Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-1-Ո-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.08/9(1284) Հոդ.121
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.01.2017
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-1-Ո-1

2017 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

 

Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
Գ. Խանդանյանի, Մ. Հարթենյանի,
Գ. Ղազինյանի, Ս. Չիչոյանի,
Ե. Սողոմոնյանի, Վ. Ստեփանյանի
Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ` դատավոր

 

Ա. Դավթյանի

 

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի փաստաբան


Գ. Մուղնեցյանի

ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանի
ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի օրինականության
վերահսկողության տեսչության պետ
Մ. Մինասյանի

 

քարտուղարությամբ`

 

Շ. Վարդանյանի

 

 

2017 թվականի հունվարի 25-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 17.11.2016թ. թիվ 534-Ա հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«1.1 «Չանախ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Հայցվոր) հայց է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Գարիկ Փարսոյանի (այսուհետ նաև` Պատասխանող), երրորդ անձինք Գևորգ Փարսոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

1.2 Հայցադիմումի հիմքում դրվել են հետևյալ փաստական հանգամանքները`

1. «Չանախ» ՍՊԸ-ն 2014թ-ին թիվ ԵԱՆԴ/3550/02/14 գործով հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գարիկ Փարսոյանի` 1.086.700 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին:

2. Դատարանի 19.09.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանող Գարիկ Փարսոյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:

3. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի կողմից 2014թ. հոկտեմբերին կայացրած թիվ Ո00456-30743/14 որոշմամբ արգելանք է դրվել Գարիկ Փարսոյանին պատկանող գույքի վրա:

4. Դատարանի 17.02.2015թ. վճռով հայցը բավարարվել է:

5. Դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելուց հետո Հայցվորն ստացել է հարկադիր կատարողի 13.07.2015թ. որոշումը` կատարողական վարույթն ավարտելու և պարտապան Գարիկ Փարսոյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Գարիկ Փարսոյանի անվամբ գույք չի հայտնաբերվել:

6. 05.11.2015թ. Հայցվորը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել է տեղեկատվություն այն մասին, որ Գարիկ Փարսոյանը 11.02.2014թ-ին Երևանի Ավան-Առինջ 2 միկրոշրջան 3/3-27 հասցեի անշարժ գույքը նվիրատվության պայմանագրով օտարել է Գևորգ Փարսոյանին:

7. Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով որպես հայցադիմումի իրավական հիմք վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետը, 306-րդ և 347-րդ հոդվածները:

1.3 Դատարանի 18.11.2015թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նախապատրաստվել է դատաքննության:

1.4 29.03.2016թ. դատական նիստին Հայցվորը և երրորդ անձ Գևորգ Փարսոյանը Դատարանի հաստատմանն են ներկայացրել իրենց միջև սույն քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնության տեքստը և խնդրել են այն հաստատել:

1.5 29.03.2016թ. հրավիրված դատական նիստին երրորդ անձ Գևորգ Փարսոյանը հայտնել է, որ ինքն է պարտավորվում վճարել գումարը:

1.6 Դատարանը 08.04.2016թ-ին կայացրած վճռով հաստատել է Հայցվորի և երրորդ անձ Գևորգ Փարսոյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը և քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով կարճել է:

1.7 Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության 1-ին կետի համաձայն` երրորդ անձ Գևորգ Փարսոյանը պարտավորվել է Հայցվորին վճարել պարտք մայր գումարը` 1.086.700 ՀՀ դրամը, 21.734 ՀՀ դրամը և 4.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

1.8 Դատարանի 08.04.2016թ. վճիռը չի բողոքարկվել և 11.05.2016թ-ին մտել է օրինական ուժի մեջ:

 

2. Դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը.

 

Դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով.

1. Հայցվորի և երրորդ անձ Գևորգ Փանոսյանի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը հաստատելով և կողմի ու գործին մասնակցող անձի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի, 33-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 2-րդ կետի, 109-րդ հոդվածի 7-րդ կետի, 120-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 130.1-րդ հոդվածի 1-ին կետի և 133-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև

2. Հայցվորի և երրորդ անձ Գևորգ Փարսոյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելով և դրա արդյունքում երրորդ անձից գումար բռնագանձելու պահանջի իրավունք Հայցվորին վերապահելով` Դատարանը դուրս է եկել հայցի առարկայի սահմաններից` խախտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջները հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատավարության ցանկացած փուլում գործը հաշտության համաձայնությամբ ավարտելն անվերապահորեն վերապահված է դատավարության կողմերին, և հենց կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունն է ենթակա դատարանում հաստատման, և այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը` կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ և 29-րդ հոդվածների վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ գործին մասնակցող սուբյեկտների մեջ օրենսդիրն առանձին դատավարական կարգավիճակ է տվել կողմերին և երրորդ անձանց` կողմեր դիտելով հայցվորին և պատասխանողին:

Սույն քաղաքացիական գործով դատավարության կողմերն են Հայցվորը` «Չանախ» ՍՊԸ-ն, և Պատասխանողը` Գարիկ Փարսոյանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, անգամ գործի մեջ մտնելով դատավարության կողմերից որևէ մեկի կողմում, չեն կարող օգտվել միայն կողմերին վերապահված որոշակի իրավունքներից և պարտականություններից, այդ թվում` հայցն ընդունելուց կամ հաշտության համաձայնություն կնքելուց: Այն, որ երրորդ անձ Գևորգ Փարսոյանը սույն քաղաքացիական գործի շրջանակներում ունեցել է ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դատավարական կարգավիճակ, բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի բովանդակությունից, որի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, որը սույն քաղաքացիական գործի փաստերով հերքվում է:

Սույն գործի փաստերի համաձայն` «Չանախ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Հայցվոր) հայց է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Գարիկ Փարսոյանի (այսուհետ նաև` Պատասխանող), երրորդ անձինք Գևորգ Փարսոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 18.11.2015թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նախապատրաստվել է դատաքննության: 29.03.2016թ. դատական նիստին Հայցվորը և երրորդ անձ Գևորգ Փարսոյանը Դատարանի հաստատմանն են ներկայացրել իրենց միջև սույն քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնության տեքստը և խնդրել են այն հաստատել: 29.03.2016թ. հրավիրված դատական նիստին երրորդ անձ Գևորգ Փարսոյանը միաժամանակ հայտնել է, որ ինքն է պարտավորվում վճարել գումարը: Դատարանը 08.04.2016թ-ին կայացրած վճռով հաստատել է Հայցվորի և երրորդ անձ Գևորգ Փարսոյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը և քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով կարճել է:

Նշված փաստերի ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ Դատարանը հաստատել է հաշտության համաձայնություն, որը կնքվել է ոչ իրավասու սուբյեկտների միջև` Հայցվորի և երրորդ անձի, որի արդյունքում խախտվել են վերը նշված հոդվածների` իմպերատիվ կերպով ամրագրված պահանջները: Ավելին` Դատարանն անտեսել է, որ երրորդ անձը, հանդիսանալով ոչ պատշաճ սուբյեկտ հաշտության համաձայնությունը կնքելու համար, ըստ էության, պատասխանողի փոխարեն, ով ներկա չի եղել դատավարությանը, ընդունել է հայցը և նրա փոխարեն ստորագրել է հաշտության համաձայնությունը` այդպիսով թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջի խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Դատարանը զրկված է հաշտության համաձայնություն հաստատելու իրավասությունից, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Վերը նշված պատճառաբանություններով հիմնավորվում է օրենքի պահանջների խախտմամբ կնքված հաշտության համաձայնության առկայությունը, իսկ ստորև ներկայացված պատճառաբանություններով հիմնավորվում է այլ անձի` տվյալ դեպքում Պատասխանողի իրավունքների և օրինական շահերի խախտման անվիճելի առկայությունը:

Դատարանը վերը նշված գործողություններով ոտնահարել է Պատասխանողի իրավունքները, մասնավորապես` խախտել է հավասարության սկզբունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ:

Եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածներն ամրագրում են հավասարության ընդհանուր կանոնը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է կողմերի` հավասար դատավարական իրավունքներ և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն): Կողմերի` հայցն ընդունելու և հաշտության համաձայնություն կնքելու իրավունքը սեփական նախաձեռնությամբ և կամքով օրենքով ընձեռնված իրավունքների իրացման միջոցներից է (դատավարական գործունակություն): Դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունն այն դեպքում, երբ քաղաքացիական գործով առկա չի եղել Պատասխանողի` դատական նիստերի մասին պատշաճ ծանուցումը հաստատող ապացույցը, և դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան «չպահանջված» փոստային մակագրությամբ:

Ինչ վերաբերում է վճռի «Դատավարական նախապատմությունը» բաժնում տեղ գտած այն մտքին, որ Պատասխանողը երրորդ անձ Գևորգ Փարսոյանի որդին է, և նա տեղյակ է սույն քաղաքացիական գործի մասին, դեռևս հիմք չէ Պատասխանողի պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատված համարելու և նրան իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից զրկելու համար:

Դատարանի գործողությունների արդյունքում Պատասխանողը զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով միայն իրեն` որպես քաղաքացիական դատավարության սուբյեկտի ընձեռված իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Այն, որ հայցն ընդունելու և հաշտության համաձայնություն կնքելու ունակությունը վերապահված է միայն դատավարության կողմերին, վկայում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածը, որի համաձայն` նախագահողը պարզում է` արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն արդյոք ընդունում է հայցվորի պահանջները, և կողմերը չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս:

Կայացված վճռով խախտվել են նաև երրորդ անձ Գևորգ Փարսոյանի իրավունքները, քանի որ վերջինիս վրա հաշտության համաձայնության հաստատմամբ դրվել է այնպիսի պարտավորության կատարում, որով, ի սկզբանե, ինքը կողմ չի հանդիսացել:

Նշված խախտման կապակցությամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը (այսուհետ` նաև Դատավոր) 16.12.2016թ-ին ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված բացատրությամբ (այսուհետ` Բացատրություն) նշել է, որ դատավարության մասնակիցների (գործին մասնակցող անձանց) կազմը և դատավարական կարգավիճակը պայմանավորված է նշված անձանց միջև առկա նյութաիրավական հարաբերությունների բնույթով և բովանդակությամբ: Մինչ հաշտության համաձայնությունը Դատարանին ներկայացնելը Գևորգ Փարսոյանն ունեցել է երրորդ անձի կարգավիճակ, սակայն հայցվորի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելով` վերջինիս նյութաիրավական կարգավիճակը փոփոխվել է (վերջինս համարվել է պարտապան), ինչը նշանակում է, որ վերջինիս դատավարական կարգավիճակը նույնպես ենթակա էր փոփոխման:

Դատավորի կողմից ներկայացված փաստարկները հերքվում են ոչ միայն սույն եզրակացությամբ ներկայացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 1-ին կետի, 33-րդ և 35-րդ հոդվածների 1-ին և 2-րդ կետերի, 109-րդ հոդվածի 7-րդ կետի և 133-րդ հոդվածի վերլուծությունից, այլ նաև քաղաքացիական դատավարության` հաշտության համաձայնությունը կնքող կողմերի և դատավարության մասնակիցների կարգավիճակի փոփոխման օրենսդրորեն նախատեսված սահմանումներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է քաղաքացիական դատավարությունում մասնակիցներից յուրաքանչյուրի կարգավիճակը, իրավունքների և պարտականությունների ծավալը, որոնք իմպերատիվ բնույթ են կրում և ենթակա են փոփոխման միայն օրենքով այդպիսի հնարավորություն նախատեսված լինելու դեպքում: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Այսինքն` օրենքով հստակ նշված է, որ գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ: Գործին մասնակցող անձանցից պատասխանողներն այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք են, որոնց դեմ հայց է հարուցվել: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին կետով նշվում է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: Երրորդ անձանց դեմ հայցն ուղղակիորեն ուղղված չէ, այն միայն կարող է ազդել երրորդ անձի` կողմերից մեկի հանդեպ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Ինչ վերաբերում է հաշտության համաձայնությունը պայմանագիր դիտելու և դրա հիման վրա Երրորդ անձին որպես պատասխանող դիտարկելու Դատավորի հիմնավորումներին, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, նախատեսելով հարուցված քաղաքացիական գործի վարույթը հաշտությամբ ավարտելու հնարավորությունը, այն կնքող անձանց հատուկ սուբյեկտային կազմ է նախատեսել. այն կարող է կնքվել միայն կողմերի միջև, իսկ երրորդ անձանց իմպերատիվ կարգով արգելվում է կնքել հաշտության համաձայնություն` անգամ իրենց կամարտահայտության առկայության պարագայում:

Գտնում ենք նաև, որ Դատավորի դիրքորոշումն առ այն, որ դատավարության մասնակիցների (գործին մասնակցող անձանց) կազմը և դատավարական կարգավիճակը կարող է փոփոխվել հայցվորի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելով, ինքնին պարունակում է հակասություն` ելնելով այն իրողությունից, որ դեռևս ուժի մեջ չմտած հաշտության համաձայնությունը հաստատող վճիռը չի կարող հանդիսանալ ոչ՛ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների, ոչ՛, ըստ Դատավորի, ենթադրյալ նյութաիրավական հարաբերությունների ծագման հիմք: Այսինքն` նման ենթադրյալ հարաբերություններ չէին կարող ծագել նախքան դրանց հիմքի ի հայտ գալը` վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Երրորդ անձը չի կարող պարզապես իր կամքով կամ օրենքի չիմացության պարագայում հաշտություն կնքելով դիտվել պատասխանող: Օրենսդիրը հստակ նախատեսել է, թե ինչպես կարող է փոփոխվել դատավարական կարգավիճակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:

Օրենսդիրը դատարանին տվել է հնարավորություն նման պայմաններում կատարելու կողմի փոփոխում անգամ հայցվորի անհամաձայնության դեպքում, որի պարագայում հստակ նախատեսվում է գործի քննությունն սկզբից սկսելու պահանջ: Նշված հանգամանքների առկայությունը ևս հերքվում է գործի փաստերով:

Վերոհիշյալ հիմնավորումներով հերքվում են դատավոր Աիդա Դավթյանի կողմից ներկայացված բացատրության Ա) կետում նշված փաստարկները:

2. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մինչև 22.12.2015թ. գործող ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին համապատասխանում է ներկայումս գործող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: 19-րդ հոդվածին համապատասխանում է 63-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված մի շարք վճիռներում արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, սեփականություն է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (Nօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ):

Այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ առկա է իրավահարաբերության սուբյեկտի «պահանջը» բավարարող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, սուբյեկտը ձեռք է բերում պահանջի իրավունք նշված ակտով սահմանված իրավունքը իրացնելու համար, որը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականություն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Վերը նշված դրույթից բխում է, որ դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված): Դատարանը պարտավոր է վճիռ կայացնել` դուրս չգալով ներկայացված հայցի առարկայի և հիմքի շրջանակներից:

Ավելին` ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով արձանագրել է, որ հայցն անհատականացվում է իր երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորությունը, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն այն հանգամանքների փոփոխությունն է, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը:

Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով Հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Գարիկ Փարսոյանի և Գևորգ Փարսոյանի միջև 11.02.2014թ-ին կնքված անշարժ գույքի` ք. Երևան, Ավան-Առինջ թ/մ, 2 մ/շ, 3/3 շենք, 27 բնակարանի վերաբերյալ կնքված նվիրատվության պայմանագիրը: Այսինքն` հայցի առարկան նվիրատվության պայմանագրի անվավեր ճանաչելն է: Այնինչ Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության տեքստի 1-ին կետի համաձայն` երրորդ անձ Գևորգ Փարսոյանը պարտավորվել է Հայցվորին վճարել պարտք մայր գումարը` 1.086.700 ՀՀ դրամը, 21.734 ՀՀ դրամը և 4.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, որի վճարման պարտավորությունը երրորդ անձի մոտ երբևէ չէր ծագել, և գործում բացակայում է դրա վերաբերյալ որևէ ապացույց:

Այսինքն` Դատարանը ճանաչել է Հայցվորի «սեփականության» իրավունքը մի գույքի (1.086.700 ՀՀ դրամ) նկատմամբ, որի վերաբերյալ առկա է Դատարանի 17.02.2015թ. վճռով Գարիկ Փարսոյանից այն պահանջելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նշված իրավունքը վերապահելով Հայցվորին` Դատարանը դուրս է եկել հայցի առարկայի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու շրջանակներից: Ավելին` Դատարանը, հաստատելով նշված հաշտության համաձայնությունը, Հայցվորին, ով իրավունք չուներ երկրորդ անգամ պահանջելու նշված գումարը Պատասխանողից, օժտել է այն երրորդ անձից պահանջելու իրավունքով` տարբեր անձանցից նույն գումարի վերաբերյալ ունենալով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Վերը նշված վերլուծություններով հերքվում է դատավոր Աիդա Դավթյանի Բացատրությամբ ներկայացված հիմնավորումներն առ այն, որ Դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել, և որ Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության տեքստը երրորդ անձից գումարի բռնագանձում չի նախատեսում:

Բացատրությամբ դատավորն ինքն է նշել, որ հայցը հետապնդել է մեկ նպատակ` ստանալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2015թ. թիվ ԵԱՆԴ/3550/02/14 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գումարը:

Իրապես, նշված գումարի վերաբերյալ, ինչպես նշվել է եզրակացությունում, առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և սույն գործով հայցը ներկայացվել է, քանի որ վճռի հիման վրա հնարավոր չի եղել իրացնել Հայցվորի «սեփականության» իրավունքը` ստանալու վճռով որոշված գումարը, որի համար և պահանջը ներկայացվել է հենց Պատասխանողի դեմ, քանի որ գումարը հենց Պատասխանողից վերադարձնելու պարտավորության առկայությունը հաստատվել է վճռով, իսկ Երրորդ անձի կարգավիճակը պայմանավորվել է այն հանգամանքով, որ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ կայացվող վճիռը բավարարման դեպքում ուղղակիորեն ազդելու էր Երրորդ անձի իրավունքների և պարտականությունների վրա: Այսինքն` հայցի առարկան ուղղված է նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելուն, այլ ոչ թե Երրորդ անձից որևէ գումար բռնագանձելուն, հակառակ դեպքում, եթե պահանջը լիներ հենց գումարի բռնագանձումը, ապա տվյալ դեպքում կունենայինք նույն անձանց միջև նույն առարկայի վերաբերյալ նույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությամբ պայմանավորված օրենսդրորեն նախատեսված համապատասխան հետևանքներ:

Այն, որ հաշտության համաձայնությունը հաստատվել է օրենքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների խախտմամբ, արդեն իսկ հաստատվել է վերը նշված հիմնավորումներով, իսկ ինչ վերաբերում է Դատավորի այն դիրքորոշմանը, որ գործի ըստ էության քննություն չի իրականացվել, քանի որ հաշտության համաձայնությունը հաստատելիս գործի ըստ էության քննություն չի նախատեսվում, ապա խոսքը չի վերաբերում ըստ էության քննություն իրականացնելուն կամ չիրականացնելուն: Յուրաքանչյուր հայց հարուցվում է որոշակի հիմքի և առարկայի վերաբերյալ, որն ուղղված է կոնկրետ անձին (անձանց): Հաշտության համաձայնության դեպքում չնախատեսելով գործի ըստ էության քննություն` օրենսդրորեն ամրագրված պահանջ է, որ հայցը հարուցվում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ հաշտության համաձայնությունը, անգամ գործն ըստ էության չքննելու պարագայում, հաստատվում է հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում, որի դեպքում շարունակում է գործել հայցի հիմքի և առարկայի պահպանման և դրա շրջանակներում դատական ակտ կայացնելու պահանջը, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ դատարանները կարող են հաստատել յուրաքանչյուրի կողմից ներկայացված ցանկացած հաշտության համաձայնության տեքստ` անգամ ուշադրություն չդարձնելով հայցի հիմքին և առարկային: Դատարանը տվյալ դեպքում հաստատել է օրենքին հակասող հաշտության համաձայնություն, կայացրել է օրենքի պահանջների խախտմամբ դատական ակտ:

Վերոհիշյալ հիմնավորումներով հերքվում են նաև դատավոր Աիդա Դավթյանի կողմից ներկայացված բացատրության Բ) կետում նշված փաստարկները:

Դատավորի կողմից լրացուցիչ ստուգումներ կատարելու միջնորդություն կամ լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացվել:

Ամփոփելով վերոգրյալը` ակնհայտ է, որ Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման արդյունքում կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ դատական ակտ:

 

3. Եզրակացություն

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ հետևյալ խախտումները.

1. Ակնհայտ և կոպիտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված` հաշտության համաձայնությունը միայն կողմերի միջև կնքված լինելու պարտադիր պահանջի խախտմամբ «Չանախ» ՍՊԸ-ի և երրորդ անձ Գևորգ Փարսոյանի միջև կնքված հաշտության համաձայնության հաստատումը, որով խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետը, 33-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 2-րդ կետը, 109-րդ հոդվածի 7-րդ կետը, 120-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 130.1-րդ հոդվածի 1-ին կետը և 133-րդ հոդվածը:

2. Ակնհայտ և կոպիտ է «Չանախ» ՍՊԸ-ի և երրորդ անձ Գևորգ Փարսոյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելը և հայցի առարկայի սահմաններից դուրս գալու արդյունքում երրորդ անձից գումար բռնագանձելու պահանջի իրավունք «Չանախ» ՍՊԸ-ին վերապահելը, որով խախտվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:

Գտնում ենք, որ նշված դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Գտնում ենք, որ վերոնշյալ հանգամանքները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Դավթյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով դատավարական նախապատմությունը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները կայացել են հետևյալում.

1) Դատավորը 2015 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշմամբ վարույթ է ընդունել «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցադիմումն ընդդեմ Գարիկ Գևորգի Փարսոյանի, երրորդ անձինք Գևորգ Փարսոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Երևանի Տարածքային ստորաբաժանման` նվիրատվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որի հիման վրա հարուցվել է թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործը:

2) Գործը նախապատրաստվել է դատաքննության և նախնական դատական նիստ է նշանակվել 2016 թվականի փետրվարի 19-ին:

3) Պատասխանող Գարիկ Փարսոյանին հնարավոր չի եղել պատշաճ ձևով տեղեկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Վերջինիս ուղարկված ծանուցումը ետ է վերադարձվել «Չպահանջված» նշումով:

4) Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեն 2016 թվականի փետրվարի 18-ին ներկայացրել է հայցադիմումի պատասխան` միաժամանակ միջնորդելով վեճը լուծել իր բացակայությամբ:

5) 2016 թվականի փետրվարի 19-ին նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել Դատավորի բացակայության /հիվանդության/ պատճառով:

6) Քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2016 թվականի մարտի 29-ին:

7) Դատական նիստին ներկայացել են հայցվոր «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Արայիկ Ալվանդյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 443) և երրորդ անձ Գևորգ Փարսոյանը, իսկ պատասխանող Գարիկ Փարսոյանին ուղարկված ծանուցագիրը կրկին ետ է վերադարձվել «Չպահանջված» նշումով, որի կապակցությամբ երրորդ անձ Գևորգ Փարսոյանը (պատասխանող Գարիկ Փարսոյանի հայրը) հայտնել է, որ պատասխանողն իր որդին է, տեղյակ է սույն քաղաքացիական գործի մասին, նա չի ներկայանա, քանի որ հայցվոր ընկերության համաձայնությամբ գումարի վերաբերյալ հայցվորի նկատմամբ որդու ունեցած պարտավորությունն ստանձնել է ինքը:

8) 2016 թվականի մարտի 29-ին դատավարության մասնակիցները խնդրել են գործը քննել պատասխանողի կարգավիճակ ունեցող Գարիկ Փարսոյանի բացակայությամբ` հայտնելով նաև, որ մինչ դատական նիստը հայցվոր ընկերությունը և Գևորգ Փարսոյանը կնքել են հաշտության համաձայնություն, որը հրապարակելուց հետո կներկայացնեն դատարանի հաստատմանը: 08.04.2016 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

9) ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2016 թվականի նոյեմբերի 17-ի կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ 534-Ա հրամանի քաղվածքի (այսուհետ` Հրաման) և 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ Ե-204-գ գրությանը կից ներկայացված եզրակացության նախագծի (այսուհետ՝ Եզրակացություն) համակարգային վերլուծության արդյունքում արձանագրված ենթադրյալ խախտումները վերաբերում են երկու հիմքերի.

1) Դատարանը հաստատել է երրորդ անձի և հայցվորի միջև կնքված հաշտության համաձայնություն՝ չունենալով նման լիազորություն:

2) Դատարանը դուրս է եկել հայցի առարկան կազմող պահանջների շրջանակից:

Վերոգրյալով պայմանավորված՝ հարկ է անդրադառնալ արձանագրված խախտումներին առանձին-առանձին:

Ա) Հիմնավորումներ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով հաշտությունը հաստատող վերջնական դատական ակտի կայացմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ, 33-րդ, 35-րդ, 109-րդ, 120-րդ, 130-րդ, 130.1-րդ, 133-րդ հոդվածներով ամրագրված նորմեր չխախտելու վերաբերյալ.

 

Թե՛ Հրամանում, թե՛ Եզրակացությունում վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ, 33-րդ, 35-րդ, 109-րդ, 120-րդ, 130-րդ, 130.1-րդ, 133-րդ հոդվածներով ամրագրված համապատասխան դրույթները՝ որպես նշված խախտման իրավական հիմք:

Նշված նորմերի մեկնաբանության և գործի հանգամանքներին համադրելու արդյունքում Նախարարը հանգել է այն եզրակացության, որ դատարանը հաստատել է հաշտության համաձայնություն՝ կնքված երրորդ անձի հետ, մինչդեռ երրորդ անձը չունի հաշտության համաձայնություն կնքելու իրավունք:

Դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնության հաստատումը պայմանավորված է եղել հետևյալով:

Դատավարության մասնակիցների (գործին մասնակցող անձանց) կազմը և դատավարական կարգավիճակը պայմանավորված է նշված անձանց միջև առկա նյութաիրավական հարաբերությունների բնույթով և բովանդակությամբ:

Մինչ հաշտության համաձայնությունը դատարանին ներկայացնելը Գևորգ Փարսոյանն ունեցել է երրորդ անձի կարգավիճակ, սակայն հայցվորի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելով` վերջինիս նյութաիրավական կարգավիճակը փոփոխվել է (վերջինս համարվել է պարտապան), ինչը նշանակում է, որ վերջինիս դատավարական կարգավիճակը նույնպես ենթակա էր փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 289-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործի նյութերի և վերոհիշյալ իրավական նորմի դրույթների համադրման և վերլուծության արդյունքում Գևորգ Փարսոյանի և հայցվոր ընկերության միջև 2016 թվականի փետրվարի 19-ին կնքված հաշտության համաձայնությունը, ըստ էության, գործարք է Գևորգ Փարսոյանի և հայցվոր ընկերության միջև, որով սահմանվել են դրա բովանդակությունը կազմող պայմանները:

2016 թվականի փետրվարի 19-ին կնքված գործարքի կողմերն ընդունել են, որ դրանում արտացոլված գումարները («Չանախ» ՍՊ ընկերությանը վճարման ենթակա պարտքի մայր գումար՝ 1.086.700 ՀՀ դրամ, նախապես վճարված պետական տուրքի գումար՝ 21.734 ՀՀ դրամ) ամբողջությամբ համընկնում են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵԱՆԴ/3550/02/14 վճռով նշված գումարներին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵԱՆԴ/3550/02/14 վճռով պարտապանը հանդիսացել է 2016 թվականի փետրվարի 19-ին կնքված գործարքի կողմ հանդիսացած Գևորգ Փարսոյանի որդին՝ Գարիկ Փարսոյանը:

Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվոր ընկերության և Գևորգ Փարսոյանի փոխադարձ կամահայտնության արդյունքում 2016 թվականի փետրվարի 19-ին կնքված գործարքի հիման վրա Գևորգ Փարսոյանն ստանձնել է որդու պարտավորությունների կատարումը և Գևորգ Փարսոյանը թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության հիման վրա դիտարկվել է որպես պատասխանող:

Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով դատարանին ներկայացված հաշտության համաձայնության հաստատմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գևորգ Փարսոյանին դիտարկել է որպես պատասխանող:

Թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով հաշտության համաձայնության հաստատմամբ Գևորգ Փարսոյանին որպես պատասխանող դիտարկելու հիմքում ընկած է եղել նաև տնօրինչականության սկզբունքը, որը մասնավորեցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով (պայմանագրի ազատության սկզբունք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի համաձայն՝

1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:

Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

2. Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:

3. Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

4. Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

5. Այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման: Նման համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի պայմանը որոշվում է դիսպոզիտիվ նորմով:

Վերոգրյալով պայմանավորված՝ դատավորը կայացրել է հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտ և Գևորգ Փարսոյանին չի դիտարկել որպես երրորդ անձ:

Այլ կերպ՝ թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով հաստատված հաշտության համաձայնությամբ չի նախատեսվում երրորդ անձից գումարի բռնագանձում, ինչպես որ նշված է Եզրակացությունում:

Հարկ է նշել, որ արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը չի կարող կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ:

 Նման եզրահանգման իրավական հիմքն ամրագրված է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

 

Բ) Հիմնավորումներ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հայցի առարկան կազմող պահանջների շրջանակից դուրս գալու մասով արձանագրված խախտումների բացակայության վերաբերյալ.

Թե՛ Հրամանում, թե՛ Եզրակացությունում վկայակոչվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության 3-րդ հոդվածներով ամրագրված դրույթները՝ որպես նշված խախտման իրավական հիմք:

Նշված նորմերի մեկնաբանության և գործի հանգամանքներին համադրելու արդյունքում Նախարարը հանգել է այն եզրակացության, որ հաշտության համաձայնության հաստատմամբ դատարանը դուրս է եկել հայցի առարկայի շրջանակներից՝ հայցվորին վերապահելով երրորդ անձից գումար բռնագանձելու պահանջի իրավունք:

Ինչպես նշվել է սույն բացատրությունների առաջին մասում, թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով հաստատված հաշտության համաձայնությամբ չի նախատեսվում երրորդ անձից գումարի բռնագանձում:

Ինչ վերաբերում է հայցի առարկայից դուրս գալու վերաբերյալ դիրքորոշմանը, ապա այն անընդունելի է հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով ամրագրված է, որ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

«ՉԱՆԱԽ» ՍՊ ընկերության կողմից թիվ ԵԱՆԴ/5022/02/15 քաղաքացիական գործի հարուցման համար հիմք հանդիսացած հայցը հետապնդել է մեկ նպատակ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵԱՆԴ/3550/02/14 օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձված գումարը ստանալ:

Նշված նպատակն ուղղակիորեն բխում է հայցի հիմքերից և դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումներից: «ՉԱՆԱԽ» ՍՊ ընկերությունը՝ որպես հայցվոր, օգտվելով պայմանագրի ազատության և դատավարական տնօրինչականության սկզբունքներից, Գևորգ Փարսոյանի հետ կնքել է երկկողմ գործարք և որոշել է գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Դատավարական աքսիոմա է, որ հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում դատարանը հայցի հիման վրա հարուցված գործն ըստ էության չի քննում (չի պարզում հայցի հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցման ենթակա փաստերը, ապացուցման բեռը և այլն) և չի կայացնում հայցը բավարարող և (կամ) մերժող դատական ակտ, այլ կայացնում է գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտ:

Նշված եզրահանգման իրավական հիմքերը, այլ դրույթներից զատ, ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև 109-րդ հոդվածի 7-րդ մասերով:

Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված նորմի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը:

Նշված նորմերի տառացի մեկնաբանության և համակարգային վերլուծության արդյունքում դատավորը գտնում է, որ հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում դատարանը վեճն ըստ էության չի քննում:

Վերոգրյալով պայմանավորված՝ վճռին ներկայացվող դատավարական կարգավորումները տարբերակված են հաշտության համաձայնությունը հաստատելու և հայցը բավարարելու/մերժելու դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

2) սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին.

3) գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշում` գործարքի անվավերության հետևանքների մասին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

Նման պարագայում, հաշվի առնելով նաև նշված նորմերի կիրառման վերաբերյալ ձևավորված դատաիրավական պրակտիկան` դատավորը չէր կարող դուրս գալ հայցի առարկան կազմող պահանջների շրջանակներից, քանի որ այդ պահանջների մասով ըստ էության քննություն չի կատարել և դրանք լուծող (մերժելու կամ բավարարելու վերաբերյալ) դատական ակտ չի կայացրել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ կարճել հարուցված կարգապահական վարույթը»:

 

4. ՀՀ արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում դատավոր Ա. Դավթյանի փաստաբանի դիրքորոշումը.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի փաստաբան Գ. Մուղնեցյանը, ներկայացնելով դատավոր Ա. Դավթյանի դիրքորոշումը, միջնորդեց կարգապահական գործը կարճել` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ՀՀ դատական օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման հիմքով:

 

5. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարի 17.11.2016թ. թիվ 534-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ:

2) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանը ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 05.12.2016թ. գրությամբ խնդրել է երկարաձգել գրավոր բացատրություն ներկայացնելու ժամկետը, քանի որ 21.11.2016 թվականից մինչև 02.12.2016 թվականը ներառյալ գտնվել է հերթական արձակուրդում:

3) ՀՀ արդարադատության նախարարը, հաշվի առնելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի 21.11.2016 թվականից մինչև 02.12.2016 թվականը ներառյալ հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքը, դատավոր Ա. Դավթյանին 13.12.2016թ. հասցեագրված գրությամբ տեղեկացրել է, որ 17.11.2016թ. հարուցված կարգապահական վարույթի տևողությունը երկարաձգվել է վերջինիս բացակայության ժամանակահատվածով:

4) ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգապահական վարույթի նյութերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանին հանձնելու նպատակով դատարան ուղարկվել են 28.12.2016 թվականին և վերջինիս հանձնվել են 29.12.2016 թվականին:

5) Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկվել են 12.01.2017 թվականին:

6) Կարգապահական գործի քննության ընթացքում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանի փաստաբան Գ. Մուղնեցյանը, ներկայացնելով դատավոր Ա. Դավթյանի դիրքորոշումը, միջնորդեց կարգապահական գործը կարճել` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ՀՀ դատական օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման հիմքով:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, դատավոր Ա. Դավթյանի փաստաբանի դիրքորոշումը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատավորի բացակայության ժամանակահատվածով»:

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Արդարադատության խորհրդին և այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձնման մասին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, և դրանք ենթակա են Արդարադատության խորհրդում ըստ էության քննության»:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական վարույթն սկսվում է կարգապահական վարույթ հարուցող անձի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացնելու պահից: Վարույթ հարուցած անձի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու մասին որոշում կայացնելու դեպքում կարգապահական վարույթի ընթացքն ավարտվում է կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահին: Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ այն դեպքի, երբ կարգապահական վարույթի տևողությունը երկարաձգվել է դատավորի բացակայության ժամանակահատվածով:

Կարգապահական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ արդարադատության նախարարը, հաշվի առնելով Դատարանի դատավոր Ա. Դավթյանի 21.11.2016 թվականից մինչև 02.12.2016 թվականը ներառյալ հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքը, վերջինիս նկատմամբ 17.11.2016թ. հարուցված կարգապահական վարույթի տևողությունը երկարաձգել է դատավորի բացակայության ժամանակահատվածով, այն է` 12 օրով:

Խորհուրդն արձանագրում է, որ 17.11.2016թ. հարուցված և դատավոր Ա. Դավթյանի բացակայության ժամանակահատվածով (21.11.2016 թվականից մինչև 02.12.2016 թվականը` 12 օր) երկարաձգված կարգապահական վարույթի վերջնաժամկետը 10.01.2017 թվականն է: Այնինչ կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկվել են 12.01.2017 թվականին:

Նման պայմաններում Խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական վարույթն ավարտվել է (այն, ինչպես արդեն նշվեց, ավարտվում է կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահին) կարգապահական վարույթի արդեն իսկ ամրագրված վերջնաժամկետի` 10.01.2017 թվականի ավարտից 2 օր անց` 12.01.2017 թվականին, արձանագրում է, որ տվյալ դեպքում կարգապահական վարույթի տևողությունը գերազանցել է ՀՀ դատական օրենսգրքով սահմանված ժամկետը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցած անձի կողմից չի պահպանվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի տևողության ՀՀ դատական օրենսգրքով սահմանված ժամկետը:

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Մինչև կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալու այն դատավորը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումների հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը»:

Կարգապահական գործի քննության ընթացքում պարզվեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգապահական վարույթի նյութերը դատավոր Ա. Դավթյանին հանձնելու նպատակով Դատարան ուղարկվել են 28.12.2016 թվականին և վերջինիս հանձնվել են 29.12.2016 թվականին:

Խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերջնաժամկետը 10.01.2017 թվականն է և հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումները, արձանագրում է, որ նշված նորմով սահմանված կարգապահական վարույթի նյութերը դատավոր Ա. Դավթյանին պետք է հանձնվեին ոչ ուշ, քան կարգապահական վարույթի վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ, այն է` 27.12.2016 թվականին, մինչդեռ կարգապահական վարույթի նյութերը դատավոր Ա. Դավթյանին հանձնելու նպատակով Դատարան ուղարկվել են 28.12.2016 թվականին և վերջինիս հանձնվել են 29.12.2016 թվականին:

ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական գործի քննության ընթացքում ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացվել է գործը կարճելու մասին միջնորդություն` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման` վարույթը հարուցած անձի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ՀՀ դատական օրենսգրքի սահմանված ժամկետների խախտման հիմքով:

Այսպիսով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Խորհուրդը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. Բաբայան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան