ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/10561/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/10561/05/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշման դեմ` ըստ Մեխակ Գաբրիելյանի հայցի ընդդեմ Նախարարության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մեխակ Գաբրիելյանը պահանջել է վերացնել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի ««Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.05.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես` 02.11.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, 11.01.2010 թվականին կնքված համաձայնագիրը, վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փորձաքննության ակտերը: Նշված ապացույցների սխալ գնահատման հետևանքով Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով եկել է այն եզրահանգման, որ «ԳՈԼԴԵՆ ՖԻԼԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) կողմից ներկրված ապրանքն այլ անձի՝ «ԱՅՋԻՎԻԱՅ» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) չի հանձնվել: Մինչդեռ մաքսային մարմնի տրամադրության տակ եղած ապացույցները բավարար են Ընկերության կողմից ներկրված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների հանձնման փաստն ապացուցելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 02.12.2010 թվականի թիվ C-38213, 13.12.2010 թվականի թիվ C-39659, 22.12.2010 թվականի թիվ C-40991, 10.01.2011 թվականի թիվ C-118, 20.09.2011 թվականի թիվ C-30048 բեռնամաքսային հայտարարագրերի համաձայն՝ Ընկերությունը «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 401.873.571 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանք (անկար խողովակ) (հատոր 1-ին, գ.թ. 61, 65, 68, 72, 75):
2. Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Կատարող) միջև 02.11.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագրի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է անորոշ ժամկետով Պատվիրատուի նյութերով (մետաղական խողովակներ) կատարել ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնների արտադրման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 19-21):
3. 11.01.2010 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագիրը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 22):
4. Ընկերության (Պատվիրատու) և Կազմակերպության (Կատարող) միջև 01.12.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագրի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է 01.12.2009 թվականից մինչև 01.12.2010 թվականը Պատվիրատուի նյութերով (մետաղական խողովակներ) կատարել ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնների արտադրման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 58-60):
5. Որպես Ընկերության կողմից վերամշակված արտադրանքի ծագման երկիրը որոշելու փորձագիտական եզրակացություններ Դատարան են ներկայացվել մի շարք օտարալեզու փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 64, 67, 71, 74, 77, 79, 82):
6. Իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03Ա074680 վկայականի համաձայն՝ Մեխակ Գաբրիելյանը 02.09.2010 թվականից Ընկերության տնօրենն է (հատոր 1-ին, գ.թ. 86):
7. Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն՝ Մեխակ Գաբրիելյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.936.786 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Ընկերությունը 2010-2011 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 401.873.571 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանք (անկար խողովակ) և մաքսային հսկողության ներքո գտնվող այդ ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը՝ վերամշակման համար (հատոր 1-ին, գ.թ. 16-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կիրառման առանձնահատկությունների, ինչպես նաև օտարալեզու գրավոր ապացույցը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ չներկայացնելու իրավաբանական հետևանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.
1) վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը կարո՞ղ է արդյոք համարվել ապահովված այն պարագայում, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ չի ձեռնարկել համարժեք միջոցներ գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցի պարզման ուղղությամբ,
2) կարո՞ղ է արդյոք վարչական դատարանը գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հաստատել օտարալեզու ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով՝ չպահանջելով օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից ներկայացնել այդ ապացույցը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանության ձևով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է (...) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս Ջաջուռի գյուղապետարանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է. այն նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ՝ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները (տե'ս Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում (...) (գ) «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել մաքսային այն կանոնների խախտման համար, որոնք կապված են մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածի ուժով գործող սահմանափակումների հետ և չեն առնչվում պետության ֆինանսական շահերին, մաքսային վճարների վճարման պարտականության կատարմանը, ինչպես նաև այդպիսի պարտականության կատարման ապահովմանը: Նշված վարչական իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության սահմանված կարգի դեմ և դրսևորվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու, օտարելու, ոչնչացնելու կամ կորցնելու եղանակով: Նշված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնված, օտարված, ոչնչացված կամ կորցված ապրանքի մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթից բխում է, որ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը գտնվում են մաքսային հսկողության ներքո: Հետևաբար ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվություն կարող է առաջանալ նաև «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողումն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու, օտարելու, ոչնչացնելու կամ կորցնելու դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մեխակ Գաբրիելյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Նշված վարչական ակտով Ընկերության տնօրեն Մեխակ Գաբրիելյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.936.786 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Ընկերությունը 2010-2011 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 401.873.571 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանք (անկար խողովակ) և մաքսային հսկողության ներքո գտնվող այդ ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը՝ վերամշակման համար:
Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման հիմքում ընկած է այն փաստը, որ Ընկերության կողմից 2010-2011 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է Կազմակերպությանը: Հետևաբար Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե Ընկերության կողմից 2010-2011 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է արդյոք Կազմակերպությանը, թե՝ ոչ:
Վարչական մարմինը սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ փաստը ապացուցված է համարել Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին և 01.12.2009 թվականին կնքված պայմանագրերի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերի հիման վրա: Այսպես, ըստ վարչական մարմնի` այդ ապացույցները հիմք են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ Ընկերությունը 2010-2011 թվականների ընթացքում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծած և մաքսային հսկողության ներքո գտնվող 401.873.571 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել է Կազմակերպությանը՝ վերամշակման համար: Այնուհետև վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը՝ ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնները, վերաարտահանելու համար Ընկերությունը դիմել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և ստացել ծագման երկրի վերաբերյալ հավաստագրեր՝ կից վերոգրյալ փորձաքննության ակտերով, որոնցում որպես ապրանքի արտադրող նշված է Կազմակերպությունը:
Սույն գործով Դատարանը բավարարել է Մեխակ Գաբրիելյանի հայցը և անվավեր է ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 13.09.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը՝ պատճառաբանելով նաև, որ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստը չի ապացուցվել: Այսպես, ըստ Դատարանի եզրահանգման՝ վարչական մարմինը նշված փաստը հաստատված է համարել Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին և 01.12.2009 թվականին կնքված պայմանագրերի և «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերի հիման վրա, որոնք տրամադրվել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Մինչդեռ Դատարանը գտել է, որ վերոգրյալ ապացույցներով չի հաստատվում Ընկերության կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքը հանձնելու փաստը:
Վերաքննիչ դատարանը մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագիրը լուծվել է 11.01.2010 թվականին կողմերի միջև կնքված համաձայնագրով, իսկ Ընկերության և Կազմակերպության միջև 01.12.2009 թվականին կնքված պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 01.12.2010 թվականին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված համապատասխան փորձաքննության ակտերում նշված տվյալներն ինքնին բավարար չեն Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող անկար խողովակներն առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստը հաստատված համարելու համար:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը՝ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը, ստորադաս դատարանները պարզել են Կոմիտեի (Նախարարության) կողմից ներկայացված հետևյալ ապացույցների՝ Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին և 01.12.2009 թվականին կնքված պայմանագրերի, 02.11.2009 թվականի պայմանագիրը լուծելու վերաբերյալ 11.01.2010 թվականի համաձայնագրի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերի հետազոտման և գնահատման միջոցով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է Կոմիտեն (Նախարարությունը), քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Այդուհանդերձ, Դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր էր սույն գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Տվյալ դեպքում ապացուցման բեռի բաշխման կանոնները վճռորոշ նշանակություն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի իրագործման պայմաններում ձեռք բերված ապացույցները բավարար չլինեն սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, մասնավորապես՝ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստի, առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար:
Մինչդեռ սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են, որ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքը (անկար խողովակը) կարող էր առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնված լինել Կազմակերպությանը՝ անկախ վերջիններիս միջև պայմանագրային հարաբերությունների առկայությունից կամ բացակայությունից: Այլ կերպ ասած` Ընկերության և Կազմակերպության միջև 02.11.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագրի՝ 11.01.2010 թվականի համաձայնագրով լուծված լինելը, ինչպես նաև Ընկերության և Կազմակերպության միջև 01.12.2009 թվականին կնքված պայմանագրի գործողության ժամկետը 01.12.2010 թվականին ավարտված լինելը չեն կարող անվիճելիորեն վկայել այն մասին, որ Ընկերությունը մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության չի հանձնել Կազմակերպությանը: Ավելին` սույն գործի փաստական կողմի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմելով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ Ընկերությունը ներկայացրել է 02.11.2009 թվականին կնքված թիվ 01/09 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տրամադրած փորձաքննության ակտերով որպես արտահանվող ապրանքի (ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնների) արտադրող նշվել է Կազմակերպությունը, այլ ոչ թե Ընկերությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր էր իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը՝ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով: Մինչդեռ Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի էությունից բխող վերոգրյալ դատավարական պարտականությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նշված փաստի հաստատման կամ հերքման հարցում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերի ապացուցողական նշանակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարությունն ընթանում է հայերեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմը, նրա ներկայացուցիչը (...) իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են (...) գրավոր ապացույցները (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր): Գրավոր ապացույցներ են նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնել օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Նման թարգմանություն չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ապացույցները վարչական դատավարությունում մեծ ապացուցողական նշանակություն ունեցող և տարածված ապացուցման միջոցներ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածում ամրագրված ձևակերպումից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ: Ընդ որում, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի այն տեղեկությունը (միտքը), որը տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների միջոցով արտացոլված է որոշակի նյութական կրիչի վրա և ընկալվում է դրա բովանդակության (տեքստի) ընթերցման միջոցով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով օրենսդիրը կարգավորել է օտար լեզվով կազմված գրավոր ապացույցները հայերեն թարգմանությամբ ներկայացնելու կարգը և չթարգմանված ապացույցները դատարան ներկայացնելու դատավարական հետևանքները: Այսպես, վկայակոչված հոդվածի 8-րդ մասի ուժով դատարանն իրավասու է դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ օտարալեզու ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել ներկայացնել նույն ապացույցը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանության տեսքով: Ընդ որում, վարչական դատարանի նշված պահանջը չկատարելու դատավարական հետևանքները հանգում են հետևյալին. դատարանի պահանջից հետո օտար լեզվով կազմված գրավոր ապացույցի փոխարեն դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Հիմք ընդունելով սահմանադրաիրավական այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով ամրագրված դատավարության լեզվի սկզբունքը, ինչպես նաև քննարկվող հարցի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարությունում օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակիցների կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում գրավոր ապացույցը համարվում է պատշաճորեն թարգմանված, եթե թարգմանության իսկությունը վավերացված է նոտարական կարգով («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և 68-րդ հոդված): Օտարալեզու գրավոր ապացույցի հետ մեկտեղ դրանց պատշաճորեն հաստատված (թարգմանության իսկությունը նոտարական կարգով վավերացված) հայերեն թարգմանությունները չներկայացվելու դեպքում վարչական դատարանը պետք է օտար լեզվով կազմված փաստաթղթերը հանի հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Այլ կերպ ասած՝ վարչական դատարանը պարտավոր է օտար լեզվով կազմված գրավոր ապացույցը ճանաչել անթույլատրելի և հանել գործում առկա ապացույցների կազմից, եթե այդ ապացույցը ներկայացրած դատավարության մասնակիցը չի ներկայացրել նաև դրա պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը:
Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի հիմքում վարչական մարմնի կողմից դրված «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերը սույն գործում բացակայում են. փոխարենը ներկայացված են թվով 7 օտարալեզու փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 64, 67, 71, 74, 77, 79, 82):
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի էությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված՝ օտար լեզվով կազմված փաստաթղթերը հայերեն թարգմանությամբ ներկայացնելու կարգը և չթարգմանված ապացույցները դատարան ներկայացնելու դատավարական հետևանքները: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ օտարալեզու ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից՝ Կոմիտեից (Նախարարությունից) պահանջեր ներկայացնել նույն ապացույց՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանության տեսքով: Այլ կերպ ասած` Դատարանը չէր կարող իր վճռի հիմքում դնել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ՍՊԸ-ի թվով 7 փորձաքննության ակտերը, որոնք սույն գործում առկա չեն կամ ենթադրաբար ներկայացված են օտարալեզու փաստաթղթերի տեսքով:
Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Դատարանը սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող՝ Ընկերության կողմից ներմուծված և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքն (անկար խողովակը) առանց մաքսային մարմնի թույլտվության Կազմակերպությանը հանձնված լինելու փաստի բացակայությունը հաստատված է համարել ենթադրաբար օտար լեզվով կազմված ու օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ չներկայացված փաստաթղթերի հիման վրա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմերի վերը նշված խախտումները վերացնելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.01.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|