Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1590/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1590/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան  

Դատավորներ՝

 Կ. Հակոբյան

   Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Մանձիկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Մանձիկյանի ընդդեմ Սամվել, Ռաֆայել և Վահագն Օհանջանյանների, Սվետլանա Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Մանձիկյանը պահանջել է Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտությամբ բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի վրա 01.10.2011 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) 01.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Սամվել Օհանջանյանից հօգուտ Արամ Մանձիկյանի բռնագանձվել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով նշված գումարի վրա հաշվարկված տոկոսները` 01.10.2011 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, իսկ մյուս պատասխանողներին ուղղված պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) 23.01.2015 թվականի որոշմամբ Արամ Մանձիկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանների, Սվետլանա Աղաջանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Սամվել Օհանջանյանից հօգուտ Արամ Մանձիկյանի բռնագանձվել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով նշված գումարի վրա հաշվարկված տոկոսները` 01.10.2011 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, իսկ մյուս պատասխանողներին ուղղված պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2016 թվականի որոշմամբ Արամ Մանձիկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Մանձիկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ և 376-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 346-րդ, 347-րդ, 360-րդ, 362-րդ, 878-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մի կողմից Արամ Մանձիկյանի և մյուս կողմից Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյանների և Սվետլանա Աղաջանյանի միջև փոխառության պայմանագրի կնքված լինելը հավաստող ստացականի բովանդակությունից հետևում է, որ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները, Սվետլանա Աղաջանյանը ոչ թե երաշխավորներ են, այլ` համապարտ պարտապաններ Սամվել Օհանջանյանի հետ միասին: Այսինքն՝ Արամ Մանձիկյանը փոխառության պայմանագիր է կնքել Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյանների և Սվետլանա Աղաջանյանի հետ, որոնք փոխառուներ են և համապարտ պատասխանատվություն են կրում փոխառության պայմանագրով իրենց ստանձնած պարտավորության կատարման համար: Հետևաբար Արամ Մանձիկյանը՝ որպես պարտատեր, իրավունք ունի պահանջելու բոլոր համապարտ պարտապաններից՝ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից, համատեղ կատարելու փոխառության պայմանագրից բխող իրենց պարտավորությունը:

Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում վիճելի փոխառության պայմանագրի կնքված լինելը հավաստող ստացականը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես երաշխավորության պայմանագիր, քանի որ այն չի համապատասխանում քաղաքացիական օրենսդրությամբ երաշխավորության պայմանագրին ներկայացվող պահանջներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը`

1. 18.10.2009 թվականին տրված ստացականի համաձայն՝ «Ես՝ Սամվել Օհանջանյանս (...), վերցրել եմ Արամ Մանձիկյանից 15.000 ԱՄՆ դոլար (...)։ Պարտավորվում եմ վերադարձնել մինչև 2011 թվականի հոկտեմբերը, որի համար ստորագրում եմ: (...) Ստացած գումարի համար պատասխանատվություն են կրում իմ ընտանիքի անդամները՝ Աղաջանյան Սվետլանա, (...) Օհանջանյան Ռաֆայել (...) Օհանջանյան Վահագն (...)»: Ստացականում առկա են ինչպես Սամվել Օհանջանյանի, այնպես էլ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանների, Սվետլանա Աղաջանյանի անձնագրային տվյալները և ստորագրությունները (հատոր 1-ին, գ.թ. 69):

2. Սույն գործում առկա չէ որևէ ապացույց՝ 18.10.2009 թվականի ստացականով ստանձնած պարտավորությունները կատարված լինելու փաստի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 376-րդ, 878-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. կողմերի միջև երաշխավորության իրավահարաբերությունների առկայությունը կար՞ող է արդյոք հաստատվել փոխառության պայմանագրի կնքված լինելը հավաստող ստացականի միջոցով, եթե այդ փաստաթղթում կողմերը հստակորեն չեն դրսևորել իրենց կամարտահայտությունը երաշխավորության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել (...) երաշխավորությամբ (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն` երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է` (...) (4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: Ստացական տալը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունը ում ներկայությամբ, կամ թե որտեղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանը ընդունել է (ճանաչել է) իր պարտքը պարտատիրոջ հանդեպ (տե՛ս, Վահե Սիմոնյանն ընդդեմ Հարություն Զուլումյանի թիվ 3-152(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երաշխավորության՝ որպես պարտավորությունների, այդ թվում նաև՝ փոխառության պարտավորության կատարման ապահովման միջոցի ապահովող բնույթը հանգում է հետևյալին. հիմնական պարտավորության պարտատիրոջ և երաշխավորի միջև ձևավորվում է հիմնական պարտավորության նկատմամբ լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն, որի ուժով հիմնական պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հիմնական պարտավորության պարտատերը հնարավորություն է ստանում իր պահանջները ներկայացնելու երաշխավորին (երաշխավորներին): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 376-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ գրավոր ձևը չպահպանելն անվավեր է դարձնում այդ պայմանագիրը: Այն կարող է ձևակերպվել ինչպես հիմնական պայմանագրի տեքստում որպես առանձին կետ, այնպես էլ առանձին փաստաթղթով: Երկու դեպքում էլ պայմանագիրը պետք է ստորագրեն երաշխավորության պայմանագիր կնքող անձինք՝ մի կողմից հիմնական պարտավորության պարտատերը, իսկ մյուս կողմից այդ պարտավորության կատարման երաշխավորը՝ հստակորեն դրսևորելով իրենց կամարտահայտությունը երաշխավորության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 18.10.2009 թվականին տրված ստացականում նշված է, որ Սամվել Օհանջանյանն Արամ Մանձիկյանից վերցրել է 15.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը, իսկ Սամվել Օհանջանյանի ընտանիքի անդամներ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները, Սվետլանա Աղաջանյանը պատասխանատվություն են կրում ստացված գումարի համար: Ընդ որում, նշված ստացականում Արամ Մանձիկյանի ստորագրությունը բացակայում է:

Դատարանը Արամ Մանձիկյանի կողմից ներկայացված հայցը՝ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, բավարարել է մասնակիորեն՝ միայն Սամվել Օհանջանյանից գումարի բռնագանձման պահանջի մասով, իսկ Ռաֆայել և Վահագն Օհանջանյաններից, Սվետլանա Աղաջանյանից գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժել է: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ 18.10.2009 թվականին տրված ստացականի բովանդակությունից հետևում է, որ մի կողմից Արամ Մանձիկյանի և մյուս կողմից Ռաֆայել և Վահագն Օհանջանյանների ու Սվետլանա Աղաջանյանի միջև առկա են ոչ թե փոխառության, այլ երաշխավորության հարաբերություններ, որոնք դադարել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով, քանի որ Արամ Մանձիկյանը երաշխավորությամբ ապահովված հիմնական պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորների դեմ հայց չի հարուցել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արամ Մանձիկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ 18.10.2009 թվականին տրված ստացականի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանը Սամվել Օհանջանյանի և Արամ Մանձիկյանի միջև կնքված փոխառության պայմանագրի երաշխավորներ չեն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ստացականը չի կարող բավարար հիմք հանդիսանալ մի կողմից Արամ Մանձիկյանի, իսկ մյուս կողմից Ռաֆայել և Վահագն Օհանջանյանների ու Սվետլանա Աղաջանյանի միջև երաշխավորության պայմանագիր կնքելու վերաբերյալ վերջիններիս փոխադարձ կամարտահայտության առկայությունը հաստատելու համար: Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ստացականում պարտատիրոջ՝ Արամ Մանձիկյանի ստորագրությունն առկա չէ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ երաշխավորության պայմանագիրը պետք է ստորագրեն երաշխավորության պայմանագիր կնքող անձինք՝ մի կողմից հիմնական պարտավորության պարտատերը, իսկ մյուս կողմից այդ պարտավորության կատարման երաշխավորը, որոնք հստակորեն դրսևորում են իրենց կամարտահայտությունը երաշխավորության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ 18.10.2009 թվականին տրված ստացականով Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանը ոչ թե պատասխանատվություն են ստանձնել Արամ Մանձիկյանից ստացված գումարի վերադարձման համար Սամվել Օհանջանյանի կողմից այդ գումարի վերադարձման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, այլ պատասխանատվություն են ստանձնել փոխառության գումարի վերադարձման համար՝ որպես պարտապաններ: Այլ կերպ ասած՝ նշված ստացականի բովանդակությունից հետևում է, որ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանը չեն ստանձնել (կամարտահայտություն չեն դրսևորել ստանձնելու) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխավորին բնորոշ պարտավորություններ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերով չի հաստատվում այն հանգամանքը, որ 18.10.2009 թվականին տրված ստացականով հավաստվող փոխառության պայմանագիրը կնքվել է միայն Սամվել Օհանջանյանի՝ որպես պարտապանի, և Արամ Մանձիկյանի՝ որպես պարտատիրոջ, միջև, իսկ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանն այդ պայմանագրով Սամվել Օհանջանյանի ստանձնած պարտավորության կատարման երաշխավորներ են: Հետևաբար ստորադաս դատարանները, Ռաֆայել և Վահագն Օհանջանյաններին ու Սվետլանա Աղաջանյանին համարելով երաշխավորներ, եկել են սխալ եզրահանգման, որ Արամ Մանձիկյանի հայցը՝ վերջիններիս դեմ ներկայացված պահանջի մասով, ենթակա է մերժման:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, արձանագրում է, որ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանն այդ ստացականով հավաստվող փոխառության պայմանագրի կողմեր են՝ փոխառուներ, որոնք Սամվել Օհանջանյանի հետ միասին համապարտ պատասխանատվություն են կրում այդ պայմանագրի կատարման համար: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ռաֆայել և Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանը 18.10.2009 թվականին տրված ստացականով ստանձնել են ոչ թե երաշխավորին, այլ փոխառուին բնորոշ պարտավորություններ: Ընդ որում, վերջիններս Սամվել Օհանջանյանի հետ միասին կրում են փոխառության գումարը վերադարձնելու համապարտ պարտականություն, քանի որ նրանց պարտականության համապարտությունը բխում է 18.10.2009 թվականին տրված ստացականի բովանդակությունից և սահմանափակված չէ որևէ պայմանով:

Այսինքն՝ Արամ Մանձիկյանը՝ որպես համապարտ պարտավորության պարտատեր, իրավունք ունի ինչպես բոլոր համապարտ պարտապաններից՝ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից, համատեղ, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրից առանձին-առանձին պահանջելու կատարել 18.10.2009 թվականին տրված ստացականով հաստատվող փոխառության գումարը վերադարձնելու իրենց համապարտ պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման վերլուծությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար (տե՛ս, «Ժիրարմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Վառմաշ» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0248/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատվել է, որ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյանները և Սվետլանա Աղաջանյանն Արամ Մանձիկյանին չեն վերադարձրել 18.10.2009 թվականին տրված ստացականով հաստատվող փոխառության գումարը: Ընդ որում, այդ պարտավորությունը վերջիններս պետք է կատարած լինեին մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը, այսինքն՝ փոխառության գումարը վերադարձնելու պարտավորության կետանցի օր է 01.10.2011 թվականը: Բացի այդ, տվյալ դեպքում փոխառության պայմանագրով նախատեսված չէ վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյանները և Սվետլանա Աղաջանյանը պարտավոր են Արամ Մանձիկյանին հատուցել նաև 18.10.2009 թվականին տրված ստացականով հավաստվող փոխառության գումարի՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի նկատմամբ 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Արամ Մանձիկյանի հայցը՝ Սամվել, Ռաֆայել և Վահագն Օհանջանյաններից ու Սվետլանա Աղաջանյանից 18.10.2009 թվականին տրված ստացականով հավաստվող փոխառության գումարը՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, ինչպես նաև այդ գումարի վրա 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը բռնագանձելու պահանջի մասին, հիմնավոր է և ենթակա էր ամբողջությամբ բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի որոշմամբ հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է (հատոր 1-ին, գ.թ. 11):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2014 թվականի որոշմամբ Արամ Մանձիկյանի ներկայացուցչի կողմից ներկայացված առաջին վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 65):

Արամ Մանձիկյանի ներկայացուցիչը 02.04.2016 թվականի վերաքննիչ բողոքի համար վճարել է 214.425 ՀՀ դրամ պետական տուրք, և Վերաքննիչ դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ այդ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 4-րդ, գ.թ. 49 և 57):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, արդյունքում նաև բավարարման է ենթակա հայցն ամբողջությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծել հետևյալ կերպ.

- պատասխանողներից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (15.000 ԱՄՆ դոլար x 2%) և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

- պատասխանողներից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (15.000 ԱՄՆ դոլար x 3%) և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես առաջին վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

- 02.04.2016 թվականի վերաքննիչ բողոքի համար Արամ Մանձիկյանի կողմից վճարված 214.425 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը համապարտության կարգով ենթակա է հատուցման պատասխանողների կողմից,

- պատասխանողներից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (15.000 ԱՄՆ դոլար x 3%) և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որպիսի գումարը, սակայն, չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Մանձիկյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

2. Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը՝ որպես 15.10.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Մանձիկյանի բռնագանձել 214.425 ՀՀ դրամ` որպես 02.04.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից և Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 01.10.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
  Ս. անտոնյան
Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան