ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 դեկտեմբերի 2016թ. |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 77-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասի և 77-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:
Օրենսգրքի` «Տուժողի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 59-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասն ամրագրում է.
«Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը»:
Վիճարկվող հոդվածում փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.02.04թ. ՀՕ-34-Ն և 25.05.06թ. ՀՕ-91-Ն ՀՀ օրենքներով, որոնք, սակայն, սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճին վերաբերելի չեն:
Օրենսգրքի` «Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 77-րդ հոդվածն ամրագրում է.
«1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, սույն օրենսգրքով, սահմանված կարգով, իրավունք ունի`
1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին, իսկ կասկածյալի օրինական ներկայացուցիչը` նաև իմանալ` ինչում է կասկածվում ներկայացվող անձը.
2) իմանալ դատավարությանը ներկայացվող մասնակցին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և ուղեկցել նրան.
3) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել դատավարության ներկայացվող մասնակցի հետ` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ.
4) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին.
5) տալ բացատրություններ.
6) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
7) հայտնել բացարկներ.
8) հարուցել միջնորդություններ.
9) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
10) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
11) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
12) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.
13) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, իր կողմից ներկայացվող քաղաքացիական հայցվորի և մեղադրյալի համապատասխանաբար ներկայացուցչի կամ պաշտպանի բացակայության դեպքում` հանդես գալ ճառով և ռեպլիկով.
14) իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.
15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
16) հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.
17) դատավարության` իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
18) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
19) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
20) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
21) իր կողմից ներկայացվող անձի համար հրավիրել համապատասխանաբար պաշտպան և ներկայացուցիչ, դադարեցնել իր կողմից հրավիրված պաշտպանի և ներկայացուցչի լիազորությունները.
22) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
2. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացի այն իրավունքներից, որոնք անբաժանելի են նրանց անձից:
3. Սահմանափակ գործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) դատավարությանը` իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի համաձայնությամբ դադարեցնել պաշտպանի լիազորությունները.
2) իմանալ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի մտադրության մասին`
հետ վերցնելու նրա նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.
հաշտվելու տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.
հրաժարվելու իր ներկայացրած քաղաքացիական հայցից կամ ընդունելու իրեն ներկայացված քաղաքացիական հայցը.
հետ վերցնելու նրա շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը.
3) համաձայնվել կամ չհամաձայնվել իր կողմից ներկայացվող անձի` սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետում թվարկված որոշումներին:
4. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի դատավարությանը` իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի անունից`
1) հետ վերցնել նրա նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.
2) հայտարարել հանցանքի կատարման մեջ իր կողմից ներկայացվող մեղադրյալի մեղավորության մասին.
3) հաշտվել տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.
4) ընդունել մեղադրյալին ներկայացված հայցը և հրաժարվել քաղաքացիական հայցվորի ներկայացրած հայցից.
5) հետ վերցնել դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակցի ներկայացրած բողոքը:
5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարել դատավարությանը` իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին հակասող որևէ գործողություն, մասնավորապես` մեղադրյալի անունից հրաժարվել պաշտպանից:
6. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել օրինական ներկայացուցչի իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
2) իր կողմից ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.
4) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
5) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
7. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը կարող է կանչվել որպես վկա:
8. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
9. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ»:
Վիճարկվող հոդվածում փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.02.04թ. ՀՕ-34-Ն և 25.05.06թ. ՀՕ-91-Ն ՀՀ օրենքներով, որոնք, սակայն, նույնպես չեն առնչվում սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճին:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 32150116 քրեական գործը, իսկ 2016 թվականի հունվարի 26-ին Սամսոն Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: 2016 թվականի մարտի 30-ին Սամսոն Խուրշուդյանի վերաբերյալ թիվ 32150116 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ՍԴ2/0005/01/16 համարը:
Արձանագրելով, որ Ռուզաննա Խուրշուդյանը` որպես տուժող, ինչպես նաև որպես տուժող Լիանա Խուրշուդյանի օրինական ներկայացուցիչ, հայտարարել է, որ հաշտվել է ամբաստանյալ Սամսոն Խուրշուդյանի հետ, որ ամբաստանյալ Սամսոն Խուրշուդյանը հայտնել է, որ հաշտվել է տուժողներ Ռուզաննա Խուրշուդյանի և Լիանա Խուրշուդյանի հետ, և ցանկանում է, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Սամսոն Խուրշուդյանի հետ հաշտվելու վերաբերյալ տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժող Լիանա Խուրշուդյանի մտադրությունը պարզելու կապակցությամբ պետք է կիրառվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասի և 77-րդ հոդվածի դրույթները, և որոշում է կայացրել թիվ ՍԴ2/0005/01/16 քրեական գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տվյալ քրեական գործով կիրառման ենթակա 59-րդ հոդվածի 4-րդ մասի և 77-րդ հոդվածի դրույթները հակասում են 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին այնքանով, որքանով դրանք իրավունք չեն տալիս տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողներին, իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, դիրքորոշում (կարծիք) հայտնել կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ, ինչպես նաև բացառում են տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողների շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը, կատարելով օրենսգրքի 59-րդ, 76-րդ և 77-րդ հոդվածների դրույթների համեմատական վերլուծություն, արձանագրում է, որ օրենսգիրքը, ի տարբերություն տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահաս (երեխա) տուժողների, տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողներին որևէ հնարավորություն չի տալիս, իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, դիրքորոշում (կարծիք) հայտնել կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ նույնիսկ այն դեպքում, երբ հաշտությունը բխում է անգործունակ (տասնչորս տարին չլրացած) տուժողի շահերից (օրինակ, երբ կասկածյալը կամ մեղադրյալը հանդիսանում է տուժողի ծնողը կամ այլ անձ, ով ամբողջությամբ կամ որոշակի չափով տուժողի համար ապահովում է անհրաժեշտ կենսապայմաններ):
4. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասով և 77-րդ հոդվածով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, կատարելով քաղաքացիաիրավական և քրեաիրավական նորմերի համեմատական վերլուծություն, գտնում է, որ մինչև տասնչորս տարեկան երեխաներն իրենց գիտակցական մակարդակում օրենսդրորեն հավասարեցված են անգործունակ ճանաչված քաղաքացիներին: Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով՝ պատասխանողը կարծում է, որ տասնչորս տարին չլրացած երեխաների կողմից հանցագործությունների հանրային վտանգավորության չգիտակցումը և այդ հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական պատասխանատվության բացառումը խոսում են այն մասին, որ այդ կատեգորիայի երեխաները հանցագործության զոհ լինելու դեպքում ի վիճակի չեն գիտակցելու իրենց շահը հանցագործին քրեական պատասխանատվության ենթարկելու կամ ազատելու հարցերում: Հետևաբար, օրենսդիրն իրավաչափորեն սահմանել է, որ մինչև տասնչորս տարին լրացած երեխաների, ինչպես նաև անգործունակների հաշտվելը կասկածյալի, մեղադրյալի հետ հիմք չէ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ինչը երաշխիք է այս խոցելի կատեգորիայի անձանց իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար:
Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ վիճարկվող դրույթները բացառում են տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողների շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը, պատասխանողը նկատում է, որ տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողների շահերի հավասարակշռությունն արդեն իսկ հաստատված է օրենքով` այն տեսքով, որ դատարանն է վերջնական դատական ակտով որոշում կայացնում, այդ թվում՝ անչափահաս տուժողների շահերից ելնելով, ի թիվս այլնի, հաշվի առնելով տուժող երեխայի վերաբերմունքը հանցանքը կատարած անձի նկատմամբ, ներառյալ՝ քրեական գործի վարույթը չբացառող և քրեական հետապնդումը չդադարեցնող հանգամանք հանդիսացող` երեխայի հաշտեցումը մեղադրյալի հետ:
5. Մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթներին անդրադառնալը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում առկա է ներքին հակասություն. նախ, օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությամբ ամրագրված նախադասությունն սկսվում է «անգործունակ տուժողի» բառակապակցությամբ, մինչդեռ նույն նախադասությունում հետագայում օգտագործվում է «սահմանափակ գործունակ մասնակցի անունից» բառակապակցությունը, երկրորդ` դրա հետևանքով պարզ չէ, թե օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կասկածյալի, մեղադրյալի հետ հաշտվելու արգելքը վերաբերում է անգործունակ, թե սահմանափակ գործունակ տուժողին:
Վերոգրյալի կապակցությամբ, հաշվի առնելով օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում «սահմանափակ գործունակ մասնակցի անունից» բառակապակցությունը վերաբերում է անգործունակ մասնակցին:
6. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բարձրացված սահմանադրաիրավական վեճը վերաբերում է բացառապես անգործունակ տուժողին, որի ներքո դիմողը նկատի է ունեցել տասնչորս տարին չլրացած անձանց: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է երկու հիմնախնդիր. առաջին` օրենքի բաց, որը, ըստ դիմողի, դրսևորվում է նրանում, որ օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում և 77-րդ հոդվածում բացակայում է անհրաժեշտ նորմը, որն իրավունք կվերապահեր տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողներին իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան դիրքորոշում (կարծիք) հայտնել կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ, և երկրորդ` օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը և 77-րդ հոդվածը բացառում են տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողների շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը: Վերջին հիմնախնդրի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողը, ըստ էության, վիճարկում է օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված նորմը, քանի որ միայն վերջինս է, որ արգելում է անգործունակ, այսինքն, ըստ դիմողի, տասնչորս տարին չլրացած անչափահաս (երեխա) տուժողների շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող նորմերը քննության առարկա է դարձնում բացառապես անգործունակ տուժողի մասով, ինչպես նաև օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված արգելքի իրավաչափության մասով:
7. Նկատի ունենալով, որ դիմողը և պատասխանողը փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ այդ դրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը:
ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
«1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:
Սահմանադրական վերոնշյալ նորմերից հետևում է, որ սահմանադիրը տվյալ նորմով երեխային վերապահել է.
- ոչ միայն իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, այլ նաև, ի թիվս այլնի, իրեն վերաբերող դատական գործընթացներում լսվելու իրավունք,
- լսվելու իրավունքի շրջանակներում` դատական մարմինների կողմից իր կարծիքը հաշվի առնելու իրավունք:
Միաժամանակ, Սահմանադրության տվյալ հոդվածը չի նախատեսում տարիքային կամ այլ որևէ սահմանափակում: «Հաշվի առնողի» համար է պարտականություն սահմանված` ելնել երեխայի տարիքից և հասունության աստիճանից: Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասը հանրային իշխանության վրա դնում է հստակ պարտականություն` առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերին` նրան վերաբերող հարցերում: Հետևաբար, սահմանադրի նպատակն է երեխային վերաբերող հարցերում տարբեր շահերի առկայության դեպքում առաջնահերթ պաշտպանել երեխայի շահերը, այնուհետև` առկա մյուս շահերը, իսկ այդ շահերի հակասության դեպքում հանրային իշխանությունը պարտավոր է պաշտպանել երեխայի շահերը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 37-րդ հոդվածի, մասնավորապես` 1-ին և 2-րդ մասերի դրույթները գործում են անմիջականորեն, և դատական պրակտիկան պարտավոր է առաջնորդվել այդ պահանջով:
Վերոգրյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում չպետք է փորձել երեխայի լսվելու իրավունքը պայմանավորել տարիքային սահմանափակումով, ինչն ուղղակիորեն առկա չէ վեճի առարկա հոդվածներում և չի բխում Սահմանադրության 37-րդ հոդվածի պահանջներից: Վարույթն իրականացնող մարմինն է պարտավոր ապահովել երեխայի լսվելու իրավունքի իրացումը` անկախ տարիքից, հաշվի առնել այն և առաջնահերթ կարգով երեխայի շահերից ելնելով որոշում կայացնել:
8. Երեխայի տարիքի, հասունության մակարդակի և նրան առաջադրված հարցի բարդության միջև հարաբերակցության, երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու հարցերին է նվիրված նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 բանաձևով ընդունված և 1990 թվականի սեպտեմբերի 2-ին ուժի մեջ մտած` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան: Նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է. «1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն»:
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն 2013թ. մայիսի 29-ին հատուկ անդրադարձ կատարելով երեխայի լավագույն շահերի ապահովմանը` մասնավորապես արձանագրում է, որ բոլոր երկրներն են պարտավոր երաշխավորել, որպեսզի երեխայի լավագույն շահերն առաջնահերթության կարգով հաշվի առնվեն նրա վերաբերյալ որոշումներ կայացնելիս` ինչպես դատարանների, վարչական մարմինների կողմից, այնպես էլ իրավակարգավորման գործընթացում:
9. ՀՀ գործող օրենսդրության ընդհանուր տրամաբանությունն իրավակիրառ պրակտիկայի կողմից ընկալվել և իրացվում է այնպես, որ համաձայն քաղաքացիական, քրեական, վարչական պատասխանատվության համար տարիք սահմանող նորմերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ և 1067-րդ հոդվածներ, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդված)` տասնչորս տարին չլրացած անչափահասները և հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված անձինք դիտարկվում են միևնույն կատեգորիայում: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում ամրագրված նորմով արգելվել է անգործունակ տուժողի օրինական ներկայացուցչին հաշտվել կասկածյալի, մեղադրյալի հետ՝ հետևություն է արվում, որ տասնչորս տարին չլրացած անձի տարիքը և հասունության մակարդակը չեն համապատասխանում կասկածյալի, մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ հարցի բարդությանը: Միաժամանակ, չի բացառվում այնպիսի հնարավոր իրավիճակներ, ինչպիսիք են, մասնավորապես, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում հենց փոքրահասակի ծնողի հայտնվելը, որպիսի պարագայում փոքրահասակի մյուս ծնողն է հանդես գալիս որպես օրինական ներկայացուցիչ: Նման իրավիճակում ծնողների միջև հնարավոր հաշտությունը՝ կախված տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից, կարող է բխել կամ չբխել երեխայի լավագույն շահերից: Վերջինիս գնահատման պարտականությունը վարույթն իրականացնող մարմնին է վերապահված:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը` վեճի առարկայի և սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 20 դեկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1333
Գ. Հարությունյան