Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7029/05/11

Վարչական գործ թիվ ՎԴ/7029/05/11
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

Դատավորներ՝

 Հ. Բեդևյան

 

 Գ. Ղարիբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նելլի Գալստյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նելլի Գալստյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (այսուհետ՝ Վարչություն)՝ 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարչության 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, իսկ անհնարինության դեպքում՝ որակավորմանը համապատասխան այլ աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել հաշվարկված միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 15.06.2015 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.04.2016 թվականի որոշմամբ Նելլի Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.06.2015 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Գալստյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 1-ին մասը և 152-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Գալստյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 15.06.2015 թվականի որոշումը թողնելով անփոփոխ, խախտել է Նելլի Գալստյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, քանի որ դեռևս 01.06.2011 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումը դատարանը վերադարձրել էր, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույն որոշումը թողել էր օրինական ուժի մեջ՝ ամրագրելով, որ սույն գործը ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին: Այնուհետև սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերում պատճառաբանել են, որ սույն գործը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում: Այսինքն՝ ստորադաս դատարանների դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, որի հետևանքով Նելլի Գալստյանը չի կարողանում լիարժեք կերպով իրացնել իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը.

1) Վարչության պետի 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանի համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 168-րդ և 173-րդ հոդվածների ուժով լուծվել է Վարչության Կապանի անձնագրային բաժանմունքի ավագ անձնագրավար Նելլի Գալստյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 22):

2) ՀՀ ոստիկանության պետի 07.11.2008 թվականի թիվ 2984-Ա հրամանի թիվ 1 հավելվածի համաձայն՝ Վարչության անձնագրավարի և ավագ անձնագրավարի պաշտոններն ընդգրկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող պաշտոնների ցանկում (հատոր 2-րդ, գ.թ. 105-106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերի ընդդատության տարանջատման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հանրային ծառայության հետ կապված վեճերի վերաբերյալ գործերի ընդդատության հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթ է պարունակում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (...), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (...) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (...) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որը կարգավորում է դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից: Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով, մասնավորապես՝ կոնկրետ գործի` առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանն է:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն էր հանձնել հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը` հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը, մինչդեռ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վկայակոչված հոդվածը փոփոխելով` օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել նաև ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Այսինքն` օրենսդիրը, 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ավելացնելով «ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» օրենսդրական ձևակերպումը, նպատակ է հետապնդել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը լուծել վարչական դատավարության կարգով (տե՛ս, նաև Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ վերոգրյալ պայմանները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ըստ Վարչության պետի 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանի՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 168-րդ և 173-րդ հոդվածների ուժով լուծվել է Կապանի անձնագրային բաժանմունքի ավագ անձնագրավար Նելլի Գալստյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: ՀՀ ոստիկանության պետի 07.11.2008 թվականի թիվ 2984-Ա հրամանի թիվ 1 հավելվածի համաձայն՝ Վարչության անձնագրավարի և ավագ անձնագրավարի պաշտոններն ընդգրկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող պաշտոնների ցանկում:

Դատարանը սույն գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Վարչության պետի 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանը ոչ թե արտաքին ներգործություն ունեցող վարչական, այլ ներքին ներգործություն ունեցող անհատական իրավական ակտ է, իսկ ներքին ներգործություն ունեցող անհատական իրավական ակտը վարչական դատավարության կարգով կարող է բողոքարկվել, եթե այն ընդունվել է բացառապես հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու առնչությամբ, հետևաբար սույն վեճը ենթակա է քննության ոչ թե վարչական, այլ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Գալստյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Նելլի Գալստյանն աշխատանքից ազատվելու դրությամբ չի համարվել ոստիկանության ծառայող, որպիսի պայմաններում Վարչության պետի 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանը չի կարող հանդիսանալ արտաքին ներգործություն ունեցող վարչական ակտ և չի կարող վիճարկվել վարչական դատարանում, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ նախկինում կայացված որոշման շրջանակներում իրավական դիրքորոշում է արտահայտվել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման հարցի վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը միջազգային իրավական և սահմանադրաիրավական համապատասխան նորմերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ բողոքարկման իրավունքը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչներից մեկը, հետևաբար գտել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անհամատեղելի է անձի դատական պաշտպանության իրավունքի հետ: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման և ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են (mutatis mutandis) խնդրո առարկա որոշմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ անդրադառնալով սույն գործով վիճելի իրավահարաբերության բնույթին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։ Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը։ Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ։ Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերը նշված իրավական կարգավորումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճը կապված չէ հանրային ծառայությունից ազատելու հետ, քանի որ Նելլի Գալստյանը 15.03.2011 թվականին աշխատանքից ազատվելու դրությամբ չի համարվել ոստիկանության ծառայող: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում ՀՀ ոստիկանության պետի 07.11.2008 թվականի թիվ 2984-Ա հրամանը, որի համաձայն՝ Վարչության ավագ անձնագրավարի պաշտոնն ընդգրկվել է տեխնիկական սպասարկում իրականացնող պաշտոնների ցանկում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ կատարված վերլուծությունների հաշվառմամբ գտնում է, որ Վարչության պետի 15.03.2011 թվականի թիվ 141-Ա հրամանի վիճարկման հետ կապված իրավահարաբերությունները ներառված են ոչ թե հանրային ծառայության, այլ՝ աշխատանքային իրավունքի կարգավորման ոլորտում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ենթակա են կիրառման ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքները:

Անդրադառնալով այդ հետևանքներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովել դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Ընդ որում, այս կառուցակարգը վարչական դատավարության համակարգ է ներդրվել 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (մինչ այդ գործող` 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ընդդատության կանոնի խախտումը դիտում էր որպես գործի վարույթի կարճման հիմք): Հայցադիմումը վերահասցեագրելը սահմանելով որպես վարչական դատարանի պարտականություն` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: Այսպիսով, վարչական դատարանը, կաշկանդված լինելով արդարադատության պատշաճ իրականացման և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովման կոնվենցիոն կարգավորումներով, պարտավոր է պարզել՝ արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին, թե` ոչ, և գործը վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության` դրանով իսկ ապահովելով անձի` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է, որ վարչական դատարանին որևէ գործի ընդդատյա չլինելու հանգամանքն այդ գործի քննության ընթացքում պարզվելու իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական դատարանը պետք է որոշում կայացնի տվյալ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, այլ կերպ ասած՝ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ վարչական դատարանում քննության, գործի վարույթը կարճել է: Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Գալստյանի վերաքննիչ բողոքը, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները և գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը ենթակա էր կարճման:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ստորադաս դատարանները հանգել են այն իրավաչափ եզրակացության, որ սույն գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից, այդուհանդերձ կիրառել են գործի վարույթը կարճելու լիազորությունն այն պարագայում, երբ սույն գործով առկա էր հայցադիմումի վերահասցեագրման հիմք: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը, գործի քննության ընթացքում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, անձի իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովման նկատառումներից ելնելով` պետք է իրականացներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածով իր վրա դրված՝ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու պարտականությունը, ինչը չի արել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սահմանափակվել է Նելլի Գալստյանի` վճռաբեկ բողոքի հիմքում նշված՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործը համապատասխան ընդհանուր իրավասության դատարան վերահասցեագրելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան