Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.343
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2016
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60516430

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 991-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածում`

1) 8-րդ կետում «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Անհրաժեշտության դեպքում, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան մարմինը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մասնակիցների մրցույթին մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:».

3) 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

25. Թեստավորումն անցկացվում է համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով:

26. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված է թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված են միայն անհրաժեշտ կապուղիները:

27. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրն ապահովում է թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը:

Հանձնաժողովը մինչև թեստավորման մեկնարկը մուտք է գործում և զննում թեստավորման սենյակը` համոզվելով, որ տարածքը պատշաճ վիճակում է, համակարգիչները և այլ սարքավորումները սարքին են, և դրանցում բացակայում է այնպիսի տեղեկատվություն կամ տեղեկատվություն ստանալու հնարավորություն, որը կարող է ծառայել մասնակիցներին որպես աջակցություն կամ հուշում թեստավորման առաջադրանքները կատարելու համար:

28. Մասնակիցը թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

Մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է`

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 60 րոպե.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 50 րոպե.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 40 րոպե:

29. Թեստավորում անցնելու համար մասնակիցը մոտենում է Հանձնաժողովին, ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ստանում է սեղանի համարը: Համակարգչով աշխատող օպերատորը ծրագրի միջոցով բացում է տվյալ մրցույթին դիմում ներկայացրած քաղաքացիների ցանկը և այդ ցանկում յուրաքանչյուր մասնակցի անվան դիմաց գրանցում է տվյալ մասնակցի ստացած համարը: Բոլոր մասնակիցները, սեղանի համարը ստանալուց հետո, նստում են իրենց ստացած համարով սեղանի մոտ:

30. Հանձնաժողովի քարտուղարը` թեստավորման առաջադրանքի կատարման մեկնարկից առաջ, անկախ թեստավորման անցկացման եղանակից, բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին, հավաստիանում, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը, թույլատրում է մուտք գործել էլեկտրոնային համակարգ` մուտքագրելով իրենց ազգանունը, անունը և հայրանունը և սեղմելով «մուտք» ստեղնը:

Եթե մասնակցի մուտքագրած տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն) չեն համապատասխանում լրացված դիմումի տվյալներին, էլեկտրոնային համակարգը տեղեկացնում է անհամապատասխանության մասին, և արգելափակում մուտքը թեստավորման համակարգ:

31. Մուտք գործելուց հետո էլեկտրոնային համակարգն ակտիվացնում է առաջադրանքի լրացման հնարավորությունը, յուրաքանչյուր մասնակից ստանում է թեստավորման առաջադրանքը համակարգչի մոնիտորի վրա, և այդ պահից մասնակիցներն անցնում են թեստավորման առաջադրանքի կատարմանը:

32. Մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի այն տարբերակը, որը համարում է ճիշտ` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային առաջադրանքի պատասխանների սյունակում: Եթե մասնակիցը կատարել է առաջադրանքը մինչ կատարման համար սահմանված ժամանակի ավարտը կամ որևէ այլ պատճառով ցանկանում է լքել սենյակը, ապա այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին: Այնուհետև մասնակիցը պահպանում է առաջադրանքը, սեղմելով համապատասխան «պահպանել» ստեղնը` համոզվելով, որ էլեկտրոնային համակարգը գեներացրել և մոնիտորի վրա արտածել է առաջադրանքը հաջողությամբ պահպանված լինելու մասին ծանուցումը, տպում է իր պատասխանների օրինակը, վերցնում և դուրս է գալիս սենյակից:

33. Թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ էլեկտրոնային համակարգը հիշեցում է արտաբերում էկրանի համապատասխան հատվածում` նշելով թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարումն ավարտելու համար, իսկ ժամանակի ավարտից 1 րոպե առաջ արտաբերում է հիշեցում` առաջադրանքի կատարման արդյունքները պահպանելու անհրաժեշտության մասին:

Թեստավորումը գրավոր եղանակով անցկացնելու դեպքում, առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի ավարտի մասին հիշեցումը կատարում է հանձնաժողովի քարտուղարը:

34. Թեստավորման առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակի ավարտից հետո էլեկտրոնային համակարգն ինքնաբերաբար ապաակտիվացնում է թեստավորման առաջադրանքը:

Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչ հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում առաջադրանքն ապաակտիվացնելու պահին էլեկտրոնային համակարգում եղած տարբերակը:

35. Թեստավորման ընթացքում էլեկտրոնային համակարգի կարճատև տեխնիկական խափանումների դեպքում թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի հաշվարկը կասեցվում է` մինչև խափանման վերացումը: Էլեկտրոնային համակարգի այնպիսի ընդհանուր խափանումների դեպքում, որոնք չեն կարող վերացվել կարճ ժամանակամիջոցում, Հանձնաժողովը կարող է հետաձգել թեստավորման անցկացումը կամ կիրառել թեստավորման գրավոր եղանակը` նույն օրը կամ հաջորդ օրը:

36. Թեստավորման ընթացքում տեղի ունեցած էլեկտրոնային համակարգի խափանումների փաստը և տևողությունը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից: Թեստավորման ավարտից հետո Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է թեստավորման սենյակի պատասխանատուին թեստավորման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների մասին: Վերջինս պետք է միջոցներ ձեռնարկի` հետագայում նմանօրինակ խնդիրների բացառման ուղղությամբ:

37. Թեստավորման ընթացքում սենյակում է գտնվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գծով հերթապահ մասնագետը (այսուհետ` հերթապահ օպերատոր)` էլեկտրոնային համակարգի և/կամ սարքավորումների սպասարկումը, սույն կարգով նախատեսված տպագրական աշխատանքները, իսկ ծրագրային ապահովման, համակարգչային տեխնիկայի կամ կապուղիների խափանումների դեպքում` դրանց արագ վերականգնումն ապահովելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի նախագահի ցուցումով, հերթապահ օպերատորը կարող է աջակցել մասնակցին էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հարցում:

38. Թեստավորումը գրավոր եղանակով անցկացնելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 20-րդ կետում նախատեսված ամփոփաթերթը: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

39. Մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման առաջադրանքի կատարման սկիզբը, որից հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:

41. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

42. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:

43. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

44. Թեստավորման մասնակիցներին արգելվում է`

ա) իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

բ) թեստավորման ընթացքում` աղմկել, հուշել, խոսել.

գ) օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների).

դ) թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին.

ե) ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը.

զ) ինքնակամ դուրս գալ էլեկտրոնային համակարգից (ապաակտիվացնել գործող ծրագրերը).

է) մուտք գործել համակարգչում տեղադրված այլ ծրագրեր կամ գործընթացներ.

ը) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել էլեկտրոնային համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ.

թ) մինչև թեստավորման առաջադրանքի ավարտը սենյակից դուրս գալը:

Մասնակցի կողմից սույն կետում նշված արգելված գործողությունը կատարելու դեպքում` Հանձնաժողովը դադարեցնում է նրա աշխատանքը` ճանաչելով մասնակցի աշխատանքն անվավեր և գնահատելով զրո միավոր:

Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:».

4) 5-րդ գլխի 45-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային թեստավորման առաջադրանքների կատարման արդյունքների ստուգումը, ամփոփումը, գնահատումը և միավորների հաշվարկը էլեկտրոնային համակարգն իրականացնում է ավտոմատացված եղանակով: Սույն կարգով սահմանված առաջադրանքը պահպանելուց կամ առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակն ավարտելուց անմիջապես հետո էլեկտրոնային համակարգը ինքնաբերաբար իրականացնում է պահպանված առաջադրանքի գնահատումը և արտաբերում էկրանի վրա առաջադրանքը կատարման արդյունքներով հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը: Մասնակցի կողմից համապատասխան ցանկություն արտահայտելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի ցուցումով հերթապահ օպերատորն արտատպում է մասնակցի պահպանված առաջադրանքը, հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը, հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնում մասնակցին:».

5) 5-րդ գլխի 48-րդ կետի «39-րդ կետով» բառերը փոխարինել «41-րդ կետի 2-րդ պարբերությամբ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան