Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1339
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.15/5(574).1 Հոդ.107
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.01.2017
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 հունվարի 2017թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ, 260-ՐԴ, 262-ՐԴ, 266-ՐԴ ԵՎ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ.Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լ. Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ն.Փիրումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 262-րդ, 266-րդ և 267-րդ հոդվածների, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2016 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թ. դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թ. հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Խախտողի բերումը» վերտառությամբ 258-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն:

Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին:

Բնապահպանական օրենսդրության խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի տեսուչները, այդ թվում` հասարակական տեսուչները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել ոստիկանության շենք` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Պահպանվող օբյեկտների, այլ պետական կամ հանրային գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը ռազմականացված պահպանության աշխատողների կողմից կարող է բերվել ռազմականացված պահպանության ծառայողական շենք կամ ոստիկանություն` իրավախախտումները կանխելու, իրավախախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Բերումը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում:

Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի»:

Օրենսգրքի 258-րդ հոդվածը փոփոխվել է 2002 թ. դեկտեմբերի 11-ի ՀՕ-495-Ն և 2012 թ. փետրվարի 7-ի ՀՕ-2-Ն օրենքներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական ձերբակալում» վերտառությամբ 260-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Արձանագրությունը ստորագրելուց ձերբակալվածի հրաժարվելու դեպքում դրանում այդ մասին նշում է արվում:

Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է»:

ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական ձերբակալման ժամկետները» վերտառությամբ 262-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:

Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր: (Սույն մասն ուժը կորցրել է 2004 թ. դեկտեմբերի 24-ին ընդունված ՀՕ-68-Ն օրենքով):

Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից»:

Ընդունումից հետո օրենսգրքի 262-րդ հոդվածը փոփոխվել է 1988 թ. օգոստոսի 29-ին, 1990 թ. մարտի 10-ին, ինչպես նաև 1996 թ. դեկտեմբերի 3-ի ՀՕ-102 և 2004 թ. դեկտեմբերի 24-ի ՀՕ-68-Ն օրենքներով:

ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 103-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր: Նույն որոշմամբ 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված` 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները նույնպես ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական ձերբակալման, զննության և իրերի ու փաստաթղթերի վերցման գանգատարկումը» վերտառությամբ 266-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական ձերբակալումը, անձնական զննությունը, իրերի զննությունը և իրերն ու փաստաթղթերը վերցնելը կարող են շահագրգռված անձի կողմից գանգատարկվել վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները» վերտառությամբ 267-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Սույն օրենսգրքի 401-404, 406-4012, 53, 147 հոդվածի երկրորդ մասով, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ոստիկանության կամ ժողովրդական դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ոստիկանության կողմից բերման ենթարկվել:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է»:

Օրենսգրքի 267-րդ հոդվածը խմբագրվել է 1991 թ. օգոստոսի 2-ին, 1995 թ. մայիսի 19-ի ՀՕ-137 օրենքով, 1996 թ. դեկտեմբերի 3-ի ՀՕ-102 օրենքով, փոփոխվել է 2011 թ. մայիսի 26-ի ՀՕ-165-Ն օրենքով և 2012 թ. փետրվարի 7-ի ՀՕ-2-Ն օրենքով:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թ. ապրիլի 16-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թ. մայիսի 16-ին և ուժի մեջ է մտել 2001 թ. հունիսի 10-ին:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի` «Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները» վերտառությամբ 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը (վերնագիրը խմբագրվել է 2006 թ. հունիսի 1-ին ընդունված ՀՕ-123-Ն օրենքով) սահմանում են.

«…Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ…»:

Օրենքի նշված հոդվածը խմբագրվել է 2006 թ. հունիսի 1-ին ընդունված ՀՕ-123-Ն օրենքով:

 

2. Դիմողը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 26-րդ, 27-րդ, 75-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին, քանի որ չեն ապահովում անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման համար որոշակիություն և չեն բովանդակում անձի ազատության իրավունքի ապահովման բավարար երաշխիքներ:

Դիմողը պնդում է, որ վարչական ձերբակալման վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները չեն պարունակում ազատությունից զրկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, ազատությունից զրկված անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներ և ակնհայտ անհրաժեշտություն կա դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:

Ըստ դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի ուժով անձը կարող է ձերբակալվել մինչև 3 ժամ տևողությամբ, որն ակնհայտ ազատությունից զրկում է համարվում, բայց միևնույն ժամանակ չունի այն նվազագույն իրավունքները, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության 27-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածների երաշխիքային կարգավորումներից:

Դիմողն առանձին անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասին` պնդում է, որ վարչական ձերբակալման ժամկետը խախտողին բերելու պահից հաշվելու մասին այդ դրույթը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով «բերելու պահից» ձևակերպումը չի նույնացվում անձին փաստացի ազատությունից զրկելու պահի հետ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 266-րդ հոդվածի սահմանադրականությունը դիմողը վիճարկում է` պատճառաբանելով, որ այն չի նախատեսում վարչական ձերբակալման, ինչպես նաև բերման ենթարկելու և իրավախախտի բերման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու և ազատությունից զրկման ոչ իրավաչափ լինելու դեպքում դատարանի կողմից անձին սեղմ ժամկետում ազատ արձակելու հնարավորություն:

Վիճարկվող դրույթների համեմատական վերլուծության արդյունքում դիմողը եզրակացնում է, որ հստակ տարանջատված չեն «վարչական ձերբակալման», «բերման ենթարկելու» և «բերելու» ինստիտուտների նպատակները, կիրառման հիմքերը, ամրագրված չեն ազատությունից զրկված անձի իրավունքները:

Դիմողը գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակներում անձին բերելու և ձերբակալելու ընթացակարգերի կիրառման նպատակները՝ իրավախախտի անձը պարզելու, իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու առումով, մասնակիորեն համընկնում են, սակայն բավարար որոշակիությամբ հստակեցված չեն իրավունքի սահմանափակման տեսանկյունից նույնաբնույթ այդ իրավական կառուցակարգերի տարբերակիչ առանձնահատկությունները:

Դիմողի կարծիքով, վիճարկվող օրենսդրական ձևակերպումների պայմաններում արհեստական բաժանում է իրականացված ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի առանձին տարրերի միջև, որն իրավակիրառ պրակտիկայում առաջացրել է անձի` ձերբակալվածի կարգավիճակ ձեռք բերելու սկզբնական պահի ճիշտ հաշվարկման խնդիր։

Ըստ դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումից ուղղակիորեն բխում է վարչական ձերբակալման իրավաչափության վիճարկման արտադատական կարգ: Ինչ վերաբերում է ազատությունից զրկման այլ ընթացակարգերի՝ բերման ենթարկելու և իրավախախտի բերման իրավաչափության վիճարկման իրավունքի ապահովմանը, օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ուղղակի բացակայում են:

Դիմողը պնդում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի շրջանակներում անձի ազատության իրավունքը երաշխավորող սահմանադրական և միջազգային իրավական դրույթներն արտացոլող հստակ ու որոշակի օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով ձևավորվել է կայուն ոչ իրավաչափ պրակտիկա։ Մարդու իրավունքների պաշտպանը փաստարկել է, որ նման հետևության համար հիմք են հանդիսացել իր գործունեության ընթացքում քննության առնված բազմաթիվ դեպքեր՝ կապված անձին ազատությունից զրկելու հիմքերը չներկայացնելու, նրա իրավունքները չպարզաբանելու, նրա գտնվելու վայրի մասին իր նախընտրած անձին չտեղեկացնելու, փաստաբանի մուտքը ոստիկանություն չթույլատրելու հետ։ Այդպիսի դեպքերում ոստիկանությունը պատճառաբանել է, թե անձն ընդամենը բերման է ենթարկվել և երբ ձերբակալվի` նրան կտրվեն այդ հնարավորությունները։

Խնդրո առարկա ընթացակարգերի հստակ կարգավորումների բացակայությունը, ըստ դիմողի, հանգեցրել է իրավակիրառ պրակտիկայի ոչ իրավաչափությանը նաև այն առումով, որ գործնականում անձին ազատությունից փաստացի զրկման հստակ ընթացակարգ գոյություն չունի, որի շրջանակներում կապահովվեին ներգործության այդ միջոցի կիրառման իրավաչափության բոլոր երաշխիքները: Դիմողը գտնում է, որ իրավաչափության ապահովման տեսանկյունից հստակ կարգավորումներ են անհրաժեշտ նաև անձին ազատությունից զրկելու վերաբերյալ արձանագրության կազմմանը, դրա բովանդակությանը ներկայացվող պահանջների և այն ազատությունից զրկված անձին հանձնելու հետ կապված:

Դիմողը կարծում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի դրույթներն այնքանով, որքանով առնչվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավակարգավորումների առնչությամբ դիմումում արտահայտած իրավական դիրքորոշումներին, նույնպես հակասում են ՀՀ Սահմանադրության 26-րդ, 27-րդ, 75-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:

Դիմողի կարծիքով, ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը կառավարության կողմից հաստատվել չի կարող, որովհետև «անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող ընթացակարգերի բովանդակությունը՝ նախևառաջ անձի իրավունքների ամրագրման և դրանց ապահովման առումով, պետք է բացահայտվի օրենքի մակարդակում»։

Դիմողը գտնում է, որ նշված օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումն այնքանով, որքանով ամրագրում է ոստիկանության պարտականությունն ապահովելու անձի՝ իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքը ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում, ուղղակիորեն չի ապահովում Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։

 

3. Պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, համաձայնում է դիմողի հետ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ վարչական ձերբակալման, բերման ենթարկելու և իրավախախտին բերելու ինստիտուտները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ազատությունից զրկում են հանդիսանում:

Պատասխանողը, համադրելով առանձին միջազգային իրավական փաստաթղթերում տեղ գտած իրավական երաշխիքները (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1988 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 43/173 բանաձև, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի թիվ 2122 (2016) բանաձև) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված իրավական երաշխիքների հետ, եզրահանգում է, որ վերջիններս ազատությունից զրկված անձանց չեն տրամադրում միջազգային չափանիշները բավարարող անհրաժեշտ բոլոր իրավական երաշխիքները:

Պատասխանողը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Խախտողի բերումը» վերտառությամբ 258-րդ, ինչպես նաև 259-րդ և 267-րդ հոդվածներով հստակ նշված են իրավախախտի բերման, վարչական ձերբակալման և անձին բերման ենթարկելու առանձին իրավական հիմքեր, ինչը հնարավորություն է տալիս անձին ազատությունից զրկելու այս ձևերի համար սահմանել առանձնահատուկ իրավական ռեժիմներ՝ հաշվի առնելով վերջիններիս՝ ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանագրերի շրջանակներում հետապնդվող իրավաչափ նպատակները: Այդ առումով խնդրո առարկա դրույթները համապատասխանում են օրենքին ներկայացվող իրավական որոշակիության՝ օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության պահանջներին:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների առնչությամբ պատասխանող կողմը համարում է, որ առկա է իրավական որոշակիության խնդիր: Պատասխանողի գնահատմամբ` միանշանակ չէ, թե այդ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված «ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում» պահանջը վերաբերում է ձերբակալված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից օգտվելու իրական հնարավորություն ընձեռելուն, թե նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին տեղյակ պահելուն: Պատասխանողը նշում է, որ թեև օրենքում անձի իրավունքների իրացման ավելի բարձր չափանիշ է կիրառվել, այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ անձի հարազատներին տեղյակ պահելը հնարավոր է շատ ավելի կարճ՝ երեք ժամը չգերազանցող ժամկետում, առկա է ռիսկ, որ իրավակիրառողն անհապաղ չի տեղեկացնի՝ ելնելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ նշված դրույթի տառացի մեկնաբանությունից, ուստի այս դրույթի ձևակերպումը ևս համահունչ չէ միջազգային չափանիշներին:

Պատասխանողի կարծիքով, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներից բխում է, որ անձի ազատությունը սահմանափակող ընթացակարգերի բովանդակությունը բացահայտվի օրենքով, իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրությունը որոշակի իրավակարգավորում պատվիրակում է օրենսդրին, ապա վերջինիս կողմից այն չի կարող պատվիրակվել պետական որևէ այլ մարմնի: Հետևաբար, կոնկրետ դեպքում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա իրավունքների ցանկն անհրաժեշտ է սահմանել օրենքով, ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ:

Պատասխանողը հայտնում է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որով սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա իրավակարգավորումների նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցում է դրսևորվել՝ հատուկ առանձնացնելով վարչական հարկադրանքի արդյունքում ազատությունից զրկված անձանց՝ միջազգային չափանիշներին համահունչ իրավունքները և վարչական մարմնի համապատասխան պարտականությունները:

Պատասխանողը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 262-րդ, 266-րդ և 267-րդ հոդվածներով և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները` կապված ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանության հետ, խնդրահարույց են այնքանով, որքանով չեն ապահովում ազատությունից փաստացի զրկված անձանց համար համապատասխան անհրաժեշտ իրավական երաշխիքներ, իսկ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության մասին կողմերի դիրքորոշումներն ըստ էության համընկնում են և հարկ է համարում վերահաստատել ՍԴՈ-1059 որոշմամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «եթե դիմող և պատասխանող կողմերը համակարծիք են իրավական ակտի, տվյալ դեպքում օրենքի այս կամ այն դրույթի և Սահմանադրության նորմերի միջև ենթադրյալ հակասության վերաբերյալ, ապա նշված հակասությունն անհրաժեշտ է վերացնել իրավական ակտն ընդունած մարմնի իրավասության շրջանակում, ինչը պարզապես սահմանադրական պահանջ է»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողի կողմից վիճարկվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներն ամբողջությամբ, այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը, ինչպես նաև 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործի վարույթը կարճվում է գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գործի քննությունը մերժվում է, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Հետևաբար, Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթների մասով գործի վարույթը ենթակա է կարճման։

 

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` հաշվի առնելով մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը, ինչպես նաև Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը, և ելնելով դիմողի փաստարկներից` Սահմանադրական դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում պարզել.

ա) վիճարկվող իրավակարգավորումների հիմքերն ու նպատակները,

բ) արդյո՞ք «խախտողի բերումը», «վարչական ձերբակալումը» և «բերման ենթարկումը» ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով հանդիսանում են ազատությունից զրկում և ո՞ր պահից,

գ) արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում ապահովված են ազատությունից զրկված անձանց համար ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավական երաշխիքները, այդ թվում` նման գործողությունների դեմ դատարան դիմելու նրանց իրավունքը։

 

6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 258-րդ, 260-րդ հոդվածներով և 267-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ «խախտողի բերում», «վարչական ձերբակալում», «բերման ենթարկում» միջոցառումները հարկադրանքի միջոցներ են, որոնց համար ամեն դեպքում հիմք է հանդիսանում կատարված կամ հնարավոր վարչական իրավախախտումը։ Այդ միջոցների նպատակները տարբեր են։

Օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված՝ խախտողի բերումը կիրառելի է իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ օրենքով սահմանված գործողության կատարումն ապահովելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, որոշ դեպքերում նաև խախտողի անձը պարզելու և իրավախախտումը կանխելու նպատակով։

Օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ձերբակալումը հարկադրանքի միջոց է, որը թույլատրվում է կիրառել ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ, և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննությունը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումն ապահովելու նպատակով:

Օրենսգրքի վերը նշված հոդվածներից հետևում է, որ խախտողին բերելու և ձերբակալման նպատակները հիմնականում համընկնում են։

Նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ բերման ենթարկելու նպատակն է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակից դարձնելը, երբ վերջինիս ներկայությունն օրենսգրքով սահմանված դեպքերում պարտադիր է, և նա խուսափում է ներկայանալուց:

Անկախ նպատակներից, բոլոր այս դեպքերում անձի նկատմամբ հարկադիր գործողություն է իրականացվում, որի արդյունքում նա զրկվում է տվյալ վայրը կամովին լքելու հնարավորությունից։ Սույն գործով կողմերը համակարծիք են, որ բոլոր այս դեպքերում անձը փաստացի զրկվում է ազատությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում նույնպես հաստատված է, որ անձին կանգնեցնելու և անձնական զննություն կատարելու` ոստիկանության լիազորության իրականացման ընթացքում հարկադրանքի տարրի օգտագործումն անձին ազատությունից զրկելու նշան է, անկախ նրանից, թե որքան է այդ միջոցառումը տևում (Krupko and others v. Russia, 26587/07, 26.06.2014; Foka v. Turkey, 28940/95, 24.06.2008; Brega and others v. Moldova, 61485/08, 24.04.2012 և այլն)։ Եվրոպական դատարանի նշված գործերից վերջինի դեպքում դիմողներից մեկը (երկրորդ դիմողը) ոստիկանների կողմից պահվել է տրոլեյբուսում և միայն մի քանի կանգառ հետո` 8 րոպե անց ազատ է արձակվել: ՄԻԵԴ-ը գտել է, որ չնայած դիմողի ազատությունից զրկումը եղել է շատ կարճ ժամանակով, այնուամենայնիվ, գործի նյութերից երևում է, որ ցույցին նրա մասնակցությանը խոչընդոտելու ոչ իրավաչափ նպատակով նա զրկված է եղել այդ վայրը լքելու հնարավորությունից և, հետևաբար, խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը։

ՀՀ սահմանադրական դատարանն օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով նախատեսված՝ «խախտողի բերում», «վարչական ձերբակալում», «բերման ենթարկում» միջոցառումները համադրելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ անձին ազատությունից զրկելու դեպքերի հետ, հաշվի առնելով նաև ՄԻԵԴ-ի վերը նշված իրավական դիրքորոշումը՝ արձանագրում է, որ դրանք անձին ազատությունից զրկող միջոցառումներ են, հետևաբար, դրանցից յուրաքանչյուրի ազդեցությունն անմիջականորեն կրող սուբյեկտների վրա տարածվում են ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված երաշխիքները:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վիճարկվող հոդվածներում ազատությունից զրկելու՝ ձերբակալելու, բերելու, բերման ենթարկելու ստույգ պահի առնչությամբ կոնկրետ դրույթի բացակայության վերաբերյալ դիմողի փաստարկին՝ գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում երաշխավորված` անձնական ազատության իրավունքին միջամտությունն սկսվում է անձնական ազատությունից փաստացի զրկելու պահից, անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով է տեղի ունենում` «խախտողի բերման», «վարչական ձերբակալման» թե «բերման ենթարկելու» միջոցով: Ազատությունից փաստացի զրկելու պահից անձի համար գործում են այդ անձանց համար Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքները, անկախ նրանից` դրանք արտացոլված են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունում, թե` ոչ, որովհետև ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

 

7. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկվում են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում անձն օրենքով սահմանված կարգով կարող է զրկվել անձնական ազատությունից: Ընդ որում, ազատությունից զրկելը պետք է իրականացվի օրենքով ամրագրված հստակ ընթացակարգով, իսկ օրենքն իր հերթին պետք է բավարարի ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով նախատեսված հիմնարար իրավունքների սահմանափակման համաչափության և որոշակիության սահմանադրական պահանջները:

Միևնույն ժամանակ, անձնական ազատությունից զրկվելու պահից սկսած Սահմանադրությունն անձի համար երաշխավորում է որոշ հիմնարար իրավունքներ, որոնցից անձն անարգել պետք է հնարավորություն ունենա օգտվելու: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ազատությունից զրկվելու պատճառների մասին տվյալ անձին «անհապաղ տեղեկացնելը» հանրային իշխանության ուղղակի պարտականությունն է և այդ հարցում հայեցողական մոտեցումն անթույլատրելի է:

Անդրադառնալով ազատությունից զրկված անձի տեղեկացված լինելու իրավունքին` ՄԻԵԴ-ը գտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը նշում է այն տարրական երաշխիքը, որ յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչու է ձերբակալվել կամ կալանավորվել: Անձնական ազատությունից զրկելու մասին անձին չիրազեկելը ՄԻԵԴ-ը համարում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված հիմնարար երաշխիքների ամբողջական ժխտում և այդ իրավունքի առավել կոպիտ խախտում: ՄԻԵԴ-ը միաժամանակ նշել է, որ «Այնպիսի տեղեկությունների վերաբերյալ գրառումների բացակայությունը, ինչպիսիք են. ձերբակալման ամսաթիվը և ժամը, ազատազրկման վայրը, ձերբակալվածի ազգանունը, ինչպես նաև ձերբակալման պատճառների և ձերբակալող անձի ազգանունը, պետք է դիտարկել որպես ձերբակալման օրինականության և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի» (Anguelova v. Bulgaria, application no. 38361/97, 13/06/2002, §154)։

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը, որպիսի իրավունքը նույնպես անմիջականորեն գործող իրավունք է։

 

8. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 266-րդ հոդվածը նախատեսում է, որ վարչական ձերբակալումը կարող է գանգատարկվել վերադաս մարմնին կամ դատախազին և դրանց հետ մեկտեղ չի նշում դատարանին, չի նշանակում, որ այդ դրույթը բացառում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կանոնակարգված` անձի դատական պաշտպանության իրավունքը:

Նախ` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, որը Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով անմիջականորեն գործող իրավունք է։

Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է։

Երրորդ` նույնաբովանդակ նորմ է ամրագրված նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում սահմանված է, որ յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն այդ հոդվածի, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել` հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք ունի, ինչը ենթադրում է, որ անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու իրավունքը ներառում է ինչպես ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում, այնպես էլ ազատությունից զրկված լինելու հանգամանքը դադարելուց հետո դրա իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու իրավունքները:

 Չորրորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար կամ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածն անձին հստակ հնարավորություն է տալիս ազատությունից զրկելը` որպես պետական մարմնի գործողություն, վիճարկելու վարչական դատարանում: ՀՀ կառավարությունը սույն գործով Սահմանադրական դատարանին ներկայացրած դիրքորոշումներում հայտնել է, որ վարչական ձերբակալման դատական կարգով բողոքարկման առնչությամբ ձևավորվել է կայուն դատական պրակտիկա և վկայակոչել է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/9046/05/13, ՎԴ/8117/05/13, ՎԴ/2710/05/14 և ՎԴ 1702/05/14 գործերով կայացված վճիռները։

Այլ է խնդիրը, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումները որքանով են հաշվի առնում ազատությունից զրկելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված բոլոր միջոցառումները, դրանց առանձնահատկությունները, տևողությունը և այլն: Վերջինս դուրս է սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներից:

 

9. ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցին` արձանագրում է, որ վիճարկվող դրույթի ուժով ՀՀ կառավարության որոշմամբ ոչ թե սահմանափակվում է մարդու հիմնական իրավունքը կամ ազատությունը, այլ հաստատվում է ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը: Նշված դրույթն ունի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն, համաձայն որի` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը ներառում է առնվազն ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, մասնավորապես, վարչական կարգով ազատությունից զրկվող անձանց համար նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ՝ իրավաբանական օգնություն ստանալու և բժշկական զննության ենթարկվելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ օրենքի վերոհիշյալ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշմամբ հաստատված ցանկն ընդգրկում է ազատությունից զրկված անձի համար ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները, ներառյալ` սահմանափակման պահից իմանալու ոչ միայն իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, այլև իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց, ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին, անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն, պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով, ինչպես նաև ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով` կամ դատախազին, կամ դատարան։

Կառավարության նույն որոշմամբ սահմանված կարգի համաձայն`ցանկով նախատեսված իրավունքների մասին գրավոր ծանուցումը ոստիկանության ծառայողին չի ազատում օրենքով նախատեսված այլ իրավունքների մասին մարդուն ծանուցելու պարտականությունից:

Դիմողի այն փաստարկը, որ գործնականում չեն ապահովվում անգամ Կառավարության նշված որոշման պահանջները, ոչ թե տվյալ դրույթի սահմանադրականության, այլ համապատասխան իրավակիրառողի վարքագծի գնահատման և պատասխանատվության հարց է առաջացնում, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չի հանդիսանում։

 

10. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ազատությունից զրկված անձի ընտրած անձին այդ մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքի իրականացումը հետաձգվել կարող է միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

Սահմանադրությունը չի բացառել այն, որ անհապաղ տեղեկացումը կարող է հանգեցնել նաև այլ անձանց կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալուն, ինչը կարող է դժվարացնել հանցագործությունների կանխումը կամ բացահայտումը: Հնարավոր հանցագործությունները կարող են առնչվել պետական անվտանգությանը, հասարակական կարգին, այլոց հիմնական իրավունքներին և ազատություններին, որոնց պաշտպանությունը ևս պետության խնդիրն է: Միաժամանակ, հաշվի առնելով ազատությունից զրկելու հարկադիր միջոցառման բնույթը, չի կարող բացառվել այդպիսի միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքների գոյությունը, որոնք օբյեկտիվորեն դժվարացնում են անձի իրավունքների իրացմանն ուղղված պարտականությունների անհապաղ կատարումը: Այլ խնդիր է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը չի վերաբերում միայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված տվյալ նպատակին, այլ վերաբերում է անձնական ազատությունից զրկելու բոլոր դեպքերին, այդ թվում` վարչական իրավախախտումներին, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության պահանջների հետ:

 

11. ՀՀ սահմանադրական դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի առնչությամբ իր ՍԴՈ-1048, ՍԴՈ-1059 որոշումներում արձանագրել է, որ վերոհիշյալ օրենսգրքում առկա են բազմաթիվ հոդվածներ, որոնք շարունակում են հղում կատարել ԽՍՀՄ օրենսդրությանը, օգտագործել «ԽՍՀՄ տարածք», «պատգամավորների տեղական խորհուրդներ», «սոցիալիստական սեփականություն», «սոցիալիստական օրինականություն», «ներքին գործերի մարմիններ» եզրույթները, սահմանել վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում ԽՍՀՄ իրավասությանը ենթակա հարցերը և այլն, ինչն առաջացնում է իրավական պետությանն անհարիր իրավական վտանգ: Ընդ որում, Սահմանադրության ընդունումից հետո օրենսգրքի մի շարք հոդվածներում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում «ԽՍՀՄ» հապավումը փոխարինվել է «ՀՀ» հապավումով, իսկ մի շարք այլ հոդվածներում, այդ թվում օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 262-րդ և 267-րդ հոդվածներում, որոնցից առաջինում ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջին փոփոխությունը կատարվել է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ վերջինում՝ 2012 թվականի փետրվարի 7-ին, անգամ «ԽՍՀՄ» հապավումը դեռևս շարունակում է պահպանվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով (գործ N 6562/03) 2007 թվականի հունվարի 11-ին կայացրած վճռում ընդունելով, որ անցումային շրջանում գտնվող պետությանն անհրաժեշտ է որոշակի ժամանակ օրենսդրական համակարգի ստեղծման համար, այնուհանդերձ, մարդու հիմնարար իրավունքներին առնչվող օրենքի ընդունման համար «մոտ տասներեք տարվա ձգձգումը» ողջամիտ չի համարել (§43)։

Վերը նշված հիմնախնդրի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս 2012 թվականին ՍԴՈ-1048, ՍԴՈ-1059 որոշումներում նշել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունման, առկա իրավակարգավորման շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը` ելնելով միջազգային ժամանակակից փորձի ուսումնասիրման արդյունքներից, և խորհրդային իրավակարգավորումների հատվածական փոփոխությունների ոչ նպատակահարմարությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում, որ ներկայումս մշակվել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը։ Սակայն դատարանը միաժամանակ նշում է, որ 2012 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմանն առնչվող գործի քննության ժամանակ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 19.10.2010 թ. 01/10.1 գրությամբ Ազգային ժողովին տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարությունում քննարկվում է օրենսգրքի նոր նախագիծը։ 2010 թ. նոյեմբերին նման նախագիծ ներկայացվել է Ազգային ժողով, սակայն 2011 թ. փետրվարին այն հետ է կանչվել։ Այդպիսի իրավիճակը համարելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգությանն սպառնալիք` ՀՀ սահմանադրական դատարանն անհետաձգելի անհրաժեշտություն է համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունումը։

ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման կատարումը չապահովելու հետևանքով ոչ միայն առաջացել է որոշակի օրենսդրական բաց, այլև անձի ազատության իրավունքի ապահովման բնագավառում ձևավորվել է ոչ իրավաչափ իրավակիրառ պրակտիկա` հնարավոր դարձնելով անգամ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթի` ոստիկանության կողմից շարունակական կիրառումը, ինչն իր հերթին երկրում սահմանադրական օրինականությանն ուղղված լուրջ սպառնալիք է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել ՍԴՈ-1059 որոշման 6-րդ կետի այն պահանջը, որ երկրում սահմանադրական օրինականության հաստատման տեսանկյունից անհետաձգելի անհրաժեշտություն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը: Իսկ մինչ այդ դատական պրակտիկան պետք է հնարավորինս առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 3-րդ և 27-րդ հոդվածների այն դրույթների պահանջներով, որոնց համաձայն` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» և «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների ...մասին», «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 262-րդ, 266-րդ և 267-րդ հոդվածների, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթի մասով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների մասով կարճել, քանի որ դրանց առնչությամբ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ, միաժամանակ շեշտելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1048, ՍԴՈ-1059 որոշումների ոչ պատշաճ կատարումը երկրում սահմանադրական օրինականության հաստատման լուրջ սպառնալիք է դարձել:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածների մյուս դրույթները, ինչպես նաև 258-րդ և 267-րդ հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի`«խախտողի բերում», «վարչական ձերբակալում», «բերման ենթարկում» միջոցառումների դեպքում անձնական ազատությունից փաստացի զրկելու պահից սկսած ազատությունից զրկված անձի համար ապահովվում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները՝ որպես անմիջականորեն գործող իրավունքներ։

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 266-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` այդ հոդվածով դատարանին չվկայակոչելը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ խոչընդոտի վարչական ձերբակալման իրավաչափությունը դատարանում վիճարկելու` անձի իրավունքի իրացմանը:

4. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկում միշտ պետք է ներառված լինեն առնվազն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները:

5. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը` այն մասով, որով չեն ապահովվում ազատությունից փաստացի զրկված անձանց համար այդ իսկ պահից իրավունքների պաշտպանության` սահմանադրորեն նախատեսված շրջանակներում, անհրաժեշտ իրավական երաշխիքներ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

24 հունվարի 2017 թվականի

ՍԴՈ-1339