Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.12.2016-24.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2003 թվականի N 121-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30 -ի N 121-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման պայմանները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

2. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականով սույն կարգով նախատեսված գործունեությունն իրականացնելն արգելված չէ:

(2-րդ կետը փոփ. 24.01.13 N 46-Ն)

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է վտանգավոր թափոնների վրա, բացառությամբ միջուկային և ռադիոակտիվ թափոնների, որոնց փոխադրման, օգտագործման, պահպանման, վերամշակման ու թաղման գործունեության լիցենզավորումն իրականացվում է լիցենզավորման առանձին կարգով:

4. Առանց սույն կարգով տրված լիցենզիայի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքներով նախատեսված պատասխանատվություն:

(4-րդ կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

5. Սույն կարգով սահմանված լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ու չափով:

(5-րդ կետը փոփ. 15.05.14 N 523-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

6. Սույն կարգով նախատեսված գործունեության համար լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Միջգերատեսչական հանձնաժողովը կազմվում է ոլորտի իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից ու բնագավառի մասնագետներից և ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Լիցենզիան տրվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 23.10.13 N 1176-Ն, խմբ. 15.05.14 N 523-Ն)

8. Լիցենզավորող մարմինը որոշում է ընդունում հայտատուին լիցենզիա տալու կամ մերժելու մասին:

9. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1176-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հայտատուն սույն կարգով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)՝ նշելով իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը), լիցենզավորման գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել և հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

բ) հայտին կից հետևյալ փաստաթղթերը՝

տեղեկություններ այն մասնագետների մասնագիտական պատրաստվածության մասին, ովքեր ապահովելու են լիցենզավորվող գործունեության իրականացումը՝ նրանց որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճեններով,

տեղեկություններ հայտը ներկայացնելու պահի դրությամբ գործունեության և աշխատանքի փորձի, լիցենզավորվող գործունեության կատարման նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի առկայության ու դրանց տիրապետման, նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների և անալիտիկ գործիքների առկայության, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի (վայրերի)՝ անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին, ինչպես նաև փորձաքննական եզրակացության համաձայն այլ տեղեկություններ,

վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվերամշակվող աղբավայրի և (կամ) դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը և (կամ) դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: Պայմանագրում, որպես դրա ուժի մեջ մտնելու պայման, կարող է սահմանվել վերը նշված լիցենզիան տրամադրելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու հանգամանքը,

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ):

(10-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 24.01.13 N 46-Ն, փոփ., լրաց. 15.05.14 N 523-Ն, լրաց. 10.03.16 N 225-Ն)

11. Սույն կարգով նախատեսված անձանց որակավորման ստուգումն իրականացվում է որակավորման հանձնաժողովի կողմից՝ օրենքին համապատասխան:

12. Լիցենզավորող մարմինը, մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը, միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը:

(12-րդ կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն, խմբ. 15.05.14 N 523-Ն)

12.1. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և սահմանված կարգով կրկին ներկայացնել:

(12.1-ին կետը լրաց. 15.05.14 N 523-Ն)

12.2. Լիցենզավորող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

(12.2-րդ կետը լրաց. 15.05.14 N 523-Ն)

12.3. Միջգերատեսչական հանձնաժողովը 14 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում փորձաքննական եզրակացություն տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ և, լիցենզիա ստանալու հայտը բավարարելու դեպքում, հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգին կցված լիցենզիաների ձևերին համապատասխան (NN 3 և 4 ձևերը կցվում են):

(12.3-րդ կետը լրաց. 15.05.14 N 523-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 15.05.14 N 523-Ն)

14. Լիցենզիան անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին, կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում է նշված անձանց:

15. Լիցենզավորված անձն իրավունք ունի լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնելու միայն լիցենզիայում նշված վայրում:

Լիցենզիան տալու համար պարտադիր է հայցվող գործունեության բնագավառում ներգրավվող մասնագետի՝ առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը:

16. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին հայտնվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ:

Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու պայմանները:

Հանձնաժողովն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան տրված լիցենզիայի մասին հայտնում է բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին՝ համապատասխան վերահսկողությունն ապահովելու համար:

17. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(17-րդ կետը խմբ. 15.05.14 N 523-Ն)

18. Լիցենզիան ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով դրա գրանցման պահից:

19. Հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի որոշումներն ինչպես լիցենզիան մերժելու դեպքում, այնպես էլ լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունների դեմ՝ դատական կարգով:

20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործունեության կասեցումը, դադարեցումը և հայտի մերժումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Սույն կարգի համաձայն լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ օրենքով սահմանված կարգով:

22. Սույն կարգին համապատասխան լիցենզավորված անձինք պարտավոր են օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման մասին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ս Տ Ա Ն Ա Լ ՈՒ  Մ Ա Ս Ի Ն

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը_________________________

_____________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________

_____________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը ___________________________________________

 

6. Հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը __________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. (կետը հանվել է 28.04.11 N 636-Ն)

2. (կետը հանվել է 28.04.11 N 636-Ն)

3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային

համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը`

նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)

4. Փորձաքննական եզրակացությունը

5.

6.

7.

8.

9.

10.

կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _______________ 200  թ.

 

 

(ձևը փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 24.01.13 N 46-Ն, 15.05.14 N 523-Ն, 10.03.16 N 225-Ն, փոփ. 08.12.16 N 1255-Ն)

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ս Տ Ա Ն Ա Լ ՈՒ  Մ Ա Ս Ի Ն

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը_______________________

_____________________________________________________________

 

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________________

_____________________________________________________________

 

3. Անձնագիր_____________________________________________________

(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը ___________________________________________

 

6. Հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը ___________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. (կետը հանվել է 28.04.11 N 636-Ն)

2. Պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային

համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը`

նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)

3. Փորձաքննական եզրակացությունը

4.

5.

6.

7.

8.

9.

10.

կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել) 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ ___________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը,

_____________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _______________ 200  թ.

 

 

(ձևը փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 24.01.13 N 46-Ն, 15.05.14 N 523-Ն, 10.03.16 N 225-Ն, փոփ. 08.12.16 N 1255-Ն)

 

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ

ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

Տրված է _____ __________________ 200 թվականին՝ Հայաստանի Հանրապետության

կառավարության 200 թ. ___________________________________ -ի N________

որոշման հիման վրա:

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _________________________

_____________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը __________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը փոփ., լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն)

 

Ձև 4 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ

ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

Տրված է ______ _________________ 200 թվականին՝ Հայաստանի Հանրապետության

կառավարության 200 թ.___________________________________ -ի N ________

որոշման հիման վրա:

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրը_________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

Նշումներ ____________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

____________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը փոփ., լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն, 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 24.01.13 N 46-Ն, փոփ. 23.10.13 N 1176-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.05.14 N 523-Ն, լրաց. 10.03.16 N 225-Ն, փոփ. 08.12.16 N 1255-Ն)