Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1 Հոդ.52
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 29-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետով և Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 21
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 29-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Ոլորտում այսօր իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են Հայաստանի տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանն ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

2. 2000 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թվականին` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, 2010 թվականին` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորումը և նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով 2014 թվականին ընդունվել և 2015 թվականից հաջողությամբ գործում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Մասնավորապես, նշված տնտեսավարող սուբյեկտների համար կիրառվում է եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ, իսկ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները: 2015 թվականի մարտի 19-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 312-Ն որոշումը, որով հաստատվել է հավաստագրման հանձնաժողովի անվանական կազմը, հավաստագրման կարգը, տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող դիմումի, հայտարարությունների ձևերը, հաշվետվությունների ներկայացման կարգը: Օրենքի կիրարկման արդյունքում ստեղծվել են ոլորտի 71 սկսնակ ընկերություններ և 304 նոր աշխատատեղեր: Նշված ընկերությունները դիմել են հավաստագրման համար, որոնցից հավաստագրեր են ստացել 61 ընկերություններ:

4. Կնքվել են փոխըմբռնման հուշագրեր այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «ԱյԲիԷմը», «Օրակլը», «ՋիԷֆԱյը» և այլն։ 2015 թվականին «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվել են մի շարք նոր համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծմանն աջակցություն, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթական ոլորտում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև ստորագրված լիցենզիոն պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 3000 հատ «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ, որոնց գումարը վճարվելու է 3 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ վճարվել է լիցենզիոն փաթեթների առաջին տարվա համար անհրաժեշտ գումարը: «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայումս իրականացվում է պետական մարմիններին նշված փաթեթների բաշխման գործընթացը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի օգոստոսի 18-ի N 1160-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

5. Պարբերաբար կազմակերպվել են ամենամյա «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը, «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը և «Դիջիթեք» բիզնես-ֆորումը:

6. 2015 թվականին ՏՏ-ի ոլորտի հետազոտության արդյունքներով ոլորտում գրանցվել է 15-20 տոկոս աճ: 2014 թվականի համեմատ 2013 թվականին ավելացել է նաև ՏՏ-ի ոլորտի ընկերությունների և զբաղվածների թիվը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը, մասնավորապես, 2015 թվականին ոլորտի ընկերությունների թիվը 2014 թվականի 396-ի փոխարեն կազմել է 450, ոլորտում ներգրավված մասնագետների թիվը 2014 թվականի 11560-ի փոխարեն կազմել է 13000 (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15000), ոլորտի շրջանառությունը 2014 թվականին 474.9 մլն ԱՄՆ-ի դոլարի փոխարեն կազմել է 550 մլն ԱՄՆ-ի դոլար:

7. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվում են լայնածավալ ծրագրեր` ուղղված ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, ՏՏ-ի ոլորտի զարգացումը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը, ոլորտի կարողությունների զարգացմանը, վաճառքի ծավալների և օտարերկրյա ներդրումների խթանմանը, որակյալ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը:

8. Նշված վարկային ծրագրի շրջանակում երկրի գյուղական բնակավայրերում ինտերնետի հասանելիության ապահովման նպատակով հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում իրականացվել է անլար ինտերնետ սարքավորումների տեղադրման ծրագիրը, և 1 տարի ապահովվել է բնակիչներին անվճար ինտերնետի հասանելիությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային բաժնեմասնակցությամբ ստեղծված վենչուրային ֆոնդի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից պայմանագրեր են ստորագրվել 8 ընկերությունների հետ, որոնց կողմից ստեղծվել են 205 նոր աշխատատեղեր: Անցկացվել են Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների և Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթները, որոնց արդյունքում հաղթող ճանաչված 33 ծրագրերին տրամադրվել են դրամաշնորհներ` մինչև 50000 ԱՄՆ-ի դոլարի չափով: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են 235 նոր աշխատատեղեր:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

10. 2015 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում 2015 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, հարցումներ են իրականացվել ՏՏ-ի ոլորտում գործող ընկերությունների շրջանում, թարմացվել է ՏՏ-ի ոլորտի ընկերությունների ուղեցույցը, որը ներառում է ավելի քան 250 ընկերություններ: 2015 թվականի հունիսին տեղի է ունեցել 8-րդ ամենամյա «Դիջիթեք» բիզնես-ֆորումը, որի ընթացքում իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին տեղական և օտարերկրյա ավելի քան 40 ընկերություններ: Ֆորումի շրջանակում առաջին անգամ անցկացվեց տեխնոլոգիական լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխությունը, որի արդյունքում «Դիջիբիզնես» մրցանակին արժանացան 8 ընկերություններ: 2015 թվականի հոկտեմբերին Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել ամենամյա միջազգային «Դիջիթեք Էքսպո 2015» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեցին տեղական ու օտարերկրյա շուրջ 170 կազմակերպություններ և 45000 այցելու: 2015 թվականի հոկտեմբերին Երևանում և Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արմթեք 2015» բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 350 մասնակիցներ: Երևանում կայացած «Արմթեք 2015» համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև վենչուրային համաժողով, որը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի արդյունքում տեղեկատվական, հաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գյուղատնտեսության, մաքուր տեխնոլոգիաների ոլորտների 90 ծրագրերից ընտրված 26 ներդրումային ծրագրերին: Գնահատման արդյունքում նշված ծրագրերից հաղթող ճանաչվեցին 5 ծրագրեր, որոնք արժանացան դրամական մրցանակների: 2015 թվականի մայիսին կազմակերպվել է «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» խորագրով արտագնա հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր «Հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը միջազգային շուկայում» թեմայի քննարկմանը և արտերկրում հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացմանն ուղղված գործողությունների ծրագրի ներկայացմանը: 2015 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել «Հայաստան 20.18-Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում մինչև 2018 թվականը» խորագիրը կրող Բիզնես ինովացիոն ֆորումը, որի քննարկման առանցքային թեմաներն էին` Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը, կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում և տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) կազմակերպվել են 33 երկարաժամկետ դասընթացներ: Մասնակիցների ընդհանուր թիվը` 429: ՄԻԿ-ի կողմից շարունակվել է նաև աքսելերացիոն ծրագրերի իրականացումը: «Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում կազմակերպվել են 57 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ ու սեմինարներ: Մասնակիցների ընդհանուր թիվը` 764: «Վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում շարունակվել են աշխատանքները վերազգային ընկերությունների հետ: Ներկայումս հաջողությամբ գործում են ԱյԲիԷմ-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, որոնց կողմից կազմակերպվել են տարբեր սեմինարներ և միջոցառումներ, ՏՏ-ի ոլորտի սկսնակ ընկերություններին ու թիմերին տրամադրվել է մենթորություն` բիզնեսի զարգացման համար: «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում ՏՏԶԱԽ-ի քարտուղարության կողմից աշխատանքներ են իրականացվել կանոնադրությամբ վերապահված գործառույթների ապահովման ուղղությամբ:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են, մասնավորապես, ՏՏ-ի ոլորտում մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական մասնագետների ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման, ՏՏ-ի ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ապահովման, նոր վերազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումների ներգրավման, ՏՏ-ի ոլորտի զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման հետ կապված խնդիրները, ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և միջազգային շուկայում կայուն դիրքավորման բարդությունները, արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի մրցունակության պահպանման հետ կապված խնդիրները, ժամանակակից ենթակառուցվածքների անբավարարությունը:

12. Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2016 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները։

 

II. ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

13. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի N 58 արձանագրության 35-րդ կետով հավանության արժանացած «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի N 35 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 755-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի հիմնական նպատակներն են՝

1) Հայաստանում ՏՀՏ-ի ժամանակակից ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր մակարդակով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, մեծածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկայում մրցունակ տեղական ՏՏ-ի արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ներթափանցումն ու առաջխաղացումն ապահովող միջոցառումների իրականացումը.

4) հայկական ՏՀՏ-ի ոլորտի մի շարք կարևոր ուղղությունների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ բարձրորակ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը.

5) ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 20 տոկոսի չափով).

6) որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 12 տոկոսի չափով):

15. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի ձեռքբերումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը, ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարումը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի լուծումների կիրառման խթանումը, արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը.

3) ՏՏ-ի ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով Հայաստանում նշված երկրների փորձի շարունակական ներդրումը, սփյուռքի հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը և Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորումը.

4) ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

16. Ծրագիրն ուղղված է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը, երկրում գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը և այն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով` որպես պետական աջակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17. Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հասարակական իրազեկում`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից են հանդիսանում Հայաստանում և արտերկրում ոլորտի ներկայացումը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) (ենթակետն ուժը կորցրել է 10.11.16 N 1149-Ն)

3) խոշորագույն համաժողովներում և ցուցահանդեսներում, միջազգային և տեղական շուկաներում Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը հանդիսանում է կարևորագույն գործոն Հայաստանի` որպես հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, ՏՀՏ-ի և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման, նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման, միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների ներկայացման միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ձևավորման, ոլորտի վերջին համաշխարհային նվաճումներին ծանոթացման, շուկայական ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի նվաճումները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, գիտական, կրթական հաստատությունների ու դոնոր կազմակերպությունների համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքներ։ Նշված միջոցառումներն ուղղված են խթանելու նաև ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումը` հիմք հանդիսանալով նորարարությունների, արտադրողականության ու մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական հանրության ներսում առկա կապերի ամրապնդման համար.

5) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի ստեղծում և վարում` սկսած 2016 թվականի հունվարի 1-ից: Ռեգիստրի ստեղծման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և դրանց հիման վրա ոլորտում վերլուծությունների ու կանխատեսումների իրականացումը, որոնք հիմք կհանդիսանան ոլորտի հետագա արդյունավետ քաղաքականության մշակման համար: Այս ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի առկայության ապահովման նպատակով, մասնավորապես, մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվության տրամադրման կարգը և օրինակելի ձևերը, տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները, ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը: Բացի այդ, աշխատանքներ են իրականացվել ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ: Նշված համակարգի բնականոն գործունեությունն ու սպասարկումը, ինչպես նաև ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարումն ապահովելու նպատակով սույն ծրագրի շրջանակում նախատեսվել են անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:

(17-րդ կետը փոփ. 10.11.16 N 1149-Ն)

18. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանում ՏՏ-ի ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի իրականացումն էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության, մասնավորապես, ՏՏ-ի ոլորտի արտադրողականության և մրցունակության բարձրացման համար: Այդ գործընթացի նպատակն է ուսումնասիրել և կիրառել ոլորտի միջազգային լավագույն փորձը, ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում՝ նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի, ինչպես նաև «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:

19. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում՝ միջոցառման շրջանակում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 707 որոշմամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությամբ ՏՏԶԱԽ-ի քարտուղարությանը վերապահված գործառույթների բնականոն իրականացումը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

20. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 93660.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(20-րդ կետը փոփ. 10.11.16 N 1149-Ն)

(հավելվածը փոփ. 10.11.16 N 1149-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 29-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարման արդյունքները

1.

Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում և արտերկրում, հասարակական իրազեկում

       
 

1.1. (ենթակետն ուժը կորցրել է 10.11.16 N 1149-Ն)     

 

1.2. «ICT Stat» համակարգի սպասարկում և թարմացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՏՏ-ի ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարում

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2016 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նորարարական թիմերի խթանում, ձեռներեցության և նորարարության աջակցման մրցույթի և ամփոփիչ վենչուրային համաժողովի կազմակերպում, մրցույթի անցկացման արդյունքում մինչև 5 դրամաշնորհների տրամադրում

 

1.4. «Դիջիթեք 2016» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2016 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ոլորտի ընկերությունների միջև նոր կապերի ստեղծման խթանում, ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելու և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար հնարավորությունների ստեղծում: «Դիջիթեք-2016» ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է առնվազն 30000 մարդու այցելություն

 

1.5. Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տարեկան մեկ Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպում

 

1.6. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տարեկան 2 միջոցառումների կազմակերպում: Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 25 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 20 լրագրողներ:

 

1.7. «Դիջիթեք բիզնես ֆորում 2016» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2016 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունների ներկայացում, գործնական կապերի ստեղծման խթանում

 

1.8. «ԱրմԹեք 2016» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում ԱՄՆ-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2016 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացման և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատման խթանում, ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացումների ներկայացում, օտարերկրյա ներդրումների խթանման, արտերկրում տեղական կազմակերպությունների առաջխաղացման համար կարևոր հարթակի ձևավորում

2.

Միջազգային համագործակցություն

       
 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ուսումնական ծրագրերի, սեմինարների, դասընթացների, ինչպես նաև բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաներով հետազոտական ծրագրերի իրականացում, 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում

 

2.2. Վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2016 թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում

3.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2016 թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության հետագա բնականոն գործունեության ապահովում

(հավելվածը փոփ. 10.11.16 N 1149-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2016, N 1149-Ն 24.11.2016, N 29-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան