Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0337/06/15

ԵԿԴ/0337/06/15

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան  

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

ե. դանիելյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

  պաշտպան

Մ. Սարգսյանի

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2016 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Լևոն Պավլուշայի Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217215 քրեական գործը:

2015 թվականի դեկտեմբերի 15-ին Լևոն Հարությունյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Լ.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Լ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Լ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն զորամասի վաշտի հրամանատար Արտյոմ Ավետիսյանի միջնորդությամբ, վերջինիս ծանոթ Արմինե Խաչատրյանին պայմանագրային ծառայության ընդունելու համար 2013 թվականի մայիսին պահանջել և որպես կաշառք ստացել է խոշոր չափերով` 324.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար, որից հետո Արմինե Խաչատրյանը որպես պայմանագրային ծառայող, ծառայության է անցել նշված զորամասում:

Թիվ 5073 զորամասի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանի ներկայացրած անձանց նույն զորամասում պայմանագրային ծառայության ընդունելու համար պահանջել և Արթուր Քոչարյանի միջոցով 2015թ. հուլիսին որպես կաշառք Էդգար Մելքոնյանից ստացել է խոշոր չափերով` 381.720 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար, իսկ 2015թ. սեպտեմբերին Վալերի Մուրադովից՝ խոշոր չափերով՝ 384.992 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար, որից հետո նշված անձինք՝ որպես պայմանագրային զինծառայողներ, ծառայության են անցել զորամասում» (տե՛ս նյութեր, թերթ 9):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանը խնդրել է. «(...) Լևոն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին` [Առաջին ատյանի դատարանի] (…) որոշումը վերացնել» (տե՛ս նյութեր, թերթեր 52-60):

7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 394-րդ հոդվածների] բովանդակությունից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատական ակտը վերացնելու լիազորությամբ օժտված չէ:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է մերժել:

Վերաքննիչ դատարանը, (…) հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքով ներկայացվել է այնպիսի պահանջ, որը լուծելու լիազորությամբ դատարանն օժտված չէ, ուստի գտնում է, որ նման պայմաններում բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննության առարկա չեն կարող դառնալ (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 77-80):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` պաշտպան Մ.Սարգսյանն արձանագրել է, որ իր ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է` ստորադաս դատարանի դատական ակտը վերացնելու լիազորությամբ օժտված չլինելու պատճառաբանությամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն, ըստ բողոքաբերի, պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժեր, քանի որ այդ բողոքի պահանջի ձևակերպման ժամանակ տեղի էր ունեցել տեխնիկական վրիպակ, այն է` դրանում ներկայացվել էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու պահանջ:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները, ինչի հետևանքով մեղադրյալ Լ.Հարությունյանը զրկվել է արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքներից: Արդյունքում, ըստ բողոքաբերի, խախտվել են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 13-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` պաշտպան Մ.Սարգսյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:

Մեջբերված նորմերով նախատեսված է անձի ազատության իրավունքի ապահովման կարևոր դատավարական երաշխիք՝ ի դեմս իրեն ազատությունից զրկելը դատական կարգով վիճարկելու իրավունքի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատական վարույթին, արձանագրել է, որ պարտադիր չէ, որ դրա վրա տարածվեն քրեական և քաղաքացիական վարույթների համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքները: Այդուհանդերձ, էական է, որ տվյալ անձը օգտվի դատարանի մատչելիության իրավունքից և անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացուցչի միջոցով լսված լինելու հնարավորություն ունենա, հակառակ դեպքում կհամարվի, որ նրան չեն տրամադրվել «ազատությունից զրկելու վարույթի հիմնարար երաշխիքները» (տե՛ս Winterwerp v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի՝ 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/79, կետ 60):

12. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

Մեջբերված միջազգային և ներպետական իրավանորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է նշված հոդվածի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Golder v. The Սnited Kingdom գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, կետեր 28, 36):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև (տե՛ս Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

12.1. Վերոնշյալ կոնվենցիոն, սահմանադրական և օրենսդրական դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն Ա.Այվազյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները (տե՛ս Արթուր Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը):

13. Սույն որոշման 12-12.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից դատարանի մատչելիության իրավունքը հավասարապես կիրառելի է անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու իրավունքի նկատմամբ: Վերջինս պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձը ողջամիտ սահմանափակումների պայմաններում պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի ազատության և դատարանի մատչելիության իրավունքները:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Լևոն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2 ամիս ժամկետով կալանավորումը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերոգրյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանը խնդրել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում ներկայացվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու պահանջ, որը լուծելու լիազորությամբ Վերաքննիչ դատարանն օժտված չէ: Արդյունքում ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել պաշտպան Մ.Սարգյսանի վերաքննիչ բողոքում բերված հիմքերն ու հիմնավորումները և մերժել է այն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանի բողոքի հիմքերը և հիմնավորումները քննության առարկա չդարձնելու պատճառաբանությունը` կապված այդ բողոքի պահանջի ձևակերպման հետ, կրում է ձևական բնույթ: Նման մոտեցումը հանգեցրել է անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու այնպիսի սահմանափակման, որի արդյունքում անձի քննարկվող իրավունքը դարձել է վերացական և պատրանքային՝ խախտելով գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Լ.Հարությունյանը զրկվել է իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի մատչելիության իրավունքներից, ինչն էլ հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չէ մեղադրյալ Լ.Հարությունյանի պաշտպան Մ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները և դրա արդյունքում կայացնի համապատասխան որոշում (վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու իրավական հարցի վերլուծությունը մանրամասն տե'ս Մ.Պողոսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Լևոն Պավլուշայի Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

    Հ. Ասատրյան
    Ս. Ավետիսյան
    Ե. Դանիելյան
   

Ս. Օհանյան