030.0541.31.03.2000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն)
Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով որոշում եմ.
(նախաբանը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն)
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների բնագավառում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է այս բնագավառում պետական մյուս մարմինների գործունեությունը և միջազգային կապերը:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնել իրականացվող միջազգային գործունեությունը և միջազգային կապերը` պաշտոնական այցերը, խորհրդատվությունները և բանակցությունները, ստորագրվող փաստաթղթերը և այլ պայմանավորվածությունները, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնել դրանց վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` պետական մարմիններին իրենց միջազգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել տվյալ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների և հանգուցային հարցերի մասին:
(1-ին կետը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին առնչվող առաջարկները, այդ թվում` բանակցություններ վարելու և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկները, օրենսդրության համաձայն, գործադիր իշխանության մարմինները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ` նախքան դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` նախատեսել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների ներգրավումը միջազգային գործունեության իրականացման հետ առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման նպատակով իրականացնել Հայաստանի Հանրապետության այլ, ներառյալ` գործադիր իշխանության մարմինների ներկայացուցչությունների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, դրանց պատվիրակությունների և մասնագետների խմբերի գործունեության համակարգումը:
Նշված ներկայացուցչությունների, պատվիրակությունների և մասնագետների խմբերի ղեկավարները պարտավոր են սահմանված կարգով իրենց գործունեությունը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հետ, նրան տեղեկացնել իրենց գործունեության մասին:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները համապատասխան երկրներ մեկնող պաշտոնական պատվիրակությունների մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
(3-րդ կետը լրաց. 01.06.06 ՆՀ-125-Ն)
3.1. Պաշտոնական պատվիրակությունների այցի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումները նախապես քննարկվում և համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(3.1-ին կետը լրաց. 01.06.06 ՆՀ-125-Ն)
3.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ ներկայացուցիչը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարների և պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և պատգամավորական պատվիրակությունների` օտարերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող այն հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և որոնց արդյունքում կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա բանաձևեր կամ որոշումներ, ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ:
Սույն կետով նախատեսված հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրանց արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան առաջարկություններ:
(3.2-րդ կետը լրաց. 01.06.06 ՆՀ-125-Ն)
4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի նախարարության ցուցումներն ու հրահանգները:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ առնչվելիս առաջնորդվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
(4-րդ կետը խմբ. 30.09.03 ՆՀ-144-Ն)
5. Սահմանել, որ պետության արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ անձինք` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով` միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
6. Բարձր մակարդակի արտասահմանյան պատվիրակություններ (պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձինք) Հայաստանի Հանրապետություն հրավիրելու վերաբերյալ առաջարկները համապատասխանաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամներին և նրանց հավասարեցված անձանց հրավերն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ նախապես համաձայնեցնելով:
7. Օտարերկրյա պետական և քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահի և վարչապետի ուղերձների նախագծերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, եթե դրանց պատրաստման և ներկայացման այլ կարգ սահմանված չէ:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցել պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց այն գործողությունների մասին, որոնք խախտում են սույն հրամանագրով սահմանված կարգը:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնել սույն հրամանագրի կիրառման կարգի վերաբերյալ:
10. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վրա:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային գործունեության որոշ հարցերի մասին» ՆՀ-101 հրամանագիրը:
12. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|