Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1344
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 փետրվարի 2017 թ.

 

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արամ Շահբազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթն Արամ Շահբազյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 213-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը գործող խմբագրությամբ շարադրվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-Ն օրենքով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Արամ Շահբազյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նելլի Մամիկոնյանի՝ համապարտ պատասխանատվությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջով: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2015թ. վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Հիշյալ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Հիշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 02.09.2015թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է: 25.09.2015թ. վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2015թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: Հիշյալ որոշումն ստանալուց հետո 09.11.2015թ. կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Հիշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2016թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Հիշյալ որոշման դեմ կրկին ներկայացված բողոքի հիման վրա 16.03.2016թ. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61 (1)-րդ, 63 (1)-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին:

Ըստ դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումներից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունից բխում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը դատարանի կողմից վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները պահպանված չլինելու հիմքով (հատկապես, պետական տուրքը վճարված չլինելու և տուրքի մասով արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքով) և վերաքննիչ բողոք բերած անձը որոշել է իրացնել բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իր իրավունքը, ապա վերջինս ինքնաբերաբար զրկվում է իր բողոքը չբավարարվելու դեպքում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից: Դիմողը եզրահանգում է, որ վերաքննիչ բողոք բերող անձի՝ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը նման իրավակարգավորման պայմաններում ձեռք է բերում զուտ պատրանքային բնույթ և խախտվում է այդ իրավունքի էությունը: Բողոքն անհիմն վերադարձվելու դեպքում անձն իրականում զրկված է այդ որոշման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ վերջինս պետք է գիտակցի, որ վճռաբեկության կարգով որոշումը բողոքարկելու իրավունքից օգտվելը կարող է ուղղակիորեն զրկել վերջինիս ըստ էության լուծող դատական ակտն առհասարակ վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից (վճռաբեկ բողոքի մերժման պարագայում):

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների, դրանց տրված մեկնաբանությունների շրջանակներում, ինչպես նաև առկա օրենսդրական բացի և այն լրացնելու իրավական երաշխիքների բացակայության պայմաններում արգելափակվում է անձի՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի արդյունավետ վիճարկման հնարավորությունը՝ զրկելով վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության (դատարանի մատչելիության) իրավունքներից:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված իրավակարգավորումները դատաիրավական պրակտիկայում վերջիններիս տրված իրավական մեկնաբանությունների լույսի ներքո ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանության առումով խնդրահարույց են:

Պատասխանող կողմը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումներ, գտնում է, որ քննարկվող իրավիճակում առկա է իրավական անորոշություն այն առումով, որ նորմում հստակ չի նշվում՝ դատական ակտի բողոքարկման իրավունքից օգտվելու պարագայում արդյոք անձը զրկվում է թերությունները վերացնելու և բողոք կրկին ներկայացնելու հնարավորությունից, թե այդ դեպքում անձը պահպանում է թերությունները վերացնելու համար բողոք կրկին ներկայացնելու իրավունքը՝ բողոքարկման արդյունքում վերադաս դատական ատյանի դատական ակտն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում: Ըստ պատասխանողի՝ եթե անձն օգտվում է բողոքարկման իրավունքից և չի հասնում իր համար դրական արդյունքի, պետք է ստանա թերությունները վերացնելու դեպքում բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն: Հակառակ տրամաբանությունը քաղաքացիներին ոչ իրավաչափ ռիսկ է փոխանցում և չի կարող հետապնդել սահմանադրաիրավական իրավաչափ նպատակ:

Պատասխանողը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումների պայմաններում միջանկյալ դատական ակտը վերադաս դատական ատյանում բողոքարկելու դեպքերում բաց թողնված երկշաբաթյա ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

 

5. Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել վերաքննիչ դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավակարգավորումների լիարժեքությունը՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության և ապահովման համատեքստում:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով, որոնց համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես.

- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (ՍԴՈ-690),

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (ՍԴՈ-1127),

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (ՍԴՈ-1257):

Սույն գործի շրջանակներում ևս ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները և գտնում, որ օրենսդրական կարգավորումները պետք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսեն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում ևս բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին և նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես` գանգատի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել՝ կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան: Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությունը: Դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն օրինական նպատակ և կիրառված միջոցների ու դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (Golder v. United Kingdom, 21 Feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 Aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 May 1985, Garcia Manibardo v. Spain (15 Feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 Nov. 1995, Philis v. Greece, 27 Aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 Jun. 1995):

 

7. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (օրենսգիրք) դրույթների վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, կարգը և հետևանքները: Մասնավորապես, օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջների (վերաքննիչ բողոքի ձևի և բովանդակության մասով) չպահպանելը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար (օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Այս հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Հիշյալ կանոնակարգումն ամրագրված է օրենսգրքի 213-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 3-րդ մասով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 որոշմամբ օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած սահմանադրաիրավական հարցն անմիջականորեն պայմանավորված չէ օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներով:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսգրքով սահմանված է վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորություն (օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մաս): Նորմատիվ այսպիսի կարգավորումը նպատակ է հետապնդում ստուգելու վերաքննիչ դատարանի համապատասխան բողոքարկվող ակտի օրինականությունը: Ընդ որում, վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետն իրավաչափորեն հաշվարկվում է այն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հանգամանք, որն ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը` ժամկետի առումով բողոքաբերի համար կանխատեսելի դարձնելով իր դրսևորելիք վարքագիծը: Սակայն նման իրավակարգավորումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են:

 

8. Սույն գործի շրջանակներում դիմող կողմը բարձրացնում է նաև օրենսդրական բացի հարց: ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-933 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը հանդիսանում է օրենսդիր իշխանության իրավասությունը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի բացի վերաբերյալ արտահայտված հիշյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի շրջանակներում:

Օրենսգրքի 213-րդ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից սույն գործով բարձրացված սահմանադրականության հարցով իրավակարգավորման բաց առկա է: Օրենսդիրը կանոնակարգել է միայն վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը վերաքննիչ դատարանում ընդունելու հետ կապված հարաբերությունները: Այսպես, օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը համարվում է միջանկյալ դատական ակտ, որը բխում է օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասից: Վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ որոշումը վերացնելու լիազորությունը սահմանված է օրենսգրքի 240-րդ հոդվածով: Հիշյալ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից: Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ մասի և 240-րդ հոդվածի 2-րդ մասի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ հասարակական հարաբերություններն իրավունքով կարգավորելուն ուղղված օրինաստեղծ գործընթացում ոչ ամբողջական լուծում է տրվել: Մասնավորապես, իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժում է` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է ունենա այդ որոշումն ստանալուց հետո որոշակի ժամկետում վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ նշված իրավակարգավորման բացն առկա է օրենսգրքի 213-րդ հոդվածում ընդհանրապես, որի հաղթահարումը, ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Ի դեպ, հարկ է նշել, որ պատասխանող կողմը ևս սույն գործով քննության առարկա հարցի վերաբերյալ փաստել է, որ առկա է իրավական անորոշություն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Արամ Շահբազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի մասով կարճել, քանի որ տվյալ նորմի առնչությամբ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1344

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան