«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 1060-Ն
ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ջրային պետական կադաստրում համակարգչային ծրագրերի և տեխնիկական միջոցների ձեռքբերման, տեղեկատվության փոխանակման ավտոմատացված համակարգի ներդրման, կադրերի պատրաստման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել ջրային պետական կադաստրում տվյալների գրառման գրանցամատյանների ձևերը և դրանց վարման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ջրային պետական կադաստրի հիմնադրումից հետո երկամսյա ժամկետում ապահովել հաշվառման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող հիդրոտեխնիկական կառուցվածքների գրանցումը ջրային պետական կադաստրում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիհուլիսի 23 -ի N 1060-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից վարվող ջրային պետական կադաստրում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված փաստաթղթերի գրանցման, տեղեկատվության հավաքագրման և տրամադրման գործառույթները, ինչպես նաև դրանց առնչվող պետական կառավարման լիազոր մարմինների իրավասությունները:
2. Ջրային պետական կադաստրի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է ջրի ազգային քաղաքականության շրջանակներում` ջրային ռեսուրսների և դրանց արդյունավետ օգտագործմանը նպաստող հիդրոտեխնիկական կառուցվածքների կառավարման ու պահպանման ոլորտում, միասնական պետական ռազմավարության իրականացման համար:
3. Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցումը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան տվյալների գրառումն է պետական գրանցամատյանում և տեղեկատվության տվյալների բազաներում (շտեմարաններում):
4. Պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող շահագրգիռ հայտատուների պահանջով ջրային պետական կադաստրում տեղեկատվությունը գրանցվում, ստացվում, ինչպես նաև ներառված տվյալներն ամփոփվում են հայտի ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում:
Հայտում ներառվում են`
ա) հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն.
բ) ջրային պետական կադաստրից օգտվելու նպատակը (փաստաթղթերի գրանցումը, տվյալների ամփոփումը, տեղեկատվության ստացումը) և ձևը:
Հայտը ներկայացվում է հայտատուի ստորագրությամբ:
(4-րդ կետը փոփ. 17.02.11 N 140-Ն, 08.12.16 N 1255-Ն)
II. ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Ջրային պետական կադաստրում գրանցվող ջրային ռեսուրսներին և ջրավազաններին վերաբերող փաստաթղթերը պետք է բովանդակեն`
ա) ջրային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից մշակված ջրային ռեսուրսների մոնիտորինգի պահանջարկի դրույթների.
բ) ցուցանիշներ ջրավազանային կառավարման պլաններից`
ջրահավաք ավազանի սահմանների աշխարհագրական նկարագրությունը,
ջրային հողերի մակերեսը, ջրային ռեսուրսների (ջրավազանի) մակերևույթի մակերեսը, երկարությունը, լայնությունը, միջին խորությունը, հոսքի ձևավորման մոդուլը,
ջրային ռեսուրսների աղտոտման աղբյուրները` ըստ տեղաբաշխման վայրի, կեղտաջրերի ծավալի և դրանցում պարունակվող վնասակար նյութերի կազմն ու քանակը, իսկ ցրված աղտոտման դեպքում` նաև վնասակար նյութերի տարածման, կուտակման մակերեսը,
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիները և դրանց վիճակը, ջրային ռեսուրսով պայմանավորված՝ էկոհամակարգի առանձնահատկությունները,
վարարումների, սելավների և սողանքների ռիսկի գոտիները, դրանց տեղաբաշխման վայրերը, սահմանները (նման տեղեկությունների առկայության դեպքում),
ջրային ռեսուրսի կամ դրա մասի բնույթը, օգտագործման արդյունավետությունը և գերակայությունները` ըստ ջրի ազգային ծրագրով հաստատված դասակարգման,
ջրային ռեսուրսի վրա մարդածին ազդեցությունը,
ջրային ռեսուրսի, դրա մասի ֆոնային աղտոտվածությունը և սահմանային թույլատրելի պարունակությունը (բաղադրությունը),
մթնոլորտային տեղումների և մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմը,
ջրային ռեսուրսների հաշվեկշիռը գումարային և ըստ առանձին ջրավազանների,
ստորերկրյա ջրերի հանքավայրերի ու խորքային հորերի տեղաբաշխվածությունը և թողունակությունը.
գ) ջրահավաք ավազանների, ջրավազանների հուներից և ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների տվյալները հետևյալ ցուցանիշներով`
ջրային ռեսուրսների դինամիկ և ստատիկ պաշարները,
ջրային ռեսուրսներով պայմանավորված՝ դրանց հուներում և ափերում առկա կենսառեսուրսների կազմը, դրանց օգտագործման էկոլոգիապես թույլատրելի չափաքանակները,
ջրային ռեսուրսի օգտագործման արդյունքում, դրա հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխության մասին տվյալները.
դ) ջրօգտագործման թույլտվությունները և ջրատնտեսական համակարգերի հաշվառման տվյալները.
ե) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը և դրանցում կատարված փոփոխությունները:
6. Ջրային պետական կադաստրում գրանցման ենթակա ջրօգտագործման թույլտվությունների և իրավունքի փոխանցման պայմանագրերի ու դրանցում կատարված փոփոխությունների գրանցման վերաբերյալ հայտատուին տրվում է ջրօգտագործման իրավունքի գրանցման վկայական (N 1 ձև):
7. Ջրային պետական կադաստրում հաշվառման ենթակա հիդրոտեխնիկական կառուցվածքների գրանցման վերաբերյալ հայտատուին տրվում է հիդրոտեխնիկական կառուցվածքի հաշվառման վկայական (N 2 ձև):
8. Ջրային պետական կադաստրի տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվական համակարգերի միջոցով:
III. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
9. Կադաստրային տվյալները պետք է հիմնվեն միասնական մեթոդական և սույն կարգի II բաժնում ներկայացված պահանջներին համապատասխան տեղեկատվական հենքի վրա, որով կապահովվի փաստաթղթերի գրանցման միջոցով ջրային պետական կադաստր մուտք գործող տվյալների համատեղելիությունը, կոդավորման և ցուցանիշների չափման միավորների միասնականությունն ինչպես տվյալների ընդունման սկզբնական փաստաթղթերում, այնպես էլ տվյալների համակարգչային բազայում (շտեմարանում):
10. Տեղեկատվական համակարգը ներառում է սույն կարգի II բաժնում նշված տվյալների գրանցումը, տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը:
11. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ջրային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշները ջրային պետական կադաստրում ներառվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող մարմնի ներկայացմամբ:
12. Սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված ջրահավաք ավազանների և դրանց հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսների կազմի և չափաքանակների մասին տվյալները ջրային պետական կադաստրում ներառվում են ջրավազանային կառավարման մարմինների ներկայացմամբ:
13. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման իրավունքների, ինչպես նաև դրանց փոխանցման մասին տվյալները ջրային պետական կադաստրում համապատասխանաբար ներառվում են ջրօգտագործող անձանց և կառավարիչների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
14. Ջրի ազգային պաշարի, էկոթողքերի և ջրառաջարկի մասին տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ջրային պետական կադաստրում ներառվում են ջրի ազգային ծրագրի կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի ընդունումից հետո:
15. Համակարգված դիտարկումներ իրականացնող և ջրային պետական կադաստր գրանցման համար տվյալներ ներկայացնող լիազոր մարմինները պատասխանատվություն են կրում իրենց տրամադրած տվյալների ամբողջականության և արժանահավատության համար:
IV. ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Ջրային պետական կադաստրում ներառված տվյալների գրանցումը մշտապես իրականացվող, համալրվող և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտվող համակարգ է, որը պետք է ապահովի տվյալների դասակարգումը, պահպանումն ու տրամադրումը տեղեկատվության հավաքագրման գրանցամատյաններում, ինչպես նաև տվյալների համակարգչային բազայում (շտեմարանում) փոփոխությունների ու լրացումների օպերատիվ մուտքագրմամբ:
17. Սույն կարգի II բաժնում ներկայացված ցուցանիշների ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ շահագրգիռ հայտատուների համար` որոշումներ ընդունելիս:
18. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տվյալների գրանցումը, հավաքագրումը և ամփոփումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է:
19. Անմիջական մուտքը ջրային պետական կադաստրի տվյալների համակարգ թույլատրվում է ջրային պետական կադաստրը վարողի կողմից:
V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
20. Ջրային պետական կադաստրի տվյալները տրամադրվում են`
ա) ջրային հարաբերությունների բնագավառում շահագրգիռ պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման.
բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց` ջրային հարաբերությունների բնագավառի փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով.
գ) ջրային հարաբերությունների բնագավառի ջրօգտագործող շահագրգիռ անձանց` ջրօգտագործման համար.
դ) հասարակությանը` ջրային հարաբերությունների բնագավառի հրապարակայնությունն ապահովելու համար:
21. Ջրային պետական կադաստրի տվյալները հայտատուին տրամադրելու ձևերն են`
ա) տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունները, դրանցից քաղվածքները, հատկանշական աղյուսակները.
բ) եռամսյակային, տարեկան և հնգամյա պարբերական հրատարակությունները, որոնք հասարակությանը պետք է ապահովեն սույն կարգի II բաժնում նշված ցուցանիշների բնութագրերի մասին տեղեկատվությամբ՝ բացարձակ, համեմատական և դինամիկ կտրվածքով.
գ) տարեկան և հնգամյա պարբերական հրատարակությունները՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների օգտագործման համար:
22. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը կարող է տրամադրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև1
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
_____ ______________ 200 թ. N ___________
ՍՈՒՅՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՎԱՎԵՐԱՑՎՈՒՄ Է,
որ ________________________________________________________________ (ջրօգտագործողի անունը, ազգանունը)
__________________________________________________________________ (գրանցման և ջրօգտագործման վայրը)
_________________ նպատակով` համաձայն 200 թ. ________________ __- ի N _______ (ջրօգտագործման նպատակը)
ջրօգտագործման թույլտվության, _____________________________________________ (ջրային ռեսուրսի անվանումը)
իրականացնում է ջրօգտագործում __________________________ գործունեության ժամկետով:
Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել են ջրառի`_________հազ.մ3/տարի, ________մ3/օր,
________ լ/վրկ, ջրահեռացման` ______ հազ. մ3/տարի, ________մ3/օր, _______ լ/վրկ և ըստ
վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի հետևյալ չափաքանակները` __________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________
Կ.Տ. |
Ձև 2
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
_____ ______________ 200 թ. N __________
ՍՈՒՅՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՎԱՎԵՐԱՑՎՈՒՄ Է,
որ ______________________________________________________________ (ՀՏԿ-ի անվանումը) ________________________________________________________________ (գտնվելու վայրը)
կառավարումը _______________________________________________ նպատակով՝ (ջրօգտագործման նպատակը)
համաձայն ջրային համակարգերի օգտագործման 200 թ. _______________ __- ի N ________
թույլտվության, իրականացնում է __________________` __________________ ժամկետով: (կառավարչի անունը, ազգանունը)
Նշված համակարգի օգտագործման համար նախապայման է հանդիսացել 200 թ. _______ _____- ի
N _______ ջրօգտագործման թույլտվությունը` __________ գործողության ժամկետով:
Կ.Տ.
|
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, 08.12.16 N 1255-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2017, N 68-Ն | 09.02.2017, N 1060-Ն | |
08.12.2016, N 1255-Ն | 17.12.2016, N 1060-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1060-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|