Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.22/12(1287) Հոդ.178
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0299/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0299/02/13
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան

Դատավորներ՝

 Կ. Հակոբյան

 Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մուշեղ Վարթաբեդյանի ներկայացուցիչ Կարեն Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մուշեղ Վարթաբեդյանի ընդդեմ Քնարիկ Մուրադյանի, Լուսիկ Մուրադյանի, երրորդ անձ Գոռ Ավետիսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մուշեղ Վարթաբեդյանը պահանջել է Քնարիկ և Լուսիկ Մուրադյաններից հօգուտ իրեն բռնագանձել 2.925.680 ՀՀ դրամ, ինչպես նաև 26.08.2011 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրն այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` բռնագանձումը տարածելով Երևանի Շարուրի փողոցի թիվ 29 շենքի 23-րդ բնակարանի վրա։

22.05.2013 թվականին Մուշեղ Վարթաբեդյանի ներկայացուցիչը, ներկայացնելով հայցապահանջի չափը փոփոխելու մասին միջնորդություն, պահանջել է Քնարիկ և Լուսիկ Մուրադյաններից բռնագանձել 2.740.300 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև 26.08.2011 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը 2.740.300 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` բռնագանձումը տարածելով Երևանի Շարուրի փողոցի թիվ 29 շենքի 23-րդ բնակարանի վրա:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) 03.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան) 08.01.2014 թվականի որոշմամբ Քնարիկ և Լուսիկ Մուրադյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.01.2014 թվականի որոշման դեմ Մուշեղ Վարթաբեդյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) 03.07.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Գ. Մատինյան, Լ. Գրիգորյան, Ա. Թումանյան) 27.09.2014 թվականի որոշմամբ Քնարիկ և Լուսիկ Մուրադյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2014 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2014 թվականի որոշման դեմ Մուշեղ Վարթաբեդյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է՝ «Քնարիկ Մուրադյանից և Լուսիկ Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ Մուշեղ Վարթաբեդյանի բռնագանձել 2.740.300 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար։ Քնարիկ Մուրադյանից և Լուսիկ Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ Մուշեղ Վարթաբեդյանի բռնագանձել 2.740.300 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` տոկոսների հաշվարկը սկսելով 26.08.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների։ Միաժամանակ հաշվարկվելիք և բռնագանձման ենթակա տոկոսների գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան 1.500 ՀՀ դրամը, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել պետական տուրքի գումար։ Բռնագանձումը տարածել Երևանի Շարուրի փողոցի թիվ 29 շենքի 23-րդ հասցեի անշարժ գույքի վրա։ Քնարիկ Մուրադյանից և Լուսիկ Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 54.806 ՀՀ դրամ` որպես ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար չվճարված պետական տուրքի գումար, և 164.418 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վերաքննիչ բողոքներ ներկայացնելու համար չվճարված պետական տուրքի գումար։ Քնարիկ Մուրադյանից և Լուսիկ Մուրադյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես ոչ գույքային պահանջով հայցապահանջի բավարարված մասի համար հետաձգված և չվճարված պետական տուրքի գումար։ Մուշեղ Վարթաբեդյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.707 ՀՀ դրամ 60 լումա` որպես հայցի չբավարարված մասով չվճարված պետական տուրքի գումար։ Մուշեղ Վարթաբեդյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 26.08.2011 թվականից սկսած մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը 185.380 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի դրույքաչափով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարի 2%-ը` որպես պետական տուրք»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2016 թվականի որոշմամբ Քնարիկ և Լուսիկ Մուրադյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 03.03.2016 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն` 1.620.000 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 26.08.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը, հաշվարկելու և բռնագանձելու մասերով: Հայցը` պարտքի գումարի մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 01.06.2016 թվականի որոշման դեմ Լուսիկ և Քնարիկ Մուրադյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Վարթաբեդյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 878-րդ, 880-րդ, 882-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով «Ռադյատորների կենտրոն» ձևաթղթի վրա ձեռագիր գրված ստացականի առկայությունը, որում նշված են պարզապես ամսաթվեր (վճարման ժամանակացույց), գտել է, որ պատասխանողների կողմից 250-ական ԱՄՆ դոլար գումարները նշված ժամանակահատվածում վճարվել են, սակայն իր այդ եզրահանգումը չի հիմնավորել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Մուշեղ Վարթաբեդյանը, իր ստորագրությունը տեղակայելով ժամանակացույցի ամսաթվերից մեկի կողքին, դրանով հավաստել է այն, որ վճարումը կատարվել է հենց այդ ամսաթվին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2016 թվականի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 03.03.2016 թվականի վճռին կամ գործն այդ մասով ուղակել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 25.02.2011 թվականի ստացականի համաձայն` Քնարիկ և Լուսիկ Մուրադյանները Մուշեղ Վարթաբեդյանից վերցրել են 2.925.680 դրամ՝ մինչև 25.08.2011 թվականը վերադարձնելու պայմանով: Նշված պարտավորության կատարումն ապահովվել է Գոռ Ավետիսյանի երաշխավորությամբ (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. 25.02.2011 թվականին Քնարիկ և Լուսիկ Մուրադյանների (գրավատուներ), Գոռ Ավետիսյանի (երաշխավոր) և Մուշեղ Վարթաբեդյանի (գրավառու) միջև կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագրի համաձայն` ի ապահովումն Երևան քաղաքում, կողմերի միջև 25.02.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի, որի գումարն է 2.925.680 ՀՀ դրամ, որը 25.02.2011 թվականի դրությամբ կազմում է 8.000 ԱՄՆ դոլար, առանց տոկոսի, մարման ժամկետը մինչև 25.08.2011 թվականը, Քնարիկ և Լուսիկ Մուրադյանները գրավադրել են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Շարուրի 29-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքը: 28.03.2011 թվականին գրավի իրավունքն ստացել է պետական գրանցում, և տրվել է թիվ 0240305 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 6, 42):

3. Փոխառության գումարի տրամադրման օրը` 25.02.2011 թվականին, Մուշեղ Վարթաբեդյանը և Լուսիկ Մուրադյանը՝ որպես «25.02.2011 թվականին կնքված 8.000 ԱՄՆ դոլար գումարով փոխառության պայմանագրի կողմեր», ստորագրել են Ակտ` Լուսիկ Մուրադյանի կողմից Մուշեղ Վարթաբեդյանին 250 ԱՄՆ դոլար առձեռն հանձնելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 90):

4. «Ռադյատորների կենտրոն» վերտառությամբ փաստաթղթի վրա Մուշեղ Վարթաբեդյանի կողմից կազմվել է ստացական` Գոռ Ավետիսյանից 250 ԱՄՆ դոլար ստացված լինելու մասին` 24.03.2011 թվականից մինչև 24.03.2012 թվականն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա 24-ը նշումով, սակայն այդ ամսաթվերից միայն 24.04.2011 թվականի կողքին է առկա ստորագրություն (հատոր 4-րդ, գ.թ. 91):

5. 17.02.2016 թվականի դատական նիստի ընթացքում Քնարիկ Մուրադյանը հայտնել է, որ իրականում Մուշեղ Վարթաբեդյանից ստացել են 4.100 ԱՄՆ դոլար, իսկ «Ռադյատորների կենտրոն» վերտառությամբ փաստաթղթով սահմանված ժամանակացույցով՝ 24.03.2011 թվականից մինչև 24.03.2012 թվականն ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր ամիս 250-ական ԱՄՆ դոլար է վճարվել Մուշեղ Վարթաբեդյանին, վճարումները կատարվել են տարբեր անձանց կողմից: Մասնավորապես՝ «մի անգամ վճարումը կատարվել է Գոռ Մինասյանի կողմից, երկու անգամ՝ Լուիզա Գևորգյանի, ապրիլ-մայիս ամիսներին վճարումները կատարվել են Նարեկ Ավետիսյանի կողմից, մեկ այլ անգամ՝ Նունիկ Ավետիսյանի կողմից»: Քնարիկ Մուրադյանը միաժամանակ հայտնել է, որ վստահելով Մուշեղ Վարթաբեդյանին՝ այդ վճարումները կատարված լինելու մասին նշումներ չի կատարել (հատոր 4-րդ, գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն`պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկելու փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Միաժամանակ անդրադառնալով ստացականի` որպես փոխառության պայմանագրի կնքումը հավաստող ապացույց լինելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: Ստացական տալը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունն ում ներկայությամբ, կամ թե որտեղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանը ընդունել է (ճանաչել է) իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ փոխառության հարաբերությունների բացակայության չապացուցված լինելու պայմաններում ստացականի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը` բռնագանձման ենթակա (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տե′ս, Ֆերդինանդ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը)։

 ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ, անդրադառնալով նույն հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ պարտավորության կատարման փաստն ապացուցված չլինելու պարագայում քանի դեռ պարտքային փաստաթղթի բնօրինակը գտնվում է պարտատիրոջ մոտ, գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտատիրոջ պարտականությունն ըստ էության վերաբերում է պարտավորության ամբողջական կատարումն ընդունելուն, մինչդեռ պարտավորության, այդ թվում` դրամային պարտավորությունների կատարումը կարող է տեղի ունենալ մաս առ մաս: Օրենսդիրը, սակայն, չի կանոնակարգել պարտավորության մասնակի կատարման պարագայում այդ փաստը հավաստող ապացույցների շրջանակը: ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ մասնակի կատարման պարագայում ևս կատարման փաստը կարող է հաստատվել պարտատիրոջ կողմից տրված ստացականով կամ պարտքային փաստաթղթի բնօրինակի վրա կատարումն ընդունելու մասին մակագրությամբ, սակայն երկրորդի պարագայում առանձնահատկությունն այն է, որ քանի դեռ պարտավորությունն ամբողջությամբ չի կատարվել, փաստաթղթի բնօրինակը շարունակում է մնալ պարտատիրոջ մոտ (տե′ս, Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենն ընդդեմ Ամատունի Հովհաննիսյանի թիվ ԵԷԴ/1515/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, հիմք ընդունելով գործում առկա ապացույցները, պատճառաբանել է, որ փոխառուն փոխատուից երկու անգամ ստացել է պարտքի գումարը՝ 500 ԱՄՆ դոլարի չափով: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից ներկայացված փաստերը՝ փոխառության պայմանագրով ավելի պակաս գումար ստացած լինելու և փոխառության գումարից ևս 12 անգամ 250 ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ, սույն գործով չեն հիմնավորվել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարարելով և Դատարանի վճիռը փոփոխելով, գործում առկա գրավոր ապացույցների՝ Ակտի և «Ռադյատորների կենտրոն» նշումով փաստաթղթի վրա առկա նշումների հիման վրա հաստատված է համարել այն հանգամանքը, որ Լուսիկ և Քնարիկ Մուրադյանները Մուշեղ Վարթաբեդյանին 14 անգամ վճարել են 8.000 ԱՄՆ դոլարից (14x250 ԱՄՆ դոլար) 3.500 ԱՄՆ դոլար և ներկայումս պարտք են 4.500 ԱՄՆ դոլար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատական ակտը փոխելու արդյունքում պատասխանողներից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.620.000 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Ռադյատորների կենտրոն» վերտառությամբ փաստաթղթով սահմանված ժամանակացույցը և հաստատված համարելով պատասխանողների կողմից պարտքի գումարից 14 անգամ վճարում կատարելու հանգամանքը, բազմակողմանի չի գնահատել գործում առկա նշված ապացույցը, այն չի համադրել գործում առկա մյուս ապացույցների և փաստերի հետ: Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ռադյատորների կենտրոն» վերտառությամբ փաստաթղթի բովանդակության համաձայն՝ «Ես՝ Մուշեղ Վարթաբեդյանս, ստացա Գոռ Ավետիսյանից 250 ԱՄՆ դոլար», այնուհետև փաստաթղթում շարադրված են իրար հետևից ամսաթվեր՝ 24.03.2011 թվականից մինչև 24.03.2012 թվականն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա 24-ի նշումով, և այդ ամսաթվերից միայն 24.04.2011 թվականի կողքին է առկա ստորագրություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոնշյալ ապացույցը բավարար չէր հետևություն անելու այն մասին, որ այդ փաստաթղթում նշված բոլոր ամսաթվերին պարտապանների կողմից վճարումներ են կատարվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է Քնարիկ Մուրադյանի բացատրությունը, որով վերջինս հայտնել է, որ «Ռադյատորների կենտրոն» նշումով փաստաթղթով սահմանված ժամանակացույցով՝ 24.03.2011 թվականից մինչև 24.03.2012 թվականն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա 24-ին, յուրաքանչյուր ամիս 250-ական ԱՄՆ դոլար է վճարվել Մուշեղ Վարթաբեդյանին, վճարումները կատարվել են տարբեր անձանց կողմից: Մասնավորապես՝ «մի անգամ վճարումը կատարվել է Գոռ Մինասյանի կողմից, երկու անգամ՝ Լուիզա Գևորգյանի, ապրիլ-մայիս ամիսներին վճարումները կատարվել են Նարեկ Ավետիսյանի կողմից, մեկ այլ անգամ՝ Նունիկ Ավետիսյանի կողմից»: Միաժամանակ Քնարիկ Մուրադյանը հայտնել է, որ վստահելով Մուշեղ Վարթաբեդյանին՝ այդ վճարումները կատարված լինելու մասին նշումներ չեն կատարել: Այսինքն՝ թեև պատասխանողը Դատարանին հայտնել է, որ տարբեր անձանց կողմից կատարվել են վճարումներ, սակայն նրա կողմից վկայակոչված վճարումների հանրագումարը պակաս է 14 անգամից, որպիսի պայմաններում ևս Վերաքննիչ դատարանը չէր կարող հաստատված համարել ժամանակացույցով սահմանված բոլոր ամսաթվերին վճարումներ կատարելու հանգամանքը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործի լրիվ և բազմակողմանի քննություն: Մասնավորապես՝ չնայած պատասխանողի հայտարարությանը, որ պարտքի գումարից վճարումները կատարվել են կոնկրետ անձանց կողմից, սակայն նշված անձինք Դատարանում գործի քննության ընթացքում որպես վկա չեն հարցաքննվել, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ նշված ապացույցներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և միայն այդ ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում է հնարավոր պարզել «Ռադյատորների կենտրոն» վերտառությամբ փաստաթղթով սահմանված ժամանակացույցով վճարումներ կատարված լինելու հանգամանքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ 1.120.300 ՀՀ դրամ պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գործը նոր քննության է ուղարկում միայն այդ մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել և վերանայվել է միայն հայցապահանջի մերժված մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը՝ 1.120.300 ՀՀ դրամ պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2016 թվականի որոշման՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.03.2016 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու, այն է՝ հայցը՝ 1.120.300 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, բռնագանձելու պահանջի մասով մերժելու և դրա հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասերը, և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան