Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.09/9(578) Հոդ.136
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2017 թվականի N 101-Ն

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԻ) ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 499 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը, 16-րդ և 18-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) կանոնադրական կապիտալում հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բաժնետոմսերի (բաժնեմասի) գնման գրավոր առաջարկի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 9-ի N 101-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԻ) ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպության բաժնետոմսերը (բաժնեմասը) մասնավորեցվում են ուղղակի վաճառքի կամ աճուրդի ձևերով:

3. Կազմակերպության՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի (բաժնեմասի) արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շուկայական գնահատման հիման վրա (այսուհետ՝ բաժնետոմսերի որոշված արժեք կամ բաժնեմասի որոշված արժեք):

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված արժեքի որոշման պահ է համարվում կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն) կազմակերպության բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման համար պահանջվող գնահատման ելակետային տվյալների փաթեթը ներկայացնելու օրը:

5. Վարչությունը կարող է կազմակերպությանն առաջարկել վարչություն ներկայացնել նաև ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի թվի և անվանական արժեքի մասին, իսկ բաժնեմասի դեպքում՝ կազմակերպության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի տեսակարար կշռի մասին:

6. Բաժնետոմսերի (բաժնեմասի) վաճառքի գինն ուղղակի վաճառքի դեպքում և մեկնարկային գինը աճուրդային ձևով մասնավորեցման դեպքում չի կարող պակաս լինել համապատասխանաբար բաժնետոմսերի կամ բաժնեմասի որոշված արժեքից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

7. Բաժնետոմսերի որոշված արժեքը կազմակերպության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի անվանական արժեքի և դրանց թվի արտադրյալի (այսուհետ՝ պետական մասնակցություն) արժեքի 25 տոկոսից ցածր լինելու դեպքում՝ բաժնետոմսերի որոշված արժեքի մեծությունը սահմանվում է կազմակերպության պետական մասնակցության անվանական արժեքի 25 տոկոսի չափով:

8. Բաժնեմասի որոշված արժեքը կազմակերպության մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասի արժեքի 25 տոկոսից ցածր լինելու դեպքում՝ բաժնեմասի որոշված արժեքի մեծությունը սահմանվում է կազմակերպության պետական բաժնեմասի արժեքի 25 տոկոսի չափով:

9. Կազմակերպության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով իրականացվում է՝

1) տվյալ կազմակերպության ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջը (սեփականատերերին).

2) տվյալ կազմակերպության աշխատավորական կոլեկտիվին.

3) կազմակերպության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:

10. Եթե կազմակերպությունը փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, ապա կազմակերպության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի ձևով առաջարկվում են. նախ` կազմակերպության ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջը (սեփականատերերին), իսկ կազմակերպության ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում՝ փակ բաժնետիրական ընկերությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (եթե դա նախատեսված է տվյալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությամբ): Սույն կետով սահմանված կարգով կազմակերպության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի ձևով չմասնավորեցվելու դեպքում այդ բաժնետոմսերը (բաժնեմասը) առաջարկվում են տվյալ կազմակերպության աշխատավորական կոլեկտիվին:

11. Կազմակերպության բաժնետոմսերը (բաժնեմասը) մասնավորեցվում են աճուրդով, եթե կազմակերպությունը բաց բաժնետիրական ընկերություն է, կամ փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատերը (սեփականատերերը), փակ բաժնետիրական ընկերությունը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության աշխատավորական կոլեկտիվը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով հրաժարվել են բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցմամբ ձեռք բերելուց:

12. Կազմակերպության բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում են հավանական գնորդին, եթե կազմակերպության ոչ պետական բաժնեմասի սեփականատերը (սեփականատերերը) փակ բաժնետիրական ընկերությունը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության աշխատավորական կոլեկտիվը հրաժարվել են ձեռք բերել բաժնետոմսերը (բաժնեմասը), և տվյալ կազմակերպության բաժնետոմսերը (բաժնեմասը) առնվազն մեկ անգամ ներկայացվել են աճուրդի ձևով վաճառքի, և աճուրդը չի կայացել:

13. Բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի և (կամ) աճուրդի ձևերով մասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ պարտադիր նշվում են՝

1) կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը, զուտ ակտիվների արժեքը, պետությանը պատկանող բաժնետոմսերի թիվն ու անվանական արժեքը.

2) մասնավորեցման ձևը.

3) ուղղակի վաճառքի դեպքում՝ վաճառքի գինը, իսկ աճուրդի ձևով վաճառքի դեպքում՝ մեկնարկային գինը.

4) կազմակերպության պարտավորությունների մեծությունը.

5) վճարումների ժամկետները և կարգը.

6) գնորդի անվանումը՝ հավանական գնորդի դեպքում.

7) աճուրդի նախավճարի չափը.

8) այլ տեղեկություններ:

14. Ուղղակի վաճառքի ձևով պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարչությունը 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման N 2 հավելվածի ձևին համապատասխանող գրավոր առաջարկով ծանուցում է սույն կարգի 9-րդ կետում նշված մասնավորեցման սուբյեկտներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բաժնետոմսերը (բաժնեմասը) ձեռք բերելու վերաբերյալ:

15. Մասնավորեցման ենթակա կազմակերպության պետական բաժնետոմսերը (բաժնեմասը) ոչ պետական բաժնետերերի (մասնակիցների) միջև բաշխվում են կազմակերպության բաժնետերերի (մասնակիցների) կողմից՝ սույն կարգի 14-րդ կետում նշված գրավոր առաջարկն ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ ժամկետում` կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նախապատվության իրավունքի իրականացման կարգին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված կարգով բաժնետոմսերի ձեռքբերման իրավունքից չօգտված անձանց հասանելիք բաժնետոմսերը (բաժնեմասը) բաշխվում են կազմակերպության մյուս բաժնետերերի (մասնակիցների) միջև` կազմակերպության կանոնադրական կապիտալում բաժնետերերի (մասնակիցների) բաժնեմասերին համամասնորեն:

16. Կազմակերպության ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատերը (սեփականատերերը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման N 2 հավելվածի ձևին համապատասխանող գրավոր առաջարկին համապատասխան վարչություն է ներկայացնում կազմակերպության բաժնետերերի (մասնակիցների) կողմից ընդունված որոշումը յուրաքանչյուր բաժնետիրոջը (մասնակցին) հասանելիք բաժնետոմսերի (բաժնեմասի) և դրանց արժեքի մասին:

17. Սույն կարգի 9-րդ կետում նշված մասնավորեցման սուբյեկտները պետք է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում վճարման հանձնարարագրում նշված գումարը վճարեն համապատասխան բանկային հաշվին և վճարման անդորրագիրը ներկայացնեն վարչություն:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բաժնետոմսերի (բաժնեմասի) աճուրդով մասնավորեցման մասին որոշումն ընդունվելուց հետո վարչությունը կազմակերպում և անցկացնում է բաժնետոմսերի՝ աճուրդով վաճառքը: Վարչության կողմից կազմված աճուրդի անցկացման մասին տեղեկատվությունն աճուրդից առնվազն 10 օր առաջ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am), վարչության պաշտոնական ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

19. Հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ պետք է ներառվեն՝

1) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասը) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցման ենթակա կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

2) կազմակերպության նախորդ տարվա տարեկան ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմակերպության վերստուգողի եզրափակիչ եզրակացությունը կամ արտաքին անկախ աուդիտի եզրակացությունը.

3) աճուրդով վաճառվող բաժնետոմսերի (դրանց մասի) մեկնարկային գինը.

4) վճարումների ձևը և կարգը.

5) աճուրդին մասնակցության մասին հայտի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարները.

6) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը, ժամը և վայրը.

7) աճուրդի քայլի չափը.

8) աճուրդի մասնակցին ներկայացվող պահանջները.

9) աճուրդին մասնակցության վճարի (նախավճարի) չափը.

10) աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերի գները.

11) կազմակերպության պարտավորությունները:

20. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը կամ հրաժարվել է բաժնետոմսերը (բաժնեմասը) ձեռք բերելուց.

2) աճուրդին մասնակցելու համար հայտ չի ներկայացվել.

3) բաժնետոմսերը (բաժնեմասը) չեն վաճառվել.

4) եթե աճուրդի հաղթողը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց:

21. Կազմակերպության բաժնետոմսերի (բաժնեմասի) աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն կարգի 20-րդ կետում թվարկված՝ տեղի ունեցած հանգամանքների հետևանքով՝ աճուրդի անցկացման օրվան հաջորդող աշխատանքային օրը:

22. Սույն կարգին համապատասխան կազմակերպության բաժնետոմսերը (բաժնեմասը) ուղղակի վաճառքի և աճուրդի ձևերով չմասնավորեցվելու դեպքում՝ մինչև տվյալ բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումն իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են դիմել վարչություն` տվյալ բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ բաժնետոմսերը (բաժնեմասը) ձեռք բերելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 9-ի N 101-Ն որոշման

 

 

 

 Ձև

Գ Ր Ա Վ Ո Ր   Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԻ) ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող _________________________________________________________________

 

_______________________________________________________ բաժնետոմսերը (բաժնեմասը)

 

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

______________________________________________________ գնով ձեռք բերել է առաջարկում

   (բաժնետոմսերի վաճառքի գինը)  

կազմակերպության բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատիրոջը (սեփականատերերին):

Առաջարկն ընդունելու դեպքում ոչ պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) սեփականատերը (սեփականատերերը) պարտավոր է մինչև 20   թվականի _____________ ____ -ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպության բաժնետերերի (մասնակիցների) կողմից ընդունված որոշումը յուրաքանչյուր բաժնետիրոջը (մասնակցին) հասանելիք բաժնետոմսերի (բաժնեմասի) և դրանց արժեքի մասին.

2) վճարման անդորրագիրը ________________________________________ հաշվին մուծված

______________________________________________________________ դրամ վճարի մասին:

 

 (գումարի չափը՝ բառերով)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան