«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 փետրվարի 2017 թ.
թիվ 26-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ»-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգը լրացնել 22.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«22.1 Սույն կանոնակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ռիսկը կարող է գնահատել միջին՝ հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման արդյունքները, եթե համապարփակ և փաստաթղթավորված վերլուծության արդյունքում հանգում է հիմնավոր եզրակացության, որ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարվում են և զսպված են: Սույն կետով նախատեսված վերլուծության արդյունքները հաշվետվություն տրամադրող անձը սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմնին:»,
2) Կանոնակարգի 23-րդ կետում «բացառությամբ սույն կանոնակարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կանոնակարգի 22.1 կետով և 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերով,
3) Կանոնակարգի 37-րդ կետում «պետք է ձեռնարկվեն ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ ուշ, քան» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, պետք է ձեռնարկվեն ոչ ուշ, քան.» բառերով,
4) Կանոնակարգի 38-րդ կետում «կատարվում է ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ ուշ, քան» բառերը փոխարինել «, բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, կատարվում է ոչ ուշ, քան.» բառերով,
5) Կանոնակարգի 41-րդ կետում «որոնց իրականացման՝ սույն կանոնակարգի 37-րդ և 38-րդ կետերով նախատեսված պարբերականությունը սահմանվում է ներքին իրավական ակտերով, բայց ոչ ուշ, քան» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, իրականցվում են ոչ ուշ, քան.» բառերով,
6) Կանոնակարգը լրացնել 41.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«41.1. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է իր ներքին իրավական ակտերով սահմանել այլ ժամկետներ, քան սահմանված են սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ և 41-րդ կետերով՝ հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման արդյունքները, եթե համապարփակ և փաստաթղթավորված վերլուծության արդյունքում հանգում է հիմնավոր եզրակացության, որ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարվում են և զսպված են: Սույն կետով նախատեսված վերլուծության արդյունքները հաշվետվություն տրամադրող անձը սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմնին:»,
7) Կանոնակարգի 55-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ ներքին դիտարկումների մարմնի գործառույթը վերապահված է ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ աշխատակցին, ներքին դիտարկումների մարմնի գործունեության մասով աուդիտը պետք է իրականացվի հաշվետվություն տրամադրող անձի այլ աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից:»,
8) Կանոնակարգի 56-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման պարտականությունը դրված է հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի վրա, ներքին դիտարկումների մարմնի գործունեության համապատասխանության մասով ուսումնասիրությունը պետք է իրականացվի հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այլ աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. փետրվարի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|