Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1092-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի Սանահին կայարան թաղամասի N 19/1 հասցեում գտնվող՝ 9592591 դրամ կադաստրային արժեքով ու 508 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 50.5 քառ. մետր պարիսպը, Ալավերդու Ա. Մյասնիկյանի անվան N 7 միջնակարգ դպրոցին ամրացված և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1660 հեկտար հողամասը՝ 311059 դրամ կադաստրային արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝

1) շինությունը որպես մանկապարտեզ օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված շինության վերանորոգման և գույքի ձեռքբերման համար կատարել համապատասխան ներդրումներ` մինչև 2016 թվականի ավարտը՝ 11.54 մլն դրամ, 2017 թվականին՝ 7.5 մլն դրամ.

2) համայնքապետարանը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 31

Երևան