Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0139/02/15

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0139/02/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

 Ս. Միքայելյան

 

 Գ. Խանդանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկուշ Ասատրյանի ընդդեմ Գևորգ Մկրտչյանի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկուշ Ասատրյանը պահանջել է սահմանել իր երեխայի` անչափահաս Գոռ Մկրտչյանի հետ տեսակցության կարգ` յուրաքանչյուր շաբաթ երեք օր տևողությամբ, հոր` Գևորգ Մկրտչյանի բացակայությամբ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2015 թվականի որոշմամբ Գևորգ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բեգլարյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է` Հայկուշ Ասատրյանին թույլատրվել է տեսակցել իր երեխայի` Գոռ Մկրտչյանի հետ յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը` ժամը 10:00-ից մինչև կիրակի օրը ժամը 10:00-ն, Հայկուշ Ասատրյանի բնակության վայրում` գիշերակացով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2016 թվականի որոշմամբ Հայկուշ Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 26.02.2016 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` Հայկուշ Ասատրյանի և իր անչափահաս երեխայի` Գոռ Մկրտչյանի տեսակցության օրեր են սահմանվել յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը` ժամը 14:00-ից մինչև կիրակի օրը երեկոյան ժամը 18:00-ն` անընդմեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (ընդունվել է 20.11.1989 թվականին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 22.07.1993 թվականից) 3-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին կետը և 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը որոշում կայացնելիս հիմք է ընդունել երեխայի շահերի ապահովումը և կայացրել է իրավաչափ վճիռ` հիմնվելով գործի փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտության վրա: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայկուշ Ասատրյանն աշխատում է խանութում, և երեխայի հետ խանութ-սրահում տեսակցելը չի բխում վերջինիս լավագույն շահերից: Միևնույն ժամանակ Գևորգ Մկրտչյանն աշխատում է ամսվա մեջ 10 օր և ավելի երկար ժամանակ կարող է անցկացնել երեխայի հետ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ոչ նպատակահարմար է համարել սույն վեճի լուծումը խնամակալության և հոգաբարձության մարմնի տված եզրակացությանը համապատասխան այն պարագայում, երբ հիշյալ եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով կողմերի կյանքի հետազոտությունը, և այն բխում է երեխայի լավագույն շահերի առավել ապահովման իրավական պահանջի իրացման անհրաժեշտությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.02.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գորիսի տարածքային բաժնի կողմից 22.07.2009 թվականին տրված թիվ ԱԲ 015757 ծննդյան վկայականի համաձայն` 21.07.2009 թվականին ծնված Գոռ Մկրտչյանի ծնողներն են Գևորգ Մկրտչյանը և Հայկուշ Ասատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) Թիվ ՍԴ3/0267/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2012 թվականի վճռի համաձայն` 21.07.2009 թվականին ծնված Գոռ Մկրտչյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է Գևորգ Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 13-18):

3) Գորիսի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.01.2016 թվականի եզրակացության համաձայն` որոշվել է Գոռ Մկրտչյանի և նրա մոր` Հայկուշ Ասատրյանի հետ սահմանել տեսակցության հետևյալ կարգը. «շաբաթ օրը ժամը 10:00-ից մինչև կիրակի օրը ժամը 10:00-ը երեխան գիշերակացով մնում է մոր մոտ, հետո երեխային տանում է հոր մոտ: Շաբաթվա մյուս օրերին երեխան մնում է հոր մոտ: Այսպես ամսվա մյուս շաբաթների համար» (հատոր 1-ին, գ.թ. 103):

4) Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի (այսուհետ` Դպրոց) տնօրեն Կ. Մովսիսյանի կողմից տրված գրության համաձայն` Հայկուշ Ասատրյանը պարբերաբար այցելում է իր որդուն. այդ հանդիպումներից հետո նկատելի է երեխայի ոգևորությունը և ուսման հանդեպ նրա հետաքրքրության բարձրացումը: Հայկուշ Ասատրյանը սիրում է որդուն, ցանկանում է շփվել որդու հետ և ամեն ինչ անում է նրան հոգեբանական սթրես չպատճառելու համար (հատոր 1-ին, գ.թ. 114):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. շաբաթվա հանգստյան օրերին երեխայի` միայն իրենից առանձին ապրող ծնողի հետ տեսակցության կարգի սահմանումը բխու՞մ է արդյոք երեխայի լավագույն շահերից:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ (...):

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները (...) երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, նաև Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխային, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխայի դաստիարակության և զարգացման համար: Ընդ որում, երեխաների դաստիարակության հարցում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին, երեխան, իր հերթին, ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացումը:

Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս, Mustafa and Armağan Akın v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում նաև ծնողի` իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքը, և անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում օժանդակելու այդ վերամիավորմանը: Ընդ որում, պետության վերոհիշյալ պոզիտիվ պարտականությունը տարածվում է նաև երեխայի հետ շփվելու և բնակության վայրի վերաբերյալ ծնողների և (կամ) երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ծագած վեճերի վրա (տե՛ս, Gluhaković v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, 56-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ծնողական իրավունքները, այդ թվում նաև` երեխայից առանձին ապրող ծնողի կողմից իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքը, չեն կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ. դրանց իրականացումը չպետք է վնասի երեխայի շահերին: Փաստորեն, երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե դատարանի կողմից քննվող վեճը լուծելիս կիրառվող միջոցն ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի շահերի վրա, մասնավորապես` նրա հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ևս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Եվրոպական դատարանը ևս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ):

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ երեխայի` ծնողներից մեկից կամ երկուսից առանձին բնակվելը, ծնողների ամուսնալուծված լինելը կամ արտասահմանում բնակվելը չպետք է խոչընդոտեն ծնողների հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու երեխայի իրավունքի, ինչպես նաև երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքի իրականացմանը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ավելին, ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի իրավունքներին ու լավագույն շահերին հակառակ, և երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երեխայից առանձին բնակվող ծնողի ծնողական իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև տվյալ ծնողին առնչվող ուշադրության արժանի հանգամանքները, եթե դրանք հաշվի առնելը չի հակասում երեխայի լավագույն շահերին:

Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում է արձանագրել այն դեպքում, երբ տեսակցության կարգ սահմանելիս հաշվի չի առնվել ամուսնալուծված և երեխայից առանձին բնակվող հոր ուշադրության արժանի այնպիսի անձնական հանգամանքը, ինչպիսին է վերջինիս աշխատանքային գրաֆիկը, որը խոչընդոտել է ըստ սահմանված տեսակցության կարգի երեխայի հետ շփվելուն և հորը զրկել է իր երեխային արդյունավետ տեսակցելու հնարավորությունից (տե՛ս, Gluhaković v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Հայաստանի Հանրապետության ներպետական ընտանեկան օրենսդրությամբ, թե՛ միջազգային իրավական ակտերում «երեխայի լավագույն շահ» հասկացության բովանդակությունը հստակեցված չէ. նշված հասկացության բովանդակությունը ենթակա է բացահայտման իրավակիրառ (հատկապես` դատական) պրակտիկայի շրջանակներում:

Այսպես` Եվրոպական դատարանն անդրադարձել է օրենսդրական ձևակերպումներին ուղղված իրավական որոշակիության սկզբունքից բխող պահանջներին և դիրքորոշում արտահայտել առ այն, որ օրենքներում քիչ թե շատ անորոշ տերմինների առկայությունն անխուսափելի է, քանի որ դրա միջոցով ապահովվում է իրավունքի ճկունությունն ու ունակությունը` հետևելու փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար որոշակիության պահանջը բացարձակ չէ, և օրենքներում առկա որոշ եզրույթների մեկնաբանումն ու կիրառումը դատական պրակտիկայի խնդիրն է (տե՛ս, The Sunday Times v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, 49-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ գտել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Բացի այդ, համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (տե՛ս, Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ):

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը (տե՛ս, Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի երեխայի դաստիարակության վերաբերյալ գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնին դատավարությանը մասնակից դարձնելը: Նշված մարմնի վրա ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով դրված է երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն անցկացնելու պարտականություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է նաև հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը ներկայացնել դատարան: Թեև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը դատարանի համար կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը: Այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի գործի ելքը:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ երեխայի դաստիարակության հետ կապված յուրաքանչյուր գործ քննելիս դատարանը պետք է բացահայտի երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` դատարանը, գործին մասնակից դարձնելով խնամակալության և հոգաբարձության մարմնին, պետք է հավաստիանա երեխայի դաստիարակությանը հավակնող անձի կյանքի հետազոտության արդյունքում կայացված եզրակացության հիմնավորվածության մեջ, ապա այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի, թե ծնողական իրավունքների իրականացման ինչպիսի միջոց պետք է սահմանվի: Այլ կերպ ասած` դատարանը չի կարող ընդհանուր իրավական դատողությունների միջոցով բացահայտել երեխայի լավագույն շահերն ու սահմանվող միջոցի ազդեցությունը դրանց վրա, այլ պետք է յուրաքանչյուր գործով հավասարակշռի ծնողի իրավունքներն ու անձնական հանգամանքները և երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` պարզի, թե արդյոք ծնողական իրավունքի իրականացման սահմանվող եղանակը բացասական ազդեցություն կունենա երեխայի հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Հայկուշ Ասատրյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է իր երեխայի` Գոռ Մկրտչյանի հետ սահմանել տեսակցության կարգ` «յուրաքանչյուր շաբաթ երեք օր տևողությամբ, հոր` Գևորգ Մկրտչյանի բացակայությամբ»:

Դատարանը, հիմք ընդունելով Հանձնաժողովի 21.01.2016 թվականի եզրակացությունը, վճռով սահմանել է Հայկուշ Ասատրյանի կողմից իր երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության հետևյալ կարգը. «յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը ժամը 10:00-ից մինչև կիրակի օրը ժամը 10:00-ն` Հայկուշ Ասատրյանի բնակության վայրում` գիշերակացով»:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շաբաթվա մեջ մեկ օր մոր հետ շփվելը չի բխում երեխայի շահերից, մասնակիորեն բավարարել է Հայկուշ Ասատրյանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` սահմանել է Հայկուշ Ասատրյանի կողմից իր երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության նոր կարգ` «յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը ժամը 14:00-ից մինչև կիրակի օրը երեկոյան ժամը 18:00-ն` անընդմեջ»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև երեխայի դաստիարակության հետ կապված գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության առկայությունը պարտադիր է և այն կրում է մասնագիտական բնույթ, այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի ներկայացված հայցապահանջների մերժման կամ բավարարման հարցը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մի կողմից, տեսակցության նոր կարգ սահմանելիս իրավացիորեն հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դատարանը չպետք է հիմնվեր բացառապես Հանձնաժողովի եզրակացության վրա. Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով երեխայի տարիքը, վերջինիս և մոր բնական կապը, երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության, բարոյական զարգացման համար մոր հետ շփվելու անհրաժեշտությունը և Հայկուշ Ասատրյանի և իր որդու` Դպրոցի տնօրենի կողմից բնութագրվող հարաբերությունների բնույթը, գտել է, որ շաբաթվա մեջ մեկ օր երեխայի հետ շփվելը չի բխում վերջինիս շահերից, մինչդեռ, մյուս կողմից, Վերաքննիչ դատարանը թեև հիմնավորել է, որ Դատարանի սահմանած տեսակցության կարգը չի բխում երեխայի լավագույն շահերից, սակայն չի պատճառաբանել, թե տեսակցության իր սահմանած կարգը որքանով է համապատասխանում երեխայի լավագույն շահերին` որոշման հիմքում դնելով միայն Դպրոցի տնօրենի կողմից տրված գրությունը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բոլոր հանգստյան օրերին երեխայի գտնվելը մոր մոտ, իսկ աշխատանքային օրերին` միայն հոր մոտ, առերևույթ չի բխում երեխայի լավագույն շահերից, քանի որ երեխայի հոգեկան, հոգևոր ու ֆիզիկական առողջ զարգացման համար անհրաժեշտ է, որ վերջինս հանգստյան օրերին բացառապես չգտնվի ծնողներից մեկի մոտ` մշտապես զրկված լինելով մյուս ծնողի ներկայությունից: Այս առումով Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ ինչպես երեխան, այնպես էլ նրանից առանձին ապրող ծնողն ունեն միմյանց հետ արդյունավետ շփվելու իրավունք, սակայն ծնողի այդ իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ դրա իրականացումը հակասում է երեխայի լավագույն շահերին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն բացահայտել Գոռ Մկրտչյանի լավագույն շահերն ու վերջինիս` շաբաթվա հանգստյան օրերին միայն իրենից առանձին ապրող մոր հետ տեսակցության կարգի հնարավոր ազդեցությունն իր լավագույն շահերի վրա, հետևաբար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում տեսակցության նոր կարգ սահմանելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան