոշմամբ: Նույն որոշմամբ Մարզպետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մարզպետի որոշմամբ Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

11. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հասարակական միավորումը համապատասխան Հանձնաժողովի անունով ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են կազմակերպության ներկայացուցչի տվյալները, ով հանդես է գալու որպես դիտորդ, ընդ որում յուրաքանչյուր մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունը և հրապարակայնությունը:

13. Հանձնաժողովը՝

1) Մարզպետարանի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

4) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

9) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

12) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

13) ամփոփում է մրցույթի արդյունքները.

14) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

15) հրապարակում է մրցույթի արդյունքները.

16) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

17) Մարզպետարանի աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

18) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

17. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմը:

18. Մրցույթի ընթացքում Հանձնաժողովին չի թույլատրվում օգտվել որևէ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 60.1-ին կետով նախատեսված դեպքի:

19. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

20. Դիտորդի կողմից մրցույթ անցկացնելու կարգը և (կամ) սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել դիտորդի մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

22. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

23. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին.

4) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

7. ԴԻՏՈՐԴԸ

 

24. Դիտորդը Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և սույն աշխատակարգի 11-րդ կետով նախատեսված դիմումը: Հանձնաժողովը ստուգում է վերջինիս ինքնությունը և թույլատրում զբաղեցնել դիտորդի համար հատկացված տեղը: Դիտորդը կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին մինչև թեստավորման փուլը սկսելը (մինչև թեստեր կազմելը) ներկայանալու դեպքում:

25. Դիտորդը կարող է մրցույթի ընթացքում կատարել գրառումներ, մրցույթի ավարտից հետո Մարզպետարանի աշխատակազմից ստանալ Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված փաստաթղթերի պատճենները, մինչև մրցույթի ավարտը, իր հայեցողությամբ ավարտել դիտորդական գործունեությունը` տեղեկացնելով Հանձնաժողովին, մրցույթին դիմած քաղաքացիների և մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ տեղեկատվություն ստանալ Մարզպետարանից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել Մարզպետարան:

26. Մրցույթի ընթացքում դիտորդը պարտավոր է պահպանել լռություն: Մրցույթի ընթացքում դիտորդին չի թույլատրվում մրցույթի անցկացման հետ կապված պահանջներ ներկայացնել Հանձնաժողովի անդամներին կամ պարզաբանումներ պահանջել, միջամտել Հանձնաժողովի և մրցույթի մասնակիցների աշխատանքներին, տեղաշարժվել դահլիճում, օգտվել որևէ կապի միջոցից կամ այլ տեխնիկական, այդ թվում` տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, ինչպես նաև մրցույթի ընթացքում դուրս գալ սենյակից:

 

8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

27. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

28. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան