Գլխավոր տեղեկություն
Համար
N 1646-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.1390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1646-Ն

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ապահովել դրա պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 4-ի N 1646-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները (այսուհետ` փորձարկումներ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

2. Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի կողմից ընտրված փորձատեղամասերում, անհրաժեշտության դեպքում նաև առանձնացված հողամասերում, ջերմատներում և անասնապահական համալիրներում:

3. Փորձարկումների մեթոդիկան հաստատում է լիազորված մարմինը` յուրաքանչյուր մշակաբույսի և կենդանու ցեղի համար առանձին:

4. Հայտատուն փորձարկում նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո լիազորված մարմնի կողմից որոշված հասցեներով, ժամկետներում և քանակությամբ սերմեր, տնկանյութ, արմատակալներ ու կենդանիներ է առաքում փորձարկումների անցկացման համար:

5. Հայտատուն փորձարկումների նպատակով հատկացված սերմերը, տնկանյութը և արմատակալները լիազորված մարմնին տրամադրում է անվճար, փաթեթավորված կամ տարավորված վիճակում:

Սերմերը տրամադրվում են ծագումը հաստատող փաստաթղթերի և ցանքային պիտանիության ցուցանիշների հավաստագրի հետ միասին: Փորձարկումների համար ընդունվում են միայն էլիտային, առաջին վերարտադրության և հիբրիդային առաջին սերնդի (F1) չախտահանված սերմեր, իսկ տնտեսական օգտակարության պետական փորձարկումների համար առաջին վերարտադրության և հիբրիդային առաջին սերնդի (F1) սերմեր:

Հայտատուները փորձարկումների համար լիազորված մարմին առաքվող կենդանիների համար ներկայացնում են տեղեկանք հակահամաճարակային կանխարգելիչ ներարկումների կատարման ժամկետների և օգտագործված պատվաստուկների մասին: Կենդանիների ցեղերի փորձարկումների համար ընտրվող փորձարարական կենդանիների սեռահասակային խումբն ընտրում է հայտատուն:

6. Փորձարկումների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում են: Փորձարկումների տվյալները համակարգչի միջոցով մշակվում և պահպանվում են` միամյա մշակաբույսերի համար` 20 տարի, խաղողի և ծառերի համար` 25 տարի, կենդանիների ցեղերի համար` 30 տարի ժամկետով:

7. Կենդանիների նոր ցեղերի և փակ գրունտի պայմաններում փորձարկումները կարող են համատեղվել սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումների հետ:

8. Փորձարկումների վերջնական արդյունքների հիման վրա ընդունված որոշման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումից հետո ցանկացած անձ կարող է ծանոթանալ ընդունված որոշման նյութերի հետ:

(8-րդ կետը փոփ. 02.03.17 N 203-Ն)

 

II. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Փորձարկումներ նշանակելու մասին որոշումն ընդունվում է սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքների հիման վրա` փորձաքննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 02.03.17 N 203-Ն)

9.1. Լիազորված մարմինը որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով հայտատուին տեղեկացնում է դրա մասին: Լիազորված մարմինը որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է հայտատուին՝ փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:

(9.1-ին կետը լրաց. 02.03.17 N 203-Ն)

10. Փորձարկումները կազմակերպվում են հետևյալ ժամանակահատվածներում`

ա) միամյա բույսերի համար` 2-3 տարի,

բ) բազմամյա բույսերի համար` 2-4 տարի,

գ) կենդանիների ցեղերի համար` 1-3 տարի:

11. Լիազորված մարմինն իրավասու է փորձարկման ժամկետները երկարաձգել մեկ տարով, եթե`

ա) տարերային կամ այլ աղետների հետևանքով հնարավոր չի եղել հաշվառել կամ արձանագրել փորձարկումների մեկ կամ երկու տարվա արդյունքները,

բ) կլիմայական պայմաններն ու կենդանիների բուծման շենքային պայմաններն էականորեն տարբերվել են մի քանի տարվա միջին տվյալներից,

գ) հայտատուն հիմնավոր պատճառով ժամանակին չի կարողացել փորձարկումների նպատակով հատկացնել սերմեր և կենդանիներ,

դ) լիազորված մարմինը փորձարկումների ավարտից հետո սելեկցիոն նվաճումը ճանաչում է ոչ բավարար չափով ուսումնասիրված, և հնարավոր չէ կազմել սելեկցիոն նվաճման նկարագրությունը,

ե) սելեկցիոն նվաճումն ստացվել է ոչ ավանդական եղանակներով, և սերմնարտադրության (վերարտադրության) տեխնոլոգիաները բավարար չափով մշակված չեն,

զ) լիազորված մարմնի կողմից սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության փորձարկումների նշանակման մասին որոշումն ընդունվել է ավելի ուշ ժամկետում` այն համատեղելով փորձարկումների հետ:

12. Լիազորված մարմնի և հայտատուների միջև փորձարկումների արդյունքների օգտագործման մասին պայմանագիրը կնքվում է, եթե հայտատուն լիազորված մարմնի հետ համաձայնեցնում է`

ա) փորձարկումների անցկացման վայրը,

բ) փորձարկումների ժամկետները,

գ) փորձադաշտերում համատեղ դիտարկումների ու փորձարկումների արդյունքների համատեղ հաշվառման աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը:

13. Լիազորված մարմինը փորձարկումները կարող է համատեղել նաև տնտեսական օգտակարության հետ, եթե`

ա) հայտատուի կողմից ներկայացված տվյալները վկայում են սելեկցիոն նվաճման տնտեսական և կենսաբանական բացառիկ արժեքի մասին,

բ) համատեղ փորձարկումների տվյալների օգտագործման մասին պայմանագրով նախատեսված է նաև այդ աշխատանքների կատարումը:

14. Լիազորված մարմինը փորձարկումների դրական արդյունքների դեպքում դրանց ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սելեկցիոն նվաճման նկարագրությունը և այն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(14-րդ կետը փոփ. 02.03.17 N 203-Ն)

 

III. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումները կազմակերպվում են սույն կարգի I և II բաժիններով սահմանված դեպքերում և պահանջներին համապատասխան:

16. Սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումների գոտիներն ընտրվում են`

ա) հայտատուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից,

բ) լիազորված մարմնի կողմից` հայտատուի հետ համաձայնեցվելուց հետո:

17. Սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումները հայտատուի առաջարկությամբ և նրա կողմից մշակված ծրագրով, կարող են համատեղվել այլ տեխնոլոգիական հետազոտությունների հետ:

18. Լիազորված մարմնի կողմից սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների հիման վրա ընդունված սելեկցիոն նվաճման օգտագործման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

IV. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Փորձարկումների արդյունքների մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը` հիմք ընդունելով լիազորված մարմնի փորձագիտական խորհրդի եզրակացությունը: Փորձագիտական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն ստեղծվում է լիազորված մարմնի կողմից սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների գնահատման նպատակով:

20. Փորձագիտական խորհրդի ձևավորման կարգը, կազմը և կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմինը:

21. Փորձարկումների արդյունքների մասին ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) փորձարկումների դրական արդյունքների դեպքում` «Հաստատել սելեկցիոն նվաճման նկարագրությունը և տալ արտոնագիր»,

բ) փորձարկումների բացասական արդյունքների դեպքում` «Մերժել արտոնագիր տալը»,

գ) բույսերի նոր սորտերի փորձարկումների դրական արդյունքների դեպքում` «Հաստատել սելեկցիոն նվաճման նկարագրությունը, տալ արտոնագիր և թույլատրել օգտագործման Հայաստանի Հանրապետությունում»,

դ) կենդանիների նոր ցեղերի փորձարկումների դրական արդյունքների դեպքում` «Հաստատել սելեկցիոն նվաճման նկարագրությունը, տալ արտոնագիր և թույլատրել օգտագործման Հայաստանի Հանրապետությունում»:

 

V. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

22. Լիազորված մարմինը փորձարկումներ նշանակելու և դրանց արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումների մասին պաշտոնական տեղեկությունները հրապարակում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(22-րդ կետը փոփ. 02.03.17 N 203-Ն)

23. Լիազորված մարմինը հայտատուի խնդրանքով կարող է հրապարակել նաև փորձարկումների ընթացքի մասին հետևյալ լրացուցիչ տեղեկությունները`

ա) սելեկցիոն նվաճման տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների մասին վիճակագրական տվյալները.

բ) սելեկցիոն նվաճման և դրանից ստացվող հումքի կենսաքիմիական հետազոտությունների արդյունքները.

գ) այլ հետազոտողների կողմից փորձարկումների կազմակերպման վերաբերյալ հաղորդումը:

(հավելվածը փոփ., լրաց. 02.03.17 N 203-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան