Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.4
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0146/01/14

ԵԱՔԴ/0146/01/14

Նախագահող դատավոր` Մ. Պապոյան

Դատավորներ`  Վ. Ռշտունի
 Կ. Ղազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

տուժող Ա. Ալիխանյանի
դատախազ Գ. Գևորգյանի

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Հենրիկի Ադամյանի վերաբերյալ 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ադամյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. 2014 թվականի հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) Արթուր Ալիխանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62200314 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի մարտի 11-ի որոշմամբ Արթուր Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի ապրիլի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության (այսուհետ` նաև Ոստիկանություն) քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Մանվել Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 46104314 քրեական գործը:

2014 թվականի ապրիլի 11-ին Ա.Ադամյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունք, իսկ նույն թվականի ապրիլի 12-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ թիվ 46104314 քրեական գործը միացվել է թիվ 62200314 քրեական գործին, և քննությունը շարունակվել է մեկ վարույթում` 62200314 համարով:

2014 թվականի մայիսի 20-ին Ա.Ադամյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ա.Ադամյանին առաջադրված մեղադրանքը կրկին լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2014 թվականի սեպտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 4-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Ադամյանի անմեղությունը Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ա.Ադամյանը մեղավոր է ճանաչվել Արթուր Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով:

Նույն դատավճռով տուժող Ա.Ալիխանյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, և ամբաստանյալից հօգուտ տուժողի բռնագանձվել է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.842.300 ՀՀ դրամ գումար:

3. Մեղադրողի, ամբաստանյալի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 22-ին որոշում է կայացրել ամբաստանյալի և պաշտպանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 4-ի դատավճիռը մասնակի բեկանելու մասին: Ա.Ադամյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և յուրաքանչյուր դրվագի համար դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ադամյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ամբաստանյալի բողոքը վերադարձվել է, և սահմանվել է 5-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ա.Ադամյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 5. Ա.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «երեք առևտրային բանկերում ունենալով 1.400.000 դրամից ավելի վարկային պարտավորություններ, իսկ մասնավոր անձանց` 2.370.000 ՀՀ դրամի գումարային պարտավորություններ, չունենալով խոշոր չափի արժեքով գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթանալով ավտոմեքենայի վաճառքով զբաղվող Արթուր Ալիխանյանի հետ, նրա հետ հարաբերություններում ընդգծելով իր զբաղեցրած` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչի պաշտոնը, դրանով ձեռք է բերել վերջինիս վստահությունը և ավտոմեքենայի արժեքը 4 ամսում վճարելու կեղծ խոստմամբ նրան գցել է մոլորության մեջ, որի արդյունքում` 2011թ. սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ա.Ալիխանյանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի արժեք ունեցող` 2.394.990 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար արժողության «ՕPEL VECTRA 2.0 l» մակնիշի, 29 ՏՕ 095 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, վաճառել և ստացված գումարները տնօրինել իր հայեցողությամբ:

Բացի այդ, Արթուր Ադամյանը, համացանցում ծանոթանալով Յաշա Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, որ վերջինս վաճառում է «Ֆորդ Էսքորտ» մակնիշի, 35 VL 154 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, արդեն իսկ ունենալով վերոհիշյալ` մոտ 6.170.000 ՀՀ դրամի պարտքեր, չունենալով խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, բավարար եկամուտներ, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ 2014թ. հունվարի 22-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ Յաշա Հովհաննիսյանի բնակության վայր: Հանդիպման ժամանակ առանց սակարկման համաձայնել է Յ.Հովհաննիսյանից ավտոմեքենան գնել նրա իսկ առաջարկած` 1.465.000 ՀՀ դրամ արժեքով, տվել է կեղծ խոստում, որ առաջին վճարումը կկատարի 2014 թ. հունվարի 27-ին` 120.000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած գումարը` հաջորդող ամիսների ընթացքում` յուրաքանչյուր ամսվա 27-ին` 200.000 ՀՀ դրամի չափով: Իր իրական հանցավոր մտադրությունները քողարկելու, Յ.Հովհաննիսյանի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, այն հաշվարկով, որ Յ.Հովհաննիսյանը, մոլորության մեջ ընկնելով, ինքնակամ իրեն հանձնի ցանկալի գույքը, նրան հայտնել է, թե իբրև կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող է ու իր նախաձեռնությամբ, անձամբ կազմել է իր կողմից պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» անվանումով գրավոր փաստաթուղթ: Արդյունքում Յ.Հովհաննիսյանը, հավատալով Ա.Ադամյանի կեղծ խոստմանն ու տեղի տալով վերջինիս վստահություն առաջացնող խոսքերին ու գործողություններին, ընկնելով մոլորության մեջ, նրան է հանձնել ավտոմեքենայի տեխանձնագիրն ու բանալիները, որով վերջինիս հնարավորություն է տվել տիրապետելու հիշյալ գույքը: Ա.Ադամյանը խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան հափշտակելուց հետո Յ.Հովհաննիսյանի` իր հանդեպ ունեցած վստահությունն ամրապնդելու, վերջինիս մոտ բարեխիղճ գնորդի ու ճշտապահ անձի պատրանք ստեղծելու և նրա կողմից իրավապահ մարմիններին հնարավոր բողոք չներկայացնելու նպատակով 2014 թ. հունվարի 27-ին այցելել է Յ.Հովհաննիսյանին, նրան հանձնել պայմանավորված 120.000 ՀՀ դրամի փոխարեն 60.000 ՀՀ դրամ` խոստանալով մնացած 60.000 ՀՀ դրամը հանձնել 2014 թ. փետրվարի 27-ին նախատեսված` 200.000 ՀՀ դրամի հետ: Հիշյալ հանդիպումից հետո Ա.Ադամյանը Յ.Հովհաննիսյանին որևէ այլ գումար չի հանձնել, չի մարել ավտոմեքենայի արժեքը, նշված ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից, իսկ ՀՀ վերադառնալով` ավտոմեքենան թողել է արտասահմանում և դրա արժեքը չի հանձնել Յ.Հովհաննիսյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 170-185):

6. Ամբաստանյալ Ա.Ադամյանը Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ դատաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարի 22-ին ինքը Յ.Հովհաննիսյանից գնել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: [Ա.Ադամյանը] հայտնել է, որ խոստացած վճարի դիմաց կարող է վճարել 60.000 ՀՀ դրամ, ինչին (…) չեն առարկել: Այդպես վճարել է 60.000 ՀՀ դրամ: Հետագայում [Ա.Ադամյանը] տեղեկացրել է (…), որ մեքենայով գնում է Վրաստան՝ առևտրով զբաղվելու: Այնուհետև հայտնել է, որ մեքենան գտնվում է Վրաստանի Հանրապետությունում, և դրա անսարքության պատճառով թողել է ու վերադարձել Հայաստան առանց մեքենայի: Մեքենան ունեցել է արգելակման համակարգի հետ կապված անսարքություն, բացի այդ, գազի տարան ունեցել է խնդիր` միջի սարքավորումն ամբողջությամբ այրված է եղել, այդ պատճառով իր պահանջով գազի սարքավորումները մասնագետները ապամոնտաժել են Վրաստանում: Նոր կոճղակներ ինքը գնել ու դրել էր մեքենայի մեջ, սակայն քանի որ մեքենան բենզինով է աշխատել, իսկ ինքը չի ունեցել բավարար միջոցներ այդ մեքենան բենզինով վարելով գալու Հայաստան ու նորից հետ գնալու, այն թողել է ապահով տեղում կանգնած: Իրենց միջև հստակ պայմանավորվածություն է եղել, որ այն օրը, երբ ինքն այդ մեքենան նրանց հետ վերադարձնի, ապա ամեն օրվա համար վճարելու է 5000-ական ՀՀ դրամ, ինչը հետագայում ինքը կատարել է ու մեքենան վերադարձրել է նրանց (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

6.1. Տուժող Յաշա Հովհաննիսյանի դատաքննական ցուցմունքների համաձայն` 2013 թվականի սեպտեմբերին իր հորեղբորորդի Մանվել Հովհաննիսյանից գնել է վերջինիս պատկանող և նրա անվամբ հաշվառված «Ֆորդ Էսքորտ» մակնիշի, 35 VL 154 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն չի անվանափոխել: Մի քանի ամիս անց որոշել է վաճառել նշված ավտոմեքենան և այդ մասին համապատասխան հայտարարություն է տեղադրել համացանցում: 2014 թվականի հունվարի 20-ին զանգահարել է Արթուր անունով մի տղամարդ, ով հունվարի 22-ին այցելել է իր տուն: Ներկայացել է որպես Իջևան քաղաքի բնակիչ Արթուր Ադամյան, կադրերի ռեզերվում գտնվող զինվորական, հայտնել է, որ ցանկանում է զբաղվել առևտրով: Արթուրը հայտնել է, որ մեքենան պատրաստ է գնել մաս-մաս վճարելու պայմանով: Ինքը հայտնել է, որ այդ դեպքում մեքենայի գինը չի իջեցնի և այն կվաճառի 3600 ԱՄՆ դոլարին համարժեք 1.465.000 ՀՀ դրամով: Այդպես, փոխադարձ համաձայնությամբ կազմվել է մեքենայի առուվաճառքի պայմանագիր, ըստ որի՝ Արթուրը պարտավորվել է 120.000 ՀՀ դրամը վճարել հունվարի 27-ին, իսկ մնացած գումարը` հաջորդող ամիսների ընթացքում` յուրաքանչյուր ամսվա 27-ին` 200.000 ՀՀ դրամի չափով: Քանի որ ավտոմեքենան եղել է հաշվառված Մանվել Հովհաննիսյանի անվամբ, ուստի Արթուր Ադամյանը պարտավորագիրը գրել է նրա անվամբ` վերջինիս ներկայությամբ: 2014 թվականի հունվարի 27-ին` առաջին վճարման օրը, այցելել է իրեն, 120.000 դրամի փոխարեն տվել 60.000 դրամ` ասելով, որ առևտուրը լավ չէ, և փետրվարի 27-ին նախատեսված 200.000 դրամի փոխարեն խոստացել է տալ 260.000 դրամ: Որոշ ժամանակ Արթուրից ոչ մի տեղեկություն չի ունեցել, իսկ նրա բջջային հեռախոսահամարը եղել է անջատված, և չեն կարողացել գտնել նրան: 2014 թվականի մարտի սկզբին Ա.Ադամյանը Վրաստանի հեռախոսահամարով զանգահարել է իրեն և հայտնել, որ Վրաստանում է, գործերը վատ են, առևտուրը լավ չէ, ինչի պատճառով չի կարող վերադառնալ: Հեռախոսազրույցի ընթացքում ինքը նրան ասել է. «Ինչ եղել, չի եղել, անցած լինի, խաբել ես, լավ ես արել, քարը փեշիցդ քցի, ավտոն բեր տուր ինձ, թե չէ ոստիկանություն կբողոքեմ»: Ա.Ադամյանն իրեն ասել է, որ կա՛մ ավտոմեքենայի ամբողջ գումարը կտա, կա՛մ կվերադարձնի ավտոմեքենան` օգտագործած յուրաքանչյուր օրվա համար վճարելով 5000 դրամ: Դրանից հետո փորձել է այդ նույն համարով կապվել Արթուրի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել: Իր մոտ կասկած է առաջացել, և ինքը մարտի 24-ին կամ 27-ին դիմել է Նաիրիի ոստիկանություն, որտեղ մինչև հայտարարություն տալն իրեն ցույց են տվել Արթուրի նկարը ու հայտնել, որ վերջինս գտնվում է հետախուզման մեջ: Հետագայում, մայիս ամսվա վերջին Ա.Ադամյանի ծնողները կապ են հաստատել իր հետ և հայտնել, որ իրենց ավտոմեքենան գտնվում է Վրաստանում, և նրանք ցանկանում են գնալ ու բերել այն Հայաստան: 2014 թվականի հունիսի 2-ին որդին` Ռուստամ Հովհաննիսյանը, և ավտոմեքենայի հաշվառված սեփականատեր Մանվել Հովհաննիսյանն Ա.Ադամյանի ծնողների հետ մեկնել են Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաք, որտեղ ավտոմեքենան կայանված է եղել ինչ-որ շենքի բակում: Ավտոմեքենայի բանալիները գտնվել են Արթուրի հոր մոտ: Պարզել են, որ մեքենայի վրայից բացակայել են հաշվառման համարանիշերը, մարտկոցը, ինչպես նաև գազի սնուցման ամբողջ համակարգը: Մեքենայում գտնվել են նոր կոճղակներ, որոնք տեղադրելուց հետո կարողացել են մեքենան բենզինով վարելով վերադարձնել Հայաստան: Ա.Ադամյանի ծնողները կատարել են բոլոր ծախսերը, նրանց միջոցներով տեղադրվել են գազի սարքավորումները և վերականգնվել են մեքենայի պետհամարանիշերը, վճարել են նաև վարչական տուգանքները: Հետագայում կատարված հաշվարկների համաձայն՝ պարզվել է, որ Արթուրի ծնողների կողմից կատարվել է ընդհանուր մոտ 200.000 ՀՀ դրամի ծախս: Կարծում է, որ Արթուրը չէր կարող հանել ավտոմեքենայի մարտկոցը և գազի սնուցման ամբողջ համակարգը: Արթուրը մեքենան Հայաստան չի տեղափոխել, քանի որ կարծում է, որ վերջինս չի կարողացել փոխել մեքենայի կոճղակները և առանց արգելակման համակարգի չի կարողացել մեքենան վարել: Իր մեքենայի մարտկոցի, ինչպես նաև գազի սնուցման ամբողջ համակարգի գողության վերաբերյալ հայտարարություն է տվել ոստիկանությունում: Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում կատարված մի շարք ձևակերպումներ, մասնավորապես՝ «Ադամյանը հափշտակեց», «Ադամյանը խարդախ է» չափազանցված են: Ավտոմեքենան Վրաստանից տեղափոխելուն ինքը չի մասնակցել (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

6.2. Նմանաբովանդակ ցուցմունք է տվել նաև վկա Ռուստամ Հովհաննիսյանը: Ավտոմեքենայի գնի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ 2014 թվականի հունվար ամսին «List.am» կայքում տրված հայտարարության հետ կապված իրենց է զանգահարել Արթուր Ադամյանը, իսկ հունվարի 22-ին եկել է իրենց տուն և ցանկություն հայտնել իր բիզնեսի համար գնելու նշված ավտոմեքենան իրենց որոշած գնով` 3600 ԱՄՆ դոլարին համարժեք 1.465.000 ՀՀ դրամով. մեքենայի վրա առկա թերության պատճառով դրա նախնական 3700 ԱՄՆ դոլար արժեքից իջեցրել են 3600 ԱՄՆ դոլարի (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

6.3. Վկա Մանվել Հովհաննիսյանը դատաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ տուժող Յաշա Հովհաննիսյանն իր հոր հորեղբոր որդին է: Ինքը 2013 թվականի սեպտեմբեր ամսին 3000 ԱՄՆ դոլարով` մաս-մաս վճարելու պայմանով, նրան է վաճառել իր անվամբ հաշվառված «Ֆորդ Էսքորտ» մակնիշի, 35 VL 154 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Հետագայում տեղեկացել է, որ Յաշան ևս վաճառում է նշված ավտոմեքենան: 2014 թվականի հունվարի 22-ին պատահական գնացել է նրանց տուն, որտեղ առաջին ու վերջին անգամ հանդիպել է Արթուր Ադամյանին, ով պատրաստվել է գնելու այդ ավտոմեքենան: Յաշան հայտնել է, որ վերջինս նախնական վճարել է 60.000 ՀՀ դրամ: Սակայն տեղյակ չէ, թե մեքենան որքան գումարով է Յաշան վաճառել: Հետագայում Յաշայից տեղեկացել է, որ խոստացված գումարը նրան Արթուրը չի վճարել, բացի այդ, չի վճարել նաև մեքենայի խախտման վերաբերյալ 2 վարչական տուգանքները, որոնք վճարել է Յաշան: Հետագայում Յաշան իրեն հայտնել է, որ մեքենան գտնվում է Վրաստանում, դրա համարները բացակայում են, և ինքը պետք է գնա Վրաստան` մեքենան բերելու: Այդպես, Յաշայի որդու` Ռուստամի, Արթուրի ծնողների հետ 2014թ. հունիսի 2-ին գնացել են Վրաստան և Բաթում քաղաքի ինչ-որ շինհրապարակի տարածքում կայանված են գտել իրենց մեքենան: Մեքենայի դռները փակ են եղել, իսկ բանալին գտնվել է Արթուրի հոր մոտ: Մեքենայի վրայից բացակայել է գազի համակարգը՝ գազաբալոն, ռեդուկտոր, իսկ խողովակները հանել են, թե` ոչ, տեղյակ չէ: Էլեկտրական մարտկոցը չի բացակայել, իսկ արգելակման կոճղակները մաշված են եղել, դրանց նորերը գտնվել են մեքենայում և Ռուստամը տեղում մաշվածները փոխել է նորերով: Այդպես ոստիկանությունից վերցրել են տրանզիտ համարներ ու մեքենան անձամբ վարելով՝ բերել է Հայաստան: Բոլոր ծախսերը կատարվել են Արթուրի ծնողների կողմից: Յաշան իրեն չի ասել, որ Արթուրը խաբեբա է, փոխարենն ասել է, որ եթե Արթուրը մեքենայի գումարը չկարողանա վճարել, ապա այն պետք է ետ վերադարձնի (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

6.4. Վկա Լիլիթ Շիրինյանը դատաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արթուր Ադամյանն իր որդին է, նրանից տեղեկացել է, որ վերջինս Արթուր Ալիխանյանից մեքենա է գնել և ունի որոշակի գումարային խնդիրներ: Ա.Ալիխանյանի պարտքը վերադարձնելու նպատակով որդին վերցրել է 2-րդ ավտոմեքենան, որպեսզի կարողանա այդ մեքենայով Վրաստանում առևտրով զբաղվել ու գումար աշխատել: Այդպես, որդին այդ ավտոմեքենայով մեկնել է Վրաստան, այնտեղ բնակվող իրենց բարեկամների օգնությամբ Ախալքալաքի տարածաշրջանից բնամթերք է ձեռք բերել ու փոխանակել դրանք այլ մթերքով Բաթում քաղաքում կամ մոտակա տարածքներում: Այդ ընթացքում, երբ որդին գտնվել է Վրաստանում, իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցներ ու հայտնել, որ Արթուրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իրենք տեղյակ են պահել Արթուրին դրա մասին, և վերջինս վերադարձել է Հայաստան, իսկ այդ 2-րդ ավտոմեքենայի անսարքության պատճառով այն թողել է Վրաստանում: Նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և բանալիները որդին տվել է իրեն, հայտնել է դրա գտնվելու վայրը և հանձնարարել այն բերել ու վերադարձնել [Յաշա Հովհաննիսյանին]: Արթուրն իրեն ասել է նաև, որ մեքենայի մարտկոցը բացակայում է, խնդրել է հնարավորության դեպքում այն փոխել, միաժամանակ հայտնել է, որ եթե չշտապեր ու մեքենան սարքին լիներ, ապա ինքն անձամբ այն կբերեր Հայաստան: Ինքը մայիսի վերջերին գնացել է Վրաստան, և այնտեղ բնակվող քրոջ ու վերջինիս ամուսնու հետ փորձել են մեքենան բերել Հայաստան: Մեքենան կանգնեցրած է եղել Բաթում քաղաքում ապրող իրենց բարեկամի շենքի բակում: Փոխել են մաշված կոճղակները մեքենայում գտնվող նորերով, սակայն նկատել են, որ բացակայում են մեքենայի համարանիշերը: Պարզել են, որ տրանզիտ համարներ ստանալու համար անհրաժեշտ է մեքենայի սեփականատիրոջ ներկայությունը: Այդ պատճառով վերադարձել է Հայաստան, և արդեն հունիսի 2-ին մեքենայի սեփականատիրոջ և ամուսնու հետ կրկին գնացել են Վրաստան, որտեղից մեքենան վերադարձրել են Հայաստան ու հանձնել դրա տերերին: Ողջ ծախսերը հոգացել են ինքն ու ամուսինը (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

6.5. Մանվել Հովհաննիսյանի և Արթուր Ադամյանի միջև կնքված` «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» վերնագրված փաստաթղթի («22» հունվարի 2014թ.) համաձայն` գնորդ Արթուր Ադամյանը վաճառող Մանվել Հովհաննիսյանից 3600 ԱՄՆ դոլարին համարժեք 1.465.000 ՀՀ դրամով գնել է «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենա` պարտավորվելով դրա արժեքը վճարել ըստ ժամանակացույցի` 2014 թվականի հունվարի 27-ին` 120.000, իսկ հաջորդող յուրաքանչյուր ամսվա 27-ին` 200.000-ական ՀՀ դրամի չափով (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 31):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Դ]ատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Արթուր Ադամյանը, երեք առևտրային բանկերում ունենալով 1.400.000 դրամից ավելի վարկային պարտավորություններ, իսկ մասնավոր անձանց՝ 2.370.000 ՀՀ դրամի գումարային պարտավորություններ, չունենալով խոշոր չափի արժեքով գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթանալով ավտոմեքենա վաճառող Արթուր Ալիխանյանի հետ, նրա հետ հարաբերություններում ընդգծելով իր զբաղեցրած` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչի պաշտոնը, դրանով ձեռք է բերել վերջինիս վստահությունը և ավտոմեքենայի արժեքը 4 ամսում վճարելու խոստմամբ 2011թ. սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ա.Ալիխանյանից ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի արժեք ունեցող` 2.394.990 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար արժողության «ՕPEL VECTRA 2.0L» մակնիշի, 29 ՏՕ 095 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, վաճառել և ստացված գումարները տնօրինել իր հայեցողությամբ:

Նման եզրահանգման համար դատարանը հիմք է ընդունում հատկապես տուժող Արթուր Ալիխանյանի, վկաներ Վահե Վիրաբյանի, Կարեն Ղանդիլյանի, Սարգիս Գեղամյանի, Սամվել Խաթայանի, Արկադիկ Սարգսյանի, Կարեն Սարգսյանի, Լիանա Այվազյանի, Արման Մանուչարյանի, Աշոտ Այվազյանի, Գոռ Ուլիխանյանի, Արծրուն Ալիխանյանի, Սուրեն Մանվելյանի, Հրաչիկ Ադամյանի ցուցմունքները, դատաքննության ժամանակ հետազոտված մյուս ապացույցները, քանի որ դրանք օբյեկտիվ ու ճշմարտացի են, համապատասխանում են դատարանի կողմից հաստատված գործի փաստական հանգամանքներին և հաստատվում են գործի մյուս ապացույցների հետ համակցության մեջ: Դատարանը գտնում է, որ Ա.Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով ամբաստանյալ Արթուր Ադամյանի մեղքը հիմնավորող վերը շարադրված ապացույցները ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

7.1. Անդրադառնալով Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու մասով Ա.Ադամյանին առաջադրված մեղադրանքին` Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է հետևյալը. «(...) [Վ]երլուծելով ամբաստանյալի, տուժող Յաշա Հովհաննիսյանի, վկաներ Մանվել Հովհաննիսյանի, Ռուստամ Հովհաննիսյանի և Լիլիթ Շիրինյանի ցուցմունքները, գործով ձեռք բերված մյուս ապացույցները` «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» վերնագրված փաստաթուղթը, ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի հրամանատարի 18.04.2014թ 5/3-205 գրությունը, զննում կատարելու մասին 20.06.2014թ.-ին կազմված արձանագրությունը, ստուգելով ամբաստանյալ Արթուր Ադամյանի կողմից Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները` դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` դատարանը գտնում է, որ Արթուր Ադամյանի կողմից Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չէ հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը:

(…) Գործով ձեռք բերված ապացույցներով, չփարատված կասկածները ամբաստանյալի օգտին մեկնաբանելով՝ դատարանը հաստատված է համարում այն, որ Արթուր Ադամյանը Յաշա Հովհաննիսյանից «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենան տարաժամկետ վճարելու պայմանով ձեռք է բերել 2014թ. հունվարի 22-ին՝ առևտրով զբաղվելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն` հունվարի 27-ին Ա. Ադամյանը պետք է վճարեր 120.000 ՀՀ դրամ, իսկ հաջորդող յուրաքանչյուր ամսվա 27-ին՝ 200.000 ՀՀ դրամ: Խոստացված օրը Ա. Ադամյանը վճարել է 60.000 ՀՀ դրամ և խոստացել է մնացած 60.000 ՀՀ դրամը վճարել փետրվարի 27-ին վճարվելիք գումարի հետ միասին: Դրանից հետո 2014թ. փետրվարի 2-ին Յաշա Հովհաննիսյանին և նրա որդուն տեղեկացրել է, որ ցանկանում է այդ ավտոմեքենայով մեկնել Վրաստանի Հանրապետություն` առևտրով զբաղվելու: Վերջինս տվել է իր համաձայնությունը և բացատրել է, որ նման դեպքում լիազորագիր չի պահանջվում և բավարար է միայն սեփականատիրոջ` Մանվել Հովհաննիսյանի անձնագրի պատճենը, ինչը և փոխանցել է: Ա.Ադամյանը մարտի 3-ին մեկնել է Վրաստան, իր հարազատների օգնությամբ Ախալքալաքի տարածաշրջանից բնամթերք է ձեռք բերել ու փոխանակել դրանք այլ մթերքով Բաթում քաղաքում կամ մոտակա տարածքներում: Ավտոմեքենայի արժեքի հերթական վճարումը չի կատարել, մարտ ամսվա սկզբին զանգահարել է Յաշա Հովհաննիսյանին, այնուհետև խոսել է վերջինիս որդու հետ, հայտնել է, որ գործերը լավ չեն ընթանում, և եթե ավտոմեքենայի արժեքը չվճարի, ապա ավտոմեքենան հետ կվերադարձնի և այն իր մոտ պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց կվճարի 5000 ՀՀ դրամ: Հետագայում գործերի վատ ընթանալու և իր վերաբերյալ քրեական գործի առկայության մասին տեղեկանալով՝ Ա. Ադամյանը 2014թ. ապրիլի 11-ին վերադարձել է Հայաստան, իսկ ավտոմեքենան իր հետ չի բերել՝ գումար չունենալու պատճառով: Իր խնդրանքով ծնողները փորձել են ավտոմեքենան Բաթում քաղաքից տեղափոխել Հայաստան՝ Յաշա Հովհաննիսյանին հանձնելու համար, բայց չեն կարողացել, քանի որ ավտոմեքենայի վրայից պետհամարանիշերը բացակայել են: Վերջիններս կապնվել են Յաշա Հովհաննիսյանի հետ, տեղեկացրել են ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին և վերջինիս որդու՝ Ռուստամ Հովհաննիսյանի, ու Մանվել Հովհաննիսյանի հետ հունիսի 2-ին մեկնել են Բաթում քաղաք և ավտոմեքենան վերադարձրել են Յաշա Հովհաննիսյանին: Ա. Ադամյանի պահանջով իր ծնողները ավտոմեքենայի մեջ տեղադրել են մինչ այդ իր կողմից ապամոնտաժված գազի սարքավորումները:

(...) Այն հանգամանքը, որ Ա.Ադամյանը, շուրջ 2 ամսից ավելի օգտագործելով ավտոմեքենան, այն անօրինական ճանապարհով որևէ մեկին չի օտարել /ավտոմեքենան գրանցված է եղել Մանվել Հովհաննիսյանի անվամբ և, հետևաբար, առանց վերջինիս համապատասխան համաձայնության չէր կարողանա օրինական կարգով օտարել/ և ծնողների օգնությամբ այն վերադարձրել է Յաշա Հովհաննիսյանին, նույնպես վկայում է նրա արարքում հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող ուղղակի դիտավորության բացակայության մասին և հետևաբար՝ արարքում հանցակազմի բացակայության մասին:

Նշված իրավիճակում դատարանը գտնում է, որ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները բավարար չեն հետևության հանգելու, թե Արթուր Ադամյանը Յաշա Հովհաննիսյանից ավտոմեքենան ձեռք բերելիս այն խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորություն է ունեցել: Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ա.Ադամյանի գործողություններում ակնհայտորեն բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող դիտավորությունը: Այսինքն` հանցակազմը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 48-64):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Ա]նդրադառնալով Արթուր Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալի անմեղության վերաբերյալ ամբաստանյալի և պաշտպանի փաստարկներին՝ քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը (...) Արթուր Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով ամբաստանյալ Արթուր Ադամյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:

Այսպիսով` ամբաստանյալ Արթուր Ադամյանի մեղքը Արթուր Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հաստատված է, և նրա կատարած հանցանքն ապացուցված, իսկ ամբաստանյալի և պաշտպանի պատճառաբանությունները հերքվում են քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված, մասնավորապես` տուժող Արթուր Ալիխանյանի, վկաներ Վահե Վիրաբյանի, Կարեն Ղանդիլյանի, Սարգիս Գեղամյանի, Սամվել Խաթայանի, Արկադիկ Սարգսյանի, Կարեն Սարգսյանի, Լիանա Այվազյանի, Արման Մանուչարյանի, Աշոտ Այվազյանի, Գոռ Ուլիխանյանի, Արծրուն Ալիխանյանի, Սուրեն Մանվելյանի, Հրաչիկ Ադամյանի ցուցմունքները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵՄԴ/0121/02/12 գործով 2012 թվականի ապրիլի 20-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵՄԴ/0095/02/12 գործով 2013 թվականի օգոստոսի 16-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2014 թվականի հունվարի 31-ի թիվ ԵՎ 90 գրությունը, ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՆՎ 636 ուղեկցական գրությամբ նախաքննական մարմնին ներկայացված պարտապան Արթուր Ադամյանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթների նյութերը, փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 56-90):

8.1. Անդրադառնալով Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ դատախազի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանն այդ դրվագով ամբաստանյալ Արթուր Ադամյանի անմեղության վերաբերյալ հանգել է ոչ ճիշտ հետևության:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Ադամյանի մեղքը Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հաստատված է, և նրա կատարած հանցանքն ապացուցված՝ քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված, մասնավորապես` տուժող Յաշա Հովհաննիսյանի, վկաներ Ռուստամ Հովհաննիսյանի, Մանվել Հովհաննիսյանի ցուցմունքները, «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» վերնագրված փաստաթուղթը, ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի հրամանատարի 2014 թվականի ապրիլի 18-ի թիվ 5/3-205 գրությունը, զննում կատարելու մասին 2014 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը, փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է տուժող Յաշա Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Արթուրն ավտոմեքենան Հայաստան չի տեղափոխել, քանի որ կարծում է, որ վերջինը չի կարողացել փոխել ավտոմեքենայի կոճղակները և առանց արգելակման համակարգի չի կարողացել ավտոմեքենան վարել, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դա ուղղակի տուժող Յաշա Հովհաննիսյանի սուբյեկտիվ կարծիքն է:

Իսկ ինչ վերաբերում է տուժող Յաշա Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ նախնական քննության ընթացքում իր ցուցմունքներում նշված «Ադամյանը հափշտակեց», «Ադամյանը խարդախ է» չափազանցված են, ինչպես նաև վկա Մանվել Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Յաշան իրեն չի ասել, որ Արթուրը խաբեբա է, փոխարենն ասել է, որ եթե Արթուրն ավտոմեքենայի գումարը չկարողանա վճարել, ապա այն պետք է ետ վերադարձնի, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, տուժող Յաշա Հովհաննիսյանը ետ ստանալով իր ավտոմեքենան, փորձել է մեղմացնել ամբաստանյալ Արթուր Ադամյանի պատասխանատվությունն ու պատիժը: Ավելին, եթե նույնիսկ տուժող Յաշա Հովհաննիսյանը, հայտարարեր, որ ամբաստանյալ Արթուր Ադամյանը խարդախ է, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ նշված հայտարարությունը չի կարող հանդիսանալ ամբաստանյալ Արթուր Ադամյանի արարքը հիմնավորող տվյալ, քանի որ նման բնորոշումն անձի սուբյեկտիվ ընկալման հետևանքն է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 56-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմեբերի 27-ի փոփոխություններով) 16-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ոչ ճիշտ կիրառում:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքաբերը վերլուծել է սույն գործի փաստական հանգամանքները և արձանագրել, որ Ա.Ալիխանյանից ենթադրյալ հափշտակություն կատարելու դրվագով իր արարքում բացակայում է խարդախության հանցակազմը: Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստել է, որ ինքը խաբեության կամ վստահությունը չարաշահելու դիտավորություն չի ունեցել, իսկ Ա.Ալիխանյանի հետ հարաբերությունները բացառապես քաղաքացիաիրավական բնույթ են կրել:

10. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են, համահունչ են Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, որպիսի պայմաններում այդ դրվագով ևս իրեն մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են և չպատճառաբանված:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` ամբաստանյալ Ա.Ադամյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կարճել գործի վարույթը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով Ա.Ադամյանին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացրած որոշումներում:

Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Այսինքն՝ օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսևորվում է կատարման հատուկ եղանակով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:

 (…) Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է: Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները:

Հանցագործի նկատմամբ տուժողի վստահությունը կարող է ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքեր ունենալ: Այլ կերպ` հանցավորի և տուժողի միջև առկա՝ վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են բխել ինչպես նրանց միջև առկա պայմանագրից, լիազորագրից և այլն, այնպես էլ առաջանալ հանցավորի և գույքը հանձնողի անձնական հարաբերություններից, հանցավորի կողմից նախկինում դրսևորած վարքագծից, հանցավորի անձնավորությունից և այլն:

(…) [Օ]բյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

(…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

 (…) [Խ]արդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը» (տե՛ս Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26.2.-րդ և 29-րդ կետերը):

Վ.Մաթևոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [Խ]արդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:

Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները:

(…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:

(…) [Վ]երը նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Վարդան Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ն.Ափոյանի գործով որոշմամբ ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված` յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներից առաջինը` հանցագործության դեպքը (ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը) և այն բնութագրող հանգամանքները (հանցագործության տեղ, ժամանակ, եղանակ, միջոցներ և այլն) բացահայտելու պահանջն է (հանցագործության օբյեկտիվ կողմը), ինչից հետո միայն անհրաժեշտ է անդրադառնալ դեպքին անձի առնչությանը և նրա մեղավորությանը՝ քրեական օրենքով արգելված արարք կատարելու մեջ (հանցագործության սուբյեկտիվ կողմը): Հետևաբար խարդախության հանցակազմի առկայությունը հավաստելու համար նախևառաջ պետք է պարզել հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայությունը, այնուհետև անցնել սուբյեկտիվ կողմի բացահայտմանն ու վերլուծությանը:

Այսպես` խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են հանրորեն վտանգավոր արարքը` ուրիշի գույքը հափշտակելը, այսինքն` այն վերցնելը, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, և հանցագործության եղանակը` ուրիշի գույքը հափշտակելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով (տե՛ս Ն.Ափոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշման 22.1.-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

«(…)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Խարդախության գործերով ապացույցների բավարարության չափանիշի վերլուծությունը Վճռաբեկ դատարանը կատարել է Ն.Ափոյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ քննարկվող գործերով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն հանցագործության դեպքի և այն բնութագրող հանգամանքների (մասնավորապես` ուրիշի գույքը հափշտակելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակի) առկայության, դրանում անձի մեղավորության (մասնավորապես` հանցավորի մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայության) վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում (տե՛ս Ն.Ափոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշման 26-րդ կետը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ադամյանին երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար տուժող Ա.Ալիխանյանից և տուժող Յ.Հովհաննիսյանից խարդախությամբ խոշոր չափի արժեք ունեցող մեկական ավտոմեքենա հափշտակելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Անդրադառնալով Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագին` Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել հետևյալը.

ա) Ա.Ադամյանը Յ.Հովհաննիսյանից առևտրով զբաղվելու նպատակով 2014 թվականի հունվարի 22-ին ձեռք է բերել «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենան տարաժամկետ` նույն թվականի հունվարի 27-ին 120.000 ՀՀ դրամ, իսկ հաջորդող յուրաքանչյուր ամսվա 27-ին՝ 200.000 ՀՀ դրամ վճարելու պայմանով:

բ) 2014 թվականի հունվարի 27-ին Ա. Ադամյանը վճարել է 60.000 ՀՀ դրամ և խոստացել մնացած 60.000 ՀՀ դրամը վճարել փետրվարի 27-ին վճարվելիք գումարի հետ միասին:

գ) 2014 թվականի փետրվարի 2-ին Ա.Ադամյանը Յ.Հովհաննիսյանին և նրա որդուն` Ռ.Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ ցանկանում է գնված ավտոմեքենայով մեկնել Վրաստանի Հանրապետություն` առևտրով զբաղվելու: Ռ.Հովհաննիսյանը տվել է իր համաձայնությունը` հայտնելով, որ նման դեպքում լիազորագիր չի պահանջվում, և բավարար է միայն սեփականատիրոջ` Մ.Հովհաննիսյանի անձնագրի պատճենը, ինչը և փոխանցել է:

դ) Ա.Ադամյանը 2014 թվականի մարտի 3-ին մեկնել է Վրաստան, իր հարազատների օգնությամբ Ախալքալաքի տարածաշրջանից բնամթերք է ձեռք բերել ու փոխանակել դրանք այլ մթերքով Բաթում քաղաքում կամ մոտակա տարածքներում: Ավտոմեքենայի արժեքի հերթական վճարումը չի կատարել և մարտ ամսվա սկզբին զանգահարել է Յ.Հովհաննիսյանին, այնուհետև խոսել է վերջինիս որդու հետ` հայտնելով, որ գործերը լավ չեն ընթանում, և եթե ավտոմեքենայի արժեքը չվճարի, ապա ավտոմեքենան հետ կվերադարձնի` այն իր մոտ պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց վճարելով 5000 ՀՀ դրամ:

ե) Ա.Ադամյանը, տեղեկանալով իր վերաբերյալ քրեական գործի առկայության մասին, 2014 թվականի ապրիլի 11-ին վերադարձել է ՀՀ, իսկ ավտոմեքենան իր հետ չի բերել՝ գումար չունենալու պատճառով:

զ) Ա.Ադամյանի խնդրանքով իր ծնողները կապվել են Յ.Հովհաննիսյանի հետ, տեղեկացրել ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին, ապա 2014 թվականի հունիսի 2-ին Ռ.Հովհաննիսյանի ու Մ.Հովհաննիսյանի հետ մեկնել են Բաթում քաղաք և Յ.Հովհաննիսյանին վերադարձրել ավտոմեքենան` դրա մեջ տեղադրելով մինչ այդ Ա.Ադամյանի կողմից ապամոնտաժված գազի սարքավորումները:

Առաջին ատյանի դատարանը վերոնշյալ փաստական հանգամանքները հաստատված է համարել` վերլուծելով ամբաստանյալ Ա.Ադամյանի, տուժող Յ.Հովհաննիսյանի, վկաներ Մ.Հովհաննիսյանի, Ռ.Հովհաննիսյանի և Լ.Շիրինյանի ցուցմունքները, ինչպես նաև` գործով ձեռք բերված մյուս ապացույցները` «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» վերնագրված փաստաթուղթը, ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի հրամանատարի՝ 2014 թվականի ապրիլի 18-ի թիվ 5/3-205 գրությունը և զննում կատարելու մասին 2014 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը:

Վերոգրյալի հետ մեկտեղ` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Ադամյանի կողմից տևական ժամանակ ավտոմեքենան օգտագործելու, այն որևէ մեկին չօտարելու և ծնողների օգնությամբ տուժողին վերադարձնելու հանգամանքները վկայում են ամբաստանյալի մոտ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորության բացակայության մասին` փաստելով, որ Ա.Ադամյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը (տե՛ս սույն որոշման 7.1.-րդ կետը):

Յաշա Հովհաննիսյանից խարդախությամբ գույք հափշտակելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի անմեղության վերաբերյալ հանգել է ոչ ճիշտ հետևության: Ըստ Վերաքննիչ դատարանի` Արթուր Ադամյանի մեղքը Յաշա Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հաստատված է, և նրա կատարած հանցանքն ապացուցված՝ քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված համապատասխան ապացույցներով: Վերաքննիչ դատարանն իր վերոգրյալ եզրահանգման համար հիմք է ընդունել, մասնավորապես, տուժող Յաշա Հովհաննիսյանի, վկաներ Ռուստամ Հովհաննիսյանի, Մանվել Հովհաննիսյանի ցուցմունքները, «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր» վերնագրված փաստաթուղթը, ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի հրամանատարի 2014 թվականի ապրիլի 18-ի թիվ 5/3-205 գրությունը և զննում կատարելու մասին 2014 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը:

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով անդրադարձել է նաև տուժող Յ.Հովհաննիսյանի ու վկա Մ.Հովհաննիսյանի ցուցմունքներում առկա` Ա.Ադամյանի կողմից մեքենան ՀՀ չտեղափոխելու պատճառների ու Ա.Ադամյանին «խարդախ» անվանելու վերաբերյալ մի շարք դատողությունների` արձանագրելով, որ դրանք անձի սուբյեկտիվ ընկալման հետևանք են (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը):

16. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով 13-14-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը չի ձևավորում համոզվածություն առ այն, որ Ա.Ադամյանն այնպիսի հանցավոր վարքագիծ է դրսևորել, որով ներգործել է տուժողի գիտակցության և կամքի վրա, ինչի արդյունքում, ընկնելով մոլորության մեջ՝ Յ.Հովհաննիսյանն իր գույքը հանձնել է Ա.Ադամյանին: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նյութերով չի հիմնավորվել Ա.Ադամյանի մեղադրանքի ծավալում ընգրկված այն հանգամանքը, թե Ա.Ադամյանն առանց սակարկման համաձայնել է գնել Յ.Հովհաննիսյանի մեքենան նրա իսկ առաջարկած արժեքով և այդ մասին վճարման կեղծ խոստում է տվել: Ասվածը հերքվում է Յ.Հովհաննիսյանի ցուցմունքներով այն մասին, որ մեքենայի արժեքը մաս-մաս վճարելու պարագայում ինքը որոշել է չիջեցնել այն, բացի այդ էլ` Ռ.Հովհաննիսյանը հայտնել է, որ մեքենայի վրա առկա թերության պատճառով դրա նախնական` 3700 ԱՄՆ դոլար արժեքն իջեցրել են 3600 ԱՄՆ դոլար (տե՛ս սույն որոշման 6.1-6.2-րդ կետերը): Ինչ վերաբերում է ամբաստանյալի կողմից վճարման կեղծ խոստում տալուն, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Ադամյանի և Մ.Հովհաննիսյանի միջև կնքվել է «Ավտոմեքենայի նախնական առուվաճառքի պայմանագիր», որով ամրագրվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Այսինքն` քաղաքացիաիրավական պայմանագրով հստակ սահմանվել են գույքի ձեռքբերման համար տարաժամկետ վճարման պայմանները (տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը), իսկ գործի նյութերում առկա չեն դրա կեղծ լինելը հավաստող փաստեր:

Ինչ վերաբերում է իր իրական հանցավոր մտադրությունները քողարկելու և տուժողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով իբրև կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող ներկայանալուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կապիտան Արթուր Ադամյանը ՀՀ պաշտպանության նախարարի` 2012 թվականի մայիսի 18-ի հրամանով (իր զեկուցագրի համաձայն) արձակվել է զինված ուժերի պահեստազոր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 136): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող ներկայանալը սույն գործով ողջամտորեն չէր կարող ազդեցություն ունենալ տուժողի գիտակցության և կամքի վրա, առավել ևս` մոլորության մեջ գցել նրան: Բացի այդ, հարկ է արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ փաստական տվյալ առ այն, որ Ա.Ադամյանը համոզել է Յ.Հովհաննիսյանին իրեն փոխանցել վերջինիս պատկանող գույքը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ադամյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալը:

Անդրադառնալով խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Ադամյանը Յ.Հովհաննիսյանից մեքենա է ձեռք բերել՝ առևտրով զբաղվելու նպատակով, որի մասին տեղյակ է եղել տուժողը: Նշված հանգամանքները հաստատվում են Ա.Ադամյանի, Յ.Հովհաննիսյանի, Ռ.Հովհաննիսյանի, Լ.Շիրինյանի ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 6-6.2-րդ և 6.4-րդ կետերը): Ասվածի հետ կապված` հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալը մեքենան ձեռք բերելուց հետո, նախապես այդ մասին տեղեկացնելով Յ.Հովհաննիսյանին և Ռ.Հովհաննիսյանին, մեկնել է Վրաստան, իր հարազատների օգնությամբ Ախալքալաքի տարածաշրջանից բնամթերք ձեռք բերել ու փոխանակել դրանք այլ մթերքով Բաթում քաղաքում և մոտակա տարածքներում, ինչն էական նշանակություն ունի Ա.Ադամյանի մտադրությունները գնահատելու հարցում: Հակառակ դրան` ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում առկա չեն հիմնավորումներ առ այն, որ Ա.Ադամյանը մտադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է հափշտակել տուժողին պատկանող գույքը:

 Ինչ վերաբերում է 6.170.000 ՀՀ դրամի պարտքեր ունենալու և խոշոր չափի գույք գնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ չունենալու վերաբերյալ նախաքննության մարմնի դատողություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այս հանգամանքները, գործի մնացած փաստերից կտրված, բավարար չեն Ա.Ադամյանի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայությունը հաստատված համարելու համար:

Վերոգրալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ադամյանի արարքում բացակայում է նաև խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա ապացույցները բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ մինչև Յ.Հովհաննիսյանի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը Ա.Ադամյանը գույքի հափշտակության ուղղակի դիտավորություն է ունեցել:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով Ա.Ադամյանի արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված են և բխում են գործի նյութերից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, քննարկվող դրվագով մեղավոր ճանաչելով Ա.Ադամյանին, հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները` առանց պատճառաբանելու, թե խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմն ու այն բնութագրող հանգամանքները և սուբյեկտիվ կողմն ու այն բնութագրող հանգամանքները սույն գործի նյութերում առկա որ փաստական տվյալներով են հաստատվում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ամբաստանյալ Արթուր Ադամյանը, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ (...) Յաշա Հովհաննիսյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրան պատկանող (...) ավտոմեքենան», սակայն չի մատնանշել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհաստատեին Ա.Ադամյանի մոտ ի սկզբանե Յ.Հովհաննիսյանի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայությունը կամ այդ գույքը վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելը:

Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի, Վ.Մաթևոսյանի և Ն.Ափոյանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Յ.Հովհաննիսյանից հափշտակություն կատարելու դրվագով Ա.Ադամյանին մեղսագրված արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

18. Ինչ վերաբերում է Ա.Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով Ա.Ադամյանի անմեղության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա ապացույցները, այդ դրվագով ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ադամյանի մեղքն Ա.Ալիխանյանից հափշտակություն կատարելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են տուժող Արթուր Ալիխանյանի, վկաներ Վահե Վիրաբյանի, Կարեն Ղանդիլյանի, Սարգիս Գեղամյանի, Սամվել Խաթայանի, Արկադիկ Սարգսյանի, Կարեն Սարգսյանի, Լիանա Այվազյանի, Արման Մանուչարյանի, Աշոտ Այվազյանի, Գոռ Ուլիխանյանի, Արծրուն Ալիխանյանի, Սուրեն Մանվելյանի, Հրաչիկ Ադամյանի ցուցմունքներով, ինչպես նաև` ստորադաս դատարանների դատական ակտերում վկայակոչված այլ ապացույցներով:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառման: Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ: Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավորված, պատճառաբանված և գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Հենրիկի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 4-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան