Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2016.11.09/2(36) Հոդ.294
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հոկտեմբերի 2016 թ.

թիվ 166-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄՅՈՒՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 299-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել բանկի գործունեության տեսակի փոփոխման միջոցով որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Բանկի գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը կանոնակարգելու մասին» թիվ 299-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 14-ի

թիվ 166-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄՅՈՒՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (այսուհետ` բանկ) գործունեության տեսակի փոփոխման միջոցով որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը:

2. Սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմում փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմում փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի (այսուհետ` Կանոնակարգ 13):

3. Սույն կարգով պահանջվող փաստաթղթերը (բացառությամբ՝ ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքների) Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերենով, Յունիկոդ տառատեսակով և «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ` բանկի գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ ծրագրին կից ներկայացվող աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Ծրագրին կից աղյուսակները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

4. Կենտրոնական բանկը սույն կարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Բանկի գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում բանկը գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) գործունեության տեսակի փոփոխման միջնորդագիր` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի,

2) բանկի գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը,

3) բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի, որը պետք է առնվազն ներառի բանկային ավանդի, թղթակցային հաշիվների և բանկային, քարտային հաշվի պայմանագրերով, բանկերին ներհատուկ այլ գործիքների գծով ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան դրանք այլ բանկին փոխանցելու ժամկետները, կարգը:

6. Կենտրոնական բանկի խորհուրդը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում է ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում, ընդ որում, նշված համաձայնությունը տրամադրելու դեպքում համաձայնությունը տրամադրելու հետ մեկտեղ Կենտրոնական բանկը տրամադրում է նաև նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների մասնակիցների նշանակալից մասնակցությանն իր նախնական համաձայնությունը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու դեպքում բանկը բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, այդ թվում` բանկային ավանդի, թղթակցային հաշիվների և բանկային, քարտային հաշվի պայմանագրերով, բանկերին ներհատուկ այլ գործիքների գծով ստանձնած բոլոր պարտավորությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` դրանք փոխանցում է այլ առևտրային բանկի:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված միջոցառումներն իրականացնելուց հետո բանկը ծրագրում սահմանված ժամկետներում հաստատում է վերագրանցվող իրավաբանական անձի կանոնադրությունը և այն գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության վերագրանցման դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի,

2) վարկային կազմակերպության կանոնադրությունը, որը պետք է ունենա Կանոնակարգ 13-ի Հավելված 2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

3) ստեղծվող վարկային կազմակերպության ներքին իրավական այն ակտերը, որոնց ներկայացվող կանոնադրության մեջ հղումներ են կատարվել,

4) ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

5) բանկի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու դեպքում բանկի բոլոր մասնաճյուղերը և ներկայացուցչությունները կամ դրանց մի մասը` որպես վարկային կազմակերպության համապատասխան մասնաճյուղ կամ ներկայացուցչություն վերագրանցելու, իսկ մնացած մասը փակելու վերաբերյալ,

6) յուրաքանչյուր մասնաճյուղի և ներկայացուցչության կանոնադրությունը, որը պետք է ունենա Կանոնակարգ 13-ի Հավելված 2-ով սահմանված տիտղոսաթերթ: Ընդ որում, կանոնադրությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ,

7) բանկի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` վերագրանցվող վարկային կազմակերպության ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,

8) բանկի միջնորդագիրը վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման վերաբերյալ` համաձայն Կանոնակարգ 13-ի Հավելված 3-ի, և ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն Կանոնակարգ 13-ի Հավելված 4-ի,

9) Կանոնակարգ 13-ի 25-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված տարածքի սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը,

10) հիմնավորումներ առ այն, որ բանկը կատարել է բանկային ավանդի, թղթակցային հաշիվների և բանկային, քարտային հաշվի պայմանագրերով, բանկերին ներհատուկ այլ գործիքների գծով ստանձնած բոլոր պարտավորությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` դրանք փոխանցել է այլ բանկ:

9. Որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու համար բանկը պետք է բավարարի Կանոնակարգ 13-ի 24-րդ կետով սահմանված պահանջներին, բացառությամբ Կանոնակարգ 13-ի 24-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի: Ընդ որում, Կանոնակարգ 13-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում բանկի գործունեության տարածքում վերագրանցվող վարկային կազմակերպության վրա:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի ուսումնասիրությունը և որոշման կայացումը Կենտրոնական բանկն իրականացնում է վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի տրամադրման նպատակով Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քննության` Կանոնակարգ 13-ով սահմանված ժամկետներում և կարգով:

11. Բանկի` որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու և բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում բանկը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի բանկային գործունեության լիցենզիան և բանկի և դրա մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների գրանցման վկայականները:

12. Որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու պահից հետո ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպությունը մինչև վերագրանցումը գործող բանկի հաճախորդներին ծանուցում է բանկի գործունեության տեսակի փոփոխության գործընթացի ավարտի վերաբերյալ, հաճախորդների ավանդների, վարկերի, հաշիվների, վճարային քարտերի հետագա սպասարկման ընթացակարգերի մասին, ինչպես նաև գործող հեռախոսահամարներ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան սպառիչ տեղեկատվություն ստանալ նշված ընթացակարգերի մասին:

13. Բանկերի գործունեության տեսակի փոփոխման հետ կապված սույն կարգով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են Կանոնակարգ 13-ի համապատասխան դրույթներով:

 

 ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս

փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու

կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը

հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը» կարգի

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________________-ին

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հարգելի _____________________

____________________________________________________բանկի կառավարման բարձրագույն

 (նշվում է բանկի լրիվ անվանումը)

մարմինը (նշվում է մարմնի անվանումը) «____» ____________________թ. թիվ ______ որոշմամբ որոշել է փոփոխել բանկի գործունեության տեսակը և դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու նպատակով:

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և ղեկավարվելով վերոնշյալ որոշմամբ` խնդրում եմ համաձայնություն տալ սույն միջնորդագրին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների` կից ներկայացնում եմ բանկի գործունեության տեսակի փոփոխման համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կից` ___էջ):

Ես` ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է սույն միջնորդագրի մերժմանը:

_____________________________________________ բանկի գործադիր մարմնի ղեկավար`

 (բանկի լրիվ անվանումը)

 

 _________________________

 _______________________________________

  (ստորագրություն)

 (Անուն, Ազգանուն)

«____» ______________________ թ.

 

 ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս

փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու

կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը

հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը» կարգի

 

Ծ ր ա գ ի ր

 

բանկի գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ

 

Սույն ծրագիրը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում ներկայացվում է բանկի գործունեության տեսակի փոփոխման ընթացիկ տարվա և հաջորդող երկու տարիների համար վարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը, իսկ երկրորդ մասում որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները, վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը:

Մաս 1:

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումներ

Բաժին 3. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

Բաժին 4. Միջոցների ներգրավման հիմնական գործիքներ

Բաժին 5. Ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

Բաժին 6. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

Բաժին 7. Հնարավոր ռիսկերի գնահատում

Բաժին 8. Վարկային կազմակերպության մասնաճյուղերը

Բաժին 9. Այլընտրանքային տնտեսական ծրագիրը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պահանջով` ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից)

 

Մաս 2:

Բաժին 1. Անհրաժեշտ միջոցառումների իրականացում

Բաժին 2. Անհրաժեշտ միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը

Բաժին 3. Այլ դրույթներ

 

Ենթահավելվածներ:

 

Մ Ա Ս  1

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ծրագրի 1-ին մասը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, բանկի գործունեության տեսակը փոփոխվելու (որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու) ընթացիկ տարվա և հաջորդող երկու լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վարկային կազմակերպության տնտեսական գործունեությունը, կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:

2. Ծրագրի 1-ին մասի ընդհանուր դրույթներում նշվում են`

1) բանկի գործունեության տեսակը փոփոխելու պատճառները և նպատակները,

2) ստեղծվող վարկային կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,

3) վարկային կազմակերպության առաքելությունը,

4) վարկային կազմակերպության նպատակները,

5) բանկի մասնակիցների կազմում և մասնակցության չափի ծրագրվող փոփոխությունները` առկայության դեպքում:

 

Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումներ

 

3. Սույն բաժնում ներկայացվում են՝

1) Վարկային կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց նկարագիրը,

2) Վարկային կազմակերպության կողմից ֆինանսական շուկայում նոր տիպի ծառայությունների ներդրումը (առկայության դեպքում),

3) Վարկային կազմակերպության հնարավոր դուստր կազմակերպությունները, դրանց կողմից իրականացվող գործառնությունները,

4) նշում այն մասին, թե բանկի առկա մասնաճյուղերից որոնք են նախատեսվում դառնալ վարկային կազմակերպության մասնաճյուղեր,

5) վարկային կազմակերպության զարգացման և ընդլայնման հեռանկարները, ներառյալ լրացուցիչ մասնաճյուղերի բացումը և տեղակայվածությունը, այլ կազմակերպությունների հետ միացումը և/կամ դրանց ձեռք բերումը,

6) վարկային կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց գործունեությունը, դրանց կազմակերպական կառուցվածքը, վարկային կազմակերպության և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց փոխհարաբերությունները,

7) վարկային կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց գործարքները (փոխկապակցված անձանց ֆինանսավորումը վարկային կազմակերպության կողմից), եթե այդպիսիք նախատեսվում են,

8) վարկային կազմակերպության վարկավորման ծրագրերը (հիփոթեքային վարկավորման ծրագիր և այլն),

ընդ որում` առկայության դեպքում նշվում է վարկային կազմակերպության կողմից ռիսկային վարկավորում (անբարեխիղճ վարկառուներ, բլանկային վարկերի տրամադրում, այլ) իրականացնելու մտադրության մասին, նկարագրվում է գործընթացը,

9) վարկային կազմակերպության գործառույթների իրականացմանը միջնորդ կազմակերպությունների (խանութներ, ավտո-դիլերներ և այլ) ներգրավված լինելու դեպքում՝ այդ տիպի գործարքների իրականացման գործընթացը, դրանց շրջանակները, նախատեսվող ծավալները` գումարային արտահայտությամբ, վարկավորման պայմանները, այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Բաժին 3. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

 

4. Կանխատեսվող շուկաների վերլուծությունը պետք է հիմնված լինի թվային շարքերի և այլ փաստացի ցուցանիշների վրա: Տեղեկատվության աղբյուրները, տնտեսական, մրցակցային և այլ բնույթի ենթադրությունների և կանխատեսումների հիմքերը և նախապայմանները նույնպես նշվում են ծրագրում:

5. Սույն բաժնում ներկայացվում են՝

1) միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիները, գործառնությունների տեսակները (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն), բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները,

2) ֆինանսական այն շուկաները (նպատակային շուկաները), որոնցում վարկային կազմակերպությունը պատրաստվում է ծավալել իր ակտիվային գործունեությունը (ըստ յուրաքանչյուր ֆինանսական ծառայության տեսակի):

 

Բաժին 4. Միջոցների ներգրավման հիմնական գործիքներ

 

6. Սույն բաժնում ներկայացվում են՝

1) միջոցների ներգրավման հիմնական գործիքները (փոխառություններ, պարտատոմսեր և այլն), դրանց բնութագիրը (հնարավորության դեպքում` ըստ միջին մեծության և ժամկետայնության), միջոցների ներգրավման պայմանները (տոկոսադրույքներ և այլն),

2) փոխառությունների ներգրավման հիմնական աղբյուրները և մեթոդները:

 

Բաժին 5. Ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

 

7. Սույն բաժնում ներկայացվում են՝

1) Վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, վարկային կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների քանակը,

2) վերը նկարագրված կազմակերպական կառուցվածքի հիմնավորումը վարկային կազմակերպության կողմից ծրագրվող գործունեության իրականացման տեսանկյունից,

3) վարկային կազմակերպության կառավարման մարմինները (մասնակիցների ընդհանուր ժողովը, խորհուրդը, գործադիր մարմինը), դրանց միջև փոխհարաբերությունները, կառավարման մարմինների իրավասությունները և պարտականությունները,

4) կառավարման մարմինների կազմը,

5) վարկային կազմակերպության խորհրդի կողմից ստեղծվող կոմիտեների (ներդրումային, վարկային և այլն) գործունեությունը, դրանց իրավասություններն ու պարտականությունները (առկայության դեպքում),

6) վարկային կազմակերպության հաճախորդների բողոքների քննման և արձագանքելու միջոցառումները,

7) վարկային կազմակերպության կողմից տեղեկատվության հրապարակման և տրամադրման քաղաքականությունը, տեղեկատվության հրապարակման ուղիները, թիրախը, թարմացման հաճախականությունը,

8) անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:

 

Բաժին 6. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

 

8. Սույն բաժնում ներկայացվում են՝

1) վարկային կազմակերպության կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները, ինչպես նաև նորմատիվային կապիտալի պահանջների բավարարման հետ կապված ծրագրերը,

2) վարկային կազմակերպության կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ` ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումը արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, կապիտալի համարժեքության ապահովմանն (ըստ կիրառելիության) ուղղվող հիմնական միջոցառումները),

3) եկամտաբերության նախանշված մակարդակը, ակտիվների եկամտաբերության, զուտ տոկոսային մարժայի կամ շահութաբերության այլ չափանիշներին հասնելու ռազմավարությունները,

4) ֆինանսական կանխատեսումներից ելնելով` ներքին և արտաքին ռիսկերի ազդեցության գնահատումը կապիտալի համարժեքության վրա (ըստ կիրառելիության),

5) շահաբաժինների բաշխման վերաբերյալ քաղաքականությունը:

 

Բաժին 7. Հնարավոր ռիսկերի գնահատում

 

9. Վարկային ռիսկի վերաբերյալ ներկայացվում են՝

1) վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ճյուղային և ժամկետային կառուցվածքը, այլ), վարկային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, ռիսկի ընդունելու մակարդակի գնահատումը,

2) վարկային պորտֆելի որակի ստուգման գործընթացը, հաճախականությունը և շրջանակները,

3) վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները,

4) վարկառուների վարկունակության գնահատման մեթոդաբանությունը:

10. Իրացվելիության ռիսկի վերաբերյալ ներկայացվում են՝

1) վարկային կազմակերպության իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարությունը,

2) վարկային կազմակերպության իրացվելիության ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, ռիսկի ընդունելի մակարդակի գնահատումը,

3) նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը, ըստ ժամկետայնության,

4) ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության ճեղքվածքի (GAP) կառավարման մեթոդները, ընդունելի սահմանաչափերը:

11. Շուկայական ռիսկի վերաբերյալ ներկայացվում են՝

1) ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), շուկայական ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, ռիսկի ընդունելի մակարդակի գնահատումը,

2) արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, ռիսկի ընդունելի մակարդակը,

3) վարկային կազմակերպության շուկայական ռիսկի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների պորտֆելը և գների հնարավոր փոփոխությունների ազդեցությունը եկամտաբերության, կապիտալի և պորտֆելի զուտ արժեքի վրա,

4) վարկային կազմակերպության կողմից հեջավորման գործիքների կիրառումը (օրինակ` ֆյուչերս, օպցիոն, տոկոսադրույքի սվոպ և այլն):

12. Սույն բաժնում պետք է նկարագրել նաև բանկի գործունեության տեսակի փոփոխության դեպքում առաջացող հնարավոր իրավական ռիսկերը, դրանց կառավարումը, ինչպես նաև վարկային կազմակերպության համար էական նշանակություն ունեցող այլ ռիսկերը:

 

Բաժին 8. Վարկային կազմակերպության մասնաճյուղերը

 

13. Սույն բաժնում ներկայացվում է այն մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք պետք է վերագրանցվեն որպես վարկային կազմակերպության մասնաճյուղեր բանկի գործունեության տեսակի փոփոխման դեպքում:

14. Սույն բաժնում նկարագրվում են.

1) մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

2) մասնաճյուղի պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և ենթադրվող թիվը, խոշոր հաճախորդների անունները (առկայության դեպքում),

3) մասնաճյուղի վարկավորման ծրագրերը,

4) այն տարածքը/շուկաները, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը,

5) մասնաճյուղի գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը (բացառությամբ արդեն իսկ գործող մասնաճյուղերի),

6) մասնաճյուղի հիմնական մրցակիցների նկատմամբ մասնաճյուղի հարաբերական առավելությունը և թերությունները (սպասարկման որակ, մատուցվող ծառայությունների ցանկ և այլն), մասնաճյուղի մրցունակության հիմնավորումը (բացառությամբ արդեն իսկ գործող մասնաճյուղերի),

7) մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, մասնաճյուղի աշխատակիցների քանակը,

8) վարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղի միջև տեղեկատվական հոսքերը` հաշվետվական համակարգը ներառյալ:

 

Բաժին 9. Այլընտրանքային տնտեսական ծրագիրը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի պահանջով)

 

15. Այլընտրանքային տնտեսական ծրագիրը պետք է նկարագրի վարկային կազմակերպության գործողությունները շուկայական պայմանների անբարենպաստ փոփոխության դեպքում: Այլընտրանքային տնտեսական ծրագիրը պետք է ընդգրկի ռիսկերի կառավարման առավել խիստ գործընթացներ: Ծրագիրը պետք է ներառի ապագայում, անհրաժեշտության դեպքում, վարկային կազմակերպության կապիտալի մեծացման վերաբերյալ մոտեցումներ, ինչպես նաև վարկային կազմակերպության արտակարգ իրավիճակների համար պահուստների ձևավորման և օգտագործման կարգը: Ծրագրում պետք է նկարագրված լինեն անսպասելի կորուստների առաջացման դեպքում վարկային կազմակերպության ֆինանսական պաշտպանվածության ապահովման ուղիները:

 

Մ Ա Ս  2:  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ի Ր Ա Կ Ա Ն Ա Ց ՈՒ Մ

 

Բաժին 1. Անհրաժեշտ միջոցառումների իրականացում

 

16. Ծրագրի սույն բաժնում պետք է նկարագրվեն այն բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են բանկի գործունեության տեսակը փոփոխելու, սույն ծրագրով սահմանված նպատակներին հասնելու և որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու դիմումը ներկայացնելու պահին «Վարկային կազմակերպությունների» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով վարկային կազմակերպություններին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները բավարարելու համար: Այդ միջոցառումներն ընդգրկում են`

1) ներքին կազմակերպական կառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը,

2) գործառնական համակարգի ձևավորումը/կատարելագործումը (համապատասխան ծրագրերի ձեռքբերումը և տեղադրումը),

3) նոր ղեկավարների գրանցումը (առկայության դեպքում),

4) ներքին իրավական ակտերի մշակումը,

5) վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը,

6) բանկային ավանդի, թղթակցային հաշիվների և բանկային, քարտային հաշվի պայմանագրերով, բանկերին ներհատուկ այլ գործիքների գծով ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան դրանք այլ բանկին փոխանցելու ժամկետները, կարգը և/կամ նշված պարտավորությունները մարելու ձևերը (դրամական միջոցներով, թե գույքի փոխանցմամբ),

7) Այլ անհրաժեշտ միջոցառումներ:

17. Միջոցառումների իրականացման ծրագրում յուրաքանչյուր միջոցառման (գործընթացի) մասով պետք է նշվեն`

1) միջոցառման սկիզբը, տևողությունը և վերջնաժամկետը,

2) միջոցառման իրականացման շրջանակները (որ մասնաճյուղերին, ստորաբաժանումներին է վերաբերում միջոցառումը),

3) միջոցառման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների նկարագրությունը,

4) գործողությունների համար պահանջվող աշխատանքային ռեսուրսների քանակը, իսկ պատվիրակման դեպքում` նաև կապալառու կազմակերպությունների անվանումը և հանձնարարվող աշխատանքների բնույթը,

5) յուրաքանչյուր գործողության իրականացման ծախսերի գնահատականը,

6) միջոցառման ընդհանուր բյուջեն և դրա ֆինանսավորման աղբյուրները,

7) յուրաքանչյուր միջոցառման իրականացման հնարավոր ռիսկերի բացահայտումը և դրանց կառավարմանն ուղղված գործողությունները,

8) միջոցառման (կամ առանձին գործողությունների) համար սահմանված որակական և(կամ) քանակական պահանջները,

9) միջոցառման իրականացման պատասխանատու անձը և/կամ ստորաբաժանումը:

Վերոնշյալ ծրագրում միջոցառումները և դրանց համապատասխան գործողությունները պետք է ներկայացվեն ըստ կատարման ժամկետի հաջորդականության: Խրախուսվում է միջոցառումների ծրագրի ներկայացումը կից գծապատկերների, բլոկ-սխեմաների միջոցով (օրինակ` կազմված MS Project ծրագրով):

 

Բաժին 2. Անհրաժեշտ միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը

 

18. Սույն բաժնում ներկայացվում է միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը, որը ենթադրում է միջոցառումների կատարման ընթացքի և որակի հետևում, կարգավորում և հսկողություն, խնդիրների բացահայտում, անհրաժեշտության դեպքում ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության որոշում և փոփոխությունների կատարում: Սույն բաժնում առնվազն նկարագրվում են.

1) միջոցառումների և գործողությունների նկատմամբ հսկողության իրականացման կարգը և պատասխանատու անձինք և/կամ ստորաբաժանումները: Հսկողությունը ենթադրում է միջոցառումների և ծրագրերի կատարման շրջանակների, ժամկետների, որակի, ծախսումների, առաջացած ռիսկերի և դրանց նվազեցման գծով կատարված աշխատանքների նկատմամբ հսկողություն,

2) միջոցառումների պատասխանատու անձանց, բանկի գործադիր մարմնին, խորհրդին, ինչպես նաև այլ անձանց և/կամ ստորաբաժանումներին միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների (status reports, progress meausrement) տրամադրման կարգը, պարբերականությունը և պատասխանատու անձինք,

3) միջոցառումների պատասխանատու անձանց, բանկի գործադիր մարմնի, խորհրդի, ինչպես նաև այլ անձանց և/կամ ստորաբաժանումների հետ հանդիպումների և քննարկումների իրականացման հաճախականությունը, դրանց արձանագրումը,

4) բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից միջոցառումների կատարման ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը,

5) յուրաքանչյուր միջոցառումը և/կամ գործողությունը կատարելուց հետո կատարման որակի, սահմանված նպատակներին հասնելու գնահատման կարգը և կատարված միջոցառումը (գործողությունը) հաստատելու կարգը:

 

Բաժին 3. Այլ դրույթներ

 

19. Սույն հավելվածով պահանջվող այն տեղեկությունները, որոնց վերաբերյալ ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով:

20. Ֆինանսական ծրագրավորման ժամանակ հիմնական կանխատեսումները իրականացնելիս սթրես-թեսթերի կիրառումը խրախուսելի է:

21. Ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:

22. Ծրագրին կցվում են՝

1) կապիտալի հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար (ձև 1),

2) հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երեք ֆինանսական տարիների համար (ձև 2),

3) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար (ձև 3),

4) նոր մասնակիցների (առկայության դեպքում) վերաբերյալ Կանոնակարգ 13-ի 11-րդ գլխով սահմանված փաստաթղթերը:

 

Ձև 1

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(կանխատեսումը)

 

(հազ. դրամ)

 

ԿԱՊԻՏԱԼ

Առաջիկա տարիներ

 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

Հիմնական կապիտալ

     

Կանոնադրական կապիտալ

     

Գլխավոր պահուստ

     

Չբաշխված շահույթ

     
       

Ընդամենը` հիմնական կապիտալ

     
       

Լրացուցիչ կապիտալ

     

Վերագնահատման պահուստներ

     

Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ

     

Այլ պահուստներ

     

Ընդամենը` լրացուցիչ կապիտալ

     
       

Ընդամենը` ընդհանուր կապիտալ
(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)

     
       

Որակական գնահատականներ

     

1. Հարաբերակցությունը նորմատիվային ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև (%)

     

2. Հարաբերակցությունը ընդհանուր կապիտալի և ներգրավված միջոցների միջև

     

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 
 

Առաջիկա տարիներ

ԱԿՏԻՎՆԵՐ

1-ին

2-րդ

3-րդ

Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր

     

Բանկային հաշիվներ

     

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ

     

Պահանջներ բանկերի և այլ ֆին. կազմակերպությունների նկատմամբ

     

Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ

     

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

     

Հաճախորդներին տրված վարկեր (փոխատվություններ)

     

Այլ գործառնություններ և դրանց գծով ստացվելիք գումարներ, այդ թվում`

     

երաշխիքներ

     

ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

     

ստացվելիք շահաբաժիններ

     

հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ

     

հեջավորման ածանցյալ գործիքներ

     

Դեբիտորական պարտքեր և կանխավճարներ

     

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

     

Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում

     

Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում

     

Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Այլ ակտիվներ

     

Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ

     

Ընդամենը` ակտիվներ

     

ՊԱՍԻՎՆԵՐ

     

Պարտավորություններ

     

Բանկերից ներգրաված փոխառություններ և ստացված վարկեր

     

Այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված փոխառություններ և ստացված վարկեր

     

Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ

     

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետությունների կառավարությունների նկատմամբ

     

Այլ վճարվելիք գումարներ

     

Պարտավորություններ տրամադրված չեկերի գծով

     

Կրեդիտորական պարտքեր

     

Ակտիվներին վերաբերող շնորհներ

     

Պահուստներ

     

Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր

     

Այլ պարտավորություններ

     

Կապիտալ

     

Կանոնադրական կապիտալ

     

Գլխավոր պահուստ

     

Վերագնահատման պահուստներ

     

Հետ գնված կապիտալ

     

Չբաշխված շահույթ

     

Ընդամենը` պասիվներ

     

 

Ձև 3

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 
 

Առաջիկա տարիներ

 

1-ին

2-րդ

3-րդ

1.

Տոկոսային եկամուտներ

x

x

x

1.1.

Բանկային հաշիվներից

     

1.2.

Առևտրային բանկերում տեղաբաշխված միջոցներից

     

1.3.

Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից

     

1.4.

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.5.

Իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.6.

Վարկային քարտերից

     

1.7.

Վարկային կազմակերպության աշխատակիցներին տրամադրված միջոցներից

     

1.8.

Վարկային կազմակերպության հետ կապված անձանց մոտ տեղաբաշխված միջոցներից` բանկային հաշիվներից, ավանդներից, վարկերից և այլ փոխառություններից

     

1.9.

Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ, այդ թվում` հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերից

     

1.10.

Արժութային սվոպից և ռեպո համաձայնագրերից

     

1.11.

Ֆինանսական վարձակալությունից

     

1.12.

Ֆակտորինգից

     

1.13.

Այլ արժեթղթերից

     

1.14.

Այլ տոկոսային եկամուտներ

     

Ընդամենը տոկոսային եկամուտներ

     
         

2.

Տոկոսային ծախսեր

x

x

x

2.1.

Առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկերի և փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

     

2.2.

Արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի դիմաց

     

2.3.

Հաճախորդներից ստացված փոխառությունների դիմաց

     

2.4.

Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետությունների կառավարությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     

2.5.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց

     

2.6.

Օվերդրաֆտների դիմաց

     

2.7.

Տոկոսային ծախսեր վարկային կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի գծով

     

2.8.

ֆինանսական վարձակալության դիմաց

     

2.9.

Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

     

2.10.

Այլ պարտավորությունների դիմաց

     

Ընդամենը տոկոսային ծախս

     

Զուտ տոկոսային եկամուտներ

     
         

3.

Ոչ տոկոսային եկամուտներ

x

x

x

3.1.

Ստացված միջնորդավճարներ

     

3.2.

Երաշխիքներից, հոժարագրերով, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ

     

3.3.

Ածանցյալ գործիքներից զուտ եկամուտներ

     

3.4.

Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ

     

3.5.

Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ

     

3.6.

Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ

     

3.7.

Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ

     

3.8.

Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ

     

3.9.

Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն

     

3.10.

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից ստացված զուտ եկամուտներ

     

3.11.

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

     

3.12.

Առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

     

3.13.

Արտասովոր եկամուտներ

     

3.14.

Ստացված տույժեր, տուգանքներ

     

3.15.

Այլ ոչ տոկոսային եկամուտներ

     

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

     
         

4.

Ոչ տոկոսային ծախսեր

x

x

x

4.1.

Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

     

4.2.

Գործուղման ծախսեր

     

4.3.

Հատկացումներ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին

     

4.4.

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

     

4.5.

Ամորտիզացիոն մասհանումներ

     

4.6.

Շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար

     

4.7.

Շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության ապահովման ծախսեր

     

4.8.

Վարկերի տրամադրման և վերադարձման ծախսեր

     

4.9.

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

     

4.10.

Գրասենյակային և տպագրական ծախսեր

     

4.11.

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

     

4.12.

Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     

4.13.

Տրանսպորտային ծախսեր

     

4.14.

Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր

     

4.15.

Վճարված տույժեր, տուգանքներ

     

4.16.

Ուսուցման, վերապատրաստման ծախսեր

     

4.17.

Ապահովագրության գծով ծախսեր

     

4.18.

Այլ ոչ տոկոսային ծախսեր

     

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

     

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

     
         

5.

Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին

x

x

x

5.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին

     

5.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին

     

5.3.

Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին

     

5.4.

Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստին

     

Ընդամենը հատկացումներ

     

6.

Ակտիվների հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների վերադարձ

     

6.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից

x

x

x

6.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից

     

6.3.

Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստից

     

6.4.

Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստից

     

Զուտ մասհանումներ

     
         

Շահույթ` մինչև հարկվելը

     

Շահութահարկ

     

Զուտ շահույթ

     

Հաշվարկված շահաբաժիններ

     

այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով

     

սովորական բաժնետոմսերի գծով

     

Չբաշխված շահույթ

     

 

 ՀԱՎԵԼՎԱԾ 3

«Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս

փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու

կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը

հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը» կարգի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________________-ին

 

Հարգելի ________________________________

___________________________________________________________________ բանկը որոշում է

 (բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը)

կայացրել փոփոխել իր գործունեության տեսակը և վերագրանցվել որպես վարկային կազմակերպություն:

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերագրանցել վարկային կազմակերպությունը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի գործունեության տեսակի փոփոխման կարգով» պահանջվող փաստաթղթերը (կից` ______ էջ):

Հավաստիացնում ենք, որ ___________________________________________________ տարածքը

 (կազմակերպության անվանումը)

և տեխնիկական հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 13-ի 25-րդ գլխով սահմանված պահանջներին։

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և դիմումի մերժմանը:

 

Բանկի կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն

_____________________________________________________________________

 

«  » _______________________ 20  թ.: