Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2017-13.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.02.24/2(87) Հոդ.99
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ (ԳՏՆՎԵԼՈՒ) ՎԱՅՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8.1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 31

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 19-ի N 54-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ (ԳՏՆՎԵԼՈՒ) ՎԱՅՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ ոստիկանություն) լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի բնակվելու (գտնվելու) վայրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ` քաղաքացի) անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) ոստիկանության մարմնում լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին է համարվում, եթե անձը`

1) գտնվում է քրեակատարողական հիմնարկում.

2) բժշկական հաստատությունում հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում է ստանում.

3) հաշմանդամության, հիվանդության կամ վիճակի, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:

3. Ոստիկանության մարմնում քաղաքացիների` նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է սույն կարգի 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոստիկանությանը հասցեագրված գրությունը` քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին նույնականացման քարտ կամ անձնագիր տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համապատասխան գրությունն ուղարկում է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար գրավոր ցանկություն հայտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

2) 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ գրությունը.

3) 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` ինքնուրույն տեղաշարժվելու անհնարինությունը հավաստող՝ առողջության առաջնային պահպանման բժշկի կամ բուժող բժշկի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների կողմից տրված տեղեկանքը:

4. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար անձնագրային ծառայություն դիմում է ներկայացնում քաղաքացու խնամակալը կամ ներկայացուցիչը՝ կցելով սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և լիազորագիր (առանց նոտարական վավերացման) կամ խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը:

5. Անձնագրային ծառայությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համապատասխան գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնադրոշմներ վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:

6. Քաղաքացուն անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված գործընթացը կազմակերպելուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում:

7. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիրը կամ նույնականացման քարտը քաղաքացուն տրամադրվում է խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց փաստաթղթերը տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2023, N 1313-Ն 13.08.2023, N 54-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան