ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հուլիսի 22-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հուլիսի 22-ին` Երևանում:
Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 16 հոդվածներից:
2. Համաձայնագրի նպատակն է` մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով զարգացնել երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, մասնավոր կապիտալի ներհոսքը խթանելը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը և տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն առավելագույնի հասցնելը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
● խրախուսել և ստեղծել բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ կատարելու համար և ընդունել այդ ներդրումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հնարավորության սահմաններում տեղեկություններ տրամադրել իր տարածքում ներդրումային հնարավորությունների մասին (հոդված 2, կետեր 1 և 2),
● Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների և եկամուտների նկատմամբ կիրառել արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև կամայական կամ խտրական միջոցներով չխոչընդոտել ներդրողների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող ներդրումների զարգացմանը, կառավարմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ օտարմանը (հոդված 3, կետ 1),
● Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հանրությանը հնարավորինս հասանելի դարձնել ներդրումներին վերաբերող ՀՀ օրենքները և կանոնակարգերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար ապահովել ՀՀ դատարաններ և գործակալություններ դիմելու իրավունքը (հոդված 3, կետեր 2 և 3),
● ՀՀ օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների և եկամուտների նկատմամբ սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը կիրառում է Հայաստանի Հանրապետությունն իր կամ երրորդ երկրի ներդրողների ներդրումների ու եկամուտների նկատմամբ՝ ընտրելով այդ ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմը (հոդված 4, կետ 1),
● Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմի կամ զինված այլ հակամարտության, քաղաքացիական խռովությունների, արտակարգ իրավիճակի, հեղափոխության, ապստամբության կամ նման այլ իրադարձությունների պատճառով մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին վնաս կամ կորուստ հասցնելու դեպքում փոխհատուցման կամ այլ կարգավորման մասով ներդրողների համար սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը կիրառում է Հայաստանի Հանրապետությունն իր ներդրողների կամ երրորդ պետության ներդրողների նկատմամբ՝ ընտրելով տվյալ ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմը (հոդված 6, կետ 1),
● ապահովել, որպեսզի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղակի կամ անուղղակի կերպով չազգայնացվեն կամ սեփականազրկվեն կամ էլ ենթարկվեն համարժեք հետևանքներ ունեցող այլ միջոցների, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հանրային շահերից բխող նպատակի համար, ոչ խտրական հիմքի վրա, օրենքով սահմանված կարգով, համարժեք ու արդյունավետ փոխհատուցման վճարման պայմանով (հոդված 7, կետ 1),
● ՀՀ օրենսդրությանը համապատասխան ապահովել ՀՀ տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների և դրանց հետ կապված բոլոր վճարումների ազատ և առանց հետաձգման փոխանցումները դեպի ՀՀ տարածք և դրանից դուրս, ինչպես նաև ապահովել, որ այդ փոխանցումները կատարվեն առանց հետաձգման, ազատ փոխարկելի արժույթով, փոխանցման օրը գործող շուկայական փոխարժեքով (հոդված 8, կետեր 1 և 2) և այլն:
4. Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող կողմերի բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են կամ կկատարվեն մինչև դրա ուժի մեջ մտնելը կամ դրանից հետո, սակայն չի կիրառվում մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելն առաջացած՝ ներդրումների հետ կապված վեճերի կամ պահանջների նկատմամբ (հոդված 13):
5. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ խորհրդակցությունների անցկացման (հոդված 14), Համաձայնագրից բխող արտոնությունների սահմանափակման (հոդված 15), ինչպես նաև Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա տևողության, ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ (հոդված 16):
6. Սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ դրա ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում է 2002 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև կնքված՝ Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված ներդրումների օտարման վերաբերյալ իրավակարգավորումները պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 60-րդ հոդվածով նախատեսված` սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների համատեքստում:
8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի հուլիսի 22-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 28 հոկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1317
Գ. Հարությունյան