Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1064
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.02.2005-29.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.20/9.1 Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2007

030.1064.16.03.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումները համապատասխանեցնել սույն հրամանագրի պահանջներին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


  Երևան
16 մարտի 2002 թ.
ՆՀ-1064

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 2002 թ. մարտի 16-ի
ՆՀ-1064 հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` Կառավարություն) վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական հիմունքները, Կառավարության գործունեության կազմակերպման, նիստերի նախապատրաստման, հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման կարգը:

(1-ին կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը, որի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:

Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ` Վարչապետ) որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

(2-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

3. Կառավարությունն իր գործունեության կազմակերպումն իրականացնում է Կառավարության նիստերի միջոցով, որի ապահովումն իրականացնում է Կառավարության աշխատակազմը:

Վարչապետը ղեկավարում է Կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների և մյուս հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքը: Սույն կարգով նախատեսված դեպքերում Վարչապետն ընդունում է որոշումներ:

Վարչապետի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում և կարգով կառավարության անդամը կարող է իրականացնել համակարգող նախարարի գործառույթներ, այն է՝ որոշակի ոլորտների քաղաքականության իրագործման, այդ ոլորտների հանրապետական գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեության համակարգումը, ինչպես նաև Վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տալ հանձնարարականներ և իրականացնել դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն։

Կառավարության անդամին համակարգող նախարարի գործառույթներ վերապահվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(3-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն, լրաց. 25.01.05 ՆՀ-12-Ն)

4. Կառավարության քաղաքականությունը առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները (այսուհետ` նաև ՀԳՄ), որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Վարչապետի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

ՀԳՄ են` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները:

(4-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.1. ՀԳՄ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

(4.1 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.2. ՀԳՄ-ն ունի կանոնադրություն, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

(4.2 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.3. ՀԳՄ-ի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Կառավարությունը:

ՀԳՄ-ի կանոնադրությամբ պետք է սահմանվեն ՀԳՄ-ի`

ա) լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

բ) կառավարման ոլորտները և խնդիրները.

գ) կառավարման և ղեկավարման կազմակերպումը և ղեկավարների լիազորությունները.

դ) կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական խնդիրները.

ե) կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

զ) գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ էական դրույթներ:

(4.3 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.4. Հայաստանի Հանրապետության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:

Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

(4.4 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.5. Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի համակարգը կազմված է այդ մարմնի ղեկավարից, պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներից, պետական կառավարման մարմնի աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև այդ մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

(4.5 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.6. ՀԳՄ-ի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է ՀԳՄ-ին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություն, բաժին, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություն, տեսչություն), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

Գործակալությունը օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական մարմին է:

Տեսչությունը օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական մարմին է:

(4.6 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.7. Կառավարության տարածքային քաղաքականությունը իրագործում են մարզպետները (Երևանում` Երևանի քաղաքապետը), որոնք համակարգում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

(4.7 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

4.8. Մարզպետների և Երևանի քաղաքապետի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Կառավարության և Վարչապետի որոշումներով:

(4.8 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին համապատասխան:

Կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, մշակում և հաստատում է Կառավարության` տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը` ըստ առանձին ուղղությունների:

(5-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

6. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագիրը կազմվում է ըստ եռամսյակների: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների:

(6-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

7. Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակումն իրականացնում է Կառավարության աշխատակազմը` նախարարների և մարզպետների (Երևանի քաղաքապետի) առաջարկությունների հիման վրա:

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կառավարության աշխատակազմը:

(7-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

8. Կառավարության աշխատակազմը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստում և Կառավարություն տեղեկանք է ներկայացնում տվյալ եռամսյակում քննարկած հարցերի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի կատարման մասին:

(8-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

9. Կառավարությունն իր գործունեությանն առնչվող խնդիրների լուծման, առանձին իրավական ակտերի նախագծերի, Կառավարություն ներկայացված այլ հարցերի նախապատրաստման և քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Կառավարությանը առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար կարող է ստեղծել հանձնաժողովներ:

(9-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր, որոնք բխում են Կառավարության կողմից հաստատված Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Առանձին դեպքերում Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացվել նաև հրատապ լուծում պահանջող, ինչպես նաև սույն կարգի 67-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:

(10-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

11. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Վարչապետը, նախարարները: Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում Կառավարության քննարկմանը հարցեր կարող է ներկայացնել նախարարի համապատասխան տեղակալը:

Նախարարությունների կազմում գործող գործակալություններն ու տեսչությունները, տարածքային կառավարման մարմինները Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում տվյալ բնագավառի գործունեությունը կառավարող նախարարների միջոցով, իսկ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովները (խորհուրդները, ծառայությունները), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` նաև Վարչապետի միջոցով:

(11-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

12. Կառավարության քննարկմանը ներկայացվում են`

ա) Կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրականացման հարցերով` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասության հարցերով` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծերը.

գ) Կառավարության իրավասության հարցերով` համապատասխանաբար Կառավարության որոշման նախագծերը.

դ) Կառավարության կարծիքին ներկայացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները:

Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը Կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված, օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից: Նման դեպքերում, ինչպես նաև սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում Կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

(12-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

13. Կառավարության քննարկմանը ներկայացվում են միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

(13-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

14. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի արժանահավատության, ամբողջականության և որակի համար պատասխանատվություն է կրում հարցը ներկայացնողը:

(14-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

15. Կառավարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը կարող են չհամապատասխանել գործող օրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ են նախատեսում, ինչպես նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իսկ գործող օրենքներում:

(15-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

16. Կառավարության քննարկմանը ներկայացվող այլ հարցերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և օրենքներից, Ազգային ժողովի որոշումներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Կառավարության որոշումներից, եթե դրանք Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Կառավարության որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեսում:

(16-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

17. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում անհրաժեշտության դեպքում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում է առաջարկվում փոփոխություններ կամ լրացումներ կատարել, կամ որ ակտերի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ միասին ներկայացվում է համապատասխան ակտերի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծ:

(17-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

18. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի փաթեթը ներառում է`

ա) առաջադրվող նախագիծը.

բ) նախագծի ընդունման հիմնավորումը.

գ) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը.

դ) նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

ե) օրենքի նախագծի ներկայացման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն կամ տեղեկանք` դրանց բացակայության մասին:

Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ:

Նախքան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանը ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարների հետ` դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը 15-օրյա ժամկետում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել Կառավարության աշխատակազմ:

(18-րդ կետը փոփ. 16.07.02 ՆՀ-1134-Ն, խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

19. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

(19-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված համաձայնեցումը կատարում է հարցը ներկայացնողը, իսկ նրա բացակայության դեպքում` փոխարինող պաշտոնատար անձը:

(20-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

21. Կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ ճշգրտումներ և ուղղումներ է կատարում նախագծում և դրանք ներկայացնում Կառավարության աշխատակազմ: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա ներկայացնողը նախագծին կցում է նաև տեղեկանք ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

(21-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

22. Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական պաշարների և ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները Կառավարության անդամները Կառավարություն են ներկայացնում միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմավորման ժամանակաշրջանում:

Սույն կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` վերոհիշյալ մարմիններից անկախ պատճառներով:

(22-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

23. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով (էլեկտրոնային կրիչներով կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոցներով) Կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից` հարց ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ հանձնվելով Կառավարության աշխատակազմ:

(23-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

24. Փաստաթղթերի և ուղեկցական գրության մասին, դրանց մուտքագրման պահից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում, սահմանված կարգով, Կառավարության աշխատակազմի ղեկավարը զեկուցում է Վարչապետին:

(24-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

25. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ Վարչապետը: Վարչապետի հանձնարարությամբ դրանք կարող են փոխանցել համապատասխան նախարարը, Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Սույն կետով նախատեսված հանձնարարականները կատարվում են Վարչապետի սահմանած ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

(25-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

26. Եթե սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի նախարարների, տարածքային կառավարման մարմինների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «հավաք» բառը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Վարչապետին:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են Վարչապետին:

(26-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

27. Հանձնարարականում սահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով խախտելու հանգամանքներ առաջանալու դեպքում պատասխանատու կատարողը համապատասխան նամակով միջնորդում է Վարչապետին սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

(27-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

28. Կառավարություն կամ Վարչապետին ներկայացված փաստաթղթերը նախապես քննության է առնում Կառավարության աշխատակազմը` 15-օրյա ժամկետում: Կառավարության քննարկմանը հարց ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի ներկայացուցիչները կամ այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը պարտադիր համաձայնեցվում են շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատասխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ արձանագրություն` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

(28-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

29. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը Կառավարության քննարկմանն են դրվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի մակագրությամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը, մինչև դրանք Կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը, Կառավարության աշխատակազմը, հավաք կարծիքներով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կարծիքը ստանալու համար:

(29-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

30. Սույն կարգի խախտումով Կառավարություն կամ Վարչապետին ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ մյուս նյութերը Կառավարության աշխատակազմի ղեկավարը վերադարձնում է` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

(30-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

31. Կառավարության հերթական նիստերը հրավիրվում են հինգշաբթի օրերին:

Անհրաժեշտության դեպքում Կառավարության նիստեր կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի:

Կառավարության հերթական նիստերը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Վարչապետը:

Կառավարության արտահերթ նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի նախաձեռնությամբ կամ Կառավարության որոշմամբ:

(31-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

32. Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է Կառավարության աշխատակազմը:

(32-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

33. Կառավարության նիստերը հրավիրվում են դրանց վերաբերյալ կազմված ամենամսյա ժամանակացույցին համապատասխան, որով նախատեսվում են հերթական նիստերի անցկացման օրերը, նիստերի օրակարգի հարցերը:

(33-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

34. Կառավարության նիստերի ժամանակացույցը և օրակարգը հաստատում է Վարչապետը:

Կառավարության նիստի օրակարգում կարող են փոփոխություններ կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Վարչապետի կողմից, ինչպես նաև Կառավարության անդամների նախաձեռնությամբ` նիստը վարողի համաձայնությամբ:

(34-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

35. Կառավարության նիստերի ժամանակացույցը մշակում է Կառավարության աշխատակազմը` ելնելով Կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրերից ու ընթացիկ հրատապ խնդիրներից, պահպանելով սույն կարգով նախատեսված պահանջները:

(35-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

36. Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին ոչ ուշ, քան նիստը սկսվելուց երեք օր առաջ տեղեկացվում են Կառավարության անդամները, հրավիրվողները, անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության Նախագահին, Վարչապետին, Կառավարության անդամներին և հրավիրվող պատասխանատու անձանց սույն կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նիստի օրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերը և դրանց առնչվող նյութերը:

(36-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

37. Կառավարության նիստերն անցկացվում են Երևան քաղաքում, Կառավարության նստավայրում` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1:

(37-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

38. Կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա` Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ կամ Վարչապետի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

(38-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

39. Կառավարության նիստերը սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիստերի ընդմիջումները հայտարարվում են նիստը վարողի կողմից` յուրաքանչյուր անգամ ոչ պակաս, քան 30 րոպե տևողությամբ: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիստի օրը:

(39-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

40. Կառավարության նիստերին (այդ թվում` դռնփակ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության աշխատակազմերի ղեկավարները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Կառավարության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները:

Կառավարության նիստերին կարող են հրավիրվել Վարչապետի խորհրդականները, Կառավարության աշխատակազմի աշխատողներ, ինչպես նաև այլ անձինք:

Կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստի հարցի քննարկմանը հրավիրվողների ցանկը Վարչապետի համաձայնությամբ սահմանում և նիստին մասնակցությունը ապահովում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(40-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

41. Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե`

ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

(41-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

42. Կառավարության նիստերին Կառավարության անդամների մասնակցությունը պարտադիր է: Կառավարության անդամը Կառավարության նիստերին կարող է չմասնակցել սույն կարգի 11-րդ կետում նախատեսված հիմքերի առկայության, իսկ այլ դեպքերում` Վարչապետի համաձայնությամբ:

Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Կառավարության անդամների առնվազն կեսից ավելին:

(42-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

43. Տվյալ նիստի օրակարգի հարցերն ընդունվում են առանց քվեարկության` նիստը վարողի հրապարակմամբ:

(43-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

44. Օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը սահմանում է Կառավարության նիստը վարողը:

(44-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

45. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն Կառավարության անդամները, վերջիններիս բացակայության կամ նիստը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

Կառավարության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

(45-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

46. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները:

Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում:

(46-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

47. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքն արտահայտելուց հետո:

(47-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

48. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկումն ավարտելուց հետո, նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

(48-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

49. Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցող Կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» և «դեմ» ձայներով:

Ձայների հավասարության դեպքում Վարչապետի ձայնը վճռորոշ է:

Քվեարկությանը մասնակցում են միայն Վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները:

(49-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

50. Հայաստանի Հանրապետության օրենքների և Ազգային ժողովի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում սույն կարգի 18-րդ կետով և օրենքով նախատեսված փաստաթղթերի հետ սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Եթե Կառավարության նիստի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատասխան հանձնարարական` սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետը:

(50-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

51. Կառավարության նիստում ներկայացված նախագծի ընդունումը մերժվելու դեպքում դրա վերաբերյալ կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

(51-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

52. Վարչապետը ստորագրում է Կառավարության որոշումները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը: Կառավարության և Վարչապետի որոշումների հավելվածները ստորագրում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Կառավարության և Վարչապետի որոշումները Վարչապետի ստորագրությանն է ներկայացնում Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(52-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

53. Կառավարության նիստերն արձանագրվում են: Կառավարության նիստերի արձանագրման կարգը սահմանում է Կառավարությունը: Նիստերի արձանագրումն ապահովում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Կառավարության նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը վարողը:

(53-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

54. Եթե Կառավարության նիստին հանձնարարականներ են տրվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ապա Կառավարության աշխատակազմը երկօրյա ժամկետում դրանք Կառավարության տվյալ նիստի արձանագրության քաղվածքի ձևով ուղարկում է նշված մարմիններին և պաշտոնատար անձանց:

(54-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

55. Կառավարության որոշումները Կառավարության աշխատակազմում գրանցվում են Կառավարության որոշումների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին:

Յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին նիստի առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով:

(55-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

56. Կառավարության որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

(56-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

57. Կառավարության որոշումները Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելուց հետո, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` ստորագրվելուց հետո սահմանված կարգով պահվում են Կառավարության աշխատակազմում: Կառավարության աշխատակազմը վավերացված Կառավարության որոշումները ստանալուց հետո երկօրյա ժամկետում սահմանված կարգով առաքում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, հանրապետական գործադիր մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ: Առաքման ենթակա այլ մարմինների ցանկը սահմանում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Կառավարության որոշումներն առաքում է Կառավարության աշխատակազմը` Կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով:

(57-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

58. Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մասերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության պետական, ծառայողական, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

(58-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

59. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից փաստաթղթեր ստանալու մասին նույն օրը զեկուցում է Վարչապետին:

(59-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

60. Հայաստանի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և Կառավարության կամ Վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում օրենսդրությամբ սահմանված դեպքում:

(60-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

61. Կառավարության աշխատակազմ ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ Վարչապետը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիս գործադիր իշխանության համապատասխան մարմիններին` անմիջականորեն կամ դրանք փոխանցում Կառավարության աշխատակազմի ղեկավարի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ է անցկացնում Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան նախարարը կամ Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(61-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

62. Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ Վարչապետին զեկուցելու համար դրանք նախապատրաստելու, համապատասխան մակագրություններով հանձնարարականներ, խորհրդակցությունների արձանագրություններ ձևակերպելու, կատարողներին և գործադիր իշխանության այլ մարմիններին տալու կարգը սահմանում է Վարչապետը:

Սույն կետում նշված հանձնարարականները կարող են տրվել Կառավարության կամ Վարչապետի որոշումների, ինչպես նաև Վարչապետի կամ վերջինիս հանձնարարությամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ փոխանցված հանձնարարականների կատարման ապահովման, Կառավարության կամ Վարչապետի որոշումների նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման նպատակով:

(62-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

63. Սույն բաժնով նախատեսված հարցերի կապակցությամբ տրված հանձնարարականները կատարվում են դրանցում նախատեսված ժամկետներում:

Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն Կառավարության աշխատակազմի ղեկավարը` Վարչապետի համաձայնությամբ:

(63-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

64. Եթե սույն բաժնում նախատեսված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «հավաք» բառը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Վարչապետին:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են Վարչապետին կամ Կառավարության աշխատակազմի ղեկավարին:

(64-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

65. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

(65-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

7. ՎԱՐՉԱՊԵՏԸ

 

66. Վարչապետը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Կառավարության որոշումներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

(66-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

67. Վարչապետը որոշումներ ընդունում է իր նախաձեռնությամբ:

Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև Կառավարության անդամները:

Վարչապետը, նպատակահարմարությունից ելնելով, իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի քննարկումը կարող է կազմակերպել Կառավարության նիստում:

Վարչապետը`

ա) վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

բ) ընթացիկ հարցերի լուծման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

գ) սահմանված կարգով որոշում է պաշտոնական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը.

դ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, տալիս է միջկառավարական պայմանագրեր ստորագրելու լիազորություն և հանձնարարականներ.

ե) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանում է ՀԳՄ-ի և տարածքային կառավարման մարմինների աշխատողների թվաքանակը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատողների թվաքանակը սահմանում է Կառավարությունը:

Նախարարի, Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանում է Կառավարությունը.

զ) նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` խորհրդակցելով համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարի հետ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվող անձանց, Վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, ռեֆերենտներին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, հարկային պետական ծառայության, մաքսային պետական կոմիտեի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Վարչապետի առաջարկությամբ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ.

է) խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում նախարարների, սույն կետի «զ» ենթակետով նախատեսված` իր կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` համապատասխան քաղաքացիական ծառայողների նկատմամբ.

ը) ներկայացնում է Կառավարությունը օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

թ) նշանակում է միջազգային և միջկառավարական մարմիններում Կառավարության ներկայացուցիչներ.

ժ) օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեսչական նորմատիվ ակտերը.

ժա) սահմանում է Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման վերահսկողության կարգը.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով նախատեսված լիազորություններ:

(67-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

68. Վարչապետի որոշումները ստորագրում է Վարչապետը, առանձին դեպքերում` նաև դրանք իրագործող նախարարները, եթե այն ուղղակիորեն բխում է օրենսդրության պահանջներից, կամ Վարչապետն անհրաժեշտ է համարում, որպեսզի իր կողմից ընդունվող որոշումը ստորագրվի նաև համապատասխան նախարարի (նախարարների) կողմից:

(68-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

69. Վարչապետի որոշումները գրանցվում և համարակալվում են սույն հրամանագրով Կառավարության որոշումների համար սահմանված կարգով` առանձին գրանցամատյանում: Վարչապետի որոշումները պահպանվում են Կառավարության աշխատակազմում:

(69-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

70. Վարչապետի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

(70-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

71. Վարչապետի բացակայության դեպքում, նրա որոշումներին առնչվող հարցերի շրջանակներում, վերջինիս պարտականությունները կատարում է Կառավարության անդամներից որևէ մեկը` Վարչապետի որոշման հիման վրա` սահմանելով փոխանցվող լիազորությունների շրջանակը:

(71-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

72. Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պարբերաբար քննության են առնում ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի, Կառավարության և Վարչապետի իրավական ակտերի, հանձնարարականների կատարման արդյունքներն ու միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:

(72-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

73. Վարչապետը պարբերաբար լսում է Հայաստանի Հանրապետության նախարարների, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հաշվետվությունները Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

(73-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74. Վարչապետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է Վարչապետը:

(74-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

7.1. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը

74.1. ՀԳՄ-ի ղեկավարը գլխավորում է ՀԳՄ-ն և կառավարում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

ՀԳՄ-ի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

(74.1 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.2. ՀԳՄ-ի ղեկավարն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

(74.2 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.3. ՀԳՄ-ի ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը և Վարչապետին:

(74.3 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.4. ՀԳՄ-ի ղեկավարը`

ա) ղեկավարում, համակարգում և վերահսկում է ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ՀԳՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն.

գ) լսում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում է ՀԳՄ-ի մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

դ) իրականացնում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառավարումը` օրենքով և ՀԳՄ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

ե) օրենսդրությանը համապատասխան Կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի և ՀԳՄ-ի համակարգի պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

զ) օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ՀԳՄ-ի աշխատակազմի ղեկավարի, ՀԳՄ-ի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ՀԳՄ-ի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

է) օրենսդրությանը և ՀԳՄ-ի կանոնադրությանը համապատասխան սահմանում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) վերահսկողություն է իրականացնում ՀԳՄ-ի կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

թ) օրենսդրությանը համապատասխան Կառավարության կամ Վարչապետի հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի աշխատողների թիվը.

ժ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ժբ) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

ժգ) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ժդ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային, հատուկ կոչումներ.

ժե) իրականացնում է օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

(74.4 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.5. ՀԳՄ-ի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ՀԳՄ-ի ղեկավարի պարտականությունները կատարում է ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալներից մեկը:

(74.5 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.6. ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալը`

ա) համակարգում է ՀԳՄ-ի համակարգի աշխատանքները` ՀԳՄ-ին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է ՀԳՄ-ի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ՀԳՄ-ի համակարգի պետական մարմինների և ՀԳՄ-ի կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) ՀԳՄ-ի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

դ) ՀԳՄ-ի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

ե) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ՀԳՄ-ի ղեկավարին.

զ) իրականացնում է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

(74.6 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.7. ՀԳՄ-ի ղեկավարը և նրա տեղակալը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան և դրանով սահմանված կարգով ունեն արձակուրդի իրավունք:

ՀԳՄ-ի ղեկավարին արձակուրդ տրամադրում է Վարչապետը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, իսկ ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` Վարչապետը:

(74.7 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.8. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նկատողություն,

բ) խիստ նկատողություն,

գ) պաշտոնից ազատում:

(74.8 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.9. Պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և օրինակելի կատարման համար ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) շնորհակալագրով պարգևատրում,

բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ) հուշամեդալով պարգևատրում:

(74.9 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

74.10. Սույն կարգով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Վարչապետը, իսկ 74.8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` միայն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

(74.10 կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

8. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

75. Կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կառավարության աշխատակազմը:

(75-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

76. Կառավարության աշխատակազմը ղեկավարում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(76-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

77. Կառավարության աշխատակազմն իրականացնում է Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստումը, այդ թվում` Կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ: Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստման նպատակով Կառավարության աշխատակազմն իրականացնում է դրանց նախնական քննարկում` Կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ Կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ անցկացվող նախանիստերում կամ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որոնց անհրաժեշտության դեպքում հրավիրվում են տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կամ այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության աշխատակազմն ապահովում է նաև Վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` Վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը:

(77-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

78. Կառավարության աշխատակազմն ապահովում է Կառավարության ու Վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

(78-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

79. Կառավարության աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Կառավարությունը, աշխատողների թվաքանակը` Վարչապետը, իսկ Կառավարության աշխատակազմի հաստիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:

(79-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

80. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Կառավարության աշխատակազմում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց:

(80-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

9. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

81. Կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(81-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

82. Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը կազմակերպում է Կառավարության աշխատակազմը: Կառավարությունում քննարկվում և ընթացք են տրվում քաղաքացիների այն դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, որոնք լուծում չեն ստացել գործադիր իշխանության համապատասխան մարմինների կողմից, ինչպես նաև այն դեպքերում, երբ բողոքներն ուղղված են այդ մարմինների ղեկավարների դեմ:

(82-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

83. Կառավարության աշխատակազմը`

ա) վերլուծում և ամփոփում է Կառավարությանը հասցեագրված քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և պարբերաբար Վարչապետին տեղեկացնում դիմումների վիճակի մասին.

բ) պարբերաբար ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից տարվող աշխատանքը, առաջարկում է միջոցառումներ այդ աշխատանքները բարելավելու ուղղությամբ:

Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և նրանց դիմումների, բողոքների ու առաջարկությունների քննարկման արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքների վիճակի վերաբերյալ գործադիր իշխանության մարմինների հաշվետվությունները քննության են առնվում Կառավարության նիստերում:

(83-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

10. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

84. Կառավարության գործավարությունը տարվում է Կառավարության կողմից հաստատված «Կառավարության գործավարության կարգին» համապատասխան:

(84-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

85. Կառավարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Կառավարության աշխատակազմը:

(85-րդ կետը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

(Կարգը խմբ. 08.04.04 ՆՀ-52-Ն)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Թումանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան