Գլխավոր տեղեկություն
Համար
N 1164-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2016-19.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/85(1265).1 Հոդ.1141.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1164-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողով.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն:

5. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.

«9.1) գների ուսումնասիրության և վերլուծության ոլորտում՝

ա. իր իրավասությունների սահմաններում իրականացնում է պետական կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ուսումնասիրություն ու դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրում և հրապարակում է տեղեկատվություն,

բ. մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գների ուսումնասիրության և սահմանման հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին.».

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքի «III. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը «Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն» բառերից հետո լրացնել «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1164-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ գների ուսումնասիրության և վերլուծության բնագավառում նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝

1) իր իրավասությունների սահմաններում պետական կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների գների ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և հրապարակումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գների ուսումնասիրության և սահմանման հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին մասնակցելը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների կողմնորոշիչ գների ուսումնասիրումը, վերլուծությունը, դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկում և հրապարակում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գների ուսումնասիրում, վերլուծություն և հրապարակում.

4) ուսումնասիրվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը.

5) իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից, գործադիր իշխանության մարմիններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կանոնադրական խնդիրների կատարման համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվության և տվյալների ստացում.

6) սպառողական շուկայի ուսումնասիրությունների իրականացում.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին մասնակցություն.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան բնագավառների քաղաքականություն մշակող ստորաբաժանումներին, ըստ անհրաժեշտության, գործակալությունում առկա տեղեկատվության տրամադրում.

9) գործակալության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցություն.

10) քաղաքացիներից, կազմակերպություններից, հանրապետական գործադիր մարմիններից, պետական և ոչ պետական այլ մարմիններից ստացվող` գործակալության գործառույթներին վերաբերող տարբեր դիմումների ուսումնասիրություն և դրանց համապատասխան ընթացք տալը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է գների ուսումնասիրության և վերլուծության բնագավառում նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա տեղակալին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարին, նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին, նախարարի տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1164-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Գների ուսումնասիրության բաժին

2. Մեթոդաբանության և վերլուծությունների բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան