Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2017.03.18 թիվ 48 (6569) Հոդ.215.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1025/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1025/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան  

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

   Գ. Կարախանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նախարարության ընդդեմ «Ամասիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով նախատեսված տուգանք` 2.505.905 ՀՀ դրամի չափով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 17.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, թեև որոշման մեջ վկայակոչել է 22.03.2013 թվականին ստորագրված ընդունման-հանձնման ակտը, սակայն այն պատշաճ չի գնահատել։ Մինչդեռ այն գնահատելու արդյունքում կհաստատվեր այն փաստը, որ Ընկերությունը մատակարարել է պայմանագրի մեջ նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք և պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար պետք է վճարի պայմանագրով նախատեսված տուգանքը: Ստորադաս ատյաններն անտեսել են, որ հանձնման-ընդունման ակտը կազմվել է պայմանագրի 3.2.1 և 6.3 կետերի պահանջներն ապահովելու նպատակով և հաստատվել է պայմանագրի կողմերի կողմից, հետևաբար ակտի մեկ օրինակը հավաստում է այն մասին, որ Նախարարությունն ակտում նշված պատճառաբանությամբ չի ընդունել տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մատակարարված ապրանքը, որն ապրանքը չընդունելու` պայմանագրով սահմանված պատճառաբանված որոշում է:

Բացի այդ, ստորադաս ատյանները, 26.06.2013 թվականի հանձնման-ընդունման արձանագրության մեջ նշված ծանոթությամբ ամրագրվածը վերաբերելի դարձնելով ամբողջ պայմանագրային գործընթացին և որոշելով, որ կողմերը միմյանց նկատմամբ ամբողջ պայմանագրային գործընթացի համար այլ պարտավորություններ չունեն, անտեսել են այն հանգամանքը, որ վերը նշված արձանագրության մեջ նշված ծանոթությամբ ամրագրվածը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակի համար ապրանքին և միայն դրա համար վճարվելիք գումարին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ստորադաս դատարաններն իրավամբ եկել են այն եզրահանգման, որ Ընկերության կողմից Նախարարությանը մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրային չափանիշներին` տեխնիկական բնութագրին, հետևաբար առկա չի եղել որևէ անհամապատասխանատվություն: Բացի այդ, 26.06.2013 թվականին Ընկերության և Նախարարության միջև կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ կողմերն ընդունել են, որ միմյանց նկատմամբ որևէ պարտավորություն չունեն: Միևնույն ժամանակ նշված արձանագրությունը կողմերի միջև պարտավորությունների պատշաճ կատարման հիմքով դադարեցման ապացույց է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Նախարարության (այսուհետ` Գնորդ) և Ընկերության (այսուհետ` Վաճառող) միջև 26.12.2012 թվականին կնքվել է «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների գնման» թիվ ՀՀ ԳՆ-ՇՀԱՊՁԲ-11/5-11-ԱԱՎ-196 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Վաճառողը պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում Գնորդին կամ նրա կողմից որոշված ստացողին հանձնել այդ պայմանագրի թիվ 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանք (այսուհետ՝ Ապրանք), իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ Ապրանքը և վճարել դրա համար: Պայմանագրի 9.6 կետի համաձայն` թիվ 1, 2, 3, 4 հավելվածները պայմանագրի անբաժանելի մասն են:

Պայմանագրի 3.1.2 կետի համաձայն` եթե հանձնվել է անպատշաճ որակի` պայմանագրի 1.1 կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք, ապա Գնորդն իրավունք ունի`

ա) չընդունելու Ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելու անպատշաճ որակի Ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի Ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջելու վաճառողից վճարել պայմանագրի 7.3 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 7.2 կետով նախատեսված տույժը.

բ) հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել Ապրանքի համար վճարված գումարը:

Պայմանագրի 4.1 կետի համաձայն` պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 501.184.980,3 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

Պայմանագրի 6.1 կետի համաձայն` Պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքներն ընդունվում են Գնորդի և Վաճառողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ (…): Պայմանագրի 6.2 կետի համաձայն` արձանագրությունն ստորագրվում է, եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին (…): Պայմանագրի 6.3 կետի համաձայն` Գնորդը հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում Վաճառողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Ապրանքը չընդունելու պատճառաբանված մերժումը:

Պայմանագրի 7.2 կետի համաձայն` Վաճառողի կողմից նույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գանձվում է տույժ` 0,05%-ի չափով, որը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ:

Պայմանագրի 7.3 կետի համաձայն` նույն պայմանագրի 1.1 կետում նշված Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք` Պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսի չափով (1-ին հատոր, գ.թ. 61-65)։

2. Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ով սահմանվել է մատակարարվող պատվաստանյութերի տեխնիկական բնութագիրը, ըստ որի` խոզերի դասական ժանտախտի նկատմամբ կենդանի, չորացված պատվաստանյութի, խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութի և կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության նկատմամբ բազմարժեք պատվաստանյութի օգտագործման համար մնացորդային ժամկետը պետք է լինի 9 ամսից ոչ պակաս (1-ին հատոր, գ.թ. 66-70)։

3. Նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Պայմանագրի շրջանակներում 06.03.2013 թվականին մատակարարված խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ` 443.000 դոզա, կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության նկատմամբ` 20.000 դոզա, խոզերի դասական ժանտախտի նկատմամբ` 562.000 դոզա, պատվաստանյութերը չեն համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին (մնացորդային ժամկետը եղել է 6 ամիս` 9-ը ամսվա փոխարեն) (1-ին հատոր, գ.թ. 82)։

4. Կողմերի միջև 22.03.2013 թվականին ստորագրված Ընդունման-հանձնման ակտի համաձայն` Պայմանագրի շրջանակներում 06.03.2013 թվականին մատակարարված որոշ պատվաստանյութեր չեն համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութի, կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության նկատմամբ բազմարժեք պատվաստանյութի և խոզերի դասական ժանտախտի նկատմամբ կենդանի, չորացված պատվաստանյութի օգտագործման համար մնացորդային ժամկետը պակաս է եղել 9 ամսից: Արդյունքում որոշվել է դրանք վերադարձնել Ընկերությանը՝ մինչև 31.03.2013 թվականը համալրելու և տեխնիկական բնութագրի պահանջին համապատասխանեցնելու համար (1-ին հատոր, գ.թ. 117):

5. 17.04.2013 թվականին կողմերի միջև ստորագրված Հանձնման-ընդունման թիվ 4 արձանագրության համաձայն` Ընկերությունն իրականացրել է վերոնշյալ պատվաստանյութերի մատակարարումը (ընդամենը` 19.974.134,2 ՀՀ դրամ) (1-ին հատոր, գ.թ. 110-111):

6. 26.06.2013 թվականին կողմերի միջև ստորագրված Հանձնման-ընդունման թիվ 5 արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) «Ծանոթություն» բաժնի համաձայն` «31.03.2013 թվականից մինչև 17.04.2013 թվականը` ընդամենը 17 օր ուշացնելու համար պայմանագրի 7.2 կետով հաշվարկվում է տույժ` 169.780 ՀՀ դրամի չափով` կողմերի միջև 17.04.2013 թվականին կնքված Հանձնման-ընդունման թիվ 4 արձանագրության 19.974.134,2 ՀՀ դրամից: Բացի սույն ծանոթությունում նշված պարտավորությունից, կողմերը միմյանց նկատմամբ այլ պարտավորություններ չունեն» (1-ին հատոր, գ.թ. 114-115):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք պայմանագրի կողմերի միջև արձանագրված պայմանագրային դրույթի խախտումը վերացվելու պայմաններում կողմը զրկվում է պայմանագրով սահմանված տուգանքը պահանջելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այդ գործողությունների ծավալը կախված է ապրանքները գնորդին հանձնելու վայրից և այն եղանակից, որով պետք է իրականացվի հանձնումը (տե՛ս, «Ստանդարտ Էներգո» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3094/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (տե՛ս, «Ֆինլեքս» ՍՊԸ-ն ընդդեմ «Մետաքս» ԲԲԸ-ի թիվ ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Նախարարության և Ընկերության միջև 26.12.2012 թվականին կնքված Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում Նախարարությանը կամ նրա կողմից որոշված ստացողին հանձնել նշված պայմանագրի թիվ 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված Ապրանք, իսկ Նախարարությունը պարտավորվել է ընդունել այդ Ապրանքը և վճարել դրա համար: Պայմանագրի 3.1.2 կետով սահմանվել է, որ եթե հանձնվել է անպատշաճ որակի` պայմանագրի 1.1 կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք, ապա Գնորդը, մասնավորապես, իրավունք ունի չընդունելու Ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելու անպատշաճ որակի Ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի Ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջելու վաճառողից վճարել պայմանագրի 7.3 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 7.2 կետով նախատեսված տույժը: Պայմանագրի 6.1 կետի համաձայն` Պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքներն ընդունվում են Գնորդի և Վաճառողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ (…): Պայմանագրի 6.2 կետի համաձայն` արձանագրությունն ստորագրվում է, եթե մատակարարված Ապրանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին (…): Պայմանագրի 6.3 կետի համաձայն` Գնորդը հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում Վաճառողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Ապրանքը չընդունելու պատճառաբանված մերժումը։ Պայմանագրի 7.2 կետի համաձայն` Վաճառողի կողմից նույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գանձվում է տույժ` 0,05%-ի չափով, որը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Պայմանագրի 7.3 կետի համաձայն` նույն պայմանագրի 1.1 կետում նշված Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք` Պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսի չափով: Նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետի կողմից տրված տեղեկանքի և կողմերի միջև 22.03.2013 թվականին ստորագրված Ընդունման-հանձնման ակտի համաձայն` Պայմանագրի շրջանակներում 06.03.2013 թվականին մատակարարված որոշ պատվաստանյութեր չեն համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին: Արդյունքում որոշվել է դրանք վերադարձնել պատասխանողին` մինչև 31.03.2013 թվականը համալրելու և տեխնիկական բնութագրի պահանջին համապատասխանեցնելու համար: 17.04.2013 թվականին կողմերի միջև ստորագրված Հանձնման-ընդունման թիվ 4 արձանագրության համաձայն` Ընկերությունն իրականացրել է վերոնշյալ պատվաստանյութերի մատակարարումը, իսկ 26.06.2013 թվականին կողմերի միջև ստորագրված Արձանագրության «Ծանոթություն» բաժնի համաձայն` մատակարարումը 17 օր ուշացնելու համար հաշվարկվել է տույժ, և կողմերն արձանագրել են, որ բացի նույն ծանոթությունում նշված պարտավորությունից, կողմերը միմյանց նկատմամբ այլ պարտավորություններ չունեն:

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ 22.03.2013 թվականին կողմերի միջև կազմվել է Ընդունման-հանձնման ակտ, որի համաձայն` որոշվել է Ընկերությանը վերադարձնել տեխնիկական բնութագրին չհամապատասխանող պատվաստանյութերը` մինչև 31.03.2013 թվականը համալրելու և պահանջներին համապատասխանեցնելու համար, սակայն Նախարարությունը ո՛չ նշված վերջնաժամկետից առաջ, ո՛չ հետո չի օգտվել Պայմանագրի 3.1.2 և 6.3 կետերով սահմանված հնարավորություններից` կապված Ապրանքը չընդունելու, պատշաճ որակի Ապրանքով փոխարինելու, տուգանք և տույժ պահանջելու, պայմանագրի կատարումից հրաժարվելու կամ Ապրանքը չընդունելու որոշումն Ընկերությանը ներկայացնելու հետ, իսկ նշված վերջնաժամկետից շուրջ երեք ամիս հետո` 26.06.2013 թվականին, կողմերի միջև ստորագրված Արձանագրության «Ծանոթություն» բաժնի համաձայն` Նախարարությունն արձանագրել է, որ բացառությամբ նշված 230.186.134,2 ՀՀ դրամի պարտավորությունից, կողմերը միմյանց նկատմամբ այլ պարտավորություններ չունեն: Ուստի Դատարանը գտել է, որ Նախարարության՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով տուգանքի բռնագանձման հայցն անհիմն է և ենթակա մերժման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել վերը նշված եզրահանգումները՝ միաժամանակ արձանագրելով, որ Արձանագրության համաձայն՝ պատասխանողի կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարման հիմքով դադարել են, որպիսի պայմաններում հայցվորի պահանջը ենթակա էր մերժման: Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ վերոնշյալ Արձանագրության «Ծանոթություն» բաժնում ամրագրված դրույթներն ամբողջությամբ վերաբերում են միայն տվյալ խմբաքանակի համար կազմված արձանագրությամբ հանձնված ապրանքախմբին և միայն դրա համար վճարվելիք գումարներին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ փաստարկը չի կարող համարվել հիմնավոր` դրա արժանահավատությունը հաստատող ապացույցի բացակայության հիմքով:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության պահանջի հիմնավորվածությունը ստուգելու համար ստորադաս դատարանները պետք է գործում առկա բոլոր ապացույցները գնահատեին համակցության մեջ և Արձանագրության «Ծանոթություն» բաժնում նշված արտահայտությունը մեկնաբանեին Պայմանագրի համատեքստում։ Մինչդեռ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Նախարարությունը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, հայցադիմումում նշել է Ընկերության կողմից անպատշաճ որակի ապրանք մատակարարելու մասին, որպիսի հիմքով էլ ծագել է Նախարարության իրավունքը` Ընկերությունից պահանջելու վճարել տուգանքը։

Հիմք ընդունելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նախարարության և Ընկերության միջև պայմանագրի ազատության սկզբունքին համապատասխան կնքվել է Պայմանագիրը, որի «Կողմերի իրավունքները և պարտականությունները» բաժնի 3.1.2 կետի մեկնաբանությունից հետևում է, որ Վաճառողի կողմից Պայմանագրի անբաժանելի մաս կազմող թիվ 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք մատակարարելու դեպքում Գնորդին իրավունք է տրված չընդունելու Ապրանքը և պահանջելու մատակարարից անհատույց փոխարինել անպատշաճ որակի Ապրանքը տեխնիկական բնութագրին համապատասխան որակի Ապրանքով, ինչպես նաև պահանջելու Վաճառողից վճարել Պայմանագրի 7.3 և 7.2 կետերով սահմանված տուգանքն ու տույժը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով տուգանքի վճարման պարտավորության ծագման հիմքը Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին անհապատասխան ապրանքի մատակարարման փաստն է` անկախ հետագայում Վաճառողի կողմից այդ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելու հանգամանքից։ Այլ կերպ ասած` Վաճառողի կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք հանձնելու դեպքում Գնորդը Պայմանագրի 3.1.2 կետի ուժով ազատ է պահանջելու Պայմանագրով սահմանված տուգանքը` անկախ ապրանքը չընդունելու և այն փոխարինելու պահանջ ներկայացված լինելուց։ Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ տուգանքը պահանջելու իրավունքի ժամկետային սահմանափակում Պայմանագրով սահմանված չէ։ Ուստի Պայմանագրի մեկնաբանությունից հետևում է, որ Գնորդն իրավունք ունի ինչպես պահանջելու փոխարինել Պայմանագրին չհամապատասխանող ապրանքը, այնպես էլ հետագայում պահանջելու վճարել տուգանք` անկախ այդ պահի դրությամբ ապրանքը Պայմանագրին համապատասխանեցված լինելու հանգամանքից։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով կողմերի միջև առկա պայմանագրային կարգավորումը, եկել է այն սխալ եզրահանգման, որ Գնորդը չի օգտվել Պայմանագրով իրեն վերապահված տուգանք պահանջելու իրավունքից և վերադարձրել է ապրանքը Վաճառողին` պահանջելով մինչև 31.03.2013 թվականն այն համալրել և համապատասխանեցնել տեխնիկական բնութագրի պահանջին: Այսինքն` Վերաքննիչ դատարանն ըստ էության գտել է, որ Նախարարությունն իր հայեցողությամբ օգտվել է միայն Պայմանագրի 3.1.2 կետով նախատեսված՝ ապրանքը չընդունելու և անպատշաճ որակի ապրանքը Պայմանագրում ամրագրված չափանիշներին համապատասխան որակի ապրանքով անհատույց փոխարինելու պահանջ ներկայացնելու իր իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված ապացույցներով (Նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետի կողմից տրված տեղեկանքով և կողմերի միջև 22.03.2013 թվականին ստորագրված Ընդունման-հանձնման ակտով) հիմնավորվել է Ընկերության կողմից Պայմանագրի խախտման՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու փաստը, որի հիման վրա Վճռաբեկ դատարանը, Պայմանագրի 3.1.2 կետի տառացի մեկնաբանության և նշված դրույթը պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրման արդյունքում, գտնում է, որ Վաճառողի համար առաջացել է Պայմանագրի 7.2 և 7.3 կետերով նախատեսված տույժ և տուգանք վճարելու պարտականություն` անկախ ապրանքը փոխարինելու հանգամանքից: Ընդ որում, կողմերը պայմանագիրը կնքելիս չեն բացառել տույժի և տուգանքի միաժամանակյա կիրառումը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնվելով Պայմանագրի կարգավորման վրա` Կողմերի միջև 22.03.2013 թվականին ստորագրված Ընդունման-հանձնման ակտի բովանդակությունից չի կարելի եզրահանգել, որ Գնորդը, օգտվելով մատակարարված անպատշաճ որակի ապրանքը Պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով փոխարինելու իր իրավունքից, զրկվել է Պայմանագրի 7.3 կետով սահմանված տուգանքի վճարում պահանջելու իրավունքից:

Ինչ վերաբերում է Արձանագրության «Ծանոթություն» բաժնում նշվածին, ապա հաշվի առնելով, որ տվյալ բաժնում կողմերը համաձայնության են եկել տույժ վճարելու շուրջ, հաշվարկել և Գնորդին վճարման ենթակա գումարից հաշվանցել են տույժի գումարը, ինչպես նաև կարևորելով, որ «Ծանոթություն» բաժնում ուղղակիորեն նշված չի եղել նաև տուգանքի մասով պարտավորությունը դադարած լինելու մասին, իսկ Պայմանագրով սահմանված տուգանք պահանջելու իրավունքը որևէ սահմանափակում, այդ թվում` ժամանակային, չունի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բացի սույն ծանոթությունում նշված պարտավորությունից, կողմերը միմյանց նկատմամբ այլ պարտավորություններ չունեն» արտահայտությունը վերաբերում է տվյալ արձանագրությամբ հաշվարկված և վճարման ենթակա տույժի մասով պարտավորությանը։

Նկատի ունենալով Ընկերության կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու փաստը, հաշվի առնելով, որ Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 501.184.980,3 ՀՀ դրամ, իսկ տուգանքի տոկոսադրույքը՝ Պայմանագրի ընդհանուր գնի 0,5%-ը, Ընկերության կողմից Նախարարությանը վճարման ենթակա տուգանքի գումարը կազմում է 2.505.924,9 (501.184.980,3*0,5%) ՀՀ դրամ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են ստորադաս դատարանների այն եզրահանգումները, որ հայցը ենթակա էր մերժման:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածները:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, իսկ Նախարարության հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Նախարարության պետք է բռնագանձել 75.177 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 75.177 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 50.118 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել. «Ամասիա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բռնագանձել 2.505.905 ՀՀ դրամ` որպես պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով նախատեսված տուգանք:

2. «Ամասիա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բռնագանձել 50.118 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 «Ամասիա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բռնագանձել 75.177 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 «Ամասիա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բռնագանձել 75.177 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Ս. անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան