Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0105/01/14

ԵԱՔԴ/0105/01/14

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

Դատավորներ`  Ռ. Բարսեղյան
 Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ  
ամբաստանյալ Մ. Դիլանչյանի
պաշտպան Ա. Ղարիբյանի
մեղադրող Ն. Աշրաֆյանի

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Միքայել Մարտիրոսի Դիլանչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14137914 քրեական գործը:

2014 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Մ.Դիլանչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մ.Դիլանչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2014 թվականի հուլիսի 14-ին Մ.Դիլանչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Մ.Դիլանչյանին մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Մ.Դիլանչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:

3. Մեղադրող Ն.Աշրաֆյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ստացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Դիլանչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, 2014 թվականի ապրիլի 25-ին` ժամը 19:40-ի սահմաններում, իր կողմից վարվող «Վազ 2107» մակնիշի 11 ՏԼ 279 հ/հ ավտոմեքենայով Բաբայան և Արաբկիր 49 փողոցների հատման խաչմերուկում բախվելով Ս.Ասատրյանի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի 59 PV 999 հ/հ-ի ավտոմեքենային և, չունենալով իր կողմից վարվող ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, խոշոր չափի գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, վթարից անմիջապես հետո` 2014 թվականի ապրիլի 25-ին, ժամը 20:30-ին, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի Ազատության 12 հասցեում գործող մասնաճյուղում կնքել է իր վարած տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր, որից հետո` ժամը 20:39-ին զանգահարել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կոնտակտ կենտրոն և հայտնել վթարի մասին, ընդունել իր մեղավորությունը, իսկ 2014 թվականի ապրիլի 28-ին Ա.Ասատրյանը հայտային դիմում է ներկայացրել 580.000 ՀՀ դրամ հատուցում ստանալու համար, սակայն նշված հանգամանքը պարզվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից և Մ.Դիլանչյանը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը` իր կամքից անկախ հանգամանքներում» (տե´ս քրեական գործ, հատոր 1, թերթ 78):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցանքներն օբյեկտիվ կողմից ունեն որոշակի ընդհանրություն, մասնավորապես երկուսն էլ կատարվում են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով: Մինչդեռ դրանցում առկա տարբերությունն արտահայտվում է հետևյալում. խարդախության դեպքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն: Այնինչ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու /ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդված/ դեպքում ուրիշի գույքի հափշտակություն տեղի չի ունենում:

(…) Մ. Դիլանչյանը պայմանագիր կնքելով խարդախություն /խարդախության փորձ/ կատարելու դիտավորություն չի ունեցել, այլ նրա դիտավորությունն ուղղված է եղել սեփական միջոցները խնայելուն և ոչ թե այլ անձի գույքը հափշտակելուն: Սույն պարագայում Մ.Դիլանչյանը որևէ կերպ չէր կարող հափշտակել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության գույքը:

(…) Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին» (տե´ս քրեական գործ, հատոր 2, թերթ 38):

7. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, նախաքննական մարմնի կողմից Մ.Դիլանչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը վերաորակելով նույն օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով, հանգել է ճիշտ հետևության այն մասին, որ ապացուցված չէ Մ.Դիլանչյանի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից խարդախությամբ 580.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձը (տե´ս քրեական գործ, հատոր 3, թերթ 85):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքը վերաորակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպես՝ վկայակոչելով Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները՝ բողոքաբերը փաստել է, որ Մ.Դիլանչյանը «Ռոսգոսստրախարմենիա» ԱՓԲԸ ներկայացուցչին խաբելու, այն է` վթարից հետո կնքված պայմանագիրը որպես վթարից առաջացած գույքային վնասը վերականգնելու պատշաճ հիմք ներկայացնելով, փորձել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի գույքը, այն է` ապահովագրական վճարը, ուղղել «Մերսեդես-Բենց» մակնիշի 59 PV 999 հ/հ-ի ավտոմեքենայի սեփականատիրոջը` իր իսկ կողմից պատճառված և ապահովագրական ընկերության կողմից հատուցման ոչ ենթակա վնասը հատուցելու նպատակով: Բողոքաբերի պնդմամբ՝ ամբաստանյալը գիտակցել է, որ խաբեության միջոցով ուրիշի (տվյալ դեպքում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի) գույքը դարձնում է այլ անձի («Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ) սեփականությունը, գիտակցել է, որ իր գործողությունների արդյունքում ապահովագրական ընկերությունը զրկվում է իրեն պատկանող գույքից՝ իր փոխարեն հատուցելով իր իսկ պատճառած և հատուցման ոչ ենթակա վնասը, նախատեսել և ցանկացել է դա:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածից 184-րդ հոդվածով վերաորակելով, հաշվի չի առել այն հանգամանքը, որ, ի տարբերություն խարդախության, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով գույքային բնույթի վնաս պատճառելու դեպքում անձը ոչ թե հափշտակում է ուրիշի գույքը, այլ գույքային վնաս է պատճառում սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին: Բողոքաբերի կարծիքով, եթե խարդախության դեպքում գույքը դուրս է գալիս սեփականատիրոջ ֆոնդից, ապա քննարկվող հանցագործությամբ սեփականատիրոջ գույքային ֆոնդը չի պակասում, պարզապես գույքը, որը պետք է ստանար սեփականատերը, հանցավորի գործողությունների պատճառով մուտք չի գործում նրա ֆոնդ կամ նրան գույքային վնաս է հասցվում բաց թողնված օգուտի ձևով:

9. Բողոքաբերը նաև նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը տարբեր գործերով ստորադաս դատարանների դատական ակտերում կիրառվել է միմյանց հակասող մեկնաբանությամբ: Մասնավորապես՝ նույնանման փաստական հանգամանքներով թիվ ԵԷԴ/0022/01/14 քրեական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված դատավճռով անձը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խարդախության (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդված) հանցակազմերի մեկնաբանման և սահմանազատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ օրինական և հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խարդախությունը «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել[ն]» է:

Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացրած որոշումներում:

Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Խարդախությունը դասվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ հափշտակությունների շարքին: (…) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: (…) :

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Այսինքն՝ օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսևորվում է կատարման հատուկ եղանակով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:

 (…)

Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները» (տե´ս Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26.2-րդ կետերը):

Վ.Մաթևոսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) խարդախությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, հետևաբար դրա առարկա է հանդիսանում նյութական աշխարհի այն իրը (առարկան), որը հանդես է գալիս շարժական կամ անշարժ գույքի ձևով և ենթակա է դրամական գնահատման: Ասվածից հետևում է, որ խարդախության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն փոխանակման արժեք, գին, հանդիսանում են արժեքի դրամական արտահայտություն: Քննարկվող հանցագործության առարկա չեն կարող հանդիսանալ ոչ նյութական բնույթի արժեքները` գիտական աշխատությունները, տեղեկատվությունը, ծառայությունները և այլն:

Վերոգրյալից հետևում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով աշխատանք կամ որոշակի ծառայություն ձեռք բերելը կամ պարտավորությունները չկատարելը չեն կարող որակվել որպես խարդախություն՝ այդ հանցագործության առարկայի բացակայության պատճառով» (տե՛ս Վարդան Մարատի Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 24-րդ կետը):

13.1. Վերահաստատելով և զարգացնելով Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախությունը` որպես հափշտակության տարատեսակ, ենթադրում է խաբերության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու փաստացի հնարավորություն են ունեցել: Հափշտակությունն անխուսափելիորեն հանգեցնում է նյութական բնույթի որոշակի բացասական հետևանքների, որոնք հանդես են գալիս իրական նյութական վնասի ձևով` առաջացնելով սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի գույքի իրական նվազում:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքային վնաս պատճառելը «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառել[ն է], եթե բացակայում են հափշտակության հատկանիշները»:

Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը որոշակի հատկանիշներով նման է խարդախությանը: Մասնավորապես, թե՛ խարդախությունը և թե՛ գույքային վնաս պատճառելը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, սուբյեկտիվ կողմից դրսևորվում են ուղղակի դիտավորությամբ, իսկ օբյեկտիվ կողմից՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով: Սակայն, ի տարբերություն խարդախության՝ գույքային վնաս պատճառելու դեպքում բացակայում են հափշտակության հատկանիշները (ինչն ուղղակի ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի դիսպոզիցիայում), այն է՝ ուրիշի գույքն ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն են ունեցել:

15. Այսպես՝ խարդախությունը դրսևորվում է ուրիշի գույքը վերցնելով և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով: Այլ խոսքով՝ խարդախության առարկան փաստացի կամ իրավաբանորեն սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի ֆոնդում գտնվող գույքն է, որը դուրս է գալիս նրա ֆոնդից և մուտք է գործում հանցավորի կամ այլ անձի ֆոնդ:

Ինչ վերաբերում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմին, ապա դրա առարկան կարող է հանդես գալ.

- սեփականատիրոջ կամ գույքի այլ տիրապետողի ֆոնդում չգտնվող գույքը, որը հանցավորի ապօրինի գործողությունների հետևանքով մուտք չի գործում նրանց ֆոնդ (բաց թողնված օգուտ): Օրինակ՝ հանցավորն անօրինական գիծ անցկացնելու կամ հաշվիչի ցուցիչը խախտելու միջոցով չի վճարում գազի կամ էլեկտրաէներգիայի վճարը և այլն.

- սեփականատիրոջ կամ գույքի այլ տիրապետողի ֆոնդում գտնվող գույքը, որը ապօրինի օգտագործվելու արդյունքում մաշվում է: Այս դեպքում գույքային վնասը դրսևորվում է մաշվածության (ամորտիզացիայի) հետևանքով նշված գույքի արժեքի նվազման միջոցով.

- սեփականատիրոջ կամ գույքի այլ տիրապետողի ֆոնդում գտնվող գույքը, որը քննարկվող հանցագործության հետևանքով դուրս է գալիս նրա ֆոնդից, սակայն այդ գույքը դուրս է բերվում ոչ ուղղակիորեն հանցավորի կողմից և չի դարձվում նրանը կամ նրա դիտավորությունում ընդգրկված այլ անձինը: Այս դեպքում գույքի դուրսբերումը սեփականատիրոջ կամ գույքի այլ տիրապետողի ֆոնդից դրսևորվում է որպես վերջիններիս կողմից իրենց օրինական պարտավորությունների կատարում (օրինակ՝ վարձակալի կողմից կոմունալ վճարումների չկատարման հետևանքով սեփականատիրոջ կողմից դրանց վճարումը, աշխատողի կողմից աշխատանքային գործունեության հետ չկապված անձնական նպատակներով գործատուի կողմից վճարվող կապի ծառայություններն օգտագործելը և այլն):

16. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը նույն եղանակով կատարվող հափշտակությունից՝ խարդախությունից, տարբերակելու հիմնական հատկանիշն այն է, որ քննարկվող հանցագործության առարկան կամ չի գտնվում սեփականատիրոջ (այլ տիրապետողի) ֆոնդում և վնասը դրսևորվում է բաց թողնված օգուտի ձևով, կամ գտնվում է այդ ֆոնդում, սակայն վնասը դրսևորվում է գույքի մաշվածության կամ հանցավորի գործողությունների հետևանքով սեփականատիրոջ (այլ տիրապետողի) համար առաջացած օրինական պարտավորությունների կատարման հետևանքով: Քննարկվող հանցակազմի դեպքում բացակայում են խարդախության հանցակազմի այնպիսի պարտադիր հատկանիշներ, ինչպիսիք են ուրիշի գույքը սեփականատիրոջ ֆոնդից վերցնելը և հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Դիլանչյանին խարդախության փորձի համար մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս, բախվելով Սարգիս Ասատրյանի կողմից վարած ավտոմեքենային և չունենալով իր կողմից վարվող ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, վթարից անմիջապես հետո կնքել է իր վարած տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր, ապա զանգահարել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կոնտակտ կենտրոն և հայտնել վթարի մասին, ընդունել իր մեղավորությունը, իսկ 2014 թվականի ապրիլի 28-ին մեքենայի սեփականատեր Աշոտ Ասատրյանը հայտային դիմում է ներկայացրել 580.000 ՀՀ դրամ հատուցում ստանալու համար: Նշված հանգամանքը պարզվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցվել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքը վերաորակել է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մաս) այն պատճառաբանությամբ, որ Մ.Դիլանչյանը, պայմանագիր կնքելով, խարդախության փորձ կատարելու դիտավորություն չի ունեցել, նրա դիտավորությունն ուղղված է եղել սեփական միջոցները խնայելուն և ոչ թե այլ անձի գույքը հափշտակելուն, որպիսի պարագայում ամբաստանյալը որևէ կերպ չէր կարող հափշտակել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության գույքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ Մ.Դիլանչյանը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցչին խաբելու, այն է` վթարից հետո կնքված պայմանագիրը որպես վթարից առաջացած գույքային վնասը վերականգնելու կեղծ հիմք ներկայացնելով, փորձել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի գույքը, այն է` ապահովագրական վճարը, ուղղել Աշոտ Ասատրյանին` իր իսկ կողմից պատճառված և ապահովագրական ընկերության կողմից հատուցման ոչ ենթակա վնասը հատուցելու նպատակով: Այլ կերպ՝ Մ.Դիլանչյանը փորձել է խաբեության եղանակով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ֆոնդում գտնվող գույքը դուրս բերել այնտեղից և դարձնել այլ անձինը: Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից նման վճարում կատարելը չէր կարող ուղղված լինել նրա օրինական պարտավորությունների կատարմանը, քանի որ վերջինիս կողմից ապահովագրական վճար կատարելու օրինական հիմքը բացակայել է: Այսինքն, Մ.Դիլանչյանի արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշները:

19. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին ստորադաս դատարանների հետևությունները օրինական և հիմնավորված չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար։ Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում պետք է պատշաճ քննության ենթարկի ամբաստանյալ Մ.Դիլանչյանին մեղսագրվող արարքի որակման հարցը և կայացնի համապատասխան դատական ակտ։

Անդրադառնալով ամբաստանյալ Մ.Դիլանչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Միքայել Մարտիրոսի Դիլանչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Միքայել Մարտիրոսի Դիլանչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան