ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 դեկտեմբերի 2016թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1007 01 D ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին՝ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) և Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ Վարկատու) միջև:
Համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել Վարկառուի բյուջեն և աջակցել Համաձայնագրի 2-րդ հավելվածում նկարագրված ծրագրի իրականացմանը (այսուհետ՝ Ծրագիր):
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում. 1Ա Հավելվածը՝ «Սահմանումներ», 1Բ Հավելվածը՝ «Շինարարություն», Հավելված 2-ը՝ «Ծրագրի նկարագրություն», Հավելված 3-ը՝ «Ինդիկատիվ քաղաքականության աղյուսակ», «Հավելված 4-ը՝ «Նախապայմաններ», 5Ա հավելվածը՝ «Մասհանման հայտի ձև», 5Բ Հավելվածը՝ «Մասհանման և դրույքաչափի հաստատման ձև», Հավելված 6-ը՝ «Տեղեկություններ, որոնք կարող են հրապարակվել Ֆրանսիայի կառավարության և վարկատուի կայքերում» վերտառություններով։
2. Համաձայնագրով Վարկատուն Վարկառուին է տրամադրում քառասուն միլիոն եվրո գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ): Վարկը տրամադրվելու է Վարկառուին մեկ առհանումով, որի վերջնաժամկետը 2017 թվականի հունիսի 30-նն է։ Ֆինանսավորվող ծրագրի տեխնիկական ավարտի վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` Վարկի հիմնական գումարի առաջին մասնաբաժինը ենթակա է վճարման 15.06.2023թ., իսկ վերջինը՝ 15.12.2036թ.:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- մինչև ստորագրման օրը Վարկատուին ներկայացնել Համաձայնագրի 4-րդ հավելվածի I մասով սահմանված բոլոր փաստաթղթերը (2.4 «ա»),
- Համաձայնագրի 4-րդ հավելվածի II մասի համաձայն նշանակել առհանման հայտ ներկայացնելու և առհանման հաստատման մասին նամակ ստանալու համար իրավասու անձանց (3.3),
- վճարել առհանման նկատմամբ կուտակված տոկոսները (4.2),
- վճարել Համաձայնագրի 4.3 կետով (Ժամկետանց վճարման և պարտավորությունների չկատարման տոկոս) նախատեսված ցանկացած չվճարված տոկոս Վարկատուի պահանջից անմիջապես հետո կամ չվճարված գումարի վճարման համար սահմանված օրվան հաջորդող յուրաքանչյուր վճարման օրը,
- ստորագրման օրվանից չորս (4) ամիսը լրանալուց հետո առաջին օրվանից Վարկատուին վճարել տարեկան զրո ամբողջ հինգ տասնորդական (0.5%) տոկոս պարտավճար (5.1),
- նախքան առաջին առհանումը և ստորագրման օրվանից ոչ ուշ, քան չորս (4) ամիս հետո Վարկատուին վճարել գնահատման վճար զրո ամբողջ հինգ տասնորդական (0.5%) տոկոսի չափով, որը հաշվարկվում է Վարկի առավելագույն գումարի նկատմամբ, ինչպես նաև այն բոլոր ծախքերի և ծախսերի գումարը (ներառյալ իրավաբանական վճարը), որոնք Վարկատուն կատարել է Համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների, դրա նախապատրաստման, ստորագրման առնչությամբ (5.2),
- արտոնյալ ժամանակահատվածը լրանալուց հետո Վարկատուին վերադարձնել Վարկի մայր գումարը քսանութ (28) կիսամյակային մասնաբաժիններով, որոնք ենթակա են վճարման յուրաքանչյուր վճարման օր (6.),
- ստորագրման օրվանից յոթանասուներկու ամիս ժամանակահատվածում վաղաժամ մարում իրականացնելիս վճարել Համաձայնագրի 8.3 կետի (Վաղաժամ մարման տույժ) համաձայն վճարման ենթակա՝ վաղաժամ մարման տույժերի ամբողջ գումարը (7.1),
- անմիջապես կատարել Վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամ մարում՝ ստանալով Վարկատուից ծանուցում՝ Համաձայնագրի 7.2 կետով նախատեսված դեպքերի վերաբերյալ,
- չվերափոխառել Վարկի ամբողջ կամ մի մասը, որը վաղաժամ մարել է կամ չեղարկել (7.5),
- Վարկառուի կողմից Համաձայնագրում էական փոփոխությունների հանգեցնող փոփոխություն պահանջելու դեպքում Վարկատուին փոխհատուցել այդ պահանջին պատասխանելու, այն գնահատելու, բանակցելու կամ բավարարելու հետ կապված բոլոր ողջամիտ ծախսերը (ներառյալ իրավաբանական վճարները) (8.1.1),
- փոխհատուցել Համաձայնագրով նախատեսված՝ Վարկատուի որևէ իրավունքի իրականացման կամ պահպանման հետ կապված բոլոր ծախքերը և ծախսերը (ներառյալ իրավաբանական վճարները) (8.1.2),
- ուղղակիորեն վճարել կամ, կիրառելիության դեպքում, փոխհատուցել Վարկատուի բոլոր ծախքերը և ծախսերը՝ կապված Փարիզից դրամական միջոցները Վարկառուին կամ նրա անունով՝ Վարկատուի հետ համաձայնեցված այլ վայր փոխանցելու հետ, ինչպես նաև Վարկի շրջանակում վճարման ենթակա բոլոր գումարների վճարման հետ կապված փոխանցման վճարներն ու ծախսերը (8.1.3),
- Համաձայնագրի 7.3 կետի դրույթների և/կամ 7.4 կետի (ա), (բ) և (գ) պարբերությունների համաձայն ամբողջ Վարկի կամ դրա մի մասի չեղարկման դեպքում վճարել չեղարկման տույժ՝ չեղարկված գումարի 2.5%-ի (երկու ամբողջ հինգ տասնորդական) չափով (8.2),
- Համաձայնագրի 7.1 կետին և/կամ 7.2 կետին համապատասխան՝ Վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամ մարման հետևանքով Վարկատուի կրած ցանկացած կորստի առնչությամբ Վարկատուին վճարել տույժ՝ Համաձայնագրի 8.3 կետի համաձայն,
- ուղղակիորեն վճարել կամ, կիրառելիության դեպքում՝ Վարկատուի կողմից տրված կանխավճարի դեպքում փոխհատուցել վճարման ենթակա բոլոր դրոշմատուրքերի, գրանցման և նմանատիպ այլ հարկերի հետ կապված ծախսերը՝ վարկային համաձայնագրի կամ դրանում հնարավոր փոփոխությունների մասով (8.4.1),
- Համաձայնագրի 8.2 կետի համաձայն Վարկատուին վճարվող բոլոր վճարումների դեպքում չկիրառել Պահվող հարկ, փոխհատուցել Վարկատուին Վարկառուի հաշվի հետ կապված բոլոր ծախսերը և (կամ) հարկերը, որոնք վճարել է Վարկատուն (կիրառելիության դեպքում)՝ բացառությամբ Ֆրանսիայում վճարման ենթակա որևէ հարկի (8.4.2),
- Վարկատուին վճարել պատշաճ կերպով հիմնավորված բոլոր լրացուցիչ ծախսերը, որոնք կատարվել են Վարկատուի կողմից նոր օրենքի կամ կանոնակարգի ուժի մեջ մտնելու կամ գործող օրենքի կամ կանոնակարգի փոփոխության, գործող օրենքի կամ կանոնակարգի մեկնաբանման կամ կիրարկման փոփոխության հետևանքով կամ ստորագրման օրվանից հետո ընդունված օրենքի կամ կանոնակարգի հետ համապատասխանությունն ապահովելու հետևանքով (8.5),
- Համաձայնագրի 8.6 կետի համաձայն փոխհատուցել փոխարկումից ծագող կամ դրա հետևանքով առաջացած ցանկացած ծախսի, կորստի կամ պատասխանատվության հետևանքով պայմանավորված գումարը, եթե Համաձայնագրի կամ որևէ հրամանի, վճռի կամ որոշման առնչությամբ Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը վճարման արժույթից պետք է փոխարկվի այլ արժույթի՝ Վարկառուի դեմ հայց կամ ապացույց ներկայացնելու նպատակով կամ դատական, արբիտրաժային ընթացակարգերի առնչությամբ որևէ հրաման, որոշում կամ վճիռ ստանալու կամ դրանք կիրարկելու համար,
- ապահովել համապատասխանություն բոլոր առումներով՝ այն օրենքների ու կարգավորումների հետ, որոնք տարածվում են իր և/կամ Ծրագրի վրա, մասնավորապես, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության ու աշխատանքի վերաբերյալ կիրառելի օրենսդրությունը, և Վարկային համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունների հետ (10.1),
- Համաձայնագրի 10.5 կետի համաձայն Վարկատուին փոխհատուցել ցանկացած ծախս՝ կապված Վարկատուի կամ նրա ներկայացուցիչների կողմից տարեկան մեկ անգամ իրականացվող ստուգման հետ,
- ապահովել, որ Ծրագրի իրականացմանը մասնակցող որևէ անձ, խումբ կամ կազմակերպություն ներառված չլինի Ֆինանսական պատժամիջոցների ենթարկվածների որևէ ցանկում (այդ թվում` հատկապես ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը), և չֆինանսավորի Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության կամ Ֆրանսիայի կողմից արգելանքի ենթարկված մատակարարումները կամ հատվածները (10.7),
- Վարկատուին տրամադրել Համաձայնագրի 11 հոդվածով նախատեսված տեղեկությունները:
4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վարկատուին հասցեագրված՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին գրավոր ծանուցումն ստանալու օրը:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա Համաձայնագրին վերաբերելի են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2016թ. ապրիլի 29-ի ՍԴՈ-1269 որոշման մեջ արտահայտված բոլոր այն իրավական դիրքորոշումները, որոնք առնչվում են տվյալ կազմակերպության կողմից վարկի տրամադրման և հնարավոր վեճերի լուծման իրավապայմաններին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտադրել, որ.
- քննության առարկա Համաձայնագրի 16.2-րդ կետով ստանձնված պարտավորությունը կարող է մեկնաբանվել միայն որպես Համաձայնագրի կատարումից բխող մասնավոր իրավական հարաբերություններով պայմանավորված դատավարական անձեռնմխելիությունից հրաժարում («Պետությունների և նրանց գույքի դատավարական անձեռնմխելիության մասին» ՄԱԿ-ի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, ինչն արտացոլում է այս հարցում ձևավորված միջազգային սովորութային իրավունքը),
- Համաձայնագրի 9.7, 14.2, 14.5, 16.1, 16.2 և 16.3-րդ կետերով ստանձնված պարտավորությունները կարող են Հայաստանի Հանրապետության համար կոնկրետ իրավական հետևանքներ առաջացնել միայն այնքանով, որքանով դրանք կճանաչվեն որպես միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտի հետ կնքված համաձայնագրով ստանձնված պարտավորություններ:
6. ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից 12.12.2016թ. թիվ 04/5.2/27630-16 գրությամբ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված այն դիրքորոշումը, որ տվյալ Համաձայնագրով ստանձնված պարտավորություններով կարգավորվում են իրենց բնույթով որպես մասնավոր իրավական առևտրային հարաբերություններ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները գնահատելի են որպես ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին համահունչ և իրավակիրառ պրակտիկայում կիրառելի են սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 դեկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1331 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|