ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 705-Ն
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1885-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1885-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 9 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Մատենադարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
2. Մատենադարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Մատենադարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Մատենադարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Մատենադարանը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Մատենադարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, տիտղոսաթերթ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Մատենադարանի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Մատենադարան».
3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация "Научно-исследовательский институт древних рукописей "Матенадаран" им. Месропа Маштоца".
4) ռուսերեն կրճատ` "Матенадаран".
5) անգլերեն լրիվ` "Matenadaran" Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts" State Non-Commercial Organization.
6) անգլերեն կրճատ` "Matenadaran":
7. Մատենադարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 53:
7.1. Մատենադարանի մասնաճյուղն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը:
(7.1-ին կետը լրաց. 22.12.16 N 1319-Ն)
8. Մատենադարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
9. Մատենադարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու գանձապետական հաշիվ` Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրամային և արտարժույթով բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում:
II. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10. Մատենադարանի սեփականությունը ձևավորվում է Մատենադարանի հիմնադրման` պետական հիմնարկից պետական կազմակերպության վերակազմակերպման ժամանակ հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
11. Մատենադարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Մատենադարանին հիմնադրի կողմից անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի նկատմամբ Մատենադարանի այլ իրավունքները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:
12. Մատենադարանը ձեռք չի բերում հիմնադրի կողմից օգտագործման իրավունքով իրեն ամրացված անշարժ գույքի վերակառուցման, արդիականացման, ձևավորման կամ այլ քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
13. Հիմնադիրը Մատենադարանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ չունի` բացառությամբ Մատենադարանի լուծարումից հետո մնացած գույքի:
14. Մատենադարանի սեփականության պահպանման պարտականությունը կրում է Մատենադարանը:
15. Մատենադարանի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
III. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
16. Մատենադարանի` իբրև գիտական կենտրոնի գործունեության նպատակներն են`
1) հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի`
ա. ձեռքբերումը, պահպանումը, վերանորոգումը, նմանատիպ վերարտադրությունը և հետազոտումը,
բ. պատճենահանումը, այդ թվում` թղթային, միկրոժապավենային, թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձևաչափերով և տեսքով,
գ. պահպանման, վերականգնման սպասարկման և գիտահետազոտական համակարգերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,
դ. ձեռագրացուցակների, մատենագիտական ուղեցույցների, գիտական հանդեսների, բնագրերի և ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների և այլ գիտական ու քարոզչական-գովազդային նյութերի պատրաստումն ու հրատարակումը.
2) հայագիտության և միջնադարագիտության բնագավառներում հիմնարար ծրագրերի և հետազոտությունների իրականացումը.
3) համանման գործունեություն ծավալող օտարերկրյա գիտական շրջանակների (այդ թվում` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց) հետ փոխշահավետ կապի հաստատումը, զարգացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը.
4) գիտական կադրերի պատրաստումը:
(16-րդ կետը լրաց. 22.12.16 N 1319-Ն)
17. Մատենադարանն իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով`
1) կազմակերպում է հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի վերաբերյալ գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ համանման միջոցառումներ.
2) իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական գործառույթներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կազմակերպել գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր:
IV. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
18. Մատենադարանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, կարող է զբաղվել հրատարակչական, ցուցահանդեսային գործունեությամբ, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանությամբ` օտար լեզուներով:
19. Մատենադարանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում:
20. Մատենադարանը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար: Այդ նպատակով Մատենադարանը կարող է հիմնել զարգացման, ձեռագրերի և այլ մշակութային արժեքների ձեռքբերման, աշխատողների խրախուսման, սոցիալական և կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ այլ հիմնադրամներ: Սույն կետով սահմանված հիմնադրամները խորհրդի որոշմամբ կարող են համալրվել նաև այլ ֆինանսական աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին:
21. Մատենադարանի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների, ապրանքների և իր կարիքների համար գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(21-րդ կետը փոփ. 22.12.16 N 1319-Ն)
V. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
22. Մատենադարանի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը և գործադիր մարմինը:
23. Մատենադարանի հիմնադիրն ունի Մատենադարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
24. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) Մատենադարանի հիմնադրումը.
2) Մատենադարանի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) Մատենադարանի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություն ու լրացում կատարելը.
4) Մատենադարանի վերակազմակերպումը և լուծարումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
25. Լիազորված պետական մարմինն իրականացնում է Մատենադարանի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
26. Լիազորված պետական մարմինը`
1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մատենադարանի կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) իրականացնում է Մատենադարանի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Մատենադարանի գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
4) հաստատում է Մատենադարանի տարեկան ծախսերի նախահաշիվները.
5) լսում է Մատենադարանի գործունեության մասին հաշվետվությունները և քննում գործունեության վերստուգման արդյունքները.
6) հաստատում է խորհրդի կազմը և նրա կանոնակարգը.
7) հաստատում է Մատենադարանին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
8) վերահսկողություն է իրականացնում Մատենադարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ և օրենքով սահմանված կարգով տալիս է համաձայնություն` նրա գույքի օտարման համար.
9) հաստատում է Մատենադարանին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության հանձնումը և դրա ժամկետները։ Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի.
10) նշանակում է Մատենադարանի լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
11) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
27. Մատենադարանի կոլեգիալ կառավարման մարմինը Մատենադարանի խորհուրդն է:
28. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Մատենադարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմինների, պետական և ոչ պետական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
29. Խորհրդի անհատական կազմը սահմանվում է Մատենադարանի և հաստատվում լիազորված պետական մարմնի կողմից: Խորհրդի անդամների թվակազմը սահմանվում է 39 անձ:
30. Մատենադարանի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել խորհրդի անդամ և խորհրդի նիստերին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
31. Խորհրդի աշխատակազմի թվաքանակը սահմանվում է խորհրդի կանոնակարգով:
32. Մատենադարանի խորհուրդը`
1) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) իրականացնում է Մատենադարանի գործադիր մարմնի գործունեության նկատմամբ ընթացիկ վերահսկողությունը.
3) համաձայն խորհրդի կանոնակարգի` կազմակերպում և իրականացնում է Մատենադարանի գործադիր մարմնի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի ընտրությունները.
4) համաձայն լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կանոնակարգի` իր կազմից ընտրում է կոլեգիալ կառավարման մարմնի ղեկավարին և սահմանում նրա լիազորությունները.
5) հաստատում է Մատենադարանի տարեկան հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները.
6) հաստատում է Մատենադարանի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
7) քննարկում է ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները.
8) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(32-րդ կետը փոփ. 22.12.16 N 1319-Ն)
33. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր տարվա երրորդ ամսվա վերջը ներառյալ: Արտահերթ նիստեր գումարվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
34. Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել, եթե դրա նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
35. Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
36. Մատենադարանի ընթացիկ գործունեության անմիջական կառավարումը կատարվում է գործադիր մարմնի` Մատենադարանի տնօրենի (այսուհետ` տնօրեն) կողմից, որի ընտրությունն ու նշանակումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
37. Տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է Մատենադարանի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, Մատենադարանի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
38. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավասությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր հիմքերը և դրույթները:
39. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար:
40. Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Տնօրենի լիազորությունները դադարեցնող անձը կամ կոլեգիալ կառավարման մարմնի ղեկավարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև տնօրենի կողմից Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար տնօրենի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը և (կամ) խորհրդի անդամները կրում է (կրում են) լրիվ գույքային պատասխանատվություն:
42. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
43. Տնօրենը պարտավոր չէ կատարել հիմնադրի, լիազոր պետական մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
44. Տնօրենը`
1) ընտրվում է հինգ տարի ժամկետով.
2) իրականացնում է Մատենադարանի ընթացիկ և ամենօրյա գործունեության ղեկավարումը.
3) առանց լիազորագրի հանդես է գալիս Մատենադարանի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի ու խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Մատենադարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
5) տալիս է Մատենադարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Մատենադարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու կարգապահական տույժեր.
7) համաձայնեցնելով խորհրդի հետ` նշանակում է Մատենադարանի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, դրանց ինքնուրույնաբար տալիս համապատասխան լիազորագրեր.
8) հաստատում է Մատենադարանի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը և գործառույթները կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
11) սահմանում է Մատենադարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները և հաստատում հաստիքացուցակն ու հաստիքների դրույքաչափերը.
12) սահմանում է Մատենադարանի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը.
13) իր լիազորությունների սահմաններում հաստատում է Մատենադարանի տարեկան ծախսերի նախահաշիվների փոփոխությունները.
14) սահմանում է Մատենադարանին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով տրված, ինչպես նաև Մատենադարանի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման նպատակային ուղղությունները.
15) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կարգադրություններ.
16) ընդունում կրտսեր և ավագ գիտական աշխատողի պաշտոն շնորհելու մասին որոշումներ.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող այլ լիազորություններ:
VI. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
45. Մատենադարանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը, գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման գործառույթները կանոնակարգելու նպատակով Մատենադարանում ստեղծվում է գիտական խորհուրդ, որը Մատենադարանի տնօրինությանը կից խորհրդակցական մարմին է:
46. Գիտական խորհրդի գործունեության կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ և Մատենադարանի խորհրդի կողմից հաստատված գործունեության կանոնակարգով:
47. Գիտական խորհրդի կազմը սահմանվում է Մատենադարանի խորհրդի կողմից: Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է, իսկ քարտուղարը` Մատենադարանի գիտնական քարտուղարը:
48. Գիտական խորհուրդը`
1) քննարկում և տալիս է համաձայնություն Մատենադարանի գիտական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) քննարկում և հաստատում է գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման, խորհրդակցությունների ու նստաշրջանների պլանների նախագծերը.
3) քննարկում և հաստատում է Մատենադարանի գիտական ու գիտակազմակերպչական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները.
4) քննարկում է կարևորագույն գիտական հիմնախնդիրները, գիտական զեկուցումները և հաստատում Մատենադարանի գիտական աշխատանքների արդյունքները.
5) քննարկում է Մատենադարանի միջազգային գիտական համագործակցության հարցերը, օտարերկրյա գիտական հիմնարկների հետ համատեղ տարվող հետազոտությունների կատարման ընթացքը, ինչպես նաև լսում Մատենադարանի աշխատողների հաշվետվություններն արտասահմանյան գիտական գործուղումների մասին.
6) քննարկում է գիտական կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման հետ կապված հարցերը, պարբերաբար լսում գիտնականների հաղորդումները գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին, քննում և հաստատում է ասպիրանտների ու գիտական աստիճան հայցողների թեկնածուական ատենախոսությունների թեմաները, տալիս է դրանց վերաբերյալ երաշխավորություններ.
7) իր գործունեության ոլորտի բարձրարժեք գիտական աշխատությունները, գիտական հայտնագործություններն ու գյուտերն առաջադրում է պետական և այլ մրցանակների շնորհման:
49. Գիտական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է տարեկան հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Տարեկան նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր տարվա առաջին և չորրորդ եռամսյակների ընթացքում: Արտահերթ նիստեր գումարվում են գիտական խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
50. Գիտական խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա է նրա կազմի առնվազն կեսը:
51. Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այլ որոշում չի ընդունել:
52. Գիտական խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է գիտական խորհրդի՝ նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությունը:
VII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
53. Մատենադարանի գույքը բաղկացած է`
1) սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից.
2) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված գույքից.
3) իր գործունեության արդյունքում, նվիրատվություններից և օրենքով չարգելված և այլ օրինական ճանապարհով ձեռք բերված գույքից:
54. Մատենադարանն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իրավունքներն օտարելու, գրավ դնելու կամ հանձնելու անհատույց օգտագործման:
55. Մատենադարանին ամրացված գույքի օգտագործումից առաջացած եկամուտները Մատենադարանի սեփականությունն են:
56. Մատենադարանին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
57. Մատենադարանի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված միջոցներից.
2) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից առաջացած միջոցներից.
3) միջազգային և այլ ծրագրերի կատարումից.
4) միջազգային և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված գործունեության արդյունքում առաջացած միջոցներից.
5) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից և այլ համանման աղբյուրներից առաջացած միջոցներից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
58. Մատենադարանի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` հիմնադրի, լիազորված պետական մարմնի, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինների կողմից:
VIII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
59. Մատենադարանը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մատենադարանը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
60. Մատենադարանը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
61. Մատենադարանի լուծարմամբ` նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
62. Մատենադարանը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
63. Մատենադարանը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
64. Մատենադարանի լուծարման դեպքում Մատենադարանի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը լրաց., փոփ. 22.12.16 N 1319-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2016, N 1319-Ն | 01.01.2017, N 705-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|