«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2016 թ. |
N 119-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար փաստաթղթերի ներկայացման և վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) հավատարմագրման համար ներկայացվող դիտորդների ցուցակի էլեկտրոնային ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) դիտորդի, այցելուի վկայականների ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի սահմանման, հավատարմագրման համար փաստաթղթերի ներկայացման և վկայականների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
5. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
6. Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման, ինչպես նաև ընտրության անվանման և օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:
Հավատարմագրման դիմումին կից ներկայացվում է.
1) հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դեպքում,
3) հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:
Ցուցակի էլեկտրոնային տարբերակում տվյալներն ու տեղեկությունները լրացվում են GHEA Grapalat տառատեսակով, չափը` 10: Ցուցակի «հասարակական կազմակերպության անվանումը» դաշտում լրացվում է հասարակական կազմակերպության անվանումը, «ընտրության անվանումը և քվեարկության օրը)» դաշտում լրացվում է ընտրության անվանումը և քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը, «ազգանուն, անուն, հայրանուն» սյունակում լրացվում է դիտորդի ազգանունը, անունը, հայրանունը, «հեռախոսահամար, կապի այլ միջոցներ» սյունակում լրացվում է դիտորդի հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:
7. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրում է համապատասխան կազմակերպության դիտորդներին և դիտորդներին տրվող վկայականները այդ կազմակերպությանն է հանձնում դիմումը ստանալուց հետո` 12 օրվա ընթացքում:
8. Դիտորդները համարվում են հավատարմագրված սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու մասին գրությունը և վկայականները համապատասխան կազմակերպությանը տրամադրելուց հետո` հավատարմագրված դիտորդների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից: Նշված տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում է մինչև հավատարմագրվելու մասին գրության ուղարկման օրվան հաջորդող օրվա ավարտը:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը վարում է գրանցամատյան, որտեղ նշվում են դիտորդներին տրվող վկայականները` համապատասխան կազմակերպություններին հանձնելու մասին տեղեկություններ:
10. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:
11. Տեղական դիտորդների դեպքում համապատասխան կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդների թվին համապատասխան քանակի վկայականներ, որոնցում լրացվում է համապատասխան կազմակերպության անվանումը: Դիտորդի վկայականում դիտորդի ազգանունը, անունը, հայրանունը լրացվում է համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում:
13. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:
14. Հրավերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները` ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով կարող են իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները արտաքին գործերի նախարարությանը ներկայացվող հայտում նշում են հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները:
15. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար:
16. Հրավերի առկայության դեպքում այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում կարող են իրականացնել նաև այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները: Հրավերն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին տրամադրում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով լրացված այցելուի վկայականներ:
17. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան` «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:
Հավելված N 2 |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
[հասարակական կազմակերպության անվանումը]
[քվեարկության օրը]
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Հեռախոսահամար, կապի այլ միջոցներ |
Հասարակական կազմակերպության | ______________________________________ | |
ղեկավար (տեղակալ) | (ազգանուն, անուն) (ստորագրություն) |
Հավելված N 3 |
Ձև 1 |
Ձև 2 |
|
|
Ձև 3
|
| |||||||
|
|
Ձև 4
|
| |||||||
|
|
Ձև 5
|
| |||||||
|
|
Ձև 6
|
| |||||||
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.01.2022, N 9-Ն | 06.02.2022, N 119-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|