Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2016-05.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 572 - Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ-ի ՄԶԳ) միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կատարումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 572-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Դ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (խորհրդի նախագահ)

   

Ա. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

   

Կ. Թամազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Սաքապետոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Եղիազարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Հ. Հովակիմյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Մ. Ղամբարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

   

Կ. Ասատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 06.12.16 N 1147-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 572-Ա
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԶԳ-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ N AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կատարումն ապահովող կառավարման խորհուրդը (այսուհետ` կառավարման խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Կառավարման խորհրդի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարման կառավարման խորհուրդ»:

2. Կառավարման խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, միջազգային պայմանագրերով, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

 

II. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Կառավարման խորհուրդը հանդես չի գալիս որպես համաձայնագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

4. Կառավարման խորհրդի խնդիրներն են`

1) համաձայնագրի իրականացման ընթացքում 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով դրամաշնորհը տրամադրող կազմակերպության հետ.

2) համաձայնագրի իրականացման փուլում ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

3) համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան հաշվետվությունների հաստատումը.

4) համաձայնագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհը տրամադրող կազմակերպության հետ.

5) համաձայնագրի կատարման շրջանակներում իրականացվող գնումների, ինչպես նաև աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերման գործընթացներին վերաբերող բոլոր փաստաթղթերին, այդ թվում՝ մրցութային փաստաթղթերին, չորս տեղական փորձագետների աշխատանքային գործունեության նկարագրերին, վերջիններիս հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի նախագծերին հավանություն տալը և փորձագետների ընտրությունը:

5. Միջազգային փորձագետների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջնական հաստատման են ներկայացվում կառավարման խորհրդի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից դրանք հաստատվելուց հետո փորձագետների հետ աշխատանքային պայմանագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

6. Համաձայնագրի շրջանակներում առաջացող հարցերը քննարկվում են կառավարման խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում: Հարցերը քննարկման է ներկայացնում կառավարման խորհրդի քարտուղարը:

 

III. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Կառավարման խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, ինչպես նաև հեռակա՝ էլեկտրոնային քվեարկության եղանակով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Կառավարման խորհրդի նիստերն արձանագրվում են:

8. Կառավարման խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն վեցը:

9. Կառավարման խորհրդի նիստը վարում է կառավարման խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը: Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Կառավարման խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից առնվազն երեք օր առաջ:

11. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը խորհրդի նախագահի կամ նրա բացակայության դեպքում, նրան փոխարինող խորհրդի անդամի որոշմամբ, տեղափոխվում է կառավարման խորհրդի հաջորդ նիստ:

12. Կառավարման խորհրդի նիստերը տեղի են ունենում կառավարման խորհրդի նախագահի մոտ, եթե կառավարման խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

13. Կառավարման խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և խորհրդի քարտուղարի կողմից նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

14. Էլեկտրոնային քվեարկությունն իրականացվում է կառավարման խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը քվեարկությունից առնվազն մեկ օր առաջ կառավարման խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարի կողմից, որի հետ կառավարման խորհրդի անդամներին տրամադրվում է ամբողջական տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է քվեարկությունը:

15. Տեղեկատվությունը քարտուղարի կողմից ուղարկվում է կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը խորհրդի գործունեությունից առաջ տրամադրվում է քարտուղարին: Կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարին:

16. Կառավարման խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը: Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

17. Սույն կանոնադրության 16-րդ կետում նշված ժամկետում քարտուղարին պատասխան չներկայացվելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ համարվում է դրական:

18. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամների ստորագրությանը:

19. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հաջորդ նիստի օրակարգում:

20. Կառավարման խորհրդի որոշումները, որպես կառավարման խորհրդի արձանագրության հավելված, ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:

21. Կառավարման խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնատար անձինք: Անհրաժեշտության դեպքում կառավարման խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

22. Կառավարման խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է:

23. Կառավարման խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է կառավարման խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է կառավարման խորհուրդը պետական մարմինների, պաշտոնատար անձանց և այլ կազմակերպությունների հետ շփումներում.

3) կնքում է սույն կանոնադրության 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված փորձագետների հետ աշխատանքային պայմանագրերը:

 

V. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

24. Կառավարման խորհուրդը կազմված է 11 անդամից: Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ոլորտներ ճանաչված չորս պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք:

25. Կառավարման խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում կառավարման խորհրդի նիստի արձանագրության մեջ:

26. Կառավարման խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է կառավարման խորհրդի անդամ լինելուց: Նրա փոխարեն նշանակվում է կառավարման խորհրդի նոր անդամ:

 

VI. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Կառավարման խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին կամ էլեկտրոնային քվեարկությանը վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը կառավարման խորհրդի անդամներին.

2) կառավարման խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները կցում է նիստի արձանագրությանը (խորհրդի որոշմանը).

3) արձանագրում է կառավարման խորհրդի նիստի քննարկումները և (կամ) էլեկտրոնային քվեարկության արդյունքները և դրանց հիման վրա կազմում արձանագրությունների (որոշումների) նախագծերը.

4) նիստերի արձանագրություններն ուղարկում է խորհրդի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններ.

5) հետևում է կառավարման խորհրդի որոշումների կատարմանը և կառավարման խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

6) վարում է կառավարման խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

 

VII. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

28. Կառավարման խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, կառավարման խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. Կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2017, N 1304-Ա 11.11.2017, N 572-Ա
11.08.2017, N 909-Ա 12.08.2017, N 572-Ա
04.07.2017, N 679-Ա 05.07.2017, N 572-Ա
06.12.2016, N 1147-Ա 07.12.2016, N 572-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան